Երբ ամառն արդեն Երեւանում է - Mediamax.am

Երբ ամառն արդեն Երեւանում է
6557 դիտում

Երբ ամառն արդեն Երեւանում է


Չնայած անձրեւներին եւ ամպերին, ամառն արդեն Երեւանում է:

Երեւանում ամառ է, երբ պատահաբար հանդիպում ես Անգլիայից ժամանած արվեստաբան կնոջը՝ նա օգոստոսին Դիլիջանում անցկացնելու է «Արվեստների աստղադիտարան»: Ընթրում ենք, գինի խմում, մի թեմայից անցնում ենք մյուսին:

Պատմում է, որ իր ծնողները հայտնի մարդիկ էին Լոնդոնի նորաձեւության աշխարհում եւ կոշիկներ էին կարում շատ հայտնի մարդկանց համար, որոնցից մեկը Rolling Stones-ի Քիթ Ռիչարդսն էր: Նրան մի անգամ տեսել էր իրենց արհեստանոցում՝ հերթական գեղեցկուհու ուղեկցությամբ:

Լսում եմ այդ պատմությունը ու հիշում, թե ինչպես 1990 թվականի ամռանը Արա Միսակյանի լեգենդար լուսանկարչատանը փոխանակեցի չգիտես որտեղից ինձ մոտ հայտնված Rolling Stones-ի փոքր ձայնապնակը Իէն Գիլանի ինքնագրի հետ, որն ինքս չէի հաջողացրել ստանալ նույն թվականի մայիսին:

Տիկնոջը պատմում եմ Գիլանի հետ իմ վերջին տարիների անհավանական բարեկամության մասին, նա էլ ասում է, որ երկար տարիներ աշխատել է Սենեգալում եւ ընկերացել է Իուսսու Ն’Դուր-ի հետ: Եվ այս երգը անմիջապես սկսում է հնչել ականջներիս մեջ.



Երեւանում ամառ է, երբ անգլիացի տիկնոջը նստեցնում եմ տաքսի, իսկ ինքս քայլում եմ դեպի տուն եւ Սարյանի այգու «Տղամարդիկ» արձանի մոտ նկատում եմ պապիկի, որը գող կատվի քայլվածքով մոտենում է արձանին, Սաքոյի ձեռքերի մեջ երկու կոնֆետ է դնում եւ արագ հեռանում՝ ամաչկոտ հայացք նետելով դեպի ինձ: Թվում է, որ սա երեւանյան ամառային ծեսի մի մասն է միայն՝ որոշ ժամանակ անց, կամ էլ արդեն առավոտյան այդ կոնֆետները կվերցնի ոչ թե պատահական անցորդը, այլ նա, ում համար դրանք թողել է պապիկը:

Երեւանում ամառ է, երբ շարունակելով ճանապարհս բարձրանում եմ Բաղրամյանով ու տեսնում եմ այնտեղ ավանդաբար հերթապահող մարմնավաճառներին, որոնք սովորականից ավելի աղմկոտ են: Պարզվում է, դա ավելի ազդեցիկ աղմուկին հակադարձելու փորձ է. դիմացի մայթին կանգնած է մի մեքենա, շուրջը խմբված են երիտասարդ տղաներ, որոնք մեքենայի վրա ամրացված ինքնաշեն բարձրախոսով «հաճոյախոսություններ» են ուղղում մարմնավաճառներին: Բայց դա անում են մի տեսակ անվստահ՝ երեւի հասկանալով, որ ՃՈ հերթապահ մեքենաներին հաստատ դուր չի գա բարձրախոսով շրջելու իրենց «մենաշնորհը» խախտելու փորձը:

Երեւանում ամառ է, երբ կիրակի երեկոյան ընտանիքով գնում ենք հետազոտելու Սարյանի վրա բացված Say Cheese գինետունը եւ այնտեղի այգում 6-ամյա դուստրս միանգամից սկսում է շփվել ուսանող աղջիկների հետ, որոնք մատուցողուհի են աշխատում: Սկսում են խաղալ փոքրիկ գունավոր ռետինե գնդակով, որը կախարդական երեւանյան ամռանը հանկարծ հայտնվում է Մարիամի գրպանում եւ ավարտում են «չինգաչգուկով»:

Երեւանում ամառ է, երբ նայում եմ աղջկաս խաղին ու հիշում եմ, որ մի օր, երբ մեր բակի տղերքով հերթական անգամ կռիվ արեցինք «Բառի հայաթի» տղերքի հետ, մի քանի ժամ հետո եկան ու առաջարկեցին, որ այլեւս կռիվ չանենք ու սկսենք մարդավարի շփվել: Շատ տարօրինակ էր: Բայց շուտով պարզվեց, որ հետին միտք չունեին, անկեղծ էին: Եվ այդ երեւանյան ամառային երեկոներից մեկի հայտնությունն այն էր, որ նրանց «պարագլուխը»՝ Ստյոպը, ոչ միայն խելացի ու խորը տղա էր, այլեւ հետաքրքրվում էր արվեստով: Ավելին՝ ծնողների հետ հաջողացրել էր Պրահայում լինել ու այնտեղ թանգարաններ էր գնացել:

Երեւանում արդեն ամառ է: Միայն թե պետք է զգալ այն:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին