«Գրավենք» մեր հայրենիքը՝ դաշնակիցներ մուրալու փոխարեն - Mediamax.am

«Գրավենք» մեր հայրենիքը՝ դաշնակիցներ մուրալու փոխարեն
10123 դիտում

«Գրավենք» մեր հայրենիքը՝ դաշնակիցներ մուրալու փոխարեն


Նախեւառաջ ասեմ, որ այս սյունակում հիշատակվող «մենք» բառը վերաբերում է բոլորիս՝ սովորական քաղաքացիներիս, իշխանություններին, քաղաքական ուժերին՝ ողջ հասարակությանը: Այս մոտեցման արդարացի լինելու համար կարող ենք վիճել, բայց՝ մեկ ուրիշ անգամ:

15 տարի առաջ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պաշտոնական այցով Հայաստանում էր եւ մամուլի ասուլիսի ժամանակ շատ ջերմ խոսեց Լեւոն Միրզոյանի մասին, որը 1933-1937 թթ. Ղազախստանի կոմկուսի առաջին քարտուղարն էր: Անգամ լուրեր եղան, որ Նազարբաեւը Երեւանում հանդիպել է Լեւոն Միրզոյանի բարեկամներին: Դրանից հետո էլ Նազարբաեւն այլ առիթներով հատուկ ակնածանքով է խոսել Լեւոն Միրզոյանի մասին: Ի՞նչ ենք արել մենք այս 15 տարիների ընթացքում՝ որպես փոխադարձ քայլ՝ իմանալով հայազգի գործչի հանդեպ Նազարբաեւի վերաբերմունքի մասին:

Երբ դժգոհում ենք, որ ՀԱՊԿ-ը մեզ չի աջակցում, իսկապե՞ս հավատում ենք, որ Ղազախստանը, Ղրղըզստանը կամ Տաջիկստանը պետք է մեզ ռազմական կամ բարոյական աջակցություն ցուցաբերեն: Այն երկրները, որոնց քաղաքացիներին մենք հաճախ հավաքական ու քամահրական կերպով «ուզբեկ» ենք անվանում՝ ամենեւին ոչ այն պատճառով, որ Ուզբեկստանը շատ վաղուց մի որոշ ժամանակ այդ դաշինքի անդամ էր: Եթե վաղը տալիբները ճեղքեն Տաջիկստանի սահմանը, ու այնտեղ կռիվ սկսվի, մենք պատրա՞ստ ենք այնտեղ հայ զինվորներ ուղարկել: Եթե պատրաստ չենք անգամ մտածել դրա մասին, ինչո՞ւ Էմոմալի Ռախմոնը պետք է մտածի Արցախում տիրող վիճակի մասին:

Երբ տարիներ առաջ Գագիկ Ծառուկյանի կուսակիցներն իրենց անպարկեշտ էին պահում մեր սպորտի լեգենդ Յուրի Վարդանյանի հանդեպ, չդիմացա ու սյունակ գրեցի Սասունցի Դավթի, Մայքլ Ջորդանի ու թզուկների մասին: Բայց նույն ես կարծում եմ, որ Յուրի Վարդանյանին Վրաստանում դեսպան նշանակելը մեծագույն սխալ էր, որի մասին եթե չլռեցինք, ապա կեսբերան խոսեցինք: Չի կարող մեզ համար ռազմավարական կարեւորություն ունեցող երկրում դեսպան լինել մի մարդ, որը ոչ միայն որեւէ դիվանագիտական փորձ չունի, այլեւ դեսպանի պաշտոնը ստացավ զուտ որպես «փոխհատուցում» նախարարի պաշտոնում ձախողվելուց հետո:

Երկար տարիներ Մոսկվայում մեր դեսպանները բացառապես տեխնիկական դերակատարություն ունեն: Մարդկանց վիրավորելու նպատակ չունեմ, բայց Ռուսաստանում ՀՀ դեսպանը պետք է A կարգի դիվանագետ կամ քաղաքական գործիչ լինի, որ իր կշռի հաշվին սեփական կապերն ու շփումներն ունենա: Ցավոք, այսօր հայ ռուսական-հարաբերությունները կարգավորվում են հիմնականում առաջին դեմքերի հանդիպումների եւ հեռախոսազրույցների միջոցով, միջպետական կապերի միջին եւ ստորին օղակները կամ չեն գործուն կամ էլ շատ թույլ են:

Էլ ո՞ւմից ենք դժգոհ մնացել այս օրերին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից: Բայց իրականությունը շատ պարզ է ու ամրագրված այդ մարդկանց գործառույթը նկարագրող բառի մեջ՝ միջնորդ: Այսինքն, եթե Ալիեւը չի ուզում ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ Սարգսյանը պատրաստ չէ առանց դրա տարածքներ զիջել, միջնորդները պետք է փորձեն նպաստել այդ տրամադրությունների փոփոխությանը: Այլ բան միջնորդներն անել չեն կարող, կախարդական փայտիկների դարն էլ անցել է:

Կա մի բան, որ կարող են անել՝ պարտադրել համաձայնագիր, ինչպես ամերիկացիներն արեցին Դեյթոնում՝ Բոսնիայի համար: Չեմ կարծում, որ մենք նման սցենար ենք ուզում: Էլ չեմ ասում, որ 20 տարի անց Բոսնիայում իրավիճակն այնպիսին է, որ բոլոր կողմերը կրկին պատրաստ են իրար «միս ուտել»:

Առիթներ ունեցել եմ հիացմունքս հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման վերաբերյալ: Բայց եթե խնդրին նայենք զուտ realpolitik-ի տեսակետից, ապա մեր իրական կամ անիրական դաշնակիցների պատկերը երեւաց դեռ մեկ տարի առաջ: Ո՞ր պետությունների ղեկավարները եկան Երեւան՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի եւ Կիպրոսի: Պուտինը եկավ, քանզի չէր կարող չգալ, իսկ Ծիծեռնակաբերդի իր ելույթում «Ցեղասպանություն» բառը չասաց՝ այն ժամանակ Էրդողանն իր համար դեռ ահաբեկչության «հովանավոր» չէր: Օլանդը եւս եկավ, որովհետեւ չէր կարող չգալ՝ հայկական համայնքը չէր ների: Այնպես որ քիչ թե շատ անկեղծ մղումներով եկել էին Սերբիայի եւ Կիպրոսի նախագահները:

Վատ է, շատ վատ է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, որից Արցախում սպանում են մեր երեխաներին: Բայց դա է իրողությունը, մենք այն տեսանելի ապագայում փոխել չենք կարող: Ուրեմն պետք է այդ իրողության շրջանակում ելքեր փնտրենք, աշխատենք: Ե՞րբ ենք վերջին անգամ ռուսական ԶԼՄ-ների ղեկավարներին Երեւան հրավիրել: Ոչ թե ֆորումների (կարդա՝ ուտել-խմելու), այլ լուրջ հանդիպումների համար՝ փակ դռների հետեւում:

Կրկին ու կրկին տրվում ենք զգացմունքներին՝ մի քանի քայլ առաջ հաշվարկ չանելով: Երբ ասում ենք, որ Թուրքիան բացահայտ սատարում է Ադրբեջանին ու հայտարարություններ է անում այդ մասին, ու ցանկանում ենք, որ նույնը մեր մասին ասեն Լավրովն ու Պուտինը, հասկանո՞ւմ ենք հնարավոր հետեւանքները: Մի՞թե մենք պատրաստ ենք մեր Արցախը իջեցնել Հարավային Օսիայի կարգավիճակին:

Այդքան խոսում ենք Իսրայելի մասին, բայց չենք նկատում, թե որքան կոշտ է իրեն պահում Նեթանյահուն Օբամայի հանդեպ, երբ կայացվում են որոշումներ, որոնք Իսրայելը դիտարկում է որպես իր շահերին հակասող: Բնական է, ուղիղ զուգահեռներն անտեղի են, բայց սա է, կարծում եմ, այն մոդելը, որին պետք է ձգտենք:

Իրականում այսօր մենք եզակի հնարավորություն ունենք վերադառնալու Հայկական աշխարհի գաղափարին: Բայց ոչ թե դրա անհասկանալի տարբերակին, որը մի քանի տարի առաջ շրջանառության մեջ դրեց ու փաստացի տապալեց Տիգրան Սարգսյանը:

Սովորաբար պաթետիկ թվացող «Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն» արտահայտությունն այսօր ինքնաբուխ գործում է՝ բավական է հետեւել լրահոսին: Հալեպում չորս տարի պաշարված հայերն ասում են, որ պատրաստ են օգնել Արցախին: Բեյրութում 2 500 հայ երիտասարդ է փողոց դուրս գալիս, իսկ Փարիզում թվով ավելի քիչ, բայց ոգով ոչ պակաս հայերն արցունքաբեր գազ են կուլ տալիս՝ փորձելով մոտենալ Ադրբեջանի դեսպանությանը: Ժամանակն է, ինչպես ասում է իմ բարեկամ Արամ Մեհրաբյանը, «հայրենիքը «գրավել» եւ կենտրոն դարձնել»: Այդ ժամանակ մենք կունենանք իրական դաշնակիցներ եւ ինքներս պատրաստ կլինենք իրական դաշնակից հանդիսանալ:

Շատ սխալներ ենք գործել այս տարիներին, բայց «չորսօրյա պատերազմը» hնարավորություն է տալիս ուղղել դրանցից շատերը: Երեւի սա է այն միակ մխիթարանքը, որը կարող ենք տալ ընկած հերոսների ծնողներին եւ զավակներին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին