Ինչպես երեխաներին պոկել էկրաններից - Mediamax.am

Ինչպես երեխաներին պոկել էկրաններից
18630 դիտում

Ինչպես երեխաներին պոկել էկրաններից


                                                                   Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                          սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Հեռուստացույց, սմարթֆոն, պլանշետ, նոութբուք, համակարգիչ… Խաղեր, մուլտֆիլմեր, ֆիլմեր, կլիպներ, սոցցանցեր, յութուբի վիդեոներ… Ինչ սարք ասես, որ չեն օգտագործում եւ ինչ տիպի տարատեսակ ինֆորմացիայի հետ ասես չեն առնչվում երեխաները մեր օրերում:

Էկրանի մոտ (հեշտության համար այսպես կանվանենք ցանկացած սարքով ինֆորմացիա դիտելը) ժամանակ անցկացնելու բացասական հետեւանքների մասին երեւի թե բոլորս էլ գիտենք՝ ագրեսիա, դեպրեսիա, գիրություն, առողջական եւ ակադեմիական խնդիրներ, սոցիալական հարաբերությունների դեգրադացիա եւ այլն: Եթե նույնիսկ չհավատանք գիտական ուսումնասիրություններին, եկեք մի պահ ուշադիր նայենք դպրոցահասակ երեխային՝ գամված էկրանին, կուչ եկած նստած, մատերի բուռն շարժումներով մինի կոճակներ սեղմելիս: Այս տեսարանը սովորական է դարձել ամենուր՝ տանը, բակում, դպրոցում: Դասամիջոցներին երեխաններն անգամ դասարանից դուրս չեն գալիս եւ իրար գլխի հավաքված փորձում են անցնել «հաջորդ աշխարհ»:

Ի տարբերություն մեծահասակների (չնայած մեծերի համար էլ պարտադիր է, բայց մանկական տարիքում սա շատ ավելի վտանգավոր հետեւանքներ ունի) երեխաներն օրվա ընթացքում մի քանի ժամ ակտիվ շարժվելու բնական կարիք ունեն, եւ եթե նույնիսկ մյուս բոլոր հետեւանքները դնենք մի կողմ, սա արդեն բավական է: Մեր օրերում երեխաները չափից դուրս շատ նստակյաց եւ պասիվ կյանք են վարում եւ սա անհանգստանալու տեղիք է տալիս: Բոլոր այն ծնողների համար, որոնք ցանկանում են իրենց երեխաներին պոկել էկրաններից, բայց չգիտեն, թե ինչպես, ահա մի ուղեցույց:

1. Սկսեք պարզից

Եթե որոշել եք սահմանափակել ձեր երեխայի էկրանային ժամանակը, ապա սկսեք պարզ եւ հստակ կանոններից, օրինակ՝ թույլատրեք օրական կես ժամ, կամ ամեն օր՝ 17:00-19:00-ը, ոչ մի էկրան: Կամ պլանշետից օգտվել թույլատրվում է շաբաթվա մեջ միայն մեկ օր, կամ միայն շաբաթ եւ կիրակի՝ 2-ական ժամով: Կամ ընտրեք այն տարբերակը, որն առավել հարմար է ձեր ընտանիքի համար: Կախված ձեր երեխայի տարիքից եւ առանձնահատկություններից՝ կարող եք նրան էլ ներգրավել որոշման կայացման մեջ:

Շաբաթվա մեջ 1 օր է կարելի, թողեք՝ նա ընտրի, որ օրն է ուզում, որ դա լինի: Օրվա մեջ 1 ժամ է կարելի՝ հստակ ժամի, թողեք՝ նա որոշի, թե երբ: Չեք կողմնորոշվում օրական կես ժամ թե մեկ ժամ, հարցրեք նրա կարծիքը՝ միգուցե նրան ավելի հարմար է 2 օրը մեկ 1 ժամ, քան օրական կես ժամ: Ամեն դեպքում պահանջեք, որ երեխան հիմնավորի իր պատասխանը:

2. Կանոններին հետեւեք նաեւ դուք

Եթե երեխային չի կարելի հեռուստացույց նայել ժամը 17:00-19:00-ի հատվածում կամ կարելի է միայն օրական կես ժամ, ուրեմն դուք էլ ընտանիքի բոլոր անդամներով պետք է հետեւեք այս կանոնին (անկախ նրանից՝ համակարգիչը ձեզ պետք է աշխատանքի համար, թե ոչ), հակառակ դեպքում՝ դուք ցանկալի արդյունքի չեք հասնի:

Անհրաժեշտ է երեխաներին սեփական օրինակով խրախուսել: Եթե դուք անընդհատ անհետաձգելի հեռախոսազանգերի կամ նամակների եք պատասխանում, դրանով դուք երեխային ցույց եք տալիս, որ ընտանեկան ժամանակը միասին անցկացնելը ձեզ համար կարեւոր չէ, եւ ձեր կանոնները պարզապես քմահաճույք են: Հիշեք «Ինչ որ ցանես, այն կհնձես» հայկական ասացվածքը եւ օրինակ ծառայեք երեխաների համար:

3. Ձեր ժամանակը տրամադրեք երեխաներին

Շատ հաճախ հեռուստացույցը փրկարար դայակի դեր է տանում, եւ եթե դուք հրաժարվարում եք նրանից, ուրեմն հաշվի առեք, որ դուք պետք է երեխաներին զբաղեցնեք կամ նրանց հետ ինչ-որ բան անեք: Երկուսդ էլ (ծնողների մասին է խոսքը) պետք է պատրաստ լինեք առօրյա գործերից եւ հոգսերից կտրվելու եւ երեխաներին ժամանակ տրամադրելու համար: Գիտեմ՝ շատերի համար սա դժվար է, բայց մի պահ պատկերացրեք այլընտրանքը եւ այլեւս որեւէ կասկած չեք ունենա:

4. Մշակեք ռազմավարություն

Նկատի ունեցեք, որ ձեր երեխայից կպահանջվի նվազագույնը 2 շաբաթ նոր սովորությանը հարմարվելու համար: Դրա համար նախօրոք պլանավորեք, թե ինչով պիտի ձեր երեխան զբաղվի եւ պատրաստ եղեք, որ նա օրական մի քանի հարյուր անգամ կխնդրի խաղալ կամ իր վարքի տարբեր դրսեւորումներով կփորձի ձեզ մանիպուլացիայի ենթարկել եւ նոր կանոնը հանել օրակարգից: Որքան հաստատակամ լինեք, այնքան ձեր երեխան ավելի հեշտ կհարմարվի նոր իրադրությանը:

5. Պլանավորեք ալտերնատիվ զբաղմունքներ

Քանի որ ձեր երեխան ունենալու է ազատ ժամանակ, եւ ինքը դեռ ինքնուրույն չի կարողանալու որոշել, թե ինչով զբաղվել, որպես մեծահասակ՝ պլանավորեք նրա համար տարբեր զբաղմունքներ՝ սեղանի խաղեր (լոտո, շախմատ, մոնոպոլիա), միասին պատրաստեք հետաքրիր կերակրատեսակ կամ թխվածք, գնացեք թանգարան, թատրոն, համերգ, գրադարանից ընտրեք գիրք՝ միասին կարդալու համար, զբաղվեք բացօթյա մարմնամարզությամբ, կազմակերպեք արշավ երեխայի ընկերների հետ, մեծ փազլ հավաքեք, լեգոներից աշտարակ սարքեք, հավաքեք ռոբոտ եւ այլն:

6. Ազատվեք ավելորդ խաղալիքներից

Որքան մեծ է երեխայի մոտ խաղալիքների ընտրությունը, այնքան նրա համար դժվար է ինչ-որ բան գտնել խաղալու համար: Մեծ ընտրությունը երեխաներին շփոթության մեջ է դնում: Այդ պատճառով պակասացրեք երեխայի խաղալիքների քանակը եւ հերթափոխեք դրանք:

7. Եղեք հաստատակամ

Դուք եք մեծահասակը, եւ հետեւաբար ձեր ընտանիքի առողջության եւ ապահովության պատասխանատվությունը ձեր ուսերին է: Չնայած որ երեխան պահի տակ կթվա դժբախտ, կցուցաբերի ագրեսիա, երբեմն նույնիսկ կասի, որ ատում է ձեզ, միեւնույն է, կանոնը մնում է կանոն: Եղեք համբերատար եւ երեխան վերջիվերջո կհանդարտվի:

8. Երբեք չի կարելի էկրանի սահմանափակումը օգտագործել որպես պատժամիջոց կամ սպառնալիք

Անհրաժեշտ է կանոնը կիրառելուց առաջ զրուցել երեխայի հետ: Բացատրեք նրան ձեր տեսակետը: Ասեք, որ քաջ գիտակցում եք, որ իր համար սկզբում դժվար է լինելու, դրա համար դուք պատրաստ եք նրան աջակցել ցանկացած հարցում: Հարկ եղած դեպքում կարող եք մեղքի բաժինը գցել հոգեբանների վրա՝ հոգեբանն է ասել, պիտի ենթարկվենք (ճիշտ նույն կերպ, ինչպես եթե ասենք, ձեր երեխան ծանր հիվանդ է եւ դուք անխտիր հետեւում եք բժշկի խորհուրդներին եւ ստիպում եք երեխային կուլ տալ այս կամ այն դեղահաբը եւ այլն):

Էկրանից օգտվելու սահմանափակումը պետք է լինի անկախ երեխայի վարքի դրեւորումներից: Երբեք դրանով չի կարելի սպառնալ՝ դասերդ չես արել, սենյակդ թափթված է, ճաշը չես կերել, քիմիայից 5 չես ստացել եւ բազմաթիվ ուրիշ պատճառներ, ուրեմն չես խաղա համակարգչով: Երեխայի կյանքի այլ ոլորտներում սխալ վարքի համար կիրառեք այլ պատժամիջոցներ (պատժամիջոցների մասին դեռ առանձին կխոսենք)՝ օրական կես ժամ հեռուստացույց նայելու իրավունք ունի, ուրեմն անկախ ամեն ինչից, տվեք նրան այդ հնարավորությունը: Եթե դա կիրառեք որպես սպառնալիք, կունենաք լրիվ հակառակ էֆեկտը: Նույն սկզբունքով  չի կարելի էկրանի ժամանակը կիրառել որպես պարգեւ՝ երեխան հինգ է ստացել, լողի մրցումներում առաջին տեղն է զբաղեցրել, քննությունները լավ է հանձնել կամ նրա ծննդյան օրն է՝ ուրեմն որպես պարգեւ թույլ եք տալիս համակարգչով խաղալ:

9. Ճկուն եղեք

Եթե հյուրեր ունեք, եւ երեխան ընկերների հետ ուզում է լիամետրաժ ֆիլմ դիտել, բայց նրա նայելու օրը չէ կամ ժամանակի մեջ չի տեղավորվում, կարիք չկա մանրախնդրություն ցուցաբերելու՝ թողեք երեխաները դիտեն իրենց ֆիլմը: Եթե ձեր երեխան հյուր է գնացել, մի ստիպեք նրան ենթարկվել նույն կանոններին, ինչ-որ դուք պարտադրում եք տանը: Հետեւեք կանոնին, բայց աչալուրջ եղեք՝ որոշ դեպքերում անհրաժեշտ է ճկուն լինել: Ավելորդ եմ համարում նշել, որ ճկունություն ցուցաբերել կարելի է միայն կանոնը երկաթյա հաստատկամությամբ հաստատելուց  հետո եւ միայն մի որոշ ժամանակ անց, երբ այն երեխայի մոտ արդեն կայուն սովորություն է դարձել:

10. Առաջնորդվեք առողջապահական կանոններով

Հիշեք հետեւյալ կաննոների մասին, որոնք բժիշկներն են խորհուրդ տալիս՝ ուտելու ժամանակ եւ քնելուց մեկ ժամ առաջ չի կարելի էկրանին նայել: Նաեւ ցանկալի չէ, որ երեխան իր սենյակում ունենա հեռուստացույց կամ համակարգիչ:

11. Հրաժարվեք հեռուստացույցից, սմարթֆոններին եւ պլանշետներից

Այս սկզբունքը իհարկե առավել համարձակ ծնողների համար է: Սակայն սա էլ է տարբերակ՝ բազմաթիվ գլխացավանքներից խուսափելու համար ուղղակի հրաժարվեք տանը հեռուստացույց ունենալու գաղափարից, մի գնեք սմարթֆոն՝ ուզում եք երեխայի հետ մշտական կապի մեջ լինել՝ գնեք նրա համար հասարակ հեռախոս, որն ունի միայն զանգ կատարելու եւ զանգ ընդունելու ֆունկցիա:
Հրաժարվեք պլանշետներից եւ երեխայի համար առանձին համակարգիչ գնելուց, եւ ձեր գործը ավելի կհեշտանա: Եթե որոշում եք որդեգրել այս սկզբունքը, երբեք երեխային խոսք մի տվեք որեւէ առիթի դեպքում՝ ծննդյան օրը կամ Նոր տարուն կամ երբ դառնա 12 տարեկան, գնել նրա ուզած այփադը: Նման դեպքերում, երբ երեխան խնդրում է, ուղղակի հանգիստ եւ հաստատակամ տեղյակ պահեք ձեր տեսակետի մասին:

12. Վայելեք ձեր երեխայի մանկությունը

Երբ էկրանն ավելի քիչ դեր կունենա ձեր առօրյայում, դուք կնկատեք, թե աստիճանաբար ինչպես են լավանում ձեր եւ ձեր երեխաների, ինչպես նաեւ եթե ունեք 1-ից ավելի երեխաներ, ապա նաեւ նրանց փոխհարաբերությունները: Այս ազատված ժամանակը հնարավորություն կտա ձեր երեխային վայելելու իր մանկությունը, եւ դուք էլ նրա հետ միասին կուրախանաք առօրյա փոքրիկ պահերով, որ դուք անցկացնում եք միասին՝ որպես ընտանիք:

Եվ վերջում նշեմ մի հետաքրքրական փաստ՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ որքան ավելի բարձր ինտելեկտ ունեն մայրիկները, այնքան ավելի քիչ ժամանակ են նրանց երեխաներն անցկացնում էկրանի առջեւ:

Տնային աշխատանք

Ցանկացած նորամուծությունից առաջ անհրաժեշտ է կատարել շուկայի հետազոտություն: Ստորեւ կարող եք գտնել մի ձեւանմուշ, որը լրացնելով ավելի հստակ պատկերացում կկազմեք ձեր երեխայի սովորությունների մասին: Այս մեկշաբաթյա դիտարկումից հետո ավելի լավ պատկերացում կկազմեք, թե որ ուղղությամբ է անհրաժեշտ աշխատել:



Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին