Պլաստիկ վիրահատված Երեւանը - Mediamax.am

Պլաստիկ վիրահատված Երեւանը
4942 դիտում

Պլաստիկ վիրահատված Երեւանը


Մեր օրերում երեւանյան ամենակարեւոր, թարմ ու նորաձեւ միտումներից մեկը քթի պլաստիկ վիրահատությունն է, նաեւ շուրթերի մեծացումն ու հոնքերի տատուաժը: Շատ երիտասարդ աղջիկներ իրենց սուրբ պարտքն են համարում այդ եղանակով անճանաչելի դառնալ: Իհարկե, եթե դա նրանց երջանկացնում է, կարծում եմ, որեւէ խնդիր չկա:

Բայց արի ու տես, որ այս միտումներից ետ չեն մնում նաեւ քաղաքային մարմինները` պլաստիկ վիրաբուժության ենթարկելով Երեւանը: Ավելի «ժամանակակից» թվալու համար մեծ քանակությամբ բոտոքս է ներարկվում Երեւանի դեմքին` վերացնելով քաղաքի բոլոր «կնճիռները»:

Երբեք դեմ չեմ նորությանը, հակառակը` չեմ հասկանում անցյալով ապրող մարդկանց: Բայց անցյալում մնալն ու առաջ չգնալը եւ հիշողություն ու սեփական պատմություն ունենալով վստահ քայլերով ապրելը տարբեր բաներ են:

Իմ Երեւանն առաջին անգամ վիրահատվեց, երբ տարիներ առաջ քանդեցին կինո «Երեւան»-ի բակում գտնվող մեր բարեկամուհի Մառուսի սեփական տունը: Փայտե զարդանախշերով աստիճաններ, շքամուտքին` պատշգամբ, բարձր առաստաղներ, պատի մեջ ներկառուցված հնաոճ վառարաններ: Հիմա նման տների կարոտը Թիֆլիսում եմ հանում: Հիմա Թիֆլիսում ավելի շատ Երեւան եմ գտնում:

Երբ մարդը դիմում է պլաստիկ վիրաբույժին քթի վիրահատության համար, բժիշկը զննում է հաճախորդի դիմագծերն ու անհամաչափություններ նկատելու դեպքում առաջարկում է փոփոխել նաեւ այտոսկրերի ձեւը, դունչը, աչքերի կտրվածքը եւ այլն:

Քաղաքային վիրաբուժության հարցում ես էլ առաջարկություններ ունեմ: Մոտ երեք տարի առաջ Հանրապետության հրապարակի վերակառուցման մրցույթ էր հայտարարվել, որին 13 նախագիծ էր ներկայացվել: Նախագծերի լուսանկարներն իմ «ամենասիրելիներն» էին`եկեղեցի հրապարակի կենտրոնում, տուֆից հաղթական կամար Լենինի արձանի նախկին տեղում, «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի կրկնօրինակը հիշեցնող կառույց ազգային պատկերասրահի գլխին:

Կարծում եմ, վերակառուցման գործընթացը պետք է շտապ արագացնել: Առաջարկում եմ նաեւ Oպերայի վերակառուցման նախագիծ ներկայացնել, օրինակ` շենքի երկու կողմերից հրեշտակի հսկայական թեւեր տեղադրել: Նաեւ քանդենք «Նաիրի» կինոթատրոնը`ու՞մ է պետք այդ շենքը:

Եվ չմոռանանք վերջնականապես ոչնչացնել Պողոսյան-Թարխանյան-Խաչիկյան եռյակի աշխատանքները՝ Համալիրի դեպքում էլ կարելի է մի բան մտածել:

Մենք այնքան ենք խոսում, որ բոլորս միասին վերածվել ենք մի մեծ` լցոնված շուրթերով բերանի: Անդադար, առանց մի վայրկյան կանգ առնելու խոսում ու քննադատում ենք այն ամենն ու յուրաքանչյուրին, ով հանդիպում է մեր ճանապարհին, առանց հասկանալու, տարբերելու, որն է լավն ու վատը: Վստահ եմ, որ «քաղաքային վիրաբուժության» մասին «առաջարկներս» էլ շատերը լուրջ կընդունեն ու կանցկացնեն ինձ իրենց քննադատության աղացով:

Մենք հարվածում ենք ընկածներին, մահից հետո մարդկանց մեծարում, կարոտում ենք, երբ արդեն անհնար է վերադարձնել, գնահատում ենք կորցնելուց հետո ու պաշտպանում, երբ արդեն չափազանց ուշ է:

Բայց կտեսնեք, երբ սկսեն քանդել «Ռոսիա» կինոթատրոնը, միայն այդ ժամանակ իսկական աղմուկ կբարձրանա: Այդ հիասքանչ կառույցը վաղուց ահավոր վիճակում է, բայց մենք լուռ ու մունջ սպասում ենք, մինչ այն «սեյսմիկ անկայուն» դառնա:

Երեւանն առանց ցավազրկող ներարկելու ամեն օր վիրահատում են ու քաղաքն արդեն վերքապատ կարկատանի է նման: Կբացվեն նոր` հազարավոր լցոնված շուրթերով բերաններ, կքանդվեն տասնյակ պատմական կառույցներ, կկառուցվեն «ավելի բարեկարգ Երեւաններ», իսկ ես կլվանամ դեմքիցս մեր քաղաքն ու կշարունակեմ սիրել ուշ գիշերն ու իր քողը` վաղ առավոտը: Դատարկ փողոցներ, ոչ մի մարդ` միայն այդ ժամանակ քաղաքին ոչինչ չի սպառնում: Միայն այդ պահին քաղաքում մնացած մի քանի իսկական երեւանցի-շենքերն ու վայրերը կարող են դուրս գալ թաքստոցներից, մեծամտանալ, ցուցադրել իրենց ողջ շուքը, խոսել մարդկանց մասին ու պարզապես վայելել լռությունը: Հետո երեւում է արեւը` հատ առ հատ դիպչելով յուրաքանչյուր աղյուսին ու շոյելով ամեն մի կտուր: Ու կյանքը նորից արթնանում է քնից, սկսում է շնչել ու գրկել քաղաքը:

Լենա Գեւորգյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին