Երբ եւ ինչպես պատժել երեխաներին - Mediamax.am

Երբ եւ ինչպես պատժել երեխաներին
11938 դիտում

Երբ եւ ինչպես պատժել երեխաներին


                                                                       Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                              սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Մանկությանս տարիներին իմ ամենասիրած գրքերից մեկը հայտնի մանկագիր Աստրիդ Լինդգրենի «Լյոնեբերգցի Էմիլի արկածներ»-ն էր: Դժվար է գտնել մեկին, որ կարդացել ու համակրանքով չի լցվել դեպի այդ չարաճճի տղան: Ամեն անգամ ինչ-որ արկածի կամ պատմության մեջ ընկնելիս ծնողները նրան պատժում էին նկուղում փակելով: Իսկ Էմիլը միշտ զարմանում էր, թե ախր ինչո՞ւ, ինչի համար են իրեն պատժում, չէ՞ որ ինքը մտածում է ուրիշներին օգնելու եւ լավ գործեր կատարելու մասին: Հիշում եմ, որ փոքր ժամանակ ես էլ էի համաձայն Էմիլի հետ եւ մտածում էի, որ  իրեն անարդար են պատժում: Պարզվում է, որ ես ճիշտ էի, թեեւ դժվար թե այն ժամանակ կարողանայի հիմնավորել իմ կարծիքը: Եվ այսպես, երբ եւ ինչպես պատժել երեխաներին:

Պատժել կարելի է միմիայն այն դեպքում, երբ երեխան խախտել է նախօրոք հստակեցված պայմանը կամ կանոնը

Երեխան պատահաբար կոտրեց բաժակը կամ մայրիկի սիրելի ծաղկամանը, ճաշը ուտելուց կեղտոտեց իր չորս բոլորը, բակում խաղալուց ընկավ ցեխի մեջ ու սպիտակ շալվարի վրա բծեր հայտնվեցին, անզգույշ շարժումով հրեց-գցեց ընկերոջը եւ այլ նման դեպքերը նորմալ են: Պատժել երեխային պատահական արարքների կամ միջադեպերի համար ոչ մի դեպքում չի կարելի, եթե անգամ նման միջադեպեր հաճախակի են պատահում:

Երեխային կարելի է պատժել միայն ու միայն նախօրոք պայմանավորված կանոնների խախտման համար: Օրինակ՝ երեխային հանձնարարություն եք տվել եւ նա չի կատարել՝ ստանում է իր պատիժը: Եթե նախօրոք չեք պայմանավորվել, ուրեմն երեխային պատժել չեք կարող: Եթե նույնիսկ պատժեք էլ, ապա դա ոչ մի դրական հետեւանք չի ունենա: Ճիշտ Լյոնեբերգցի Էմիլի դեպքի նման: Այո, Էմիլը չարաճճի էր, անընդհատ ընկնում էր պատմությունների մեջ եւ ծնողների համար գլխացավանքներ էր ստեղծում, բայց դա նրա հնարամտության արտահայտությունն էր: Պատժել երեխային այն բանի համար, որ նա հնարամիտ է, հավասարազոր է նրա ապագա հաջողության վրա քար գցելուն: Ճիշտ է, Էմիլը գեղարվեստական կերպար է, բայց շատ գունեղ արտահայտում է իրականությունը եւ ցույց տալիս, թե ինչպես նման արարքների համար երեխային պատժելը օգուտ չի բերում (նկուղում նստելուց, նրա չարաճճիությունը բոլորվին չէր պակասում): Սա ճիշտ է նաեւ իրական կյանքում, առանց զգուշացման արված պատիժը երեխայի համար անհասկանալի է եւ սովորեցնում է նրան, որ աշխարհն անարդար է: Այդ պատճառով ընտրեք ձեզ համար կարեւոր մի քանի կանոն (ոչ այնքան շատ եւ կապված հիմնականում երեխայի անվտանգության հետ), դրանք հստակ բացատրեք երեխային եւ պատժեք միայն դրանք խախտելու համար:

Աշխատեք երեխաներին հնարավորինս քիչ պատժել

Պատիժը դաստիարակության մեջ ծայրահեղ միջոց է եւ ամեն կերպ պետք է խուսափել դրանից: Ինչքան քիչ առնչվեք այնպիսի դեպքերի հետ, երբ հարկ կա պատժել երեխային, այնքան ձեր եւ երեխայի օգուտն է: Եթե առհասարակ խուսափեք նման իրավիճակներից, էլ ավելի լավ: Սակայն որոշ դեպքերում պատիժն անխուսափելի է, այդ պատճառով առաջնորդվեք «ինչքան հնարավոր է քիչ» եւ «փոքր չափաբաժնով» սկզբունքներով:

Դժվար է ասել, թե որտեղ է այն սահմանը, երբ պատիժը դառնում է ոչ թե երեխային կարգուկանոն սովորեցնելու միջոց, այլ մեծահասակի ինքնահաստատման ձեւ, բայց եթե նկատել եք, որ «կպատժվես», «պատիժ» արտահայտությունները հաճախակի եք օգտագործում, ուրեմն սխալը փնտրեք ձեր մեջ: Ամեն օր, թեկուզեւ տարբեր բաների համար երեխային պատժելը արդեն իսկ շատ է: Այն պիտի լինի ծայրահեղ միջոց եւ  եթե երեխային պատժելու առիթները հաճախակի են, ուրեմն պիտի լրացուցիչ ջանք թափեք, որպեսզի կանխեք կարգը խախտելը: Իհարկե, սա ավելի շատ եռանդ ու ժամանակ է պահանջում, քան արդեն իսկ արված բանի համար պատժելը: Ավելի լավ է այդ ջանքը, եռանդն ու ժամանակը ծախսեք այն ժամանակ, երբ երեխան դեռ փոքր է, քան սպասեք մեծանա, քանի որ այդ դեպքում պահանջվող ռեսուրսները կկրկնապատկվեն, իսկ որոշ դեպքերում էլ արդեն ուշ կլինի: 

Երեխաներին պատժելիս նրանց վերաբերվեք սիրով եւ կարեկցանքով

Ոչ մի դեպքում չի կարելի պատժել, երբ բարկացած եք կամ նյարդայնացած: Շունչ քաշեք, հանգստացեք, հետո միայն անցեք գործողությունների: Երեխայի հետ խոսեք սիրով, կարող եք նրան գրկել, փաղաքշել: Ամեն կերպ ցույց տվեք, որ նրան պատժելը ձեզ համար տհաճ է, բայց դուք ստիպված եք, քանի որ երեխան խախտել է կանոնը ու պիտի կրի դրա հետեւանքները: Երեխաներն այսպիսով սովորում են հարգել կանոնները եւ հետագայում մեծանում են որպես օրինապաշտ քաղաքացիներ:

Խուսափեք երեխաներին պատժել էկրանից զրկելով

Տարածված պատժամիջոց է  երեխային հեռուստացույցից, պլանշետից կամ համակարգչային խաղեր խաղալուց զրկելը: Սա հաճախ կիրառվում է հատկապես տնային աշխատանքները չանելու, կիսատ թողելու կամ ցածր գնահատական ստանալու պարագայում: Այս մոտեցումը ծուղակ է, եւ եթե նայենք երկարաժամկետ, ապա այն հանգեցնում է մի շարք անցանկալի հետեւանքների:

Մենք այժմ ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ էկրանից կախվածությունը հաճախակի հանդիպող երեւույթ է: Այն արդեն իսկ աճող սերնդի մեծամասնության համար նախընտրելի զբաղմունք է, եւ կարիք չկա այդ մղումը  պատժի միջոցով ավելի խորացնել: Դրանով երեխայի մոտ ստեղծվում է խեղաթյուրված պատկերացում, որ օրինակ՝ դասերը հարկադրված անցանկալի են, իսկ էկրանը՝ պարգեւատրում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց հուզական արձագանքը ինչ-որ բանի կորստի դեպքում ավելի ուժեղ է, քան եթե նրանց ինչ-որ բանով պարգեւատրում են: Նույնն էլ երեխաների մոտ է, այսպես վարվելով մենք ուժեղացնում ենք նրանց ձգտումը դեպի էկրանը (եւ հակակրանքը դեպի դասեր):

Այդ պատճառով ցանկալի տարբերակ է առհասարակ էկրանից զրկելով չպատժել եւ այս երեւույթը ոչնչի հետ չկապել: Իսկ թե ինչպես խուսափել էկրանի կախվածությունից, կարող եք կարդալ այստեղ:

Ֆիզիկական պատժամիջոցը բռնություն է երեխայի նկատմամբ

Ոչ մի դեպքում, անկախ երեխայի կատարած արարքից, անկախ հանցանքի չափից, չի կարելի պատժել ֆիզիկական ուժ կիրառելով: Ֆիզիկական ուժի կիրառումը բռնություն է երեխայի նկատմամբ, այլ ոչ թե պատժելու ձեւ: Իսկ ցանկացած բռնություն երեխայի հոգեբանության վրա բացասական հետեւանք է թողնում: Երեխայի վրա ձեռք բարձրացնելը միայն ու միայն մեծահասակի ունեցած ագրեսիայի արտահայտությունն է, ներքին լարվածությունը լիցքաթափելու միջոց եւ բացարձակապես ոչ մի դաստիարակչական իմաստ կամ նպատակ չի պարունակում:

Այնպես որ, եթե դուք թեկուզ եւ հազվադեպ ծեծում եք երեխային, պիտի սթափվեք եւ աշխատեք ձեզ վրա, որպեսզի շտկեք ձեր վարքը: Սրանով դուք կնպաստեք, որ ձեր երեխաները մեծանան հոգեբանական առողջ մթնոլորտում եւ կկանխեք հոգեբանական խնդիրների առաջացումը:

Կիրառեք բազմաբնույթ պատժամիջոցներ

Եթե ստիպված եք պատժել երեխային, ապա հիշեք, որ պատժի լավագույն միջոցը փոփոխվող պատիժն է: Պատժել եք երեխային երեկոյան հեքիաթ չկարդալով կամ նրա ընկերներին տուն չհրավիրելով, հաջորդ անգամ գտեք մեկ այլ միջոց: Աշխատեք իրար հետեւից հաճախակի նույն պատժամիջոցը չկիրառել, որպեսզի երեխաների մոտ չձեւավորվի ավելորդ պայմանական ռեֆլեքս: Պատժամիջոցները նախօրոք սահմանելիս, ուշադրություն դարձրեք,որ դրանք լինեն բազմազան՝ այնպես չլինի, որ երեխան անկախ այն բանից, թե ինչ կանոն է խախտել, միշտ նույն պատիժը կրի: Հակառակ դեպքում դուք երեխայի մոտ կձեւավորեք տվյալ պատժամիջոցի նկատմամբ բարձր դիմադրողականություն եւ այն այլեւս չի ունենա իր ցանկալի ուժը (վերադառնալով Էմիլի օրինակին, նկատենք, որ նրա համար նկուղում «բանտարկվել»-ը ինչ-որ տեղ դարձել էր ցանկալի, քանի որ իր համար այնտեղ հաճելի զբաղմունք էր գտել՝ փայտից մարդուկներ պատրաստելը):

Եղեք հետեւողական եւ հավասարապես արձագանքեք ձեր բոլոր երեխաների վարքին

Որեւէ արարքի կամ կանոնի խախտման համար նախատեսված պատիժը հավասարապես տարածվում է բոլոր երեխաների վրա, անկախ նրանց տարիքից ու սեռից: Եթե մի երեխան պատժվում է մյուսին խփելու կամ անհարգալից խոսքի համար, ապա մյուսն էլ նույն բանը անելիս, պիտի պատժվի՝ անկախ նրանից, ինքը մեծն է, թե փոքրը:

Շատ կարեւոր է նաեւ հետեւողական լինելը: Եթե մեկ անգամ երեխային պատժել եք մի արարքի համար, ապա մյուս անգամ այդ նույն արարքի վրա աչք փակել չի կարելի:

Օրինակ ծառայեք ձեր երեխաներին

Հիշեք ամենակարեւորը՝  մենք որպես ծնող մեր երեխաների համար սահմանում ենք կարգ եւ այն խախտելու համար պատժում ենք նրանց, իսկ որպես մեծահասակ մասն ենք մի մեծ ընտանիքի՝ պետության եւ հասարակության: Ինչպես որ երեխաներից ենք պահանջում ենթարկվել կանոններին, այնպես էլ մենք նրանց համար պիտի օրինակ լինենք՝ ուշադրություն դարձնելով մեր շրջապատի եւ հասարակական կարգի պահպանմանը: Հետեւեք օրենքներին՝ փողոցն անցեք անցուղիներում, մեքենայում  կապեք ամրագոտիները, մի ծխեք արգելված վայրերում, եւ դա կնպաստի, որ դուք ունենաք կարգապահ ու օրինակելի երեխաներ:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին