Աղքատության երեխաները - Mediamax.am

Աղքատության երեխաները
3860 դիտում

Աղքատության երեխաները


«Անզորությունից ինքնասպանություն է գործել բազմազավակ անօթևան ընտանիքի հայրը»:

Գյումրիում Տիգրան Համասյանի համերգի մասին լուրերի վերնագրերի արանքից սողոսկում եւ աչքիս առաջ «հարմար տեղավորվում է» նույն Գյումրիում նույն օրերին այս ընտանիքի հետ կատարված դժբախտությունը:

Գյումրեցի բազմազավակ ընտանիքի հայրն ինքնասպանություն է գործել: Տղամարդն ինքն իրեն սպանել է անզորությունից: Ինքնասպան է եղել` ճակատագրի քմահաճույքին թողնելով իր փոքրիկներին եւ կնոջը: Ինչքա՞ն հուսահատ պիտի լինի մարդ, որ… ինչո՞ւ պիտի ուժ չգտնի էլ պայքարելու: Ինչը՞ կարող էր փրկել նրան… Ինչպե՞ս պիտի ապրեն այդ երեխաներն այսուհետ: 

Գյումրեցի ընտանիքի հոր մասին լուրի վերնագիրը համակարգչի էկրանին լողացող տողի պես թմրեցնում է ենթագիտակցությունս:

***

-Անձեռոցիկ կուզե՞ք:

10-ամյա այս աղջնակին առաջին անգամ Նոր տարվա օրերին տեսա, արդեն մեկ ամիս է` պարբերաբար հանդիպում եմ սրճարաններում: Անձեռոցիկ է վաճառում: Հարցեր չեմ տալիս, որ երեխան չնեղվի ու չմտածի, թե ավելորդ հետաքրքրասիրություն եմ դրսեւորում:

Վերջին անգամ, երբ մոտեցավ եւ հարցրեց` արդյո՞ք անձեռոցիկ չենք ուզում, ընկերս վերցրեց մեկն ու քթի տակ կամաց ասաց.

-Ես վաղուց արդեն խանութից անձեռոցիկ չեմ գնում:

Ժպտացի, թաքուն ուրախացա, որ փոքրիկի կյանքով մտահոգվում է` չիմանալով անգամ, թե ինչու է աղջնակն անձեռոցիկ վաճառում: Չնայած, այդ ինչուն, հավանաբար, կարեւոր էլ չէ:

Հանս Քրիստիան Անդերսենի «Լուցկիներով աղջկան» հիշեցի, հետո ինձ բռնացրեցի այն մտքի վրա ուրախանալիս, որ այս աղջնակը գոնե ոտաբոբիկ չէ: Եթե մի օր լսեք նրա ձայնը կամ հանդիպեք հոնքերի տակ ամուր թաքնված հայացքին, իմացեք նա է, ու հա, արդեն գիտեք, ումից է հարկավոր անձեռոցիկ գնել:

***

Աղջնակի հայացքն ինձ ինչ-որ մեկին է հիշեցնում: Մի քանի օր անց դժվարությամբ մտաբերում եմ Մաքսիմի աչքերը: Սահմանամերձ Սեւքար գյուղում ապրող ընտանիքի 9 երեխաներից մեծն է: Մի քանի ամիս առաջ, երբ Սեւքարի մասին նյութ պատրաստելու էինք գնացել, այցելեցինք այս ընտանիքին: Սենյակում երկար ու մի քանի շարք կապած պարանին փոքրիկների մաշված հագուստն էր չորանում, ուղիղ պարանի տակ դրված թախտին նստած էր ընտանիքի մեծ դուստրը` փոքրիկ քրոջը գրկած: Առաջին բանը, որ երեւաց կիսամութ սենյակում, սեւացած թշերի արանքից պսպղացող աչքերն էին:

-Ինչ սիրուն ես դու,- չկարողացա թաքցնել հիացմունքս. փոքրիկ աղջնակի աչքերը ֆանտաստիկ սիրուն էին: Գրկեցի: Աղքատությունն առաջին անգամ էի այդքան պինդ սեղմում կրծքիս: Աղքատության աչքերն առաջին անգամ էին այդքան մոտ իմ աչքերին: «Ռետուզի» երկար տոտիկները պարում էին` քսվելով վերարկուիս: Փոքրիկի մատները սառած էին…  Ինը երեխաներից եւ ոչ մեկն այդպես էլ ամբողջական նախադասություն չարտասանեց: Ասում են` գյուղում ընտանիքի հետ չեն շփվում, երեխաներն էլ սովոր չեն օտարների հետ խոսել: Մաքսիմից կարողացա միայն կցկտուր մի քանի բառ պոկել:

-Ուզում եմ աշխատել, որ ընտանիքիս օգնեմ,- կմկմաց նա:

Երեկոյան` Երեւան վերադառնալիս, հեռախոսիս մեջ գտա Մաքսիմին. ընդամենը մեկ նկար էի արել: Տան պատի մոտ հոնքերի տակից ժպտացող Մաքսիմն էր: Ու որքան կուզեի, որ այդ նկարը գունավոր լիներ… Մաքսիմը պիտի երջանիկ լինի, շատ երջանիկ. միակ բանն էր, որ կարողանում էի մտածել այս ընտանիքի թշվառությունը տեսնելուց հետո: 

***

Երբեւէ ինձ իրավունք չեմ վերապահել քննարկել կամ քննադատել այլոց կյանքը, բայց ինչ վերաբերում է երեխաներին, զգայուն եմ: Ու երեւի այս զգացմունքայնությունն է պատճառը, որ երեք օր շարունակ գլխումս անպատասխան հնչեցնում եմ գյումրեցի ընտանիքի հոր ինքնասպանությունից հետո ինձ հանգիստ չտվող հարցերը:

Մի քիչ էլ մեղավոր եմ զգում ինձ: Ես էլ մասն եմ այն հասարակության, որն այդքան անպատասխանատու է մոտենում իրեն: Երևի, այս տարիներին մենք չենք կարողացել ձեւավորել այնպիսի հասարակություն, որում մարդիկ ներքին պատասխանատվություն կունենան իրենց երեխաների հանդեպ: Այն, որ սոցիալապես անապահով ընտանիքներում երեխաներ շատ են ծնվում, դա փաստ է: Ցավոք, այս դեպքերում հիմնական գործոնն անցանկալի հղիությունից պաշտպանվելու միջոցներ չունենալը, շատ երեխաներ ունենալը եւ այդպիսով պետությունից աջակցություն, երբեմն, նույնիսկ, բնակարան ստանալու հեռանկարը եւ այլ սոցիալական պատճառներն են լինում:

Երեխաները մարդկության ամենասիրուն ստեղծագործությունն են, նրանք պիտի ծնվեն, պիտի շատ երեխաներ ծնվեն: Բայց այդ երեխաները պիտի ունենան անհրաժեշտ գոնե նվազագույն սոցիալական պայմաններն ու մեծանան արժանապատիվ: Հավանաբար, այստեղ անելիք ունեն նաեւ պետությունն ու հասարակական կազմակերպությունները, որոնք պիտի դաստիարակչական-սոցիալական աշխատանքներ տանեն մարդկանց հետ եւ նրանց ենթագիտակցության մեջ բարձրացնեն այդ պատասխանատվությունը: 

Եթե մենք ցանկանում ենք առողջ հասարակություն ունենալ, ապա այս հարցերին չպիտի մատների արանքով նայենք: Մի քիչ ավելի սրտացավ ու մի քիչ ավելի պատասխանատու լինենք երեխաների հանդեպ, ովքեր մեր վաղվա ապագան են:

***

Ես 25 տարեկան եմ: Ունեմ աշխատանք եւ կանոնավոր վարձատրություն: Ինչպես ցանկացած աղջիկ, ես նույնպես երազում եմ երեխաներ ունենալու մասին: Բայց ամեն անգամ իմ այդ երազանքներն ընդհատում է այն վախը, որ գուցե դեռ պատրաստ չեմ այդ պատասխանատվությունն ուսերիս վերցնելուն:

***

Երեք տարի առաջ փողոցում մուրացկանություն անող մի աղջկա հետ ծանոթացա: Տարիներ առաջ կորցրել էր ծնողներին: Որոշ ժամանակ անց պարզվեց՝ երեխայի է սպասում: Օգնեցինք տեղավորվել ծննդատանն ու անցնել անհրաժեշտ զննումները: Մի քանի ամիս անց, երբ փոքրիկը ծնվեց, պատահաբար պարզեցինք, որ սա արդեն երկրորդ երեխան է: Առաջինը մանկատանն էր մեծանում, թե ինչ եղավ երկրորդի հետ, այդպես էլ չիմացանք: Աղջիկն անհետացավ այն բանից հետո, երբ իմացավ, որ գիտենք իր առաջին երեխայի պատմությունը: Իսկ ի՞նչ եղավ այդ փոքրիկը եւ ինչպե՞ս է մեծանում նա…

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին