Ի՞նչ անել, եթե ձեր երեխան այֆոն է ուզում
4620 դիտում

Ի՞նչ անել, եթե ձեր երեխան այֆոն է ուզում


                                                                 Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                         սկսնակ եւ փորձառու ծնողների համար


Նախորդ հոդվածում
անդրադարձա այն թեմային, որ կարեւոր է երեխաներին մանկուց տալ որոշակի գումար, որպեսզի նրանց մոտ ձեւավորվեն ու զարգանան առողջ ֆինանսական հմտություններ: Սակայն, ի՞նչ անել, եթե ձեր երեխան ցանկանում է գնել այնպիսի բաներ, որոնց համար իր հավաքած գումարը չի բավարարում կամ ձեր ընտանիքի բյուջեի մեջ չի տեղավորվում, կամ էլ դուք դա կարող եք հանգիստ ձեզ թույլ տալ, սակայն նպատակահարմար չեք գտնում: Օրինակ՝ ձեր 12 տարեկան երեխան ցանկանում է հեռախոս ունենալ եւ այն էլ՝ անպայման այֆոն, ուրիշ հեռախոս ինքը դպրոց չի տանի: Ի՞նչ անել այս դեպքերում՝ ահա մի քանի գործնական խորհուրդ:

Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ

Դուք ցանկանում եք եւ կարող եք ձեր երեխայի համար գնել այֆոն, կամ էլ շատ եք ցանկանում, սակայն գումար չունեք եւ նույնիսկ պատրաստ եք վարկ վերցնել դրա համար. նախ պարզեք ինքներդ ձեզ համար, արդյոք դուք դա ցանկանում եք ձեր իսկ շահերից ելնելո՞վ, թե՞ մտածում եք ձեր երեխաների բարօրության մասին:

Թանկարժեք հեռախոս, պլանշետ, նոութբուք՝ այս ամենը ձեւավորում են ստատուս հասարակության մեջ: Ցանկանո՞ւմ եք ցույց տալ, որ շատ փող ունեք կամ երեւալ ավելի հարուստ, ցանկանո՞ւմ եք ինքներդ ձեզ ապացուցել, որ կարող եք ձեր երեխաներին թույլ տալ տարբեր շռայլություններ, մտածո՞ւմ եք՝ «Ո՞նց կլինի՝ իմ տղան հետ մնա դասընկերներից»:

Անկեղծորեն նայեք հայելու մեջ եւ ինքներդ ձեզ համար պարզեք ձեր գնումների հետեւում թաքնված շարժիչ ուժը: Արդյոք դա սեփական եսի՞, թե՞ ձեր երեխաների համար է: Ցանկացած դեպքում առաջնորդվեք՝ ելնելով երեխայի շահերից՝ ազատվեք նրանց միջոցով ինքնահաստատվելուց: Միգուցե ձեր 14 տարեկան երեխան iOS համակարգի համար հավելվածներ է գրում, այդ դեպքում մի հապաղեք եւ գնեք հեռախոսը, թեկուզեւ վարկով: Իսկ մնացած դեպքերում հետեւեք «որքան քիչ շփում ունենա իմ երեխան սմարթֆոնների հետ, այնքան շատ ազատ ժամանակ կունենա ինքնազարգացման համար» սկզբունքին:

Ծրագրեք գնումները

Երեխաների հետ գնումների գնալիս նախօրոք ծրագրեք, թե ինչ եք գնելու: Եթե անհրաժեշտ է՝ քննարկեք նրա հետ իրերի ցանկը, եթե ոչ՝ ուղղակի տեղեկացրեք: Հարցրեք երեխայի կարծիքը, հավելյալ ինչի գնման կարիք կա եւ անհրաժեշտության դեպքում տանը՝ հանգիստ պայմաններում, բանակցությունների մեջ մտեք երեխաների հետ:

Գրել-կարդալ իմացող երեխայի հետ գնացեք խանութ ցուցակով եւ թույլ տվեք, որ ցուցակը նա գրառի: Եթե գիտեք, որ մոտ 1-2 ժամ անցկացնելու եք խանութում, անպայման դուրս եկեք՝ երեխաներին մի կուշտ կերակրելուց հետո: Շատ քմահաճույքներ եւ միջադեպեր կարելի է կանխել այս պարզ քայլի միջոցով:

