Մեծ ուսուցիչն ու նրա «բարեկամի թոռը» - Mediamax.am

Մեծ ուսուցիչն ու նրա «բարեկամի թոռը»
4245 դիտում

Մեծ ուսուցիչն ու նրա «բարեկամի թոռը»


Փետրվարի 22-ին կյանքից հեռացավ մեծ պատմաբան, մեծ ուսուցիչ եւ հրաշալի մարդ Պետրոս Հովհաննիսյանը: Նախորդ տարի, երբ հարցազրույցների շարք էի անում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, շատ էի ցանկանում զրուցել նաեւ պարոն Հովհաննիսյանի հետ: Ցավոք, չզրուցեցի: Պատրաստվում էի զանգահարել, պայմանավորվել հանդիպման մասին, բայց ամաչեցի: Հիմա էլ շատ եմ ափսոսում: Վստահ եմ, որ Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունների ապագայի մասին շատ ուշագրավ բաներ կասեր պարոն Հովհաննիսյանը:

Ինչո՞ւ ամաչեցի:

1994 թվականին, երբ սովորում էի ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի երրորդ կուրսում, Հայոց պատմության քննությունից «կտրվեցի»: Ճիշտ է, դասերի նորմալ չէի հաճախում, քանի որ աշխատում էի թերթում, բայց քննություններին պարտադիր պատրաստվում էի ու «լավ» կամ ծայրագույն դեպքում` «բավարար» գնահատականի միշտ հավակնում էի: Այդ անգամ իմ ու դասախոսի միջեւ «սեւ կատու անցավ», նա էլ որոշեց ինձ «կտրել»:

Այդ մասին տեղեկացավ տատիկս, որը շատ վստահ ասաց.

- Մենք պատմության ֆակուլտետում լավ բարեկամ ունենք: Վաղը միասին կգնանք, ես նրան կասեմ, որ քո նկատմամբ անարդար են վարվել:

Գիտեի, որ տատիկիս եղբայրը` Էդիկ Բաղդասարյանը, գիտնական է եւ աշխատում է Մատենադարանում: Բայց ԵՊՀ-ում աշխատող բարեկամի մասին երբեք չէի լսել: Երբ այդ մասին ասացի տատիկիս, պատասխանեց.

- Պետրոսի հետ արյունակցական կապ չունենք, բայց բոլոր իսկական երզնկացիները բարեկամ են, մեր ծնողներն իսկական բարեկամի պես են եղել: Մեկ էլ իմացիր, որ երբ ապրում էինք Արաբկիրի մեր հին սեփական տանը, բոլոր երզնկացիները կարեւոր որոշում կայացնելուց առաջ գալիս էին ու տատիս խորհուրդն էին լսում:

Հաջորդ օրը գնացինք ԵՊՀ պատմության ամբիոն, որտեղ գտանք պարոն Հովհաննիսյանին: Լսելով իմ պատմությունը՝ անմիջապես կանչեց ինձ «անբավարար» նշանակած դասախոսին ու նրան իմ ներկայությամբ խիստ, բայց ոչ ջղային ձայնով ասաց.

- Բարեկամիս թոռանն ես կտրել:

Առաջ ընկնելով ասեմ, որ վերահանձնման ժամանակ Հայոց պատմությունից «գերազանց» ստացա:

Հետո տատիկիս ներկայությամբ շրջվեց դեպի ինձ ու ավելի խիստ տոնով ասաց.
- Տղա ջան, հաջորդ կիսամյակ ձեզ մոտ «Հայ գաղթօջախների պատմություն» եմ կարդալու: Դասերիս նորմալ կհաճախես: Եթե չեկար, հետո չնեղանաս:

Եկավ հաջորդ կիսամյակը եւ պարոն Հովհաննիսյանը սկսեց կարդալ «Հայ գաղթօջախների պատմությունը»: Առաջին մի քանի դասերին պարտաճանաչ գնում էի: Գնում ու հիանում էի: Դասերից մեկի ժամանակ Պետրոս Հովհաննիսյանն այնպիսի արտիստիզմով էր պատմում Գալուստ Գյուլբենկյանի` «պարոն հինգ տոկոսի» մասին, որ թվում էր, դե մենք ոչ թե լսարանում ենք, այլ կինոդահլիճում, ու ոչ թե դասախոսություն ենք լսում, այլ գեղարվեստական ֆիլմ ենք դիտում:

Որոշ ժամանակ անց, սակայն, կրկին սկսեցի համալսարան չգնալ եւ բաց էի թողնում նաեւ պարոն Հովհաննիսյանի դասերը: Անկեղծ ասած, վստահ էի, որ «բարեկամի թոռանն» արված իր նախազգուշացումը ընդամենը մանկավարժական հնարք էր, ոչ ավելին:

Քննությանն անկեղծորեն փորձում էի պատրաստվել, բայց կարճ ժամանակահատվածում «Հայ գաղթօջախների պատմության» երկու հաստափոր հատորների բովանդակությունը յուրացնելը գրեթե անհնար էր: Բոլոր նրանք, ովքեր հաճախել էին դասերին, այն խնդիրը չունեին, որովհետեւ պարոն Հովհաննիսյանի մատուցմամբ նյութը կյանք, միս ու արյուն էր ստանում, իսկ ինձ մնացել էին միայն անշունչ տողերը:

Քննական սենյակում մի քանի կուրսեցիներիս հետ էի: Տոմս քաշեցի, բախտս իհարկե, չբերեց, բաժին հասան ամենաբարդ հարցերը: Փորձում էի ինչ-որ բան կմկմալ, բայց պարոն Հովհաննիսյանը չթողեց, որ երկար տառապեմ.

- Տես, ընկերներիդ ներկայությամբ եմ ասում. բարեկամիս թոռն է, բայց չեմ նշանակում: Նախազգուշացումս անտեսեց, ինձ չհարգեց ու դասերիս չեկավ:

Լսարանից ծեծված շան պես դուրս եկա, իսկ կուրսեցիներս չէին հասկանում, թե ինչպես է հնարավոր «ծանոթի մոտ» քննություն չստանալ:

Վերահանձնման օրը բախտս մի փոքր ավելի բերեց, հարցերից մեկը վերաբերում էր Ռամկավար ազատական կուսակցությանը, որի գործունեության մասին մի փոքր պատկերացում ունեի: Բայց պարոն Հովհաննիսյանը, բնական է, ամեն ինչ շատ լավ հասկանում էր.

- Այն, ինչ պատմում ես, լրագրողական աշխատանքիդ շնորհիվ գիտես, իմ դասի հետ որեւէ կապ չունի:

Հավանաբար, կմտածեք, որ չափազանցնում եմ, բայց իրականությունն այն է, որ Պետրոս Հովհաննիսյանը նաեւ երկրորդ անգամ էր պատրաստվում ինձ «անբավարար» նշանակել, ինչը կնշանակեր, որ հայտնվելու էի ԵՊՀ-ից դուրս մնալու եզրին: Շատ խնդրեցի ու համոզեցի` ի վերջո «բավարար» նշանակեց:

Հաճախ ենք լսում` կյանքի դաս, կյանքի դասեր: Ինձ համար իսկապես կյանքի դաս էր` հասկացա եւ լավ հիշեցի, որ չի կարելի մարդու կատարած աշխատանքը արհամարհել: Ու նաեւ չի կարելի այնքան հիմար լինել ու բաց թողել այն դասախոսությունները, որոնք իսկապես մոգական ուժ ունեին:

Այդ դեպքից հետո մի քանի անգամ պատահաբար հանդիպել եմ պարոն Հովհաննիսյանին, կարճ, բայց ջերմ զրուցել ենք` հարցնում էր իմ լրագրողական գործունեությունից: Բայց, միեւնույն է, հոգուս խորքում նրանից շատ էի ամաչում:

Իր դասերին չէի գնում ոչ այն պատճառով, որ արհամարհում էի իրեն կամ էլ երզնկացիների բարեկամությունը: Պարզապես ջահել էի, շատ ջահել: Եվ հոգուս խորքում հույս ունեմ, որ պարոն Հովհաննիսյանն էլ գիտեր, որ պատճառն ընդամենը ջահելությունն էր:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին