Ռոգոզինը 1996-ին՝ «Ղարաբաղում Ռուսաստանի ապագան է որոշվում» - Mediamax.am

Ռոգոզինը 1996-ին՝ «Ղարաբաղում Ռուսաստանի ապագան է որոշվում»
14633 դիտում

Ռոգոզինը 1996-ին՝ «Ղարաբաղում Ռուսաստանի ապագան է որոշվում»


Այս սյունյակը փոքր-ինչ արտասովոր կլինի: Ըստ էության, սա սյունյակ էլ չէ, այլ մի փորձ հիշեցնելու ՌԴ փոխվարչապետ ու Ադրբեջանին ռուսաստանյան զենքի գլխավոր վաճառող Դմիտրի Ռոգոզինին իր հայտարարությունները, որոնք նա արել էր 20 տարի առաջ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

***

Հայտնի ասացվածք կա՝ «Լրագրողին ոտքերն են կերակրում»: Ես այն կլրացնեմ՝ ոչ միայն ոտքերն, այլ նաեւ նոթատետրերը: Կարդալով Դմիտրի Ռոգոզինի վերջին հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը պետք է շարունակի Ադրբեջանին զենք վաճառել, հիշեցի 1996 թ. նոյեմբերին նրա հետ ունեցածս զրույցի մասին: Ռոգոզինը Ստեփանակերտ էր եկել որպես Ռուսական համայնքների կոնգրեսի ղեկավար՝ դիտարկելու ԼՂՀ նախագահական ընտրությունները: Նոթատետրերով արկղը փորփրելուց հետո այսօր գտա այդ հարցազրույցի սղագրությունը, եւ ձեզ եմ առաջարկում հատվածներ 20 տարի առաջ տեղի ունեցած մեր զրույցից:

***

«Ընտրությունները շատ լավ են կազմակերպված: Ակտիվության մակարդակը բարձր է, ազգային միասնականություն է ցուցադրվում, ինչը վկայում է համազգային նախագահ ընտրելու այս ժողովրդի ցանկության մասին, որպեսզի Լեռնային Ղարաբաղը հետագա բանակցությունների ժամանակ լեգիտիմ իշխանություն ստանա, որը թույլ կտա մեծամասնության կարծիքը արտահայտել»:

«Համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների մեջ սկզբունքայնություն է անհրաժեշտ: Ինձ չի բավարարում Ռուսաստանի ջայլամի քաղաքականությունը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործերում: Ես կարծում եմ, որ այստեղ՝ Ղարաբաղում է որոշվում Ռուսաստանի ապագան, քանի որ իր ազատության ու անկախության համար պայքարում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գործում է ռուսաստանյան ազգային շահերի սահմաններում, զսպելով այն ագրեսիվ ալիքը, որը, ցավոք, գալիս է հարավից»:

«Ռուսաստանը այսօր գործում է շատ տարերայնորեն, այնտեղ դեռ իշխանության չեն եկել Ռուսաստանի հազարամյա պատմության, ավանդույթների, ռուսական կենսակերպի վրա հենվող ուժերը: Մեծամասամբ դրա պատճառն այն է, որ Ռուսաստանը այսօր, ցավոք, ռուսական պետություն չէ: Ռուս ցարերը եւ սովետական շրջանի ղեկավարները հիանալի հասկանում էին այս տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, ռուսների եւ հայերի հարաբերությունների պատմությունը: Իսկ  այսօր հարազատություն չճանաչող Իվաններ են եկել իշխանության»:

«Մենք միշտ համարել ենք, որ Հայաստանը մի երկիր է, որը երկար ու խիզախ պայքար է տարել սեփական անկախության համար: Հնագույն քաղաքակրթություն է, որը մեծապես օժանդակել  է Ռուսաստանում ուղղափառ հավատքի հիմնադրմանը»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին