Շուշի զենքով չեն գալու
3370 դիտում

Շուշի զենքով չեն գալու


Ստեփանակերտի փողոցները կիսադատարկ են: Կեսօր է, հուլիսյան արեւը ծակում է ասֆալտն, ու թվում է՝ հիմա մարմինս կհալվի, կձուլվի տաք գետնին, հետո կանցնի հողի տակ:

Ընկերս ամենայն մանրամասնությամբ զննում է շենքերը, հատուկենտ պատահող մարդկանց դեմքերն ու Ստեփանակերտի ամենաերկար՝ Ազատամարտիկների փողոցի ամեն ծակուծուկ: Իմ աչքերը դրանք արդեն անգիր են արել: Արցախում վեցերորդ անգամ եմ, անսովոր ոչինչ չկա, բայց ես էլ հանգիստ չեմ նայում մեկ ուղղությամբ: Արցախում ամեն անգամ բացահայտելու նոր բան կգտնես: Զարմանալի այս հողը միշտ մի նոր բան է թաքցրած լինում այցելուին գրավելու համար:

«Անկախությունն այլընտրանք չունի»: «Եվրոպա» հյուրանոցի հարեւանությամբ, փողոցի ամբողջ լայնությամբ օդում հանգիստ պարող գրությունը չեմ նկատում: Միայն տեսնում եմ, թե ինչ ինքնագոհ ժպիտով է ընկերս հանում հեռախոսն ու պարզում այդ կողմ: «Եվրոպա» հյուրանոցն է՝ մեծ, շքեղ կառույց, հետպատերազմական, ընդամենը 25 տարեկան պետության մայրաքաղաքում առաջինն աչքի ընկնող շենքերից մեկը: «Եվրոպայի» կողքի գրությունն ինձ մոտ նոր էմոցիաներ չի առաջացնում, Արցախը լավ սերտած աշակերտիս համար անսովոր ոչինչ չկա այն մտքի մեջ, որ այս հողում անկախությունն այլընտրանք չունի:

Ընկերս իջեցնում է հեռախոսն ու Արցախն առաջին անգամ տեսածի ոգեւորությամբ ցույց տալիս արած նկարը՝  «Անկախությունն այլընտրանք չունի», եւ այդ միտքը ծածանվում է «Եվրոպա» հյուրանոցի կողքին, Եվրոպայի կողքին: Նկարի անկյունում քայլող զինվորներ են:

-Լավ կադր բռնեցիր,- ժպտում եմ ու արդեն ես էլ եմ ինքնագոհ:

Այլընտրանք չկա եւ որեւէ պահի այլ զգացողություն չեմ էլ ունեցել այստեղ:

***

Արցախում խաղաղության կատարյալ զգացողություն է, ու այդ խաղաղությունը գալիս է այն մարդկանց դեմքերից, ովքեր ընդամենը երկու տասնյակ տարի առաջ կռիվ էին տալիս ազատության համար, սեփական հողում խաղաղ ապրելու համար: Խաղաղությունը նվաճած մարդիկ խաղաղություն չփոխանցել չեն կարող:

Թեժացող արեւի տակ Ստեփանակերտն է փայլփլում, հանգիստ քաղաքում զբոսնելիս անտեղյակ մարդու մտքով էլ չի անցնի, որ Արցախում չավարտված պատերազմ կա: Ինքդ էլ մի պահ կտրվում ես իրականությունից ու քեզ զգում եվրոպական փոքրիկ քաղաքի կենտրոնում: Եվ միայն կիրակի օրը մի քանի ժամով զորամասից դուրս եկած զինվորական համազգեստով տղաներին տեսնելիս ես կայծակնային արագությամբ տեղափոխվում կիլոմետրեր այն կողմ, որտեղ նույն թեժացող արեւի տակ, նույն զինվորական համազգեստով տղերքը՝ զենքն ուսերին հենած, աչքը միշտ նշանոցին, իսկ մատը՝ ձգանին, զգոն հսկում են խաղաղության սահմանները:

Դեռ ապրիլին այդ տղերքի մի մասը նույն այս Ստեփանակերտում էին, այդ անգամ արդեն առանց զինվորական համազգեստի, պատերազմը զինվորական հիվանդանոց էր բերել նրանց… Հիմա այսքան խաղաղ թվացող Ստեփանակերտի փողոցներում դեռ ապրիլինի սեւ ժապավեններին էին կապած: Ու այդ միտքը եւս մեկ անգամ ստիպում է երակներով հոսող հեղուկի պես ամբողջ մարմնում զգալ մարդկային կորստի տարածվող ցավը:

Պետք է այդ նույն երակներում հոսող հեղուկի պես աշխարհում տարածվի ու ամրապնդվի միտքը, որ անկախությունն այստեղ այլընտրանք չունի, որ միայն անկախությամբ մարդիկ կկարողանան խուսափել նոր երիտասարդի կորստի ցավից, որ միայն այդ անկախությունն է այս հողում ապրող մարդկանց կյանքի շարունակականության երաշխիքը:  Իսկ այս մարդկանց ուզածը մեծ բան էլ չէ, ինչպես ցանկացած մեկը, նրանք էլ պարզ, մարդկային  հանգիստ կյանք են ուզում, իրենց հողում խաղաղ ապրելու իրավունքը սեփական արյամբ նվաճելուց հետո՝ այս մարդիկ ուզում են գոնե հաջորդ սերնդի աչքերում չտեսնել սահմանին զոհված զինվորի ցավը:

***

- Շուշի մտնելիս այնպիսի զգացողություն ունեի, ասես նվաճում եմ քաղաքը:

Ընկերոջս լսելուց հետո, ինձ բռնացնում եմ մտքի վրա, որ քաղաքի մուտքի բարձունքն ամեն անգամ հենց այդ զգացողությամբ եմ անցել: Ամեն անգամ աչքերիս առաջ եղել են տղաները, ովքեր գերբնական ուժով հաղթահարել են այս բերդաքաղաքի բարձունքն ու կապել Արցախի խաղաղության ժապավենը: Մտքերն այնքան են խորանում, որ կարող ես պահի տակ հայտնաբերել, որ հայտնվել ես երկու տասնյակ տարի առաջ ու տղերքի հետ դու էլ՝ փոշոտ, չքնած, զենքն ուսիցդ կախ, հաղթահարում ես սպիտակ քաղաքը:

Մի քանի վայրկյան անց նորից խաղաղությունն է հաստատվում ներսումդ, Շուշի զենքով չեն գալիս, Շուշի զենքով չեն գալու: Շուշին նոր կյանքերի, անմեղ ու պարզ հայացքներով մանուկների տունն է, ու այդ տանը խաղաղությունն այլընտրանք չպետք է ունենա:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am