Գողերը պետք է ազգի դավաճան հռչակվեն - Mediamax.am

Գողերը պետք է ազգի դավաճան հռչակվեն
18260 դիտում

Գողերը պետք է ազգի դավաճան հռչակվեն


Ես որեւէ կերպ չեմ կարողանում շեղվել վերջին պատերազմից ու դրա հետեւանքներից: Երբ տեսնում եմ, որ մարդիկ ինչ-որ այլ թեմաների մասին են գրում կամ խոսում, անկեղծ զարմանում եմ: Որեւէ մեկին չեմ մեղադրում, պարզապես ապշում եմ, թե որքան անհոգ կարող են լինել մարդիկ:

Բոլորիս (մեկիս՝ քիչ, մյուսին՝ շատ) բնորոշ կոնֆորմիզմի ժամանակն անցել է: Եթե ուզում ենք քիչ թե շատ հանգիստ ապրել այս հողում, այլ ոչ թե ամեն առավոտ արթնանանք ու առաջին հերթին վազենք համակարգչի մոտ՝ շփման գծից եկող տեղեկատվությունը կարդալու, մենք պետք է փոխվենք:

Մենք պետք է պետական փողերը տարբեր եղանակներով յուրացնողներին ոչ միայն գող, այլեւ ազգի դավաճան անվանենք ու նախաձեռնենք, որ Ազգային ժողովը համապատասխան խստացումներ մտցնի Քրեական օրենսգրքում: Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը պետք է այլեւս այնպես կազմվեն, որ բարեկամների վրա գրանցված գույքն ու բիզնեսը կամ թանկարժեք նվերները եւս դիտվեն որպես պետական դավաճանություն:

Համոզված եմ, որ նման կոշտ քայլեր ձեռնարկելով՝ ՀՀ նախագահը եւ առհասարակ իշխանությունը կստանա աննկարագրելի ժողովրդական աջակցություն:

Պատերազմը կոտրում է շատ տաբուներ: Ամենակարեւոր տաբուն, որը պետք է կոտրվի անմիջապես, «յուրայիններին» պաշտպանելու տաբուն է:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է մի պարզ բան անի: Հրաման տա ՃՈ-ի աշխատակիցներին ամենակոշտ միջոցները ձեռնարկել այն «թանկանոց» մեքենաների «թանկանոց» վարորդների հանդեպ, որոնք իրենց ճանապարհների «արքան» են զգում: Պարոն ոստիկանապետ, Դուք չե՞ք հոգնել ցուցադրական միջոցառումներից, երբ տարին մեկ-երկու անգամ ասում եք, որ «բոլորը օրենքի հանդեպ հավասար են», իսկ մի քանի շաբաթ հետո անհավասարների բանակը սկսում է աճել: Պարզ օրինակ բերե՞մ: Մգացված ապակիներով մեքենաները: Տեսե՞լ եք, քանիսն են հանգիստ շրջում քաղաքում:

Պարոն Գասպարյան, վստահեցնում եմ Ձեզ, որ այս «կիսահղի» վիճակից ամենաշատը հոգնել են հենց իրենք՝ ՃՈ-ի տեսուչները: Տվեք իրենց հնարավորություն գործել ըստ օրենքի, արգելեք նրանց կարգազանց վարորդների ձեռքից հեռախոս վերցնել եւ մեկ շաբաթ հետո դուք փողոցներում կարգազանց վարորդ չեք հանդիպի:

Երբ քննադատում ես այս կամ այն դեսպանի գործունեությունը, շատ դիվանագետներ ու պաշտոնյաներ մասնավոր զրույցներում ասում են, որ «ճիշտ եք ասում, համաձայն ենք, բայց մենք ի՞նչ անենք»: Գնացեք ու ձեր կարծիքը հայտնեք ՀՀ նախագահին: Իհարկե, որեւէ ղեկավար ուղղակի կամ անուղղակի քննադատություն չի սիրում: Բայց վիճակը միայն այդպես կարող է փոխվել՝ բարձրաձայնելով:

Միգուցե պետք է մտածել ու դիվանագիտական աշխատանքի վերադարձնել այն մարդկանց, որոնք վերջին տասնամյակների ընթացքում տարբեր, հիմնականում՝ ներքաղաքական խնդիրներով պայմանավորված, հեռացել են ԱԳՆ-ից: Միգուցե պետք է ստեղծել խորհրդակցական մարմին, որի շրջանակում շաբաթը մեկ կհավաքվեն ու «ուղեղային գրոհներ» կանեն ներկայիս եւ նախկին ԱԳ նախարարները: Պարոն Նալբանդյան, այս առաջարկը Ձեզ անձամբ կներկայացնեի, եթե մասնակցեի Ձեր կողմից հրավիրվող off-the-record հանդիպումներին: Քանի որ արդեն վաղուց այդ ձեւաչափից դուրս եմ, առաջարկն անում եմ հանրային կերպով: Կարող եք նույն հանրային կերպով էլ պատասխանել: Կարծում եմ, որ եթե նախագահը հանդիպում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, Դուք էլ պետք է հանդիպեք նախկին նախարարների հետ:

Մենք չենք կարող շարունակել այնպես, կարծես թե բան չի պատահել: Business as usual մոտեցումը մեզ լավագույն դեպքում տանելու է փակուղի, վատագույն դեպքում՝ անդունդը:

Ակնհայտ է, որ մեր բանակի մոդեռնիզացիան պահանջում է ահռելի միջոցներ՝ հարյուր միլիոնավոր դոլարներ: Ինչպե՞ս եւ որտեղի՞ց գտնել այդ գումարները: Հավատացնում եմ ձեզ, որ Սփյուռքը այդ գումարները չի տա, քանի մենք ունենք պետությունից գողացված փողերով կառուցված դղյակներ ու օֆշորներում գրանցված բիզնեսներ: Սփյուռքը կմիանա այս գործին միայն այն ժամանակ, եթե անհրաժեշտ գումարների գոնե կեսը հավաքագրվի Հայաստանի ներսում՝ գողոնը ետ վերցնելով:

Ցանկանում եմ, որ բոլորս գիտակցենք պահի լրջությունը: Հասկանանք, որ այսուհետ մենք պայքար ենք մղում մեր գոյության համար: Խաղաղ բանակցությունների հեռանկարի եւ դաշնակիցների օգնության պատրանքներն այլեւս հօդս են ցնդել: Մենք ենք, մեր հողը եւ մեր երեխաները: Կոնֆորմիզմի հերթական չափաբաժին որդեգրելով՝ բոլորս ենք պատասխանատու դառնում մեր ապագայի սպանության համար:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին