Պատերազմի երեսները` շուրջերկրյա փախուստ - Mediamax.am

Պատերազմի երեսները` շուրջերկրյա փախուստ
5133 դիտում

Պատերազմի երեսները` շուրջերկրյա փախուստ


Երբեմն ուզում եմ, որ դպրոցը տեւի ամբողջ օրը ...  Անափ սեր կա երեխաների մեջ... 15 տարեկան, ձիգ ու սլացիկ մարմնով, սիրունագույն հոգով սիրիացի Մամունը խաղահրապարակից գրկած դասարան է հասցնում 10 տարեկան փոքրամարմին ու չարաճճի աչքերով աֆղանցի Սոեհին. չարաճճին այս անգամ էլ ուղղակի հոգնել ու էլ ցանկություն չունի քայլելու...

Պատահում է՝ դասարան եմ մտնում ու հասկանում`այսօր ոչ թե դասի, այլ զրույցի օր է: Երեխեքը` իմ բոլոր վեց Մուհամեդները, երեք Ալիները, երկու Ահմեդներն ու մյուսները դասից դուրս ասելիք ունեն։ 

Սարան ու Մուհամեդը իրար հերթ չտալով հարցնում են.

- Իսկ Հայաստանում մահմեդականները շա՞տ են, Ֆռաու Պետրոսյան։

- Ինչքա՞ն մահմեդական է ապրում Ձեր քաղաքում։

Տարբերակ չունեմ` փորձում եմ թղթին նկարել Հայաստանի քարտեզն ու ցույց տալ հարեւանների տեղադիրքը, պատմել նրանց հետ մեր կա ու չկա հարաբերությունների, Արցախում վերսկսված կարճատեւ, բայց կյանքեր տանող պատերազմի մասին։ 

Փախուստի ճամփով Սիրիայից Գերմանիա հասած 13 տարեկան Սարան, 14 տարեկան Ամանին, 15 տարեկան Մուհամեդը, Աֆղանստանից փախած 15 տարեկան զույգ քույրերը՝ Աֆսանեն ու Ֆարսանեն համակ ուշադրությամբ լսում են։

Աստիճանաբար` պատմությանս հետ ավելի ու ավելի են մեծանում ու տխրում Սարայի աչքերը:

-Ես գիտեմ, թե պատերազմը ինչքան վատ բան է, Ֆռաու Պետրոսյան: Շատ եմ ցավում, որ հիմա Ձեր երկրում պատերազմ է ու հենց մահմեդականների հետ.... Պատերազմը ամեն ինչ փչացնում է... Ախր, Գերմանիայում մահմեդականներն ու քրիստոնյաները կարողանում են չէ՞ խաղաղ ու համերաշխ ապրել...

Մտահոգ են բոլորը, իսկ Մուհամեդը զրույցից կտրված հեռախոսն է փորփրում. 

-Սա է տունս,- ցույց է տալիս նախ ինձ, ապա ընկերներին:

Մինչեւ Գերմանիա փախչելը` նկարահանել էր իրենց տունն ու բակը: Շեն տուն էր՝ լուսավոր ու մեծ, շքեղ կահավորված: Տան դիմաց մեծ պարտեզ էր եւ ավելի քան յոթ թանկարժեք մեքենա:

-Սա իմ մեքենան է, մնացածն էլ եղբայներիս ու հորս մեքենաները:

Ինչպես բնորոշ է մահմեդական համարյա բոլոր ընտանիքներին, Մուհամեդի ընտանիքն էլ բազմամարդ է ՝մեկ հայր, մի քանի մայր եւ համապատասխանաբար բազում երեխաներ:

-Հասցրեցի մեր տունը նկարել, մինչեւ ոստիկանները եկան ու բռնագրավեցին: Նրանք տերորիստների՞ հետ են աշխատում: Մտան ներս ու վռնդեցին մեզ մեր իսկ տնից: Ես ու հայրս փախանք Հորդանանով: Յուրաքանչյուրիս համար վճարեցինք 1500 դոլար: Նավակով հասանք Հունաստան: Մնացած հատվածն էլ անցանք ոտքով, ավտոբուսով, գնացքով... Հիմա հորս հետ եմ Գերմանիայում: Բայց ամեն ինչ անում ենք, որ մեկ ամսից մայրս ու ընտանիքի բոլոր անդամները նույնպես այստեղ լինեն:

Մուհամեդը պատմում էր, իսկ ինձ մտքերս տեղափոխեցին դրանից մի քանի օր առաջ. Մուհամեդը դասարան մտավ ծաղկեփունջը ձեռքին՝ ամոթից կարմրած, բայց  լուսավոր-լուսավոր... Ինձ համար էին ծաղիկները... Այդքան դժվարություններից հետո, 15 տարեկան պատանյակը դեռ կարող է այդպես վառվել ու կենսասիրությամբ վարակել... Միեւնույն ժամանակ, զարմանալի չէ. մեր տեսած ջարդերից ու փախուստից հետո մենք` հայերս էլ ապրում ենք ու ապրեցնում...

Մշտապես լուռ եւ ինքնամփոփ, համաչափ դիմագծերով ու նրբակազմ երկվորյակ քույրերը` Աֆսանեն ու Ֆարսանեն, այս անգամ էլ լռում են, բայց խոսելն օգտակար կլիներ։ Հայացքս համընկավ Ֆարսանեի հայացքին` հասկացա, որ գուցե այս անգամ չլռի, պատրաստ է խոսելու…

-Խոսիր Ֆարսանե, ի՞նչ ճանապարհ եք անցել։

-Սարսափելի էր, Ֆռաու Պետրոսյան: Աֆղանստանից դուրս ենք եկել ամբողջ ընտանիքով։ Պակիստանը անցանք, հասանք Իրան: Իրանում սահմանի վրա ոստիկանությունը սկսեց կրակել մորս, Աֆսանեի ու իմ ոտքերին: Հիշում եմ ինչպես էր հայրս բղավում՝ արագ-արագ փախեք: Նրանք չէին ուզում մեզ ընդունել, ասում էին` հետ գնացեք: Հետ գնացինք Աֆղանստան: Մեկ ամիս հետո նորից Պակիստանը կտրեցինք եւ երկու օրում ոտքով գաղտնի հասանք Իրան: Տուն վարձեցինք ու ապրեցինք ավելի քան մեկ ամիս՝ մինչեւ ստացվեր Թուրքիայի ճանապարհը հաղթահարել։ Այդպիսով մեկ ամսից կարողացանք վերջապես Թուրքիա մտնել: Երեք ամիս ապրեցինք վրաններում՝ տղամարդկանցից առանձնացված։ Անասելի դժվար էր: Երեք ամսից վերջապես 15 հոգանոց փչովի նավակով Թուրքիայից ճանապարհվեցինք դեպի Հունաստան: 3 ժամ լողացինք: Հունաստանից հետո Բուլղարիա մտանք, հետո Խորվաթիա, Հունգարիա, Ավստրիա եւ վերջում՝ Գերմանիա: Ճանապարհը կտրեցինք ինչով պատահի, բայց  մեծ մասամբ ոտքով: Ուրախ եմ, որ վերջապես այդ ամբողջը, այդ շուրջերկրյա փախուստը մնացել է հետեւում: Չեմ ուզում հետ գնալ Աֆղանստան: Այստեղ կսովորեմ ու լավ մասնագետ կդառնամ՝ հագուստի դիզայներ: 

Սիրիացի Ամանին, որն ամբողջ ընթացքում լուռ էր, հանկարծ տեղից վեր թռավ, բացականչելով.

-Իսկ ես, իսկ ես Գերմանիայում կմնամ ու ճարտարապետություն կսովորեմ։ Պատերազմից հետո կկարողանամ վերադառնալ ու վերակառուցել իմ երկիրը, նախ մեր տունը կսարքեմ:

Անուշ Պետրոսյանը Մեդիամաքսի նախկին աշխատակից է, ներկայում դասավանդում է փախստական դպրոցականներին Գերմանիայում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին