ՄԱՐԴ լինել - Mediamax.am

ՄԱՐԴ լինել
9871 դիտում

ՄԱՐԴ լինել


«Երբ ունեք կարեկցանք, արժանապատվություն ու սեր, ապա ոչինչ չի կարող վախեցնել ձեզ, ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ձեզ: Որեւէ բան չի կարող հաղթել սիրուն՝ ոչ բանակները, ոչ ատելությունը, ոչ հետապնդումները, ոչ սովը. ոչինչ»:

«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Մարգարեթ Բարանկիցեն է ասում, ով իր կյանքը նվիրել է փախստականներին եւ երեխաներին խնամելու գործին: Կին, ով իր ուսերին է վերցրել ՄԱՐԴ լինելու պատասխանատվությունն ու աշխարհը սիրով եւ հոգատարությամբ է փորձում լցնել ամեն օր:

Սիրո եւ ուրիշների հանդեպ հոգատարության իսկական տարափ էր նախօրեին` «Ավրորա» մրցանակաբաշխության առաջին արարողության ողջ ընթացքում:

Տեսնելով, թե ինչքան սեր կա աշխարհը փոխելու գործին լծված այս մարդասերների մեջ, այդ սիրո գալակտիկայում քեզ ամենափոքր աստղն ես զգում… գուցե աստղ էլ չես` միջաստղային գազ կամ ուղղակի փոշի:  

Բայց ինչպես հայտնի է, գալակտիկայի բոլոր բաղադրիչները մասնակցում են ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջ պտույտին: Այս դեպքում այդ ընդհանուր ծանրությունը ՄԱՐԴ լինելն է, ու եթե անգամ փոշի ես կամ միջաստղային գազ, բայց հստակ որոշել ես մարդ լինել, ապա պիտի ոչինչ քեզ հետ չպահի ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջը պտտվելուց:

Մեր կյանքում միշտ լինում են մարդիկ, ովքեր օգնում են ճանաչել ինքներս մեզ, ում հետ զրույցները մեզ հասցնում են ամենահեռու մոլորակներին եւ ստիպում են հողին կանգնելուց ոտքերը ավելի ամուր սեղմել:

-Մար, դու ինչի համար ես ապրում, ո՞րն ա քո արժեքը եւ նպատակը:

Երկար չեմ մտածում, վաղուց գիտեմ ինչ եմ ուզում, բայց զարմանալին այն է, որ մինչ այս հարցը լսելը երբեւէ չէի փորձել ձեւակերպել 25 տարիների ընթացքում իմ մեջ սինթեզվածը:

-ՄԱՐԴ եմ ուզում լինել ու մնալ: Ցանկացած պարագայում, անկախ ամեն ինչից:

«Ավրորա» մրցանակաբաշխության օրերին սկսեցի մի քիչ վախենալ, արդյո՞ք ես կարող եմ ինձ համարել ՄԱՐԴ լինելու եւ սիրո «քարոզիչ», արդյո՞ք ես ունեմ դրա իրավունքը, արդյո՞ք ես այդքան ուժեղ եմ: Ու այս հարցերը երեւի դեռ երկար կտանջեին ինձ, եթե առավոտյան չհիշեի գալակտիկայում պտույտի այդ օրենքի մասին:

Ու կարեւոր չէ, դու ՄԱՐԴ կլինես 10, թե 80 հազար հոգու համար, կարեւոր չէ քո արածի մասշտաբը, կարեւորը հավատն է նախ քո եւ ապա այն մարդկանց հանդեպ, ովքեր քեզ շրջապատում են, ում համար դու ուզում ես ՄԱՐԴ լինել:

Երեւի, մինչեւ վերջերս ինձ համար այդ սահմանումը չէի տվել միայն այն պատճառով, որ վախենում էի, թե իմ ուժերը չեն բավականացնի նման հավակնոտ արժեք որդեգրելու համար: Ու խնդիրն այստեղ այն չէր, որ իմ մեջ քիչ սեր կա (զարմանալի է, բայց այդ սերը միշտ ինքնավերականգնվող համակարգի սկզբունքով է առաջանում, ես ուղղակի չեմ ունենում սիրո պակաս, ես չսիրել չեմ կարողանում):

Ու վախենում էի պարզապես, որ հանկարծ մի օր չեմ արդարացնի այն հավատը, որը իմ մեջ ծնելու եմ եւ դնելու այն մարդկանց ուսերին, ում համար ես պիտի մարդ լինեմ: Որ մի օր կվախենամ ճանապարհի կեսից, իսկ աշխարհում ամենացավեցնող բաներից մեկը կիսատ մնացած ճանապարհն է:

«Ավրորայի» հերոսները պարտադրում են ավելի վստահ լինել, ու մի վայրկյան իսկ չկասկածել սեփական ուժերիդ. եթե թեկուզ մեկ մարդու կյանք փոխես քո սիրով, եթե գոնե մեկ մարդու կյանքում լուսավոր կետ դառնաս, եթե գոնե այդ մեկի դատարկությունը լցնես, ուրեմն հանգիստ կարող ես ժպտալ քեզ հայելու մեջ: 

Իհարկե, դժվար է ՄԱՐԴ լինել ու մարդ մնալ, մեր կյանքի ընթացքում մենք հաճախ ենք հիասթափություններ ու անհաջողություններ ապրում, հաճախ ենք մտածում, որ դուռը վերջին անգամ փակեցինք ու էլ չենք բացելու: Իսկ դուռը բացելն այնքան հեշտ է, պարզապես հարկավոր է պտտել բռնակը:

Մեր աշխարհում, որտեղ պատերազմները, ատելությունը, դժբախտությունները հաց ուտելու պես հաճախակի են դարձել, իսկապես կա սիրելու եւ սիրով լցնելու խիստ կարիքը: Ու եթե չվախենանք փողոցում նստած մուրացիկի ձեռքը սեղմելուց, հետո չենք վախենա նաեւ հայելու մեջ մեզ նայելուց: Ներսումդ եղած ամենասիրուն բաներն էլ կսպանես, բայց այդպես էլ համարձակությունդ չի հերքի փորձել վախերդ հաղթահարել:

Բայց ՄԱՐԴ լինելուց եւ սիրելուց վախենալ պետք չէ: Ու դա եւս մեկ անգամ ապացուցեցին «Ավրորայի» բեմում կանգնած մարդիկ, ովքեր բոլորիս հստակ ուղերձ էին բերել:

Ես անկեղծորեն հավատում եմ, որ գոնե ինձ շրջապատող մարդիկ կոգեշնչվեն «Ավրորայի» բեմից հոսող անկեղծ ու մի քիչ էլ մանկական ժպիտներից, կհավատան այդ մարդկանց աչքերի զուլալությանն ու իրենք էլ կուզեն այնպես ապրել, որ իրենց աչքերում էլ մյուսները տեսնեն այդ նույն զուլալությունը:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին