Տղաներ եւ աղջիկներ, մենք դեպրեսիվ չենք - Mediamax.am

Տղաներ եւ աղջիկներ, մենք դեպրեսիվ չենք
4740 դիտում

Տղաներ եւ աղջիկներ, մենք դեպրեսիվ չենք


Ծխախոտի վառված հոտն ու գոլորշիացող ալկոհոլը մրցում են գլխումս պատերազմող հազարավոր մտքերի հետ: Կկոցում եմ աչքերս՝ ծանոթ դեմք որսալու հույսով: Իմ տարիքի տղաներն ու աղջիկները՝ վառվռուն աչքերով, բայց խամրած հայացքով, ծխախոտի մի գլանակը դեռ չավարտած, մյուսն են վառում, ծուխը գնալով հաստատում է իր իշխանությունը:

-Փոքրիկ դեպրեսիվ էրեխա, ի՞նչ կա, լա՞վ ես:

Ինձ էստեղ «փոքրիկ դեպրեսիվ երեխա» են ճանաչում, ես էլ չեմ առարկում. լավ քող է մարդկանցից խոսակցություն կորզելու ու լսելու այն, ինչը կպատմեն միայն իրենց նմանին: Գալիս եմ խմելու պատրվակով, բայց իրականում ես ինքս ինձ գործուղել եմ այստեղ: Ես հո գիտեմ, որ իմ ամենամեծ կոչումը մարդկանց հետազոտելն է, ես եմ ինձ այդպիսին հռչակել (դրա համար էլ ժամանակին որոշեցի լրագրող դառնալ՝ վստահ լինելով, որ լրագրությունն է այն մասնագիտությունը, որն ամենաշատն է պտտվում մարդու շուրջը): Ահա, թե ինչու եմ հաճախ «գլուխները տանում», հետո էլ ինքս ինձ արդարանում՝ ես մարդուն եմ փորձում ճանաչել:

Ամենամոդայիկ դարձած դեպրեսիան, բնականաբար, չի շրջանցել ինչպես իմ հասակակիցներին, այնպես էլ ինձ: Չնայած, արդեն երկար ժամանակ է, մտածում եմ, որ մենք իրականում ոչ մի դեպրեսիա էլ չենք ապրում, պարզապես սովորել ենք մեր ալարկոտությունը, ոչինչ չձեռնարկելը կամ անհաջողությունները բարդել մեզ այդքան խեղճացնող այդ «խեղճ» դեպրեսիայի վրա: Դե հիմա, ինչպես ասում են, հերթով, այս ամենի մասին:

Դեպրեսիան (լատիներեն` deprimo-ճնշել, հայերեն՝ ընկճախտ) հոգեբանական խանգարում է, որն ուղեկցվում է տրամադրության անկմամբ եւ ուրախություն ապրելու ունակության կորստով, մտածողության խանգարումներով (բացասական դատողություններ, իրադարձությունների շուրջ, հոռետեսական հայացքներ եւ այլն):

Դեպրեսիայի ժամանակ ընկնում է ինքնագնահատականը, կյանքի եւ բնականոն գործունեության հանդեպ հետաքրքրության կորուստ է նկատվում: Որոշ դեպքերում, դեպրեսիայով տառապող մարդը կարող է չարաշահել ալկոհոլը եւ այլ հոգեներգործուն նյութերը: Ըստ տարածված կարծիքի, դեպրեսիայով տառապում է 40 տարեկանից բարձր ամեն տասներորդ մարդը: 65-ից բարձր անձանց մոտ դեպրեսիան երեք անգամ ավելի շատ է: Դեպրեսիա է նկատվում երեխաների եւ 10-16 տարեկան անչափահասների 5%-ի, երիտասարդ տարիքի անձանց 15-40%-ի մոտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն՝ դեպրեսիան անչափահասների հիվանդացությունների եւ անաշխատունակության առաջատար պատճառներից մեկն է:

Ամեն անգամ, երբ մի փոքր ընկճվում եմ, ու ինձ տեսնող մարդկանց առաջին հարցը լինում է՝ «էլի դեպրեսիվ ես»-ը, ես միանգամից հիշում եմ բժիշկ, ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի  հիմնադիր Պատչ Ադամսին, ով նախորդ տարի Հայաստանում էր եւ ում հետ մի քանի անգամ ուրախություն ունեցա շփվելու: Այս անգամ էլ, երբ «լուրջ դեմքով» մի փոքր վերեւում շարադրում էի դեպրեսիայի մասին մասնագետների բնութագրումները, զուգահեռաբար գլխումս պայքարում էր Ադամսի միտքը՝ «դեպրեսիան հիվանդություն չէ, դեպրեսիան հորինել են դեղագործական կազմակերպությունները»:

Ադամսն ասում է՝ «եթե ընկեր ունես, ապա երբեք դեպրեսիայի մեջ չես լինի: Եթե ընկեր ունես եւ ցանկանում ես լինել դեպրեսիվ, ընկերոջդ դնում ես պահարանի մեջ, դուռը փակում ու հետո ընկնում դեպրեսիայի մեջ: Եթե մտածում ես ընկերոջդ մասին ու քեզ դեպրեսիվ ես զգում, նա քեզ ընկեր չէ»:

Բարի դիմաց նստած եմ, նախ փորձում եմ հոգնածությունս հանել խմիչքների շշերի վրայի անունները կարդալով, ապա հայացքով տնտղում այստեղի մարդկանց: Մտածում եմ՝ ես, կողքի սեղանի տղաները, հեռվում ծխախոտի ծուխը կուլ տվող միջին տարիքի տղամարդը, հարեւան սեղանի տղան եւ աղջիկը, մենք բոլորս, թեեւ մտահոգ դեմքերով նստած սպանում ենք մեր երեկոն, այնուամենայնիվ, դժվար թե այն, ինչ հիմա զգում ենք, դեպրեսիա բառին է համարժեք:

Մենք՝ մարդիկս, ոգեւորվում ենք ամենահասարակ բաներից. մինչեւ ականջները ժպտում լրիվ անծանոթ մեկի՝ երթուղայինում մեզ տեղ զիջելուց, անսպասելի ստացած ծաղիկներից ու նոր բացած շոկոլադի տուփից: Ու բնական է, որ նման հասարակ, բայց հաճելի բաների բացակայությունից կամ որոշակի դժվարություններից պիտի նաեւ ընկճվենք, տխրենք: Բայց, տղաներ եւ աղջիկներ, եկեք ընդունենք, որ դա դեպրեսիա չէ, եւ շատ լավ է, որ այդպես չէ:  

Ինչ-որ մեկը ժամեր առաջ վիճել է սիրած աղջկա կամ տղայի հետ, մեկն էլ՝ վերջնականապես որոշել թողնել սիրելիին, մեկ ուրիշի մոտ ոչ մի կերպ չի ստացվում աշխատանք գտնել, մյուսն էլ՝ չի կարողանում պատշաճ կատարել այն աշխատանքը, որը վստահել են իրեն, հինգերորդը պարզապես հազիվ է կարողանում ապրել ամսական 100 հազար աշխատավարձով, ամիսներ կամ նույնիսկ տարիներ ի վեր այդ թիվը ոչ մի կերպ չի բարձրացել, իսկ իր՝ սեփական գործը դնելու եւ վերջապես հարստանալու միտքն այդպես էլ գոնե 10%-ով իրագործել չի հաջողել:

Իսկ մեզանից շատերի մոտ էլ այդպես էլ չեն արդարացել մեր սպասումներն այն տարածքի նկատմամբ, որը հայրենիք ենք կոչում, մարդկանց խմբի նկատմամբ, որն ազգ անունն է ստացել: Ու երբեք, մեզանից եւ ոչ մեկը չի մտածել, իսկ մեզ հետ կապված այդ հայրենիքի եւ ազգի հույսերը արդարացե՞լ են: Մեզանից շատերը հիասթափված են այն պետությունից, որում ապրում են, հիասթափված են անարդար պայմաններից, որտեղ մարդն իրեն լիարժեք զգալ չի կարող:

Մենք, օրինակ, այդ հույսերը կարող էինք արդարացնել շատ հասարակ բաներում՝ ուղղակի լավ քաղաքացի լինելով: Հիշում եմ՝ վերջերս ընկերներիս հետ դուրս եկանք համերգից, Օպերայի մոտով էինք անցնում: Երբ ընկերս դանդաղեցրեց քայլերը, պտտվեցի՝ համերգի կիսապոկված պաստառն էր ուղղում: Հիմա ուզում եմ հարցնել՝ գոնե մի անգամ մեր մտքով անցե՞լ է վերցնել եւ մոտակա աղբամանը նետել ասֆալտին գցած ծխախոտի տուփը, էլ չեմ ասում այդ տուփը չգցելու մասին:

Մյուս խնդիրը չգնահատված լինելն է: Միշտ մտածել եմ, որ ամենամեծ արժեքն ու ռեսուրսը մարդն է: Ու մենք՝ մարդիկս, ամենաշատը տխրում ենք, երբ համեմատում ենք մեր կարողություններն ու դրանք ինչ-որ տեղ օգտագործելու հնարավորությունները: Մեր ամենամեծ խնդիրը, որտեղից սկսում է ինքնագնահատականի անկումը, ինքնառեալիզացման բացակայությունն է: Ոմանց պարզապես հնարավորություն չի տրվում, ոմանք էլ, իսկ այս երկրորդներն իրականում քիչ չեն, 100%-ով չեն օգտագործում տրվածը: Այս խնդիրները շղթայական ռեակցիայով ազդում են մեր կյանքի վրա, եւ մեզանից խլում լավագույնը, որ հիմա ունենք. երիտասարդություն, եռանդ եւ ժամանակ:

Ամեն օր, քնելուց առաջ ինքս ինձ հարցնում եմ՝ իսկ որքա՞ն էր այսօր իմ օգտակար գործողության գործակիցը, իսկ քանի՞ ժամ վատնեցի ես պարզապես փորձելով կենտրոնանալ եւ «Ֆեյսբուքի» լրահոսը թերթելով:

Տղաներ եւ աղջիկներ, մենք շատ ավելի շատ բան կարող ենք, եթե մի քիչ ավելի հավակնոտ լինենք, մի քիչ ավելի շատ սիրենք մեզ ու բարձր գնահատենք մեր կարողությունները: Հավատացեք, այդ դեպքում դուք վստահաբար չեք դժգոհի, որ ձեր ղեկավարը դժգոհել է ձեր աշխատանքից, կամ որ այդպես էլ աշխատանք չեք գտել:

Իհարկե, ամեն ինչ հեշտ չէ, բայց մեր բախտը բերել է, մենք այն տարիքում ենք, որ կարող ենք գոնե մի քանի անգամ մեզ համարձակություն ունենալու կամ սխալվելու շռայլություն թույլ տալ ու նոր բան սկսել: Այն, որ կհաջողենք, փաստ չէ, ու շատ հավանական է, որ մեզ մոտ ինչ-որ բան չի ստացվի, բայց չպետք է վախենալ համարձակ քայլերից: Ուղղակի որոշեք ու փոխեք ձեր կյանքն այնպես, ինչպես ձեզ է դուր գալիս, բայց մի արեք դա «ամեն երկուշաբթի սկսվող դիետաների» կամ «եկող ամսից անգլերեն պարապելու» նման:

Մտքերս ընդհատում է բարմենի ձայնը՝ փակվում ենք, հաշիվը տա՞մ: Ու ես երազում եմ դուրս գալուց առաջ հերթով գրկել այս տղաներին ու աղջիկներին, որովհետեւ եթե իրենք այսօր այսքան մտահոգ չնստեին իմ դիմաց, եթե մի քանի ամիս շարունակ չտեսնեի այդպես էլ որեւէ փոփոխություն չկրած նրանց հայացքները, հնարավոր է՝ ես էլ ինձ համարեի «փոքրիկ դեպրեսիվ երեխա» ու շարունակեի համակերպված ապրել: Իսկ կռիվ տալը միշտ չէ, որ գրավիչ է. եթե, իհարկե, հաստատ չես որոշել, որ հաղթելու ես:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին