Երազ իմ երկիր, հայրենի - Mediamax.am

Երազ իմ երկիր, հայրենի
10602 դիտում

Երազ իմ երկիր, հայրենի


Ես մեծացել եմ զինվորականի ընտանիքում ՝ գնդապետ Գեւորգյանի դուստրն եմ: Բայց պապան կջղայնանա, որ իմանա էսպես եմ գրել, որովհետեւ դաշտում պաշտոններ չկան, ոչ էլ հերոսներ, կամ չհերոսներ՝ բոլորն էլ հավասար զինվորներ են, «ուժեղներն ու քաջերը գլուխները շարում են դաշտում», հողի համար կռվում ու  հողի վերածվում:

Զինվորականի ընտանիքից եմ, ու մանկուց գիտեմ, թե ինչ է նշանակում ժամերով, օրերով, ամիսներով ծառայությունից վերադարձողի սպասելը: Մենք երբեք չէինք իմանում, որ պապան դիրքեր է գնացել, որովհետեւ չէր կարելի իմանալ: Ու ոչ էլ կոնկրետ օր գիտեինք, թե երբ հետ կգա, երբեք չէր ասում, իսկ մենք միշտ սպասում էինք: Անգամ չէի էլ պատկերացնում դիրքերը, սահմանագծերը ինչեր են: Ինձ համար դիրք գնալ նշանակում էր պապայի հետ հեռախոսով չխոսել:

Նման օրերին նա չէր կարողանում մեզ զանգել, ու մեզ էլ չէր կարելի, 90-ականներն էին,  բջջային հեռախոսներ դեռ չունեինք: Բայց մի համար կար, որով կարելի էր զանգել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մի անգամ կարոտն էնքան էր ուժեղացել, որ խիստ անհրաժեշտություն առաջացավ, զանգեցինք՝ «Կարապ-կարապ, կարապը լսում է», պատասխանեց խոսափողի ծայրում գտնվող կանացի ձայնն ու միացրեց «կակաչին»՝«Կակաչ-կակաչ, կակաչը լսում է»: Մյուս «թռչունների» ու «ծաղիկների» անունները լավ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ մաման այնքան շատ կատակներ էր հորինել այդ թեմայով, որ պահի բարդությունն ու դժվարությունն այդպես էլ չընկալեցի:

Վերջապես պապայի ձայնը լսեցի՝ «Պապ, ախր դու ամեն ինչ գիտես, ու օրն էլ գիտես չէ՞, կոնկրետ երբ ես գալում, ինչի՞ չես ասում»: Հիմար մանկական նվնվոցս անիմաստ էր, պապան ոչինչ էլ չասաց, բայց ասաց, որ ամեն դեպքում «չամիչները» շաբաթվա վերջ սկսեմ պատրաստել: Իմ թշերին պապան չամիչներ էր ասում ու դա մեր թաքուն գաղտնիքն էր, եթե ասաց որ պատրաստեմ, ուրեմն կգա: Երկու ամսից պապան եկավ, ես հիմարաբար շարունակում էի պնդել՝ ինչու՞ է անհնար կոնկրետ օր նշել, որովհետեւ ես՝ 9-10 տարեկան «հասուն փսլնքոտս», ճշգրտություն էի սիրում:

«Բալես, նայի, եթե ես քեզ կոնկրետ օր խոստանամ ու ինչ-որ անսպասելի բան լինի ու չստացվի, չգամ, դու ի՞նչ կմտածես, որ խոստացա ու չարեցի, չէ՞, որ խաբլան եմ: Բայց խոստումը չի կարելի չանել, չէ՞: Դրա համար, բալ, երբեք ոչինչ մի խոստացի, որովհետեւ միշտ հնարավոր ա, որ անսպասելի բաներ լինեն»:

Այդ օրվանից կյանքն ինձ համար այնքան մեծ ու անսպասելի դարձավ՝ շատ ցավոտ, դժվար, անարդար, բայց միեւնույն ժամանակ այնքան հետաքրքիր, սիրուն, սիրելի … անչափ սիրելի: Ու իմ «ափը բռունցք դարձավ»:

Մեր սիրելի օրերը շաբաթ-կիրակիներն էին, որովհետեւ բոլոր բարեկամներն ու հարեւանները մեր տանն էին հավաքվում ու միասին «Զինուժ»-ն էինք դիտում՝ այ էդպես պապայիս հաճախ էինք տեսնում, ես էլ բոլոր թողարկումները ձայնագրում էի, որ շաբաթվա մյուս օրերին էլ դիտենք: Մի անգամ ցույց տվեցին պապայիս՝ Գորիսի զորամասը, ինչ-որ հուշարձանի բացում էր ու պապայիս «դիրիժորությամբ» զինվորները երգում էին՝«երազ իմ երկիր հայրենի, հոգսերդ շատ հույսդ մեծ» … Ինձ համար այդ երգը հայրենիքիս հիմնը դարձավ:

Բայց հեռուստացույցով պապան լրիվ այլ էր, գնդապետ Գեւորգյանն էր, շատ լուրջ ու ավելի բոյով, խրոխտ ու տպավորիչ, կինոյական ու հերոսական: Իսկ իմ պապան ուրիշ էր. շատ հանկարծակի գիշերվա չորսին գալիս էր, մենք արթնանում էինք, իր բերած խորովածն ու թթու վարունգն էինք ուտում, երգում էինք, ծիծաղում: Ու չէի ուզում քնել, որովհետեւ գիտեի՝ առավոտը պապաս պիտի ետ վերադառնա:

Անգիր գիտեմ պապայիս համազգեստի հոտը, ռազմական կոշիկների ձայնն ու ուժը, գլխարկի կարեւորությունը, ծխախոտի բույրը: Պապայիս ավտոմեքենայի ձայնն էլ աչքերս փակ տարբերում էի, շքամուքտի աստիճաններին հնչող ձայնից գիտեի՝ իր կոշիկներն են: Շատ ծիծաղելու է՝ դպրոցական տարիներին սիրահարվում էի համազգեստով բոլոր զինվորականներին:

Մի օր պապայիս հարցրի՝ «Պապ, Ղարաբաղը մեզ համար ի՞նչ նշանակություն ունի»: Պապաս խոստացավ հաջորդ օրը պատասխանել: Մի քանի գիրք բերեց արցախյան պատերազմի, հերոսների, պատմության մասին՝ «Դու կարդա, ինքդ եզրակացություններ արա ու հետո միասին կքննարկենք»:

Մի անգամ սեղանի շուրջ նստած, մի քիչ գինովցած, Վազգեն Սարգսյանն ասել էր, որ բոլորի տղաները պիտի անխտիր ծառայեն: Պապաս էլ հակառակվել էր՝ պնդելով, որ իր որդին երբեք չի ծառայի: Վազգեն Սարգյանը բարկացել էր, բռունցքը սեղանին խփել, զարմացել՝ գոնե Գեւորգյանը նման բան չասի, մարդ, ով 16 տարեկանից ծառայում է: Հետո բոլորը ծիծաղել ու հանգստացրել էին սպարապետին՝ «Գեւորգյանը երկու աղջիկ ունի, տղա չունի, կատակ ա»: Ու ես այնքան քիչ բան գիտեմ, այնքան շատ բան չեմ հասկացել: Ուրիշների պատմած փշրանքներից հավաքածու եմ հավաքում, որովհետեւ պապաս աշխատանքից երբեք ոչինչ չէր պատմում: Չէ, սխալ եմ ասում, պապայիս համար դա աշխատանք չէր, իր կյանքից բան չէր պատմում:

Հենց սահմանին լարված վիճակ էր լինում պապայի հետ մեծական քննարկումներ էի վարում, իմ կարծիքն ասում, վերջում էլ հարցնում ՝ ի՞նչ է լինելու: «Մենք էնքան ուժեղ ենք, բալես, նենց որ մի վախեցի, լավ ա լինելու»:

Հիմա պատասխաններն արդեն ինքս պիտի փնտրեմ, որովհետեւ պապաս այսուհետ միշտ դիրքերում է, իսկ դա նշանակում է, որ պապայի հետ հեռախոսով չեմ կարող խոսել:

Այս ամիս որքան զինվոր դիրքերից ավելի բարձր ճախրեց, քան ամպերն են, երկնքից էլ վերեւ բարձրացան: Երբ մարդ մահանում է, փոխվում է նրա դեմքը, ուրիշ են կոպերը, շուրթերը, ժպիտը: Ինչի՞ մասին էին մտածում վերջին վայրկյանին, ի՞նչ են տեսել, ու՞մ հիշել, ո՞ր օդն են վերջին անգամ թոքերի մեջ առել, ի՞նչ է նշանակում ՝ վերջին անգամ, ի՞նչ են հիմա տեսնում փակ կոպերի տակից: Ետ չեկան, նրանց բերեցին ու մի վայրկյանում փոխվեցին մայրերի դեմքերը, մի ակնթարթում ծերացան, կնճիռներ հայտնվեցին, խոսքերն ավարտվեցին: Չեմ հավատում, որ նրանք ննջում են, հաստատ քերթում են դագաղի կափարիչը, շարունակում են կռիվ տալ: Իսկ մայրերն էլ վիճում են փակ դագաղների հետ՝ «բայց խոստացար, չէ, որ զգույշ կլինես, տաք կհագնվես, նորմալ կուտես…»: Որովհետեւ երիտասարդները չպիտի մահանան, չէ՝ ոչ էլ մեծերը, ոչ ոք, երբեք չպիտի մահանա, կներեք, ես էգոիստ եմ եւ այդպես եմ ուզում:

Ու քանի-որ «միշտ հնարավոր ա, որ կյանքում անսպասելի բաներ լինեն»` ուզում եմ արթնանալ առավոտյան ու իմանալ, որ աշխարհի եւ ոչ մի ծայրում պատերազմ չկա, ու զենքը գունավոր օճառի պղպջակների է վերածվել, այդ բառը հանվել գործածությունից, իսկ մահը դարձել է միայն սեփական ընտրության արդյունք: Հիվանդություններ, ատելություն ու քննարկումներ էլ չկան, ու մարդիկ մեռնում են ոչ թե հանուն հողի, այլ ապրում՝ հանուն գեղեցկության:

Կներեք, ես էգոիստ եմ եւ այդպես եմ ուզում:

Լենա Գեւորգյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին