Հիվանդանալու պատճառը մրսելը չէ
4994 դիտում

Հիվանդանալու պատճառը մրսելը չէ


Մենք փոքր տարիքից սովորել ենք, որ եթե տաք չհագնվենք, ապա կմրսենք եւ կհիվանդանանք։ Բայց արդյո՞ք մենք հենց մրսելուց ենք հիվանդանում։

Մեզ հայտնի կոկորդի ցավը, քթից հոսելը, դրան հետեւող այտուցումն առաջանում են վիրուսների ազդեցության ներքո։ Նման դեպքերի մեծամասնությունը պայմանավորված է այն վիրուսներով, որոնք հիմնականում բարեհաջող կերպով բնակվում են մեր լորձաթաղանթներում՝անընդհատ պայքարելով մեր մարմնի դիմադրողական համակարգի հետ։ Երբ համակարգը նահանջում է, վիրուսը հաղթահարում է պատնեշը եւ ներխուժում օրգանիզմ՝ հարուցելով այտուցում, մարմնի ջերմաստիճանի աճ եւ այլ տհաճ հետեւանքներ։ Ժամանակ առ ժամանակ մեզ հյուր է գալիս գրիպ հարուցող վիրուսը, այդ դեպքում հետեւանքներն ավելի ծանր են եւ վտանգավոր։ Սխալ բուժման կամ օրգանիզմի ընդհանուր թուլության դեպքում դրանք կարող են ճակատագրական լինել։

Ներկայում գիտնականներն ապացուցել են՝ մեր դիմադրողականությունն ուղիղ կապ չունի շրջակա ջերմաստիճանի հետ։ Այլ կերպ ասած՝ անգամ եթե մենք մրսում ենք, պետք չէ ենթադրել, որ մեր մարմնի դիմադրողականությունը կտրուկ կնվազի, եւ վիրուսը կսկսի իր հաղթարշավը։ Խոսքը չի գնում լուրջ ցրտահարման մասին՝ երբ ամբողջ մարմնի կամ առանձին օրգանների ներքին ջերմաստիճանը նվազում է վտանգավոր շեմից՝ 35 աստիճանից ցածր։ Այդ դեպքում կարող են առաջանալ օրգանների լուրջ վնասվածքներ։

Չնայած այդ ընդհանուր եզրակացությանը՝ ցրտի եւ հիվանդանալու հավանականության միջեւ որոշ կապ կա, որը, ի դեպ, առավել շատ է դրսեւորվում հարավային ժողովուրդների մոտ։

Որոշ ժամանակ առաջ կատարված հետազոտությունը հետաքրքիր մի օրինաչափություն է հայտնաբերել։ Հյուսիսային գոտիներում բնակվող եւ սառը եղանակին փոքրուց սովոր մարդկանց մոտ ցրտի ազդեցությունը հանգեցնում է նրան, որ ինտենսիվանում է վերջույթների եւ լորձաթաղանթների արյան մատակարարումը։ Հյուսիսային ժողովուրդների մոտ երեխաները ձմռանը մերկ ոտքերով վազում են ձյան վրայով եւ չեն մրսում, իսկ նրանց ձեռքերը, ոտքերը եւ դեմքը գրեթե երբեք չեն ցրտահարվում: Ընդհակառակը՝ մաշկը կարմրում է եւ տաք մնում։ Իսկ հարավային ժողովուրների մոտ ցրտին հակազդեցությունը հակառակ բնույթ է կրում՝ արյունը կուտակվում է ներքին օրգաններում, իսկ վերջույթները, մաշկը եւ լորձաթաղանթները զրկվում են արյունից։ Քանի որ ցրտին օդն էլ է չոր, արյան պակասությունը բերում է նրան, որ լորձաթաղանթները չորանում եւ վիրուսների համար ավելի խոցելի են դառնում։ Արյան հոսքի նվազեցումը հանգեցնում է նաեւ այլ հետեւանքի՝ դժվարանում է սպիտակ մարմինների մոտենալը դեպի վիրուսների հետ պայքարի գոտի։

Կա նաեւ երկրորդ պարագա՝ ցրտին վիրուսների արտաքին թաղանթը ավելի չոր եւ պինդ է, եւ այն ավելի դժվար է հաղթահարել՝ վիրուսը ոչնչացնելու համար։

Մյուս կողմից՝ խոնավ օդում վիրուսները շատ ավելի հեշտ են տարածվում, քան չոր օդում, ինչը որոշ չափով մեզ օգնում է ձմռանը։

Այսպիսով, հասկանալի է դառնում ձմռանը հիվանդանալու ամենահնարավոր հետագիծը։ Եթե դուք լավ դողացել եք ցրտից եւ դրան գումարած բերանով եք շնչել, նշանակում է՝ դեպի քիթը եւ կոկորդը արյան հոսքը նվազել է, ինչի հետեւանքով ձեր լորձաթաղանթները որոշ չափով չորացել են։ Եթե դրանից հետո մտել եք մի տեղ, որտեղ շատ մարդ է կուտակված, եւ օդը համեմատաբար ավելի խոնավ է, ուրեմն հիվանդանալու վտանգն առավելագույնն է։

Որպեսզի նման բան չպատահի, պետք է ձմռան ամիսներին հագնել տաք, մի քանի շերտով հագուստ, որպեսզի արագ կարողանաք համակերպվել շրջակա ջերմությանը, սակայն կարիք չկա չափազանց տաք հագնվել։ Պետք է հնարավորինս խուսափել հասարակական տրանսպորտից, մարդաշատ եւ վատ օդափոխվող այլ տեղերից եւ ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին։ Տանը պետք է հաճախակի օդափոխություն անել։

Բացի այդ, իմաստ ունի մարմինն աստիճանաբար սովորեցնել ավելի ցածր ջերմաստիճանի՝ զգուշորեն թեթեւացնելով հագուստը։ Այդ դեպքում մարմնի սպազմատիկ հակազդեցությունը նվազում է, ինչը զգալիորեն հեշտացնում է վիրուսների դեմ պայքարը։ Էլ չեմ խոսում առողջ կյանքի, սպորտի եւ դիմադրողականությունը բարձրացնող այլ միջոցների մասին՝ դրանք պետք է որ վաղուց հայտնի լինեն բոլորին։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am