Մի գնեք երեխայի համար այն ամենը, ինչ որ նա կուզի

Երեխաներն ունեն բազմաթիվ ցանկություններ, եւ ի տարբերություն մեծահասակների, նրանք իրենց ցանկությունների մասին անընդհատ բարձրաձայնում են: Խանութում արտառոց մի բան տեսան՝ անմիջապես ուզում են եւ այդ մասին անհապաղ հայտնում ծնողներին:

Երբ երեխան ծնվում է, նա խոսել չգիտի, եւ մենք աստիճանաբար նրան սովորեցնում ենք մայրենի լեզուն: Նմանապես, երբ երեխաները ծնվում են, նրանք ինքնաբուխ արտահայտում են իրենց մտքերը, որոնք շատ հաճախ այդ պահին ինչի կարիք որ ունեն կամ ինչ տեսնում եւ ուզում են, դա է: Մենք՝ որպես ծնող, պատասխանատու ենք երեխայի մոտ առաջնահերթություն սահմանելու, սպասելու եւ հաճույքը հետաձգելու մեխանիզմների մշակման համար: Մեր պարտականությունն է նրանց սովորեցնել, որ ամեն ինչ իր տեղն ու ժամանակը ունի: Այդ պատճառով յուրաքանչյուր գնում պետք է լինի կշռադատված եւ պլանավորված (եթե որոշել եք չծրագրված գնումներ կատարել, դա եւս պետք է ծրագրեք, օրինակ՝ նախօրոք բյուջե հատկացնել չպլանավորված գնումների համար եւ բյուջեից դուրս չգալ):

Հետաձգեք գնումը

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հասուն տարիքում հաջողության հասնելու համար ամենակարեւոր հմտություններից մեկը հաճույքի հետաձգումն է: Եթե խանութում եք, եւ հանկարծ ձեր երեխային շատ անհրաժեշտ է դառնում տվյալ լեգոների հավաքածու կամ Նանի-զանիի հենց այդ տիկնիկը ձեռք բերել, եւ դուք դրան այնքան էլ դեմ չեք, երեխայի առաջ մարտահրավեր դրեք, օրինակ՝ պետք է ձեզ 3 օր շարունակ ընթրիքից հետո կամ էլ հաջորդ շաբաթվա մեջ ուրբաթ օրը հիշեցնի, որ դա իրեն պետք է, եւ այդ ժամանակ նոր դուք կգնեք: Ամենայն հավանակությամբ, նա այդ մասին կմոռանա, եւ դուք կխուսափեք անտեղի ծախսերից եւ երեխային խաղալիքներով ծանրաբեռնելուց, իսկ եթե հիշի եւ ձեզ հայտնի, այդ դեպքում նոր գնեք:

Եթե երեխան ցանկանում է մի բան, որի համար ձեր բյուջեն չի բավարարում
Առաջին հերթին երեխային հանգիստ բացատրեք ցանկությունների եւ պահանջների տարբերության մասին: Կարիք չկա շեշտելու, որ գումար չունեք՝ կարող եք ասել, որ այս պահին այդ գնումը նպատակահարմար չեք գտնում, կամ գումարը այլ բաների վրա եք պլանավորում/նախընտրում ծախսել կամ որ ձեր ընտանիքում ընդունված չէ նման բաներ օգտագործել: Երբեմն սա բավարար է, որ երեխան տեղի տա: Եթե կհամառի, եղեք հաստատակամ՝ եթե այդ բանն իրոք իրեն պետք է, եւ դա քմահաճույք չէ, ուրեմն ասեք, որ կմտածեք ապագայում այն ձեռք բերելու մասին (մի խոստացեք, որ ձեռք կբերեք, միայն այն, որ կմտածեք այդ մասին): Ապագայում անպայման անդրադարձեք այս հարցին եւ հայտնեք ձեր որոշման մասին: Երբեմն պետք է լինեն դեպքեր (ձեր գրպանին համապատասխան գնումների ժամանակ), երբ դուք երեխային ասում եք, որ կմտածեք եւ հետո համաձայնվում եք: Եթե «կմտածեմ»-ը դառնա «ոչ»-ը մեղմելու կամ երկարացնելու միջոց, երեխան կնկատի օրինաչափությունը, եւ ձեր մտածելը կարժեզրկվի:

Կիսվեք երեխաների հետ

Ցույց տվեք երեխաներին, որ նրանք միայնակ չեն իրենց ապրումների մեջ: Ժամանակ առ ժամանակ գնումներ անելիս կամ խանութից տուն գալով՝ կիսվեք երեխաների հետ ձեր ցանկություններով: Ցույց տվեք, որ որոշ դեպքերում դուք առհասարակ հրաժարվում եք իմպուլսիվ գնումներից, որոշ դեպքերում հետաձգում եք գնումը մինչեւ որ այդ նպատակի համար փող կխնայեք: Խոսեք երեխաների հետ ձեր զգացմունքների եւ մտքերի մասին, բացատրեք, թե ինչու եւ ինչ սկզբունքներով եք առաջնորդվում եւ անկեղծ պատասխանեք երեխաներին հուզող հարցերին:

Գնումներ կատարելիս հիշեք ընտրության բազմազանության սկզբունքի մասին

Եթե դուք այն ծնողներից չեք, որոնք մտնում են խանութ եւ գնում առաջին իսկ պատահած սառնարանը, այլ ուսումնասիրում եք շուկան գին-որակ համեմատություններ տանելով, ապա ձեր երեխաների մոտ էլ փոքրուց ձեւավորեք սովորություն, որեւէ բան գնելուց առաջ փնտրել նվազագույնը 3 տարբերակ եւ նոր վերջնական ընտրություն կատարել:
 
Ժամանակը ոսկուց էլ թանկ է

Շատ հաճախ առօրյա հոգսերի եւ աշխատանքի մեջ խրված, շարժվում ենք առաջ, որ հասցնենք երեխայի համար այս մի խաղալիքն էլ գնել, այս մի հավաքածուն էլ ունենալ, հեռախոսի մոդելը թարմացնել, այս մի քոլեջն էլ տանել եւ այլն, եւ այլն: Եվ  այս վազքի մեջ մոռանում ենք, որ երեխաների համար մեր ուշադրությունից ու սիրուց ավելի կարեւոր բան չկա: Երեխաները մեծանում են իրենց առաջ ունենալով հետեւյալ օրինակը՝ աշխատանքը եւ փողը իրենցից՝ երեխաներից, ավելի կարեւոր են: Այո՛, մենք այս ամենը նրանց համար եք անում, այո՛, նրանց համար ենք տանջվում, բայց միաժամանակ պետք է հիշենք, որ մեր երեխաների համար առաջնայինը մեր ուշադրությունն ու ժամանակն են՝ եթե հիմա չտրամադրենք այն, հետո ուշ կլինի:

Եվ վերջում, եթե դեռ մտածում եք, որ ձեր փողերը ձերն են, ինչի վրա կցանկանաք, կծախսեք, ձեր երեխաներն ավելիին են արժանի.

Այստեղ, իհարկե որոշողը դուք եք, բայց մի բան պետք է հաշվի առնել, որը միգուցե առաջին հայացքից ակնհայտ չէ: Այս մոտեցումը երեխաների մոտ ձեւավորում է սպառողական վարք՝ երեխան սովորում է ինքնահաստատվել նյութական արժեքներով, ինչը բերում է ցածր ինքնագնահատականի: Միշտ կլինեն մեզանից ավելի հարուստ, մեզանից ավելի թանկարժեք իրեր ունեցող մարդիկ, այս վազքը բոլորս էլ դատապարտված ենք վաղ թե ուշ տանուլ տալու: Այդ պատճառով երեխաներին պետք է փոքրուց սովորեցնել բավարարվել ունեցածով, որքան էլ շատ կամ քիչ այն լինի, եւ ինքնահաստատվել սեփական գործերով: Ձեր երեխայի աշխատասիրությունը ոչ ոք չի կարող խլել, իսկ հարեւանի խոտը միշտ էլ ավելի կանաչ է երեւալու:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am