Ճիշտ ընթերցանությունը պահանջում է նպատակ - Mediamax.am

Ճիշտ ընթերցանությունը պահանջում է նպատակ
8199 դիտում

Ճիշտ ընթերցանությունը պահանջում է նպատակ


Ինձ դպրոցում չեն սովորեցրել կարդալ։ Վատ բան մի մտածեք, ես բավական լավ դպրոցներում եմ սովորել, եւ ինձ անընդհատ վարժեցնում էին արագ, բարձրաձայն կամ մտքում արտաբերել կարդացածը։ Սակայն իրականում ընթերցելու համար սա անհրաժեշտ միակ հմտությունը չէ։ Ավելին ասեմ՝ չափից շատ կրկնելու դեպքում այդ վարժանքը կարող է լրջորեն խոչընդոտել ընթերցելու ձեր հմտությունը:

Եկեք հստակեցնենք, թե որն է ընթերցանության իմաստը։ Մարդիկ տարբեր նպատակներով են կարդում, սակայն կարդալը միշտ ունի նպատակ։ Հետո՝ մենք չենք կարող հիշել ամեն բան, սակայն փորձում ենք հիշել ամենակարեւորը։ Կարելի է կարդալ միանգամից մոռանալու համար, սակայն գոնե այն բանի համար, որ կարողանանք հետեւել նկարագրված դեպքերի կամ տրամաբանության ընթացքին, մենք պետք է գոնե ինչ-որ բան հիշենք ընթերցանությունից։ Եվ երրորդը, երեւի ամենակարեւորը՝ մենք կարիք ունենք հասկանալ ընթերցածը։ Այլապես այդ զբաղմունքը բացարձակ անիմաստ է դառնում։

Վերադառնալով դպրոցին՝ մեզ հազվագյուտ էին բացատրում հանձնարարվածը կարդալու իմաստը՝ սահմանափակվելով մշուշոտ եւ ընդհանրացրած «որպեսզի կրթված լինեք» խրատով։ Մեզանից պահանջում էին, որ կարողանանք հիշել եւ վերարտադրել ընթերցածը, սակայն չէին բացարտրում, թե ինչպես դա անել։
Արդյունքում, հաճախ նկատում ենք, որ քանիցս վերընթերցելով նույն պարբերությունը՝ դարձյալ չենք ըմբռնում իմաստը։ Կամ ձանձրանում ենք եւ քնում՝ բարդ եւ առանց հետաքրքիր գործողության տեքստ ընթերցելիս։ Կամ էլ, հերթական գլուխն ավարտելիս դժվարությամբ ենք վերհիշում դրանում արտահայտված գլխավոր գաղափարները։

Եթե ձեզ սովորեցրել են ընթերցել «կարդալով», այսինքն, կարդացածը վերարտադրելով, ապա դուք միշտ սահմանափակված կլինեք բանավոր խոսքի արագությամբ, որը կազմում է րոպեում մոտ 200 բառ։ Իսկ իրականում մարդիկ կարող են կարդալ շատ ավելի արագ (մինչեւ 600 բառ րոպեում) եւ ամբողջովին ընկալել կարդացածը։ Հենց այս նկատի ունեի սկզբում՝ ասելով, որ «դասական» ընթերցանությանը վարժվելը կարող է խոչընդոտել ընթերցելու ձեր հմտությունները։

Արագ եւ ընկալունակ ընթերցելը թույլ կտա ձեզ մինչեւ վերջ կարդալ իմ սյունակները, այդ պատճառով ես ծայրահեղ շահագրգռված եմ կիսվել որոշ խորհուրդներով՝ հուսալով, որ դրանք կբարելավեն ձեր կարդալու որակը եւ արագությունը։

Սյունակի սկզբում ես միտումնավոր խոսեցի ընթերցանության նպատակների մասին։ Արդյունավետ կարդալու համար պետք է պատասխանեք հետեւյալ հարցերին՝

 - Ո՞րն է այս տեքստն ընթերցելու նպատակը։
 - Ի՞նչ կտա դա ինձ:
- Ինչպե՞ս եմ նախատեսում օգտագործել այն, ինչ կսովորեմ։
- Որքանո՞վ է ինձ համար կարեւոր ընթերցածս:

Այս բոլոր հարցերը նպատակի մասին են։ Ձեր ուղեղը պետք է հստակ հասկանա նպատակը, այլապես այն շատ շուտ կանջատվի։ Աննպատակ գործողությունները մեզ շատ արագ են հոգնեցնում։

Սակայն նպատակով միայն հարցերը չեն սահմանափակվում։ Հնարավոր չէ ամեն բան հիշել, այն էլ առհավետ, ձեր ուղեղը դա լավ գիտի։ Ուրեմն, պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, այլ պետք է հստակ որոշել, թե որքան ժամանակ եք դուք ուզում հիշել կարդացածը։ Որոշ վարժվածություն ձեռք բերելուց հետո ձեր ուղեղը հստակ կկատարի ձեր հրահանգը՝ հիշելով նյութն այնքան ժամանակ, որքան դուք որոշել էիք։

Սրանով հարցերն ավարտվում են։ «Զինված» նպատակներով՝ սկսում ենք ընթերցանությունը։ Եթե տեքստը մեծ է, չի պարունակում հետաքրքրաշարժ, անակնկալ գործողություններ, կամ էլ ձեր նպատակը հաճույք ստանալը չէ, այլ, օրինակ՝ վերլուծելը, ապա մասնագետները խորհուրդ են տալիս երկու անգամ ընթերցել։ Առաջին անգամ՝ արագ եւ հպանցիկ անցնել տեքստի վրայով, ընկալել դրա գլխավոր գաղափարը եւ կառուցվածքը։ Դա կօգնի կողմնորոշվել եւ մոտավորապես պատկերացնել, թե որքանով է նյութը համապատասխանում ձեր ակնկալիքներին, ինչպես նաեւ ըմբռնել դրա կառուցվածքը։

Երկրորդ ընթերցանության դեպքում արդեն անդրադառնում ենք տեքստին պարբերություն առ պարբերություն եւ բաժին առ բաժին։ Լավ գրված տեքստի ամեն պարբերություն սկզբում ներկայացնում է դրա հիմնական թեզը։ Հետո գալիս է զարգացումը, որն ավարտվում է եզրակացությամբ: Նույն կառուցվածքն ունի այդ պարբերություններից բաղկացած բաժինը։

Ամեն պարբերության առաջին նախադասությունը կարդալուց հետո կատարեք ներքին հարցադրում՝ ելնելով ձեր ընթերցանության նպատակներից։ Այն կարող է լինել պարզ, որինակ «ինչո՞ւ», «ինչպե՞ս», «ե՞րբ», կամ ավելի բարդ, օրինակ՝ «ինչո՞ւ է հեղինակը սրա մասին խոսում», «ինչպե՞ս է սա կապված նախորդի հետ», «ես սրա հետ համաձա՞յն եմ, թե՞ ոչ»։ Այս հարցադրումն արթնացնում է ուղեղը, վերածում ընթերցանությունը երկխոսության, շաղկապում է ընթերցածը ձեր նախորդ գիտելիքերի եւ փորձի հետ։ Ընթերցելով պարբերությունը՝ փորձեք գտնել ձեր հարցի (կամ հարցերի) պատասխանը։ Ավարտական նախադասությունը կարդալով՝ անգամ եթե հեղինակը ինքը չի եզրափակում միտքը (ինչը հաճախ է պատահում), անպայման ձեր եզրահանգումը մտովի վերարտադրեք։

Նմանապես, ամեն բաժինը սկսելիս, առաջին՝ ներածական պարբերությունը կարդալուց հետո մեկ ընդհանուր հարցադրում սահմանեք ձեզ համար։ Բաժինն ավարտելուց հետո մտովի վերհիշեք բոլոր այն եզրահանգումները, որոնց դուք հանգեցիք ընթերցելիս։ Միայն դրանից հետո անցեք հաջորդ բաժնին։

Կիրառելով այս պարզագույն միջոցները՝ կարելի է հասնել զարմանալի արդյունքների։ Առաջին՝ ընթերցելու միջին արագությունը կտրուկ կաճի՝ դուք զգալիորեն ավելի քիչ կհապաղեք եւ մտավախություն չեք ունենա, որ իմաստը կկորցնեք։ Երկրորդ՝ շատ ավելի լավ կհիշեք ընթերցածը, ինչը կհարստացնի ձեր կարդալու փորձառությունը եւ կդարձնի ձեզ առաջադեմ ուսանող, հետաքրքիր զրուցակից կամ էլ ամենաքիչը՝ բավարարված եւ մոլեռանդ ընթերցող։ Եւ երրորդ՝ այս ամենին տիրապետելուց հետո կարող եք փորձել վարժվել իսկապես արագ ընթերցելուն, որպեսզի կարողանաք գրքի էջն ընթերցել 20–30 վայրկյանում։ Սակայն դրա համար արդեն անհրաժեշտ է ցանկություն, համբերություն եւ որոշ ժամանակ։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին