Արցախի խնդիրն ու երկու ժողովուրդների ընտրությունը - Mediamax.am

Արցախի խնդիրն ու երկու ժողովուրդների ընտրությունը
3381 դիտում

Արցախի խնդիրն ու երկու ժողովուրդների ընտրությունը


Մենք գիտենք, որ մեր դիրքորոշումն Արցախի հարցում արդարացի է։ Մենք գիտենք, որ պայքարում ենք ոչ միայն մեր շահերի համար, այլեւ շատ ավելի կարեւոր նպատակ ենք հետապնդում՝ մեր հնագույն ազգի եւ եզակի մշակույթի պահպանումը։ Բայց փորձեք այդ ամենը ներկայացնել անկողմնակալ մեկին եւ խնդիրների առջեւ կկանգնեք։

Սթափ եւ քննադատական հայացք ունեցող մարդուն մեր շատ համոզմունքներ միանշանակ չեն թվա։ Սակայն անկողմնակալ հայացքը հնարավորություն է տալիս մեր բոլոր փաստարկներից զտել այն կորիզը, որը պիտի հասկանալի լինի ցանկացած մարդու համար՝ անկախ իր հավատքից, ազգությունից եւ կյանքի փորձից։ Փորձենք գնալ այդ ճանապարհով։

Եկեք պատկերացնենք, որ մեր առջեւ կանգնած է այդ անկողմնակալ մարդը եւ հետեւյալ հարցերն է տալիս։

1.    Որքան էլ դուք հավակնություններ ունեք, միեւնույն է, հարց է ծագում. ինչո՞ւ պիտի Ադրբեջանը զիջի իր տարածքը։ Ձեզ դրեք նրան տեղը: Արդյոք հեշտությամբ կզիջեի՞ք ձեր երկրի մի զգալի մասը, այն էլ՝ այդքան գեղեցիկ եւ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող։

2.    Դուք չեք սիրում ադրբեջանցիներին։ Սակայն կան այլ ազգեր, որ քիչ վնաս չեն հասցրել հայերին։ Նույն ռուսները դարասկզբին կործանեցին ձեր անկախ պետությունը, իսկ հետո Ստալինի օրոք բազմաթիվ հայերի սպանեցին կամ ուղարկեցին Սիբիր։ Ինչո՞ւ եք հենց ադրբեջանցիների նկատմամբ անհանդուրժող, իսկ ռուսներին ամեն բան ներում եք։

3.    Այս ամենի սկիզբը դրեցին Ղարաբաղի ցույցերը եւ Ադրբեջանի հանրապետության կազմից դուրս գալու պահանջը։ Եթե հայերը չսկսեին այդ գործընթացը, որեւէ խնդիր չէր լինի, խաղաղ կապրեիք եւ ջարդեր, պատերազմ եւ զոհեր չէիք ունենա։

4.    Ինչո՞ւ եք ակնկալում, որ ադրբեջանցիները պիտի ձեզ չատեն։ Դուք իրենց պարտության եք մատնել, իրենք վրեժխնդրության կարիք ունեն։ Ի՞նչն է ձեզ զարմացնում։

Կարելի է այս հարցերին փորձել պատասխանել տրամաբանորեն՝ վկայակոչելով միջազգային օրենքը եւ այլ երկրների նախադեպերը։ Որոշ չափով դա կարող է հաջողել, բայց արդյունքի կարող ենք եւ չհասնել։ Քանի որ բերված փաստարկները հաճախ ելնելու են մեր շահերից, իսկ դրանք անկողմնակալ մեկին քիչ են հետաքրքրում։ Այստեղ ոչ այնքան տրամաբանությունը պիտի աշխատի, որքան բարոյականությունը եւ համամարդկային արժեքները։

Ուրեմն՝ ինչո՞ւ պիտի Ադրբեջանը զիջի իր տարածքը։ Այդ հարցին շատ պարզ տրամաբանական պատասխան կա՝ քանի որ այդ պետությունն այդ տարածքը երբեք չի տնօրինել։ Եթե չի տնօրինել, ուրեմն՝ խոսքը զիջելու մասին չէ, այլ բռնազավթելու՝ դու չես կարող զիջել այն, ինչի տերը չես եղել։ Իսկ այ թե ինչու չի տնօրինել, դա կարեւոր հարց է։ Եվ այն շաղկապված է երկրորդ հարցի հետ՝ թե ինչու են հայերն այդքան ներողամիտ եղել ռուսների եւ անհանդուրժող՝ ադրբեջանցիների նկատմամբ:

Լինում են տիրակալություններ, որոնք քեզ զարգացման հնարավորություն են տալիս։ Այդ դեպքում դու գոնե քեզ ստրուկ չես զգում՝ դու էլ ես հարստանում՝ զարգացնելով քո տնտեսությունը եւ մշակույթը, չնայած չես կարող ամբողջովին տնօրինել քո ճակատագիրը։ Սակայն եթե քո տիրակալից ոչինչ չես ակնկալում, բացի բռնությունից, դա վերածում է քեզ ստրուկի, բանտարկյալի, շահագործվող մեկի, որը չունի ոչ հեռանկար, ոչ ապագա։ Քո հոգեվիճակը կտրուկ փոխվում է՝ եւ դա քեզ ոտքի է հանում, ըմբոստացնում է։ Ղարաբաղը ոտքի ելավ, երբ կայսրության կենտրոնը սկսեց կորցնել իր ազդեցությունը, իսկ Բաքուն, ընդհակառակը՝ ամրանալ։ Ռուսների տիրակալությունը՝ իր բոլոր խնդիրներով, երկար ժամանակ շարունակում էր ընդունելի լինել մեզ համար, քանի որ այդ ազգը ուներ հզոր մշակույթ, որից մենք սնվելու հնարավորություն ունեինք։ Եթե նմանություններ փնտրենք, ապա պետք է հիշել, որ մենք շատ բաներ պատմականորեն ներել ենք պարսիկներին՝ նույն պատճառով։ Մի խոսքով՝ տիրակալը կարող է տիրել այլ ազգերի՝ առանց սուր առճակատման, քանի դեռ իրենց մշակութային եւ տնտեսական սնունդ է տալիս։ Այն պահին, երբ դա դադարում է, ազգի էլիտաները ըմբոստանում են, եւ գործընթացը մտնում է սուր առճակատման փուլ։ Այդ առումով Ղարաբաղյան շարժումը անխուսափելի էր, եւ պայմանավորված էր ադրբեջանցիների՝ որպես ինքնուրույն ազգի՝ մշակութային սնանկությամբ։

Հիմա անդրադառնանք երրորդ հարցին՝ պիտի՞ արդյոք հայերը կրեն կատարվածի պատասխանատվությունը: Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց մի կրակոցից, որի հեղինակը ոչ քաղաքական մեծ գործիչ էր, ոչ էլ հայտնի դեմք։ Եվ դժվար թե որեւէ լուրջ պատմության մասնագետ այդ պատերազմի ամբողջ պատասխանատվությունը բարդեր այդ թշվառի վրա։ Ղարաբաղյան բողոքների նման բազմաթիվ այլ իրադարձություններ էին ընթանում այդ տարիներին ԽՍՀՄ-ում եւ ամբողջ աշխարհով մեկ, բայց ինչո՞ւ հենց դրանք հանգեցրին Սումգայիթի եւ Բաքվի ջարդերին եւ դրանց հաջորդած պատերազմին։ Դարձյալ, այս հարցի ձեւակերպման մեջ չկա իրական պատճառի փաստումը, եւ տրամաբանական կապը լիարժեք չէ։ Իսկ պատճառը նույնն է, ինչ նախորդ հարցի պատասխանում՝ Ադրբեջանի ծայրահեղ մշակութային աղքատությունը։ Եթե սթափ զննենք 80-ականների Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը, կնկատենք, որ երկրի միակ մշակութային կենտրոնը Բաքուն էր, որը բազմազգ էր եւ կառուցված էր հիմնականում ռուսակենտրոն աթեիստական մշակույթի շուրջ։ Երբ մենք՝ հայերս, գնացինք ազգային զարթոնքի ճանապարհով, ստացանք բազմաթիվ բացահայտումներ՝ մշակութային եւ հոգեւոր։ Ադրբեջանցիների ազգային զարթոնքը գնաց Բաքվի այդ իրողությունը մերժելու ճանապարհով, սակայն այդ բացը համարժեքորեն չփոխարինվեց, ինչն անխուսափելիորեն բերեց մշակույթային եւ հոգեւոր դատարկության։ Իսկ դատարկությունը միշտ լցվում է ամենանվաստ եւ ամենազարհուրելի մարդկային արատներով։ Վերջերս ուժ առած «Իսլամական պետության» իրողությունն այդ նույն գործընթացի մեկ այլ օրինակ է՝ զարմանալի չէ, որ մենք բազմաթիվ ընդհանրություններ ենք տեսնում Բաքվի եւ «Իսլամական պետության» միջեւ։

Եվ վերջապես չորրորդ հարցը։ Կա պետական քաղաքականություն եւ մարդկանց ընտրություն։ Հայտնի է, որ ատելությունն առաջին հերթին թունավորում է այդ զգացմունքը տածողի կյանքը եւ հոգին։ Պետական քաղաքականությունն իր սեփական շահն է հետապնդում, եւ այստեղ զարմանալու տեղ չունենք՝ հիրավի Ադրբեջանը պիտի լարված հարաբերություններ ունենա մեզ հետ, քանի դեռ տարածքային խնդիր գոյություն ունի։ Ունենալ այդ խնդիրը, թե ոչ՝ դարձյալ իրենց պետության որոշումն է։ Պատերազմներից հետո պետությունները շատ հաճախ հոժարակամորեն հրաժարվել են կորցրած տարածքների հավակնություններից, որպեսզի կենտրոնանան մնացածի զարգացման վրա։ Ադրբեջանը ժամանակին իր համար կործանարար որոշում ընդունեց, որի ծուղակում տանջվում է մինչ այսօր։

Սակայն երկրում բնակվող ժողովուրդն իր սեփական ընտրությունը կարող է կատարել։ Ցավն այն է, որ մեր հարեւան ժողովուրդը սխալ ընտրություն է կատարել՝ ենթարկվելով իր պետության թելադրած մտածելակերպին։ Դրա ապացույցն է զանգվածային հակահայկական հիստերիան։ Իսկ հետեւանքը բացահայտ է՝ մարդկանց եւ այդ մարդկանցից կազմված ազգի ինքնաքայքայումը եւ ինքնանվաստացումը։

Այս ամենը սակայն մենք էլ պիտի հաշվի առնենք եւ զգույշ լինենք, որպեսզի մեզանում ամրացնելով հայրենասիրությունը՝ չթունավորենք մեր հոգիները ատելությամբ։ Չի կարելի ատել որեւէ ազգի մարդկանց։ Մեր բոլոր քայլերը պիտի թելադրված լինեն մեր շահերից բխող սթափ հաշվարկով, բայց ոչ ատելությամբ կամ այլ հուզականությամբ, քանի որ դրանք կործանարար են եւ, ցավոք, հեշտությամբ շահագործվող օտարների կողմից։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին