Երբ ծնողի անառողջ մոտեցումը փոխանցվում է երեխային
12139 դիտում

Երբ ծնողի անառողջ մոտեցումը փոխանցվում է երեխային


                                                                 Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                       սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Պատկերացրեք, որ դուք ունեք սուր տեսողություն: Ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ սկսում եք մշտապես կրել իրականությունն աղճատող ակնոց: Եթե այն վարդագույն է, ապա աշխարհը կտեսնեք վարդագույն երանգավորմամբ, եթե ցույց է տալիս ֆոկուսից ընկած, ապա՝ այդպիսին: Ինչպիսի աղճատում, որ ունի ակնոցը, այդպիսի աղճատումով էլ դուք կտեսնեք իրականությունը: Նման ակնոց անընդհատ կրելը կդառնա սովորական մի բան, ժամանակի հետ կմոռանաք վերջինիս գոյության մասին եւ կսկսեք մտածել, թե աշխարհն է այդպիսին` մինչեւ չգնաք եւ չհարվածեք սյանը: Այդ պահից սկսած` միգուցե սթափվեք ու հասկանաք,  որ տեսողության հետ խնդիրներ ունեք եւ ազատվեք ակնոցից:

Ճիշտ այդպիսի ակնոց էլ վարքային հոգեբանական խնդիրներն են՝ մենք այնքան ենք սովորում ավտոմատ կերպով արձագանքել, որ անգամ կանգ չենք առնում հասկանալու, ինչու ենք այդպես վարվում:

Ծնողի դեպքում սա շատ վտանգավոր է, քանի որ անառողջ հոգեբանական մոտեցումը կարող է փոխանցվել երեխային:

Այս հոդվածով կանդրադառնամ  դաստիարակության մեջ տարածված 4 սխալների, որոնք հիմնականում ծնողի ունեցած այս կամ այն հոգեբանական խնդրի նշան են:

Եվ այսպես դուք խնդիր ունեք, երբ՝

1. Երեխայի մասին խոսելիս հիմնականում արտահայտվում եք «մենք»-ով

«Մենք արդեն քայլում ենք», «Մենք արդեն խոսում ենք», «Մենք այսօր մեզ խոզուկի նման պահեցինք», «Մենք մաթեմատիկայից խնդիրներ ունենք» եւ այսպես շարունակ անվերջ «մենք»-եր:

Թվում է, թե հասարակ եւ անվտանգ խոսելաոճ է, բայց արի ու տես, որ՝ ոչ: Նման արտահայտությունները խոսում են այն մասին, որ արտահայտվողի (հիմնականում մայրերի) կյանքը պտտվում է երեխայի շուրջ, չունեն իրենց անձնական կամ մասնագիտական հետաքրքրությունները, ապրում եմ իրենց երեխայի հոգսերով եւ խնդիրներով: Պարբերաբար արվող նման արտահայտությունները երեխաների մոտ ստեղծում են աղճատված պատկերացում աշխարհի մասին՝ նրանք սովորաբար մեծանում են ոչ այնքան ինքնուրույն եւ հակված են լինում դառնալ եսակենտրոն՝ քանի որ մոր (հոր, տատիկ-պապիկների) կյանքը պտտվում է երեխայի շուրջ, երեխան նման վարք սկսում է ակնկալել նաեւ այլ մարդկանցից: Սա հաճախակի հանդիպող երեւույթ է հատկապես մայրերի մոտ, ինչն անկախ երեխայի սեռից, նրա մոտ ձեւավորում է թյուր պատկերացում կնոջ եւ ծնողի դերի մասին:

Առողջ հոգեբանական կերտվածքով, իրենց ուժերին վստահ, կյանքում լայն հետաքրքրություններ եւ նախասիրություններ ունեցող մայրերն հստակ տարանջատում են երեխային իրենցից եւ արտահայտվում են «Տղաս արդեն խոսում է», «Աղջիկս արդեն քայլում է», «Աղջիկս հիվանդացել էր», «Երեխաս մաթեմատիկայից խնդիրներ ունի» եւ այլ նմանատիպ ձեւերով: Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ, կարող ենք նման լեզվի սայթաքումներ ունենալ, սակայն եթե այն գերակշռող ոճ է, ապա ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու՝ սկսեք, ինքերդ ձեզ ուղղել եւ տնային հոգսերից եւ երեխայից զատ՝ գտեք ձեզ հետաքրքրող այլ զբաղմունք: Դրանով ոչ միայն ինքներդ ձեզ, այլ նաեւ ձեր երեխաներին մեծ լավություն արած կլինեք:

2. Երեխային հաճախակի նկատողություն եք անում

Մեր հասարակության մեջ թյուր կարծիք կա դաստիարակության մասին՝ երեխաներին անընդհատ պետք է ասել, թե որն է ճիշտը, որն է սխալը, պետք է ասել, թե ինչպես է կարելի իրեն պահել, ինչպես չի կարելի եւ առհասարակ ինչպես ապրել:

Եթե միայն ամեն ինչ այդքան հեշտ լիներ եւ հնարավոր լիներ միայն «ասել»-ով խելք սովորեցնել: Ասենք, երեխան դպրոցում վատ է սովորում, ասում ես, նրան թե հետագայում այդ գիտելիքները իրեն ինչի համար են պետք գալու եւ ա՜յ քեզ հրաշք, նա միանգամից սկսում է հետաքրքրված սովորել: Երեխան չի ուզում կիսվել իր խաղալիքներով, ասում ես նրան, որ ճիշտը խաղալիքներով կիսվելն է, եւ ա՜յ քեզ հրաշք՝ նա խաղալիքը տալիս է ընկերոջը: Ցավոք, իրականությունն այլ է, եւ երեխաները (իմիջիայլոց մեծահասակներն էլ) նման ձեւով ոչինչ չեն կարող սովորել: Դուք կասեք՝ «Բա ոնց, բա երեխայիս չասե՞մ ինչն է ճիշտը, ինչն է սխալը, չասե՞մ ոնց իրեն պահի»: Ոչ, մի ասեք, քանի որ դրանով դուք ոչ միայն օգուտ չեք տալիս, այլ ընդհակառակը՝ վնասում եք: Երեխաները սովորում են նմանակելով. ծնողը կիսվում է իր իրերով ուրիշների հետ, երեխան ընդօրինակում է նրա վարքը, ծնողը ճշտախոս է, երեխան սովորում է ճիշտ խոսել, ծնողը աշխատասեր է, երեխան սովորում է աշխատասիրություն եւ այլն: Ծնողի խոսքն այս դեպքում լրացուցիչ օգնող միջոց է, այլ ոչ առաջնային ուղեցույց:

Նկատողություններով խոսելն առհասարակ բացասաբար է անդրադառնում երեխաների վրա եւ վաղ թե ուշ ձեւավորվում է ցածր ինքնագնահատական եւ անինքնավստահություն սեփական ուժերի նկատմամբ: «Ուղիղ նստիր», «Մի վազիր՝ կընկնես», «Չարություն արեցիր», «Խոզություն արեցիր», «Այս խաղալիքով այսպես են խաղում», «Ճաշդ կերար, ափսեդ թողեցիր սեղանին», «Այս խնդիրը սխալ ես լուծել», «Ինչո՞ւ ես այդքան անուշադիր» եւ այլն:

Ի դեպ նշեմ, որ հաճախակի նկատողություն անող ծնողները սովորաբար իրենք էլ անինքնավստահ են եւ նման նկատողություններով փորձում են հաղթահարել իրենց թերարժեքության բարդույթը՝ երեխաների վրա իշխանություն տարածելով:

Առողջ հոգեբանական կերտվածքով, իրենց ուժերի վստահ, կյանքում լայն հետաքրքրություններ եւ նախասիրություններ ունեցող ծնողներն իրենց երեխաներին առհասարակ նկատողություններ չեն անում: Նրանք նախ երեխաների վարքը անհարկի չեն սահմանափակում (քանի որ հիմնականում նորմալ է, որ երեխան տեղում հանգիստ չնստի կամ անընդհատ հարցեր տա) եւ խոսում են կառուցողական նախադասություններով՝ «Ուտելուց հետո հավաքում ենք ափսեները» (չեզոք արտահայտություն, որը երեխայի վարքին ոչ մի գնահատական չի տալիս, միայն  հայտարարում է ընդունված կանոնի մասին), թողնում են որ երեխան վազի ու ընկնի, եւ սովորեցնում են, ընկնելուց հետո ինչ է պետք անել (եթե փոշոտվել է, շորերը թափ տալ եւ շարունակել վազել, եթե արյուն է գալիս, դիմել ծնողին որպեսզի վերքը ախտահանի), թողնում են որպեսզի երեխաները սխալվեն ու սովորեն իրենց սխալի վրա եւ այլն:

3. Անհանգստանում եք, որ ձեր երեխան հանկարծ ինչ-որ վտանգավոր բան կանի

Տարածված հոգեբանական խնդիրներից մեկը տագնապայնությունն է: Տագնապող ծնողներն անընդհատ անհանգստանում են «Բա որ հանկարծ» սցենարներով՝ «Բա որ հանկարծ երեխաս վազի ու ընկնի ոտքը կոտրի», «Բա որ հանկարծ երեխան մրսի, հիվանդանա, նոր է լավացել», «Բա որ հանկարծ երեխաս քննություններից կտրվի», «Բա որ հանկարծ մենակ թողնեմ սենյակում, իրեն մի վնաս տա» եւ այլն: Եթե դուք անընդհատ նման սցենարներ եք պատկերացնում ձեր մտքում (անկախ նրանից՝ ծնող եք, թե ոչ) ուրեմն ամենայն հավանականությամբ դուք խնդիր ունեք:

Առողջ հոգեբանական կերտվածքով մարդիկ վստահ են, որ ցանկացած իրավիճակից դուրս գալու ելք կգտնեն եւ ավելորդ անգամ չեն անհանգստանում, առավել եւս՝ այդ անհանգստության պատճառով իրենց երեխաների վարքը չեն սահմանափակում: Երեխաները ստեղծված են ակտիվ լինելու, վազելու եւ ընկնելու համար, պիտի միայն վստահ լինեք, որ այդ ամենը տեղի է ունենում ոչ թե մեքենայաշատ փողոցի մեջտեղում, այլ մանկական խաղահրապարակում: Հագցրեք հարմարավետ կոշիկներ, այնպիսի հագուստ. որ երեխան ազատ շարժվի եւ որը հեշտ է լվացվում, ու զբաղվեք ձեր գործերով:

Եվ այսպես վարվեք բոլոր բնագավառներում:

Եթե չանհանգստանալ չի հաջողվում, պիտի մտածեք ինքներդ ձեզ վրա աշխատելու մասին եւ հասկանաք, որ դա գալիս է ոչ թե այն բանից, որ դուք ծնող եք կամ ունեք չարաճճի եւ աշխույժ երեխա (քանի որ կան ծնողներ, որոնք ունեն չարաճճի երեխաներ, բայց հանգիստ են ամեն ինչին վերաբերվում), այլ նրանից, որ դուք տագնապային հոգեվիճակում եք: Դիմեք հոգեբանի կամ բժշկի եւ լուծեք ձեր խնդիրները: Հակառակ դեպքում ձեր երեխան էլ հակված կլինի տագնապայնության:

4. Երեխայի վրա բարկանում եք

Եթե միայն կարողանայի խոսքով ձեզ փոխանցել բարկության վնասների մասին, օ,՜ ինչպիսի հրաշալի մանկություն կունենային մեր երեխաները: Ցավոք, շատերիդ համոզել չի լինի, ամեն դեպքում ես՝ որպես հոգեբան եւ ծնող, իմ պարտքն եմ համարում ձեզ զգուշացնել բարկության բացասական հետեւանքների մասին: Երբ երեխաների վրա բարկանում եք, նրանք դրանից ոչինչ, բացարձակապես ոչինչ չեն սովորում: Այսինքն, կներեք, ինչպես չեն սովորում, սովորում են, որ բարկանալը նորմալ է, որ ագրեսիան արտահայտելը նորմալ է: Բարկանալ, թե ինչու է երեխան բաժակը կոտրել, ճաշը թափել, քննությունից կտրվել կամ այլ ինչ-որ արկածի մեջ ընկել, անիմաստ է: Այն երեխաները, որոնց վրա հաճախ են բարկանում, սովորաբար կամ լինում են ճնշված եւ անինքնավստահ կամ իրենք էլ իրենց հերթին դառնում են ագրեսիվ:

Նշեմ նաեւ, որ բարկությունն էլ կարող է լինել նշան ներքին անինքնավստահության եւ վկայում է անհավասարակշռված հոգեկան վիճակի մասին:

Առողջ հոգեբանական կերտվածքով ծնողները շատ հազվադեպ են բարկանում, քանի որ նրանք չունեն ներքին ագրեսիա, որը կարիք ունի ինչ-որ կերպ դուրս թափելու: Նրանք երեխաների հետ խոսում են հանգիստ եւ սիրալիր, եւ եթե կարիք կա երեխաներին պատժելու, դա նույնպես անում են սիրով:

Ամփոփելով ասեմ, որ եթե դուք սիստեմատիկորեն դրսեւորում եք վերը նշված վարքային չորս գծերից որեւէ մեկը, մի քանիսը կամ բոլորը միասին, կանգ առեք, գիտակցեք, որ դա գալիս է ոչ թե երեխայի տեսակից, ծնող լինելուց (կան մարդիկ, որոնք մտածում են, որ ծնողի պարտականությունն է երեխաների վրա բարկանալը կամ նկատողություններ անելը) կամ ինչ-որ այլ արտաքին հանգամանքներից, այլ պարզապես նրանից, որ դուք վարժվել եք «աղճատող ակնոցին»: Ժամանակն է լրջորեն ձեռնամուխ լինել ներքին խնդիրների լուծմանը:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am