Ինչպես երեխաների հետ խոսել մահվան մասին - Mediamax.am

Ինչպես երեխաների հետ խոսել մահվան մասին
14015 դիտում

Ինչպես երեխաների հետ խոսել մահվան մասին


                                                              Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                     սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Մահը կյանքի անբաժան մաս է: Ոչ միայն անբաժան, այլ նաեւ՝ բնական: Բոլորս էլ վաղ թե ուշ առնչվում ենք մահվան հետ: Երբ մահանում է հարազատ մի մարդ, ու տանը կան երեխաներ, ծնողները շատ հաճախ դժվարանում են, կամ չգիտեն, թե ինչպես այդ մասին հաղորդել երեխային:

Մեզանում տարածված մոտեցում է՝ ամեն գնով երեխայից թաքցնել իրականությունը եւ նրան ոչինչ չասել՝ «փոքր է` չի հասկանա», «ի՞նչ տարիքն է որ», «իզուր թող սթրես չտանի» եւ զանազան այլ մտացածին պատճառներից ելնելով: Սակայն դրանով մենք երեխային լավությո՞ւն ենք անում, թե ընդհակառակը՝ վնաս ենք տալիս: Ի՞նչ անել նման դեպքերում, ահա այս հարցին կանդրադառնամ այս հոդվածում:

Եղեք անկեղծ՝ անկախ երեխայի տարիքից

Որքան էլ փոքր լինի երեխան, եթե արդեն վարժ խոսում է, ուրեմն անհրաժեշտ է նրան հայտնել մտերիմ մարդու մահվան մասին:

Երեխաներին խաբել եւ չասել, որ մահացել է իրեն հարազատ մարդ, երեխայի վրա ունենում է միայն ու միայն բացասական ազդեցություն՝ մի շարք անցանկալի հետեւանքներով: Այդ պատճառով ոչ մի դեպքում, ոչ մի արդարացում չի կարող լինել նրան ճշմարտությունը չասելու համար: Հիմա բացատրեմ՝ ինչու:

Դուք եւ երեխան հայտնվել եք մի իրականության մեջ, որտեղ նրա ընտանիքի անդամն այլեւս չկա: Անկախ նրանից՝ դուք երեխային կասեք, թե տատիկը գնացել է Մոսկվա, թե՝ Սինգապուր, միեւնույն է, դրանից տատիկը չի կենդանանա, եւ երեխան իր կյանքում այլեւս երբեք նրան չի տեսնելու: Երեխան վաղ թե ուշ հասկանալու է, ինչ է իրականում կատարվում, եւ որ դուք փաստորեն իրեն խաբել եք: ճշմարտությունը թաքցնելն ունի հետեւյալ բացասական հետեւանքները՝

•    Դուք երեխային սովորեցնում եք ստել (իսկ դուք ինչպե՞ս ձեզ կզգայիք, եթե որեւէ հույժ կարեւոր հարցում ձեր երեխան, ձեր իսկ շահերից ելնելով, ձեզանից թաքցնի ճշմարտությունը): 
•    Դուք փչացնում եք ձեր հարաբերությունները երեխայի հետ՝ կոտրելով նրա վստահությունը:
•    Դուք երեխային զրկում եք կյանքի դժվարությունների նկատմամբ առողջ վերաբերմունք ձեւավորելու հնարավորությունից:
•    Դուք երեխային զրկում եք իր հույզերն ու զգացմունքները արտահայտելուց:
•    Եվ ոչ պակաս կարեւորը՝ դուք երեխային զրկում եք իր հանգուցյալ հարազատին վերջին հրաժեշտը տալու հնարավորությունից:

Վստահեք երեխաներին, նրանք հասկանում են ավելին եւ կարող են դիմակայել ավելիին, քան դուք պատկերացնում եք

Մենք՝ մեծահասակներս, սովորաբար երեխաներին պատկերացնում ենք ավելի նուրբ ու փխրուն, քան նրանք իրականում կան: Երեխաները շատ ճկուն են, ցանկացած իրավիճակում որսում են մեր սպասելիքներն ու վախերը: Եթե մի պահ մոռանանք մեր «ես»-ը ու մի կողմ դնենք մեր բարդույթները՝ վստահենք մեր երեխաներին, կտեսնենք, թե որքան ուժեղ են նրանք: Նույնիսկ կարող են մեզ համար նեցուկ լինել անկախ իրենց տարիքից, եթե միայն նրանց այդ հնարավորությունը տանք: Նրանք ամեն ինչ էլ շատ լավ հասկանում են: Երբ մենք նրանց հետ չենք կիսվում, միեւնույն է, նրանք հասկանում են, որ ինչ-որ մի մեծ ու ծանր, միաժամանակ իրենց համար մութ բան է կատարվել, բայց չեն հասկանում, թե ինչ: Այդ պատճառով պիտի խոսենք, պիտի բացատրենք ու լսենք երեխաներին, եւ ամենակարեւորը՝ վստահենք նրանց:

Խոսեք հանգիստ եւ վստահ

Անհրաժեշտ է ընտրել հանգիստ ու խաղաղ միջավայր, երեխային (կամ եթե միաժամանակ մի քանի երեխայի եք լուրը հայտնելու՝ երեխաներին) ասել, որ կարեւոր եւ տխուր բան ունեք իրեն ասելու՝ իր հարազատ մարդը մահացել է:

Աշխատեք խոսել հանգիստ եւ վստահ: Կարող եք նաեւ լաց լինել, բայց ոչ մի դեպքում հիստերիայի մեջ չընկնել: Եթե կարծում եք, որ դա ձեր ուժերից վեր է, խնդրեք որեւէ մեկին, որը կարող է իրեն տիրապետել, որպեսզի նա այդ նորությունը հայտնի երեխաներին: Աշխատեք երեխաներին անմիջապես տեղեկացնել տեղի ունեցածի մասին՝ որպեսզի հենց դուք լինեք այդ լուրը նրան առաջինը հայտնողը:

Իրերն անվանեք իրենց անուններով

Տատիկն է մահացել՝ հենց այդպես էլ ասեք՝ «տատիկը մահացել է»: Շատ ծնողներ ցանկանում են խուսափել «մահ» կամ «մահանալ» բառը օգտագործելուց, բայց առանց դրա չի լինի: Ոչ մի դեպքում չի կարելի իրականությունը լղոզել կամ օգտագործել փոխաբերական արտահայտություններ՝ օրինակ՝ քնել է հավիտենական քնով: Անհրաժեշտ է հասկանալ, որ անկախ նրանից, թե մենք ինչ բառ կօգտագործենք՝ դա է իրականությունը, եւ հետեւաբար իրերը պիտի կոչենք իրենց անուններով: Մտածել, որ երեխան փոքր է, չի հասկանա, սխալ է: Թող հիմա չհասկանա, բայց հետո երբ հասկանա, աշխարհի իր պատկերը կլինի ավելի լիարժեք եւ ոչ թե աղճատված:

Երեխայի բոլոր հարցերին տվեք ազնիվ պատասխաններ

Անկախ նրանից՝ ձեր երեխան 3 տարեկան է, թե 13, նրա բոլոր հարցերին տվեք սպառիչ, ճշգրիտ եւ տարիքին համապատասխան ինֆորմացիա պարունակող պատասխաններ: Օրինակ՝

Ինչի՞ց է մահացել հանգուցյալը, կարող եք ասել՝ շատ ծանր հիվանդությունից կամ քաղցկեղից կամ կրծքի քաղցկեղից եւ այլն՝ ելնելով երեխայի տարիքից:

Իսկ հայրիկն ու մայրիկն է՞լ են մահանալու՝ «Այո, բայց հայրիկն ու մայրիկը դեռ շատ երկար են ապրելու, մինչեւ խոր ծերություն», «Ինձ համար շատ կարեւոր է քեզ հետ լինելը եւ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի երկար ապրեմ» եւ այլ պատասխաներ այս ոճի մեջ:

Արդյոք ինքն է՞լ է մահանալու՝ «Այո, բայց կարող ես հանգիստ լինել, դու դեռ շատուշատ երկար պիտի ապրես»:

Արդյոք ինքը (կամ այլ հարազատ) ծանր կհիվանդանա՞՝ «Մարդիկ շատ հազվադեպ են ծանր հիվանդանում, եւ մենք ամեն ինչ անում ենք, որ առողջ լինենք եւ երկար ապրենք»:

Եթե երեխայի հարցի պատասխանը դուք էլ չգիտեք, այդպես էլ ասեք՝ «Չգիտեմ, բայց կաշխատեմ պարզել եւ քեզ ասել»: Հետո իսկապես փորձեք գտնել պատասխանն ու ասել երեխային:

Երեխաների մոտ ազատ արտահայտեք ձեր զգացմունքները

Երբեք երեխաներից մի թաքցրեք ձեր իրական զգացումները: Խոսեք նրանց հետ, թե որքան ծանր է ձեզ համար, ինչ դժվար է, որ շատ բաներ չեք պատկերացնում ինչպես պիտի լինի: Կարող եք հանգիստ հուզվել երեխաների ներկայությամբ, բայց ցանկալի է՝ ոչ շատ դրամատիկ: Եղեք երեխաների հետ անկեղծ եւ դրանով կնպաստեք, որպեսզի իրենք էլ իրենց զգացումներն ավելի լավ հասկանան ու արտահայտեն:

Թույլ տվեք երեխաներին ազատ արտահայտել իրենց զգացմունքները

Անկախ երեխայի սեռից՝ թույլ տվեք նրան ազատ արտահայտել իր զգացմունքները: Ստիպել, որպեսզի տղա երեխան լաց չլինի, քանի որ տղաները չեն լացում, չի կարելի եւ կոպիտ սխալ է, որը կարող է հետագայում անցանկալի հոգեբանական խնդիրների հանգեցնել (այս թեմային առանձին կանդրադառնամ): Հաշվի առեք, որ երեխաները շատ տարբեր են, եւ հետեւաբար նրանց արձագանքն էլ կարող է տարբեր լինել՝ մեկը շատ կհուզվի, մյուսը կլինի անտարբեր, միեւնույն է՝ ցույց տվեք երեխաներին, որ դուք միշտ նրանց կողքին եք եւ պատրաստ եք միասին կիսել վիշտը:

Երեխաներին տվեք հնարավորություն՝ մասնակցելու սգո արարողություններին

Շատ ծնողներ վախենում են, որ երեխաները կարող են սթրես ապրել կամ վախենալ հանգուցյալի դին տեսնելուց կամ որ դա նրանց վրա կարող է որեւէ բացասական հետեւանք թողնել: Եվ իհարկե, շատ-շատերին հետաքրքիր է՝ արդյոք կարելի՞ է երեխաներին մասնակցել սգո արարողություններին:

Մինչեւ 3 տարեկան. Ցանկալի է, որ ոչ, հիմնականում ելնելով 2 դրդապատճառից՝ նախ այդ տարիքի երեխան հասու չէ հասկանալ, թե ինչ է կատարվում, եւ 2-րդ պրակտիկ պատճառը՝ նրանք ամենայն հավանականությամբ կխանգարեն իրենց ներկայությամբ:

3-6 տարեկան. Մասնակցել, թե ոչ՝ կախված է ձեր երեխայից: Անհրաժեշտ է առաջնորդվել երեխայի առանձնահատկություններից եւ ձեր դաստիարակման ոճից: Եթե ձեր երեխան ինքնուրույն է, սովոր է իր հարցերին ստանալ լուրջ պատասխաններ, ապա, ինչու ոչ՝ կարող եք նրան պատմել ինչ է լինելու եւ հարցնել՝ արդյոք նա կցանկանա՞ մասնակցել, թե՞՝ ոչ: Թողեք երեխան ինքը որոշի:

6 տարեկան եւ ավելի. Դպրոցահասակ երեխան արդեն հասուն է՝ սգո բոլոր արարողություններին մասնակցելու համար:

Այս ոլորտում արված բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ մահացած հարազատին եւ նրա հուղարկավորությունը տեսնելը երեխաների վրա ոչ միայն բացասական ազդեցություն չի թողնում, այլեւ ընդհակառակը՝ ունենում է դրական հետեւանքներ՝ քանի որ երեխան այդպիսով իր վիշտն ավելի հեշտությամբ է սփոփում: Այսինքն, ծնողի բոլոր վախերն անհիմն են եւ ավելի շուտ գալիս են սեփական մանկության ժամանակ մահվան նկատմամբ սխալ վերաբերմունք ձեւավորելուց, քան թե իրական խոչընդոտներից: Ամեն դեպքում միշտ հիշեք, որ անհրաժեշտ է առաջնորդվել երեխայի ցանկությամբ, եւ ոչ մի դեպքում չի կարելի ստիպել նրան մասնակցել կամ չմասնակցել հուղարկավորության արարողությանը:

Եթե երեխան ցանկանում է մասնակցել սգո արարողություններին...

Անհրաժեշտ է նախօրոք ընտրել մեծահասակ, որ պատասխանատու կլինի երեխայի համար այդ ամբողջ ընթացքում: Նա պետք է պատրաստ լինի պատասխանել երեխայի բոլոր հարցերին եւ անհրաժեշտության դեպքում ցանկացած պահի կարողանա հեռանալ նրա հետ միասին (օրինակ, եթե  երեխան հանկարծ չցանկանա այլեւս մասնակցել): Նախօրոք, մանրամասն նկարագրեք, թե ինչ է կատարվելու հուղարկավորության ժամանակ, ինչ է նա տեսնելու՝ հանգուցյալը պառկած է լինելու դագաղի մեջ, ինչ շորեր է հագած լինելու, ովքեր են լինելու սենյակում, որ միգուցե կլինեն բարձրաձայն լացող մարդիկ եւ այլն: Նմանապես մանրամասն նկարագրեք ինչպես են սովորաբար ընթանում թաղման արարողությունները, ինչ են անելու դագաղը, ինչ ծաղիկներ են դնելու գերեզմանին եւ այլն: Ընթացքում անհրաժեշտ է հետեւել երեխայի ռեակցիային եւ համապատասխանաբար արձագանքել:

Միասին հարգեք հանգուցյալի հիշատակը

Երբ իրավիճակն ընտանիքում արդեն հանդարտվել է, կարող եք երեխայի հետ պարբերաբար խոսել հանգուցյալի մասին: Պատմեք նրա կյանքից պատմություններ, զվարճալի դեպքեր, կարեւոր իրադարձություններ եւ այլն, պատրաստեք նրա լուսանկարներով ալբոմ, տարբեր առիթներով հանգուցյալի համար նկարներ նկարեք, նամակ գրեք եւ ցանկության դեպքում կարող եք այդ նկարը կամ նամակը երեխայի հետ միասին տանել եւ դնել տապանաքարի վրա:

Ժամանակը բուժում է բոլոր վերքերը

Ծանր կորուստը վերապրելու եւ սփոփվելու համար անհրաժեշտ է 1-2 տարի: Դրանից հետո սուր վշտին գալիս է փոխարինելու կարոտը: Շատ դեպքերում մեզ՝ մեծահասակների համար էլ է դժվար լինում հաշտվել իրականության հետ եւ մենք կարծես բնազդաբար ցանկանում ենք մեր երեխաներին պաշտպանել ճշմարտությունից: Բայց պետք է հասկանանք, որ այս ամենի միջով անցնելը փորձառություն է երեխայի համար, ինչի շնորհիվ նա սովորում է հաղթահարել ճգնաժամերը:

Սուգը կարող է անասելի տխրեցնել, բայց նաեւ հնարավորություն է տալիս, որ մարդ կարողանա դուրս գալ ճգնաժամից եւ սկսել նորից ուրախանալ: Իհարկե, տատիկ-պապիկի կամ ծնողների ներկայությունը անփոխարինելի է երեխայի մանկության ժամանակ, բայց այս փորձառությունը երեխաների մոտ ձեւավորում է կարեւոր հմտություն, որն ամբողջ կյանքի ընթացքում նրանց պետք է գալու:

Հ.Գ. Սիրելի ընթերցողներ, վերոնշյալ խորհուրդները վերաբերում են այն իրավիճակին, երբ երեխան անմիջականորեն առնչվում է իր հարազատի կորստի հետ: Սակայն ցանկանում եմ շեշտել, որ ոչ պակաս կարեւոր է նաեւ կյանքի ու մահվան գաղափարների հետ երեխային առհասարակ ծանոթացնելը, ասենք՝ բնության ու կենդանիների օրինակի վրա: Այդպիսով երեխաների մոտ ձեւավորվում է նախնական պատկերացում կյանքի ընդհատության ու շարունակելիության մասին, ինչը հետագայում կհեշտացնի ավելի լիարժեք եւ առողջ պատկերացնել իրողությունը:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին