Ինքներս մեզ արժանի դառնանք - Mediamax.am

Ինքներս մեզ արժանի դառնանք
5065 դիտում

Ինքներս մեզ արժանի դառնանք


Մի քանի օր առաջ կեռաս էի գնում գյուղում ապրող մի կնոջից, որն իր այգու բերքն էր վաճառում ճանապարհով անցնող մեքենաներին: Կեռասը շատ համեղ էր՝ մեկ անգամ արդեն գնել էի իր մոտից ու այս անգամ էլ էի լավ որակ ակնկալում:

Կինը իմ ծնողների տարիքի էր, գյուղում ապրող մարդու առույգ կեցվածքով: Այդ օրվա կեռասն ավելի էժան հաշվեց, իսկ երբ ասացի, որ կարիք չկա՝ սրտնեղեց: Ասաց՝ ես իմ ապրանքի գինը գիտեմ եւ այստեղ որպես մուրացկան չեմ կանգնած, որ ինձ չպատկանող գումար վերցնեմ: Ժպտացի, առողջություն մաղթեցի եւ ճանապարհին՝ վայելելով անզուգական կեռասը, մտքերով տարվեցի, որոնք էլ հանգեցրին այս սյունակին:

Մենք եզակի որակներ ունենք պարփակված ընտանիքներում եւ ընկերական միջավայրերում: Ես դա գիտեմ, քանի որ աշխատանքի բերումով հաճախ եմ շփվում շատ տարբեր ընտանիքների հետ եւ տեսնում եմ այդ ընտանիքներում մեծացած երեխաներին: Բարոյական սկզբունքները մնում են այդ փոքր եւ պարփակված համայնքների ներքին որոշումների գլխավոր չափանիշը, մարդիկ ամեն կերպ պահում եւ պահպանում են իրենց պատկերացմամբ ճիշտ բարոյականությունը իրենց մտերիմների հետ հարաբերվելիս:

Սակայն եթե պարկեշտ ենք մտերիմների նկատմամբ, կարող ենք մոռանալ ամեն սկզբունք, երբ գործ ունենք օտարի հետ: Այստեղ կրկնվում է նույն երեւույթը, որի հետեւանքով շքեղ տների շրջակայքում հաճախ աղբանոց է, շենքերի շքամուտքերի մեծ մասը ավերված վիճակում է եւ այլն:

Որքան ավելի լավ կլիներ, եթե մեր հասարակության մեջ գոնե ինչ-որ չափով կիրառվեին այն նույն բարոյական սկզբունքները, որոնք մենք սրբորեն պահպանում ենք հարազատների միջավայրում: Որպեսզի Հայաստանի ամեն բնակիչ ինչ-որ առումով մեզ համար հարազատ լիներ: Այդ դեպքում մենք ամեն գնով չէինք  դասավորի մեր ընտանիքի անդամների գործերը՝ վնասելով այլոց: Չէինք դավաճանի երկրի շահերը՝ թալանելով բյուջեն: Ասում են՝ այդպիսին է Իսլանդիան, որտեղ բոլորը բառիս բուն իմաստով հարազատներ են հանդիսանում:

Ի՞նչ պետք է անենք, որպեսզի մեր ընտանեկան որակները բերենք հանրային դաշտ: Ինչպե՞ս պիտի համոզենք մարդկանց կիրառել նույն բարոյական սկզբունքները բոլորի հանդեպ եւ բոլոր իրավիճակներում, առանց խտրականության: Կարծում եմ, հիմքը փոխադարձ վստահությունն է: Երբ կա վստահություն, մարդիկ պատրաստ են զոհել անձնականը հանուն հանրայինի, ինչը բարոյականության գլխավոր դրսեւորումն է: Վստահությունը օդից չի ծնվում՝ այն կերտվում է գործնական քայլերով: Գնացեք ցանկացած երկիր եւ մտեք ցանկացած համայնք՝ հարուստ թե աղքատ: Եթե տեսնեք մաքուր եւ կոկիկ միջավայր, ուրեմն, մթնոլորտն այդ համայնքում տոգորված է փոխադարձ վստահությամբ: Եթե միջավայրը անկանոն է, կեղտոտ եւ անփույթ՝ ուրեմն այդպիսին են նաեւ այդտեղի մարդկանց հարաբերությունները: Ի դեպ, ընկերներիցս ոմանք այս առումով հաճախ զուգահեռներ են տանում Հայաստանի եւ Արցախի միջեւ, հօգուտ վերջինիս:

Եկեք քայլեր նախաձեռնենք մեզ բոլորիս մտահոգող հարցերին համատեղ, համայնքային լուծումներ տալու ուղղությամբ: Մենք «Այբ» համայնքի սահմաններում ստանձնել ենք մի կարեւորագույն հարցի՝ կրթության հանգուցալուծումը: Սակայն դեռ բազմաթիվ այլ հարցեր կան, որոնք սպասում են իրենց շուրջ հավաքված համայնքների: Մենք ունենք ուժեղ հիմք՝ ամուր ընտանիքներ: Եկեք ստեղծենք երկրորդ օղակը՝ իրական համայնքայնությունը, որպեսզի ազգովի դառնանք ինքներս մեզ արժանի:

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին