Սեպտեմբեր 25, 2016
 Մենք հրաժարվում ենք հանձնվել
10589 դիտում

Մենք հրաժարվում ենք հանձնվել


Վերջին օրերի իրադարձությունների արդյունքում կողմերի առաջադրած պահանջներում ամփոփված են այս իրադրության թե պատճառները, թե լուծումները: 

Ձևակերպած է երկու հստակ պահանջ։ «Սասնա ծռեր» ջոկատի կողմից` իշխանության հրաժարականը, իսկ իշխանությունների կողմից՝ զենքերը վայր դնել և հանձնվել։ Հրաժարականի պահանջը ամենևին էլ անակնկալ և անիրական պահանջ չէ։ Տասնամյակներ շարունակ իշխանությունները de facto հրաժարվել են, հրաժարվել են կամավոր և միտումնավոր։

ՀՐԱԺԱՐՎԵԼ են`

սահմանից ու սահմանադրությունից,
քաղաքականությունից ու քաղաքակրթությունից,
գյուղից ու գյուղացուց,
քաղաքից ու քաղաքացուց,
մտքից ու մտավորականից,
մշակից ու մշակույթից,
լույսից ու լեզվից,
անցյալից ու ապագայից,
հիմա էլ արդեն նաև Հաղթանակից:

Տասնամյակներ շարունակ մեզ ստիպեցին վայր դնել մեր «զենքերն» ու հանձնվել։

Հանձնել ենք մեր իրավունքը, արժանապատվությունը։
Հանձնել ենք մեր երազները, ծրագրերն ու ապագան։
Հանձնել ենք մեր երիտասարդությանը:
Հանձնել ենք մեր խիզախումները, ոգին:
Հանձնել ենք մեր աշխատանքը:
Հանձնել ենք մեր ձայնն ու խոսքը:
Հանձնել ենք մեր ուրախությունը:
Հանձնել ենք հանուն անցնցուն, «ապահով» ու գաղջ Հայաստանի:
Հանձնել ենք ու լռել, Հանձնել ենք ու հեռացել:

Մենք լավ գիտեինք, որ հանձնման կասեցումը ցավոտ է լինելու, շատ ցավոտ։

Պարոնայք իշխանավորներ, դուք միամտաբար կարծում եք, թե ոստիկանական մահակները մե՞ր դեմ եք հանել, ամենևին. ձեր դեմ եք հանել: Յուրաքանչյուր ծեծվող քաղաքացու հետ դուք եք ծեծվում: Եվ այդ ծեծից ձեզ մնում է միայն սթափվել և ՀԱՆՁՆՎԵԼ, քանի որ մենք ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ  թե ձեզանից, թե հանձնվելուց:

Արամ Մեհրաբյանը «Փրինթինֆո» հրատարակչության տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am