Մեր ուղեղների քաղաքացիական պատերազմը - Mediamax.am

Մեր ուղեղների քաղաքացիական պատերազմը
11727 դիտում

Մեր ուղեղների քաղաքացիական պատերազմը


Քաղաքացիական պատերազմն արդեն սկսվել է: Մեր ուղեղներում ու սրտերում այն մոլեգնում է ամբողջ թափով:

Մենք սպասում ենք հարմար առիթի, որպեսզի բաժանվենք երկու ճամբարի:

Միայն երկու, միայն սեւ ու սպիտակ՝ մեզ այլ գույներ կամ կիսագույներ հարկավոր չեն: Կամ մեր հետ ես, կամ մեր դեմ ես, այլ տարբերակ չկա: Փորձո՞ւմ եք գնալ դեպի երրորդ կամ չորրորդ «ճամբարներ»՝ կառուցված բանականության, սառը դատելու կարողության վրա: Դավաճան եք, թուլամորթ եք, կամ էլ «հիմնական» երկու ճամբարներից մեկի ծպտյալ անդամ եք:

Ատում ենք միմյանց: Այս կամ այն ճամբարի ղեկավարներին հերոսացնելով կամ մոլեռանդորեն պաշտպանելով, մոռանում ենք մարդկային շփման բոլոր գրված ու չգրված կանոնները:

Ակտիվիստները ատում են ոստիկաններին, ոստիկանները ատում են ակտիվիստներին:

Սուտը եւ ցինիզմը դառնում են սովորական վարվելակերպ:

Հունան Պողոսյանը Օպերայի հրապարակում իր ձեռքերով ոստիկանական մեքենայից հանում է երկու ծեծված երիտասարդի, բայց ձեւացնում է, որ բան չի եղել, տղաները, երեւի, մեքենայում սայթակել ու անհաջող ընկել են:

Մհեր Մկրտչյանի կինը անբովանդակ լեզվակռիվ է տալիս ոստիկանի հետ ու դերասանական արվեստի դասերի հրավիրում Վլադիմիր Գասպարյանին:

Սահմանադրական փոփոխությունների հեռուստատեսային reality show-ի ակտիվ մասնակից Վաղինակ Շուշանյանը ոչ ադեկվատ պահվածք է դրսեւորում ու հարյուրավոր մարդիկ, հիմնական խնդիրը թողած, սկսում են քննարկել՝ Վաղինակը դերասանություն էր անում, թե՞ ոչ:

Եթե մենք կանգ չառնենք, մեր ուղեղներում ու սրտերում ընթացող քաղաքացիական պատերազմը վաղ թե ուշ վերաճելու է իրական պատերազմի: Բառն այլեւս որեւէ արժեք չունի, իսկ հայհոյանքն արդեն դադարել է ծայրահեղ միջոց լինել:

Ինչ էլ լինի այս երկրում, պտուղները մեր երեխաներն են քաղելու: Նրանք չեն ճանաչում Սերժ Սարգսյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Պավլիկ Մանուկյանին կամ Հունան Պողոսյանին: Նրանք ճանաչում են մեզ՝ իրենց ծնողներին: Եվ մեր պարտքն է դադարեցնել քաղաքացիական պատերազմը մեր ուղեղներում ու սրտերում: Եթե մենք դա չանենք, այն, ինչ կատարվում է այսօր Էրեբունիում, կրկնվելու է նորից ու նորից: Կարեւոր չէ, թե որ ճամբարից եք: Կարեւորն այն է, որ կարող եք միմյանց չատել:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին