«Ես ձեր փոխարեն ամաչում եմ» - Mediamax.am

«Ես ձեր փոխարեն ամաչում եմ»
14033 դիտում

«Ես ձեր փոխարեն ամաչում եմ»


Մեծարգո պարոն Նախագահ,

Ինչպես եւ Հայաստանի շատ քաղաքացիներ, ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչո՞ւ Դուք որեւէ կերպ չեք անդրադառնում մեր երկրում ստեղծված բարդ իրավիճակին, չեք բացատրում մարդկանց, թե ինչպես եք տեսնում խնդրի հանգուցալուծումը:

Թույլ տվեք մի քանի մեջբերում անել նախորդ տարիների ձեր ելույթներից՝ առանց մեկնաբանությունների:

7 ՏԱՐԻ ԱՌԱՋ

2009 թվականի ապրիլի 10-ին` Ձեր պաշտոնավարման առաջին տարվան նվիրված մամուլի ասուլիսում Ձեզ այս հարցն ուղղեցի.

- Պարոն նախագահ, չե՞ք կարծում, որ իշխանությունների ամենամեծ խնդիրներից մեկը ոչ հետեւողական լինելն է։ Մոտ մեկ տարի առաջ ոստիկանության նոր ղեկավարն ու նրա ենթակաները հայտարարեցին, որ կարգազանց, անձեռնմխելի վարորդներ եւ մեքենաներ այլեւս չեն լինի։ Սակայն դա տեւեց ընդամենը մի քանի ամիս։ Հիմա ամենուր կարելի է հանդիպել երեւույթների, երբ կարգազանց վարորդը զանգում է իրեն հովանավորող ինչ–որ մեկի, եւ դրանից հետո մենք ականատես չենք լինում համապատասխան պատժի։ Չե՞ք կարծում, որ հենց նման երեւույթներն են, որ իշխանությունների նկատմամբ մարդկանց վստահությունը վերացնում են։

Դուք պատասխանեցիք.

«Ես չեմ կիսում Ձեր կարծիքն այն մասով, որ այսօր հայտնվել են շատ մարդիկ, ովքեր անձեռնմխելի են։ Ամեն օր Երեւանի փողոցներում կարելի է ականատես լինել, թե ինչպես են շքեղ մեքենաներ տարվում տուգանային հրապարակ, թե ինչպես են տուգանքի ենթարկվում, եւ այլն։ Մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, որ եթե հեշտ լիներ կարճ ժամանակում այդ խնդիրը հաղթահարել, ապա վաղուց արդեն այն հաղթահարված կլիներ։ Սա ոչ միայն մեր երկրի, այլեւ բոլոր երկրների խնդիրն է, եւ մանավանդ զարգացող ժողովրդավարությամբ երկրների պրոբլեմն է։ Ես չեմ կիսում ձեր կարծիքը նաեւ այն մասով, որ իշխանությունները կամ ես հետեւողական չենք։ Կարող էիք ինձ մեղադրել անհետեւողականության մեջ, եթե ես իմ ազդակները փոխեի, եթե ես ամեն անգամ ազդակ չուղարկեի ոստիկանությանը, որ պետք է խիստ լինել, որ պետք է գործել օրենքին հարիր, օրենքի տառին համապատասխան, որ պետք է կաշառակերներին ձերբակալել, որ պետք է խախտողներին տուգանել, եւ այլն։ Եթե ես դա մշտապես չանեի, կասեիք՝ անհետեւողական եք, խոսեի ուրիշ բաների մասին»։

5 ՏԱՐԻ ԱՌԱՋ

2011թ. մարտի 14-ին Դուք ելույթ ունեցաք Ոստիկանության կոլեգիայի նիստին եւ սպաներին ու գեներալներին ասացիք. «Ես ձեր փոխարեն ամաչում եմ»:

«Մենք շատ հաճախ ենք անդրադառնում ճանապարհային ոստիկանության խնդիրներին, որոշ դեպքերում արձանագրում ենք փոփոխություններ, հետո ժամանակի ընթացքում դիտարկում հետընթաց: Սա, կարծես, սովորական է դարձել»,- ասացիք Դուք:

4 ՏԱՐԻ ԱՌԱՋ

2012թ. հուլիսի 20-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում Դուք ասացիք.

«Ուզում եմ, որպեսզի բոլորդ մեկ անգամ եւս լսեք հենց իմ շուրթերից, որ մեր երկրում անպատժելի մարդ գոյություն չունի: Եվ բոլոր այն հեքիաթները, որ այս մեկը այն մեկին է պաշտպանում, որ այս մեկին չի կարելի մոտենալ, որ այն մեկն անձեռնամխելի է, իրոք, հեքիաթներ են: Դրանք հնարում են թուլակամ մարդիկ, թույլ ոստիկանները, որպեսզի արդարացնեն իրենց անգործությունը: Չկան այդպիսի մարդիկ: Ով հանցագործություն է կատարում՝ պետք է պատժվի: Սա՛ է մեր մոտեցումը»:

4 ՏԱՐԻ ԱՌԱՋ

2012 թվականի նոյեմբերի 3-ին՝ ելույթ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական ժողովին, Դուք ասացիք.

«Այժմ մենք կտրուկ փոփոխությունների ենք գնում երկրում արդարության միջավայրի հաստատման հարցում: Մենք շարժվում ենք հստակ ծրագրով, որը որեւէ հետադարձ չի ենթադրում այլեւս: Արդարության ընկալման վրա խարսխված հասարակական հարաբերությունները եւ վստահությունը արդարադատության համակարգի հանդեպ չափանիշներ են, որոնց մենք ձգտում ենք, որոնց ուղղությամբ սկսել ենք հաստատակամորեն առաջ շարժվել եւ կարճ ժամանակահատվածում արդյունքներ ենք ունենալու»:

Մեծարգո պարոն Նախագահ,

հուսով եմ, ամենամոտ ապագայում մենք Ձեզ լսելու հնարավորություն կունենանք՝ ս.թ. փետրվարի 12-ին՝ հանդես գալով սահմանադրության փոփոխությունների կենսագործման վերաբերյալ ծրագրային ելույթով, Դուք շեշտել էիք, «որ «վերեւում» պատասխանատվությունից խուսափող եւ քննադատությունից վախեցող չկա»: 

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին