Մենք՝ տողատակերում ու բազմակետերում - Mediamax.am

Մենք՝ տողատակերում ու բազմակետերում
4585 դիտում

Մենք՝ տողատակերում ու բազմակետերում


«Շնորհավորում եմ…»: Այսպես են շատերը Ֆեյսբուքում շնորհավորում իրենց վիրտուալ կամ իրական ընկերներին: Ամեն անգամ մտածում եմ` բազմակետով շնորհավորողը ի՞նչ է ուզում է ասել: Խնդիրը հաստատ այն չէ, որ այնքան բան ունի ասելու, որ չի կարողանում ձեւակերպել մտքերը ու որոշում է դիմել ամենափրկիչ բազմակետի օգնությանը: Չեմ ուզում այդ «ունիվերսալ» շնորհավորանքի հեղինակներին վիրավորած լինեմ, բայց տպավորություն ունեմ, որ բազմակետով ուղեկցվող շնորհավորանքը հաճախ քողարկում է չշնորհավորելու ցանկությունը, որը զսպվում է «քաղաքավարությունից» կամ այլ գործոններից ելնելով: Դա էլ, թող չափազանցություն չթվա, մեր հասարակությունում առկա խնդիրների եւ փոփոխություններին չհասնելու վառ օրինակներից մեկն է:

Մենք չենք գիտակցում, որ եթե չփորձենք վերացնել այն բարդույթները, որոնք աստիճանաբար կլանում են մեզ, երբեք չենք ունենա այն երկիրը, որի մասին երազում ենք: Այդ երկիրը կերտում ենք մենք եւ ոչ թե Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ ՀՅԴ Բյուրոն: Այդ երկիրը մենք ենք՝ մեր թերություններով ու առավելություններով հանդերձ:

***

Նվազագույնի ենք հասցրել շփումները իրական կյանքում՝ դրանք գրեթե 90 տոկոսով տեղափոխելով սոցցանցեր: Գիտնականները վաղուց են ապացուցել, որ մարդկանց ավելի հեշտ է ինչ-որ բան գրել, քան ասել: Խոսքը գնում է թե լավ, թե վատ բաների մասին, բայց երկրորդն, իհարկե, գերակշռում է: Արդյունքում սոցցանցերը լցված են բացասական էներգիայով, որով միմյանց շռայլորեն կերակրում են ոչ միայն անծանոթները, այլեւ մարդիկ, որոնք ընկերներ կամ լավ ծանոթներ են իրական կյանքում: Խոստովանեք, որ երբ ինչ-որ սուր թեմա է քննարկվում, դեպքերից 10-ից 9-ում ձեր ֆեյսբուքյան ընկերները, որոնց անձամբ ճանաչում եք տարիների ընթացքում, սկսում են «կծել» միմյանց, հաճախ՝ նաեւ վիրավորել: Իրական կյանքում հարաբերակցությունը կլիներ եթե ոչ 10-ից 1, բայց հաստատ 10-ից 3 կամ 4: Միգուցե մտածե՞նք սրա մասին: Հաճախ ասում ենք, որ իշխանությունը ժողովրդին չի սիրում: Իսկ մենք միմյանց սիրո՞ւմ ենք:

***

Խոսքը կորցնում է իր արժեքը: Կարելի է ասել ամեն ինչ ու պատասխանատվություն չկրել: Կոչ չեմ անում վերականգնել մենամարտերի (դուել) ավանդույթը, բայցի արժե մտածել, թե ինչու էին հին ժամանակներում ազնվական մարդիկ ավելորդ բառի համար կյանքով պատասխան տալիս: Այնպես չէ, որ մեզանից հիմար էին կամ պակաս խիզախ:

***

Չափազանց մեկնաբանող ենք դարձել՝ մեկնաբանում ենք ամեն ինչ. ճարտարապետություն, լրագրություն, արվեստ, քաղաքականություն: Կապ չունի՝ այս կամ այն ոլորտից գոնե մի քիչ հասկանում ենք, թե ոչ: Կարող եք ասել, որ մեկնաբանելու իրավունքը բխում է խոսքի ազատության եւ քաղաքացիական ազատությունների սկզբունքներից: Իսկ իմ կարծիքով, մեկնաբանելը չպետք է կոնֆլիկտի մեջ մտնի բանականության հետ: Հիշենք նաեւ այս պարզ ու հանճարեղ խոսքերը՝ «Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը»:

***

Մեկնաբանելու տենդով տարված` նաեւ անասելի անհավան ենք դարձել: Նոր գրքի, ֆիլմի կամ կայքի մասին խոսելիս առաջին հերթին փորձում ենք դրանցում թերություն գտնել, ընդ որում, հաճախ դա անում ենք առանց գիրքը կարդալու կամ ֆիլմը դիտելու: Վերնագիրը տեսանք, սրա-նրա կարծիքը կարդացինք ու սկսում ենք «պոչ կպցնել»: Այն, որ մարդն իր գրքի կամ ֆիլմի մեջ կարող է կյանք դրած լինել, մեզ չի հետաքրքրում:

***

Բոլորս գիտենք, թե պետությունը ինչպես է պետք կառավարել եւ արագ բարեփոխումներ անել: Այո, ցավոք, մեր իշխանությունների մոտ դա լավ չի ստացվում: Լավ, բայց մենք մեր գրասենյակներում քանի՞ հաջողված ու ցավոտ բարեփոխում ենք իրագործել: Անկեղծ լինեմ. Մեդիամաքսում կան մի շարք գործընթացներ, որոնք վաղուց ցանկանում եմ փոխել, ավելի արդյունավետ դարձնել: Մի մասն արել եմ, մի մասը չեմ արել՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Ու հաճախ ինքս ինձ տալիս եմ այս հարցը՝ եթե ես չունեմ բավարար կամք գրասենյակում բան փոխելու համար, իրավունք ունե՞մ այդ կամքը պահանջել իշխանությունից: Բացասական պատասխանը չի նշանակում, որ իշխանությունը պետք է շարունակի մնալ այնպիսին, ինչպիսին որ կա: Այս դեպքում հարցն այն է, որ պահանջողը պետք է իրենից սկսի:

***

Կորցրել ենք խնդրին դիմացինի աչքերով նայելու կարողությունը: Բոլորս ծայրաստիճան եսակենտրոն ենք ու չենք ցանկանում գոնե խնդրի լուծումը ավելի լավ պատկերացնելու համար փորձել ընկալել այն հակառակ կողմի դիրքերից: Մոլորության մեջ ենք, կարծում ենք. որ ուրիշի շահի ընկալումը մեզ ավտոմատ իր կողմնակիցն է դարձնում:

***

Աշխարհն անկատար է՝ բոլորս առավելություններ ու թերություններ ունենք: Եկեք փորձենք կենտրոնանալ միմյանց առավելությունների եւ ոչ թե թերությունների վրա, հատկապես որ մարդկանց մեծ մասի մոտ առավելություններն ավելի շատ են: Եթե փորձենք այդպես ապրել, շատ բան ավելի հեշտ կլինի կյանքում՝ իրականությունն ավելի ռացիոնալ կընկալենք, տողատակեր չենք փնտրի, միմյանց էլ ավելի անկեղծ ու առանց բազմակետերի կշնորհավորենք:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին