Երեխաներն ու մանկապարտեզը
6654 դիտում

Երեխաներն ու մանկապարտեզը


                                                                     Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                           սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Բոլոր ծնողներ էլ վաղ թե ուշ կանգնում են ընտրության առջեւ՝ տանե՞լ երեխային մանկապարտեզ, թե՞ մնալ տանը նրանց հետ կամ թողնել տատիկի կամ դայակի խնամակալության ներքո: Իհարկե, այս հարցին միանշանակ պատասխան տալը դժվար է, բայց ընդհանուր առմամբ, ելնելով տարբեր երկրներում արված բազմաթիվ հետազոտությունների արդյունքներից, երեխաներին մանկապարտեզ տանելը քաջալերվում է:

Մանկապարտեզ հաճախելն ունի մի շարք դրական ազդեցություններ երեխաների հոգեբանական զարգացման վրա

Ի տարբերություն տանը ծնողի, ընտանիքի անդամի կամ դայակի հսկողության տակ մնալուն`մանկապարտեզ գնալիս զարգանում են երեխայի՝

-    սոցիալական հմտությունները՝ նրանք սովորում են ուրիշ անհատների հետ հաղորդակցվելու հմտություններ (ինչն էականորեն տարբերվում է ընտանիքի անդամների/դայակի հետ հարաբերություններից),
-    թիմում աշխատելու հմտությունները,
-    խոսքային հմտությունները,
-    հուզական աշխարհը. նրանք ավելի լավ են հասկանում իրենք իրենց եւ դիմացինի զգացմունքներն ու հույզերը:

Ինչպես նաեւ երեխան՝
-    սովորում է հարգել դիմացինին,
-    ձեռք է բերում նոր ընկերներ,
-    ծանոթանում է նոր մոտեցումների եւ գաղափարների հետ,
-    լայնացնում է աշխարհայացքը:

Մանկապարտեզ հաճախելն ունի նաեւ մի շարք այլ առավելություններ

- Կա հստակ սահմանված օրվա ռեժիմ՝ ինչքան ուզում է հետեւողական լինի ծնողը, դայակը կամ տատիկը, տնային պայմաններում օրվա ռեժիմին հետեւելը շատ ավելի բարդ է, երբեմն նույնիսկ՝ անհնար:
- Երեխաների հետ զբաղվում է հատուկ նրանց հետ աշխատելու համար մասնագիտացված անձնակազմ, ինչը ոչ միշտ է հնարավոր ապահովել խնամակալի դեպքում:
- Հետազոտությունները ցույց են տալիս նաեւ, որ մանկապարտեզից հետո երեխաներն ավելի արագ եւ հեշտ են հարմարվում դպրոցին: Այստեղ գլխավորը ոչ թե ձեռք բերած ուսումնական գիտելիքներն են (տառաճանաչություն կամ մաթեմատիկա), այլ կյանքի մի շարք հմտությունները, որոնք թվարկեցի, օրինակ՝ ռեժիմին սովոր լինելը, խմբով աշխատելը, սոցիալական հմտություններ ձեռք բերելը եւ այլն:

Երեխաներին մանկապարտեզ տանելու ցանկալի տարիքը 3 տարեկանն է

Իհարկե, ցանկալի տարիքը կախված է երեխայի առանձնահատկություններից: Կան երեխաներ, որոնք արդեն 2 տարեկանից լրիվ պատրաստ են մանկապարտեզ հաճախելուն, սակայն ընդունված է համարել, որ լավագույն տարիքը 3 տարեկանն է: Այդ ժամանակ երեխան արդեն ունի զարգացած խոսք, կարողանում է արտահայտել իր զգացմունքներն ու ցանկությունները, սովոր է մեծահասակներին տեղեկացնել իր կարիքների մասին (զուգարանի կարիք, սոված է կամ մրսում է) եւ այլն:

Իսկ այժմ, ահա այն 3 պարզ քայլերը, որոնք ձեր երեխային կնախապատրաստեն մանկապարտեզ հաճախելուն՝

Քայլ 1-ին. Ամենաուշը 2 ամսականից սկսած՝ երեխային որոշ ժամանակով միայնակ թողեք

Մոտավորապես 2 ամսականից սկսած՝ անհրաժեշտ է երեխային օրվա ընթացքում վարժեցնել արթուն ժամանակ միայնակ մնալուն: Ընտրում եք հարմար մի վայր, օրինակ՝ գետնին՝ մանկական գորգիկի վրա, եւ անհետանալով նրա տեսադաշտից՝ երեխային հանգիստ եք թողնում 10-20 րոպեով: Աստիճանաբար ավելացնում եք ժամանակը, այնքան, մինչեւ կհոգնի միայնակ մնալուց:

Հանգիստ թողնել նշանակում է, որ նրան չեք գրկում, հետը չեք խոսում, չեք մոտենում, որ նայեք ինչպես է, ինչ է անում: Կարող եք գտնվել նույն սենյակում, բայց դուք զբաղվում եք ձեր գործով, իսկ երեխան իր, այն է՝ աշխարհի ճանաչմամբ: Նման հանգիստ վիճակները, երբ երեխան միայնակ է, եւ ոչ ոք նրան ուշադրություն չի դարձնում, բեկումնային են երեխաների զարգացման համար:

6 ամսականից սկսած՝ օրվա մեջ մի քանի անգամ երեխային պետք է պարտադիր այսպես լիցքաթափեք: Կարող եք երբեմն երեխային տալ խաղալիք (միայն մեկը, ոչ մի դեպքում մի քանի խաղալիք չառաջարկեք, ինչպես նաեւ զերծ մնացեք հեռախոս, պլանշետ կամ նման այլ սարք տալուց): Եթե երեխան խաղալիքը ձեռքից գցում է, հոգ չէ, թողեք ինքնուրույն իրեն այլ զբաղմունք գտնի: Եթե երեխան լացում է, մի պահ սպասեք միգուցե ինքն իրեն հանգստանա, եթե շարունակում է լացել, մոտեցեք, հանգստացրեք, վստահեցնող ձայնով ասեք, որ դուք նույն/կողքի սենյակում եք եւ երբ ձեր գործը վերջացնեք, հետ կգաք, եւ հետո նորից երեխային թողեք հանգիստ:

Կարող եք երբեմն (ոչ միշտ) երեխայի համար միացնել դասական երաժշտություն: Այդ նույն սենյակում, որտեղ երեխային միայնակ եք թողել հեռուստացույց մի միացրեք, քանի որ վերջինիս ձայնը կամ պատկերը հեշտութամբ կարող է շեղել երեխայի ուշադրությունը:

Երեխաների զարգացման ամենակարեւոր հմտություններից մեկը, ինքնուրույն ինքն իրեն զբաղմունք գտնելն է: Այս վարժության նպատակը հենց այս հմտության, ինչպես նաեւ երեխայի ուշադրության զարգացումն է: Հավատացեք, այս պարզ քայլը հետագայում ձեզ եւ ձեր երեխային շատ գլխացավանքներից կազատի թե մանկապարտեզում, թե դպրոցում եւ թե կյանքում:

Մեր հասարակությունում, ցավոք սրտի, չափից դուրս շատ են այնպիսի դեպքերը, երբ երեխաները նորածին ժամանակվանից կա՛մ անընդհատ մեծերի գրկին են, կա՛մ անընդհատ պահանջում են ուշադրություն եւ ոչ մի դեպքում միայնակ չեն մնում: Եթե ձեր երեխան ֆիզիկապես առողջ է եւ դուք մտածում եք, որ նա բացառություն է՝ իրեն ոչ մի րոպե մենակ թողնել չեք կարող, ապա 90% հավանականությամբ ձեր ընտրած դաստիարակության ոճը սխալ է եւ անհապաղ անհրաժեշտ է մոտեցումները վերանայել ու թարմացնել, կամ 10% հավականականությամբ ձեր երեխան ունի հոգեբանական խնդիր եւ անհրաժեշտ է նրան ցուցաբերել հատուկ մոտեցում:

Բոլոր առողջ երեխաներն ունեն միայնակ մնալու այս հմտության նախադրյալները, ծնողի պարտականությունն է միայն նպաստել եւ հետեւել, որ այն զարգանա: Ճիշտ այնպես, ինչպես որ ձեր երեխայից սպասում եք, որ նա պիտի խոսի եւ քայլի, եւ եթե քայլելը կամ խոսելը ուշանում է, սկսում եք անհանգստանալ, այդպես էլ ինքն իրեն զբաղմունք գտնելու հմտությունն է: Պիտի անհանգստանաք, եթե երեխան սիստեմատիկորեն հրաժարվում է միայնակ մնալուց եւ անհապաղ քայլեր ձեռնարկեք այս ուղղությամբ:

Քայլ 2-րդ. Երեխայի մոտից հեռանալիս միշտ հրաժեշտ տվեք եւ զգուշացրեք, որ գնում եք

Համոզված եմ, բոլորս էլ գոնե մեկ անգամ ականատես եղել ենք, ինչպես են ձեր ներկայությամբ երեխային շեղում, եւ մայրիկն անտեսանելիորեն ծլկում է սենյակից: Երեխան շուռ է գալիս, իսկ ծնողն անհայտացել է: Երեխան լալիս է, հիստերիայի մեջ է ընկնում, իսկ հարազատները փորձում են նրան համոզել, որ մայրը կողքի սենյակում է/զուգարանում է, ոչ մի տեղ չի գնացել կամ ուր որ է կգա: Նման վարվելակերպը երեխային սթրեսի մեջ է գցում եւ հետագայում կարող է պատճառ հանդիսանալ, որ երեխան դառնա տագնապային անձ:

Այս սխալ մոտեցման արդյունքում նաեւ շատ երեխաներ մեծանալով ունենում են վախեր (օրինակ՝ մթությունից), զանազան հոգեբանական եւ առողջական խնդիրներ: Այդ պատճառով շատ կարեւոր է միշտ երեխային զգուշացնել եւ հետո նոր հեռանալ: Դրանով երեխան սովորում եւ վստահություն է ձեռք բերում, որ մայրն իրենից հեռանալուց առաջ նախօրոք զգուշացնելու է: Նա այլեւս ավելորդ չի անհանգստանում, որ ամեն րոպե մայրը կարող է հանկարծակի անհետանալ:  

Նորածին երեխան սովոր է, որ մայրը միշտ իր կողքն է, եւ երբ գալիս է առաջին բաժանման պահը (երբ երեխային թողնում եք մեկ այլ խնամակալի մոտ եւ տանից դուրս եք գալիս), այդ ժամանակվանից սկսած՝ անկախ նրանից, թե ձեր երեխան կլինի 2 ամսական թե 12, մոտենում եք երեխային, գրկում եք նրան, ասում եք, որ մայրիկը պիտի գնա տեղ, ասում եք նա ում հետ է մնալու է եւ երբ եք վերադառնալու: Եվ այսպես ամեն անգամ: Այս ամենը սկսում եք ամենաուշը 2 ամսականից: Երբեք ոչ մի դեպքում չի կարելի առանց զգուշացնելու անհայտանալ:

Իսկ ի՞նչ անել, եթե երեխան ոչ մի ձեւ պոկ չի գալիս, կամակոր լացում է եւ այլն: Այս դեպքում միեւնույն է, շարժվում եք նույն սցենարով, փորձում եք հանգստացնել, եթե չի հանգստանում, հետեւողականորեն կրկնում եք, որ դուք գործերով պիտի դուրս գաք եւ դուրս եք գալիս առանց խղճի խայթի: Այս դեպքում իհարկե դժվարանում է երեխայի հետ մնացողի գործը, բայց ինչ արած այդպես էլ է լինում: Անհրաժեշտ է նախօրոք երեխայի ուշադրությունը շեղող ինչ որ խաղ կամ հնարք մտածել, որ մայրիկի գնալուց հետո երեխային դրանով զբաղեցնեն: Խուսափեք միշտ նույն բանով շեղելուց (օրինակ՝ մուլտֆիլմ նայել), քանի որ սա երեխայի մոտ կձեւավորի անցանկալի պայմանական ռեֆլեքս: Մի փոքր աշխատատար է ամեն անգամ նոր շեղող բաներ մտածելը, բայց հավատացեք, հեռանկարում այն արդարացված է: Երեխան աստիճանաբար կսովորի մայրիկի/ծնողի բացակայությանը, եւ այլեւս նրան շեղելու կարիք չի լինի:

Կրկնեմ՝ երեխային կարելի է շեղել այն բանից հետո միայն, երբ մայրիկն արդեն ասել է, որ գնում է:

Երբ մայրիկը վերադառնում է, փորձեք դրան հանգիստ վերաբերվել, ավելորդ հուզականություն չցուցաբերել եւ իրարանցում չբարձրացնել:

Եթե սկզբից այսպես չեք վարվել, ապա մտածեք ձեր երեխայի հոգեկան առողջության մասին եւ հենց այսօրվանից փոխեք ձեր մոտեցումը՝ ձեր երեխային ավելորդ սթերսի մի ենթարկեք:

Դե, իսկ երրորդ քայլը բուն նախապատրաստությունն է մանկապարտեզ գնալուն:

Քայլ 3-րդ. Նախապատրաստեք երեխային եւ սկզբանական շրջանում այցելեք մանկապարտեզ երեխայի հետ միասին

Նախօրոք պատմեք երեխային մանկապարտեզի մասին՝ այնտեղ շատ երեխաներ կան, հետաքրքիր խաղեր են խաղում, ձեր երեխան նոր ընկերներ ձեռք կբերի եւ այլն: Պատմեք պատմություններ ձեր մանկապարտեզից, ինչ չարաճճիություններ եք արել, ինչպիսի դաստիարակ ունեիք եւ այլն: Ցույց տվեք երեխային ձեր լուսանկարներից:

Երբ երեխան արդեն պիտի հաճախի մանկապարտեզ, պլանավորեք, որ երեխային ադապտացվելու համար անհրաժեշտ է միջինում 1-2 շաբաթ: Եթե ձեր երեխան հենց առաջին իսկ օրվանից հանգիստ գնում է մանկապարտեզ եւ չի ուզում, որ դուք իր հետ այնտեղ մնաք, շնորհավորում եմ, դուք այլեւս անելիք չունեք: Բայց ավելի հաճախ երեխաներին պետք է լինում հարմարվել նոր միջավայրին եւ ցանկալի է ժամանակ տրամադրել (եւ համաձայնության գալ մանկապարտեզի հետ, եթե նրանց կողմից նման առաջարկ չի եղել) երեխայի հետ  մնալ մանկապարտեզում: Թող երեխան խաղա եւ հետո նրան խաղի կեսից չուզելով տարեք տուն: Եվ այսպես մի քանի օր՝ աստիճանաբար ավելացնելով մանկապարտեզում մնալու ժամանակը: Կարող եք երեխային սպասել մեկ այլ սենյակում (նրան զգուշացրեք այդ մասին), բայց ոչ մի դեպքում առանց երեխային հրաժեշտ տալու անհետանալ չի կարելի: Երբ արդեն կզգաք, որ երեխան հարմարվել է եւ սիրով է մնում, զգուշացրեք, որ դուք պիտի գնաք, հրաժեշտ տվեք երեխային եւ նոր հեռացեք: Աշխատեք սկզբնական շրջանում երեխային մանկապարտեզից վերցնել շուտ՝ մանկապարտեզում մնալու ժամանակահատվածը աստիճանաբար մեծացնելով: 1- 2 շաբաթում պիտի որ կարողանաք երեխային հանգիստ թողնել ամբողջ օրով:

Նկատի ունեցեք, որ հնարավոր է երեխան սկզբում ձեր հետեւից լացի: Սա նորմալ է, կարեւորը որ ձեր գնալուց հետո նա հանգստանա (այս մասին բնականաբար կտեղեկանաք դաստիարակներից):

Եղեք հետեւողական, վստահեք մանկապարտեզին եւ ամեն ինչ ժամանակի ընթացքում կընկնի հունի մեջ:

Այս երեք պարզ քայլերի միջոցով երեխային նախապատրաստում եք ոչ միայն մանկապարտեզին, այլեւ դպրոցին, եւ ինչո՞ւ չէ նաեւ կյանքին՝ արդեն որպես հասուն մարդ:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am