Գենետիկորեն մոդիֆիկացված սնահավատությունը - Mediamax.am

Գենետիկորեն մոդիֆիկացված սնահավատությունը
6554 դիտում

Գենետիկորեն մոդիֆիկացված սնահավատությունը


Մարդկանց ազդեցության հնարավորություններն օրգանիզմների կառուցվածքի վրա մեծապես աճել են անցած դարի 50-ականներից սկսած, երբ ծնվեց մոլեկուլյար գենետիկան, մինչ այսօր, երբ լաբորատորիաներում կարողանում են արհեստական պայմաններում կենդանիների առանձին հյուսվածքներ աճեցնել։ Այս ամենին զուգահեռ՝ աճում է հասարակական մտահոգությունն այդ տեխնոլոգիաների վերաբերյալ։ Սակայն, քանի որ ոլորտը բարդ է, իսկ մարդկանց իմացության միջին մակարդակը՝ ցածր, այդ մտահոգությունը շատ հաճախ վերածվում է սնահավատ վախի։ Այդ նույն վախով է պատված գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ)՝ որպես սնունդ օգտագործելուց խուսափելը։

Վերջերս, սակայն, ԱՄՆ-ում հրապարակվեցին 1980-աններից անցկացված լայնածավալ հետազոտության արդյունքները։ Դրանք երկու բացահայտ ճշմարտություն են փաստում։ Առաջինը՝ ԳՄՕ-ների օգտագործումը առողջական տեսանկյունից որեւէ արբերություն չի տալիս առանց այդ տեխնոլոգիայի ստացած ուտելիքի համեմատ։ Եվ երկրորդ, ցանկացած ուտելիք պետք է գնահատել ոչ թե դրա ստացման միջոցի, այլ բաղադրության համաձայն։

Որպեսզի հասկանանք, ինչու են այս արդյունքներն իրականում բացահայտ, անդրադառնանք գյուղատնտեսական բույսերի նոր սորտերի ստացման ավանդական տեխնոլոգիաներին։ Մինչ 20-րդ դարի սկիզբը գյուղատնտեսական բույսերի տարբերակները ստացվում էին «ժողովրդական» սելեկցիայի միջոցով: 20-րդ դարում, երբ հայտնի դարձավ ռադիոակտիվ ճառագայթման մուտացիաներ հարուցելու հատկությունը, սկսվեց արհեստական սելեկցիայի կտրուկ զարգացումը։

Գիտնականները սերմերը ենթարկում էին ճառագայթման եւ ապա փորձում ամրացնել օգտակար մուտացիաները։ Այդ միջոցով ստացվել եւ ստացվում են բույսերի նոր տարբերակները՝ գյուղատնտեսական եւ սպառողական տեսանկյունից ավելի արդյունավետ հատկանիշներով։ Սակայն թե այդ մուտացիաների ընթացքում ինչ է կատարվում բույսերի ԴՆԹ-ի հետ, ոչ ոքի չի հետաքրքրում։ Կա դրական փոփոխություն՝ մնացածը՝ ինչ ուզում է, թող լինի։

Որոշ բույսերի դեպքում, սակայն, լինում են վտանգավոր մուտացիաներ։ Օրինակ՝ անվտանգ սնկերը մուտացիայի արդյունքում կարող են դառնալ թունավոր։ Սակայն սելեկցիոներները մեզ այդ մասին չեն պատմում, քանի որ իրենց նպատակն ուղիղ հակառակն է՝ որպեսզի մենք գնենք եւ սպառենք իրենց ստեղծած տեսակները։

Փաստացիորեն՝ ժամանակակից տեսակների մեծամասնությունը նույն ԳՄՕ-ներն են, միայն ստացված ոչ թե ճշգրիտ լաբորատոր եղանակներով, այլ զուտ փորձնական միջոցով՝ մուտացիաներ հարուցելով, առանց հետեւանքների մանրակրկիտ հետազոտության։

Ի տարբերություն այս ամենի՝ բիոինժեներիան հնարավորություն է տալիս անհրաժեշտ հատկանիշները ստանալ նպատակային փոփոխություններով՝ հասկանալով դրանց հարուցման միջոցները։ Փաստորեն, դրա համար եղած բույսի ԴՆԹ-ի մեջ ներմուծվում են մեկ այլ ԴՆԹ-ի շղթաներ (ինչն ինքնաբերաբար միշտ պատահում է ավանդական միջոցներով հիբրիդներ ստեղծելիս), որոնց շնորհիվ բջիջներում փոփոխություններ են առաջանում՝ անհրաժեշտ ուղղությամբ։ Այդ փոփոխությունները կարելի է հստակ նախատեսել, գրանցել եւ չափագրել՝ հասկանալու համար դրանց հետեւանքները մարդկանց համար։ Այս դեպքում որեւէ վնաս հասցնելու վտանգը զգալիորեն ավելի ցածր է, եթե միայն չկա միտում։ Սակայն դժվար է պատկերացնել, որ այդ հետազոտությունների վրա զգալի գումարներ ծախսող ընկերությունները կփորձեն վնաս հասցնել մարդկանց։ Եթե ելնենք այդ տրամաբանությունից, պետք է խուսափենք մեքենաներ գնել, օդանավ նստել եւ դեղեր օգտագործել՝ ամենուրեք տեսնելով դավադիր ուժերի ոտնձգությունները։

Այսպիսով, ԳՄՕ-ների վտանգը մեր ժամանակների առասպելներից մեկն է, որը մեծապես է խոչընդոտում գյուղատնտեսության զարգացումը, առաջին հերթին՝ ոչ բարենպաստ գյուղատնտեսական պայմաններ ունեցող երկրներում, որտեղ ավանդական բույսերի աճեցումը դյուրին չէ։ Թե ով է արհեստական ուռճացնում այս առասպելները, կարելի է միայն ենթադրել։ Իմ կարծիքով՝ այդ ամենի հիմքում գիտական դպրոցների կռիվն է շուկաների համար։ Գյուղատնտեսության «դասական» մատակարարողները փորձում են պահպանել իրենց շուկայական դիրքերը՝ պայքարելով նորի եւ առաջադեմի հետ, ինչպես հաճախ է պատահել մարդկության պատմության ընթացքում։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին