Մի օր մեծացա ու ժամադրեցի ժամանակին - Mediamax.am

Մի օր մեծացա ու ժամադրեցի ժամանակին
3294 դիտում

Մի օր մեծացա ու ժամադրեցի ժամանակին


Գիտե՞ս, ես էլ եմ նորածին եղել. շատ սպասված երեխա եմ եղել՝ մայրս զգուշորեն գրկում էր ինձ իր տաք ձեռքերով, հոգ էր տանում իմ մասին, անհանգստանում էր: Նա ինձ ամենագեղեցիկ զգեստներն էր հագցնում ու մենք գնում էինք զբոսնելու: Այնքան անհոգ էի, սիրելի տիկնիկներով էի խաղում, բակ իջնում: Մորս քնքշանքը, խնամատարությունը, նրբությունն ու անսահման սերը հավերժ ինձ հետ կմնան:

Գիտե՞ս, ես էլ եմ երիտասարդ եղել. այնքան նորաձեւ էի հագնվում, խնամում էի դեմքս, ուզում էի տղաներին դուր գալ: Ընկերներով այնքան ուրախ էինք, անդադար ծիծաղում էինք, զրուցում, սիրահարվում, տառապում ու հետո նորից ծիծաղում: Սիրում էի ժամերով զբոսնել իմ սիրելի փողոցներով, ուղակի քայլում էի քաղաքով, ուզում էի բոլորին գրկել, այնքան էի սիրում կյանքս: Շատ հաճախ էի երկնքին նայում, հետեւում էի անհոգ ճախրող ամպերին, տարբեր կենդանիների նմանեցնում: Անվերջ երազում էի՝ հարյուրավոր գաղափարներ ու հազարավոր նպատակներ ունեի: Այդ պահին այնքան վստահ էի, որ ամեն ինչն էլ կիրականացնեմ: Այնքան շատ ազատ ժամանակ կար ու այնքան դանդաղ էր անցնում: Անդադար կարդում էի, երաժշտություն լսում, ուզում էի կուլ տալ ամեն վայրկյանը, նույնիսկ գիշերն էի ափսոսում քնի վրա վատնել: Ու այդքանից հետո դեռ երազելու ժամանակ էր մնում: Ամբողջ գիշեր երազում էի, առաստաղիս վրա փակցրած ֆոսֆորե աստղիկներին նայելով վստահ էի, միշտ էլ այսպես է լինելու, ես ու ժամանակը երբեք չենք հանդիպի, այն անկարող է ներազդել ինձ վրա: Հաստատ գիտեի՝ հաղթելու եմ նրան: Կասկած անգամ չունեի, որ արտաքինս երբեք չի փոխվի, միշտ երիտասարդ ու թարմ եմ մնալու, չեմ վերածվելու կնճիռների մեջ կորած ծեր կնոջ: Ճիշտն ասաց դրա մասին նույնիսկ չէի էլ մտածում, միայն շատ հազվադեպ:

Գիտե՞ս, մի օր մեծացա, շատ հանկարծակի հասկացա դա: Շատ պատահաբար զգացի, որ ժամանակը նկատել ու սկսել է մրցել ինձ հետ: Հրաժարվում էի ընդունել, բայց ամենահավորն այն էր, որ այն սկսում էր հաղթանակ տանել մարմնիս վրա: Այդ օրը համարձակվեցի ժամադրության հրավիրել ժամանակին՝ հայելու մեջ նայեցի, վերջապես հանդիպեցինք. հարյուրավոր փոքրիկ կնճիռներ անէությունից հայտնվել ու գրկել էին դեմքս: Հայացքս այլ էր: Հազարավոր սպիտակ գծեր էին խառնվել մազերիս, իմ սեւ, երկար ու հերավոր մազերիս: Ժպիտս էլ հավերժ տպվել էր դեմքիս՝ շուրթերիս ու աչքերիս անկյուններում: Հայացքս իջացրեցի ու տեսա ձեռքերս: Չես հավատա. մաշկս կախվել էր, մատներս էլ մաշվել էին: Ձեռքերս գիշերվա էին վերածվել՝ մանր-մանր մուգ լաքաներով՝ ասղտերով պատվել: Սկսեցի հաշվել դրանք՝ դաստակներս թափանցիկ էին դարձել, կապույտ երակներս ուզում էին դուրս պրծնել մաշկիս տակից: Բայց գիտե՞ս որն էր ամենավախենալուն՝ ներսից ես լրիվ նույնն էի՝ երիտասարդ, գեղեցիկ, ակտիվ, ժամանակից չվախեցող: Իհարկե,  բնական ու տրամաբանական ընթացք է, բայց ինձ համար՝ ոչ: Որեւէ արդարացում չունեցող պրոցես է՝ հոգիս երիտասարդ է, իսկ ես չեմ կարողանում երկար զբոսնել, հոգնում եմ: Հասկանում ե՞ս ինչումն է խնդիրը՝ այս հոգիս ոչ ոք չի տեսնում, միայն կնճիռներս են տեսնում: Ախր ես չեմ փոխվել, ինչու՞ ոչ ոք դա չի նկատում: Ուշադիր ինձ նայիր: Դու տեսնում ե՞ս:

Գիտե՞ս, երբ երիտասարդ էինք, գաղափար անգամ չունեինք մեծ կյանքի մասին, հաճախ ծիծաղում էինք տատիկների վրա, չէինք հասկանում իրենց, երդվում էինք՝ տատիկի չենք վերածվելու: Հաստատ գիտեինք, վստահ էինք՝ ծերությունը մեզ հետ չի պատահի, չի համարձակվի նույնիսկ մոտ գալ,  ծանոթանալ: Հիմա էլ ինձ վրա են ծիծաղում, ինձ չեն հասկանում: Չեմ նեղանում, չես հավատա, երբեմն իմ ծիծաղն է գալիս այն թակարդի վրա, որում հայտնվել եմ: Ես ուզում եմ ապրել, բայց չգիտեմ, թե որտեղից բռնվեմ: Հետադարձ ընթացք չկա:

Գիտե՞ս, ես էլ երիտասարդ էի, չգիտեի, ի՞նչ են զգում ծերերը: Այնքան հետաքրքիր էր, ինչ է լինելու ինձ հետ, ինչպես կկառուցվի կյանքս, ինչ կպատահի: Հիմա կյանքիս մասին ամեն ինչ գիտեմ, սեփական պատմությունս գիտեմ, ու գիտեմ, թե ինչ են զգում փախուստի տարբերակ չունեցողները: Խնդրում եմ, շտապի, շտապի սիրել ու հասցնել, քանի դեռ փոշի չես դարձել: Հիմա ինձ ասում են, որ խենթ եմ, գժվել եմ, իսկ ես պարզապես մի երկար կյանք եմ ապրել: Վա՜յ, սա իմ կանգառն է, պիտի իջնեմ:

Լենա Գեւորգյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին