Կարոտից կարած վերարկու - Mediamax.am

Կարոտից կարած վերարկու
3626 դիտում

Կարոտից կարած վերարկու


Որքան շատ են անհավանական, անբացատրելի գույներն այնտեղ, վերեւում, երկնքում, ամպերի մեջ, երկրից շատ բարձր: Սովորական առօրյայից հեռու են, ապրում են իրենց սեփական կյանքով, անցուդարձից ու խնդիրներից առանձին:

Անվանումներ չունեն, անհնար է նրանց որեւէ կերպ նկարագրելը, հնարավոր է միայն կառչել նրանցից հայացքով, կուլ տալ աչքերով, շնչակտուր լինել նրանց երանգներից, տպել ու սոսնձել հիշողության մեջ: Երկնքում էլ կյանք կա, յուրաքանչյուր ամպ իր դրսեւորումը, ձեւն ունի՝ տներ, կենդանիներ, մարդիկ, բոլորս էլ կարող ենք ինչ-որ նմանություն գտնել: Ու ամեն քաղաքում ամպերը տեղաշարժման տարբեր արագություններ ունեն: Իսկ ես ինքնաթիռում եմ, ու թվում է, թե ներխուժել եմ երկինք, գլուխս խրել ամպերի մեջ ու խախտել նրանց ձեւը, սովորական անդորրը:

Սպասումն ամենագեղեցիկ զգացմունքներից է: Չէ, ոչ թե սպասումը, այլ կանխավայելումը, երբ ներսից արդեն լրիվ այլ տեղ ես ու միայն ֆիզիկական գոյությունդ է ձգձգում պահը: Սպասել ու ակնկալել՝ համբուրելով օդը, կծոտելով նյարդայնությունից չորացած շուրթերն ու չիմանալ, ի՞նչ է սպասում քեզ ներքեւում, բայց զգալ քամու գրկախառնությունը, նույնիսկ ինքնաթիռի ներսում: Կրծոտել եղունգներն ու չզգալ սեփական ոտքերը, չնկատել կողքի նստողներին, ագահաբար կուլ տալ ամեն վայրկյանը, պահը, շունչը:

Գիշերն ամպերի միջով թռչելը լրիվ այլ զգացողություն է: Վերեւից թվում է, թե քաղաքները տարբեր արյուններով լի երակներ են ու հոսում են ներքեւում: Սկսում եմ ոչինչ չզգալ, միայն անհանգստություն, որովհետեւ իրավիճակն անկառավարելի է: Ինքնաթիռի դռների վրա կարմիրով գրված է «Ելք» բառը, բայց չի բացատրված, թե դեպի ուր: Այստեղ մեզնից ոչինչ կախված չէ, երկնքի գրկում ենք, պահի մեջ քարացած: Բայց ինքնաթիռներ շատ եմ սիրում, որովհետեւ ինչ-որ կոնկրետ տեղում չես, տարածության մեջտեղներում, հարթության անհայտ կետում, չես կարող մեկին զանգել ու բացատրել, թե ուր ես:

Ու ինձ մի պահ թվում է, թե այնքան մոտ եմ, որ այստեղ ապրող հավերժության մեջ հանկարծ կհանդիպեմ քեզ: Բայց շուտով վայրէջք ենք կատարելու, ու ինձ այլ հավերժություն է սպասում, որովհետեւ ամեն պահն ինձ համար հավերժության մասն է:

Յուրաքանչյուր քաղաքի մասին այնքան բան է գրվել, տեղեկության օվկիանոսն անծայրածիր է: Բայց օդանավակայանում, երբ թոքերդ ծանոթանում են նոր օդի հետ,  միանգամից հասկանում ես` իրականում քաղաքը քեզ ցույց կտա այն, ինչ կուզես տեսնել, ու եթե փնտրես քոնը, այն կբացի գաղտնիքներն ու ներս կթողնի: Ու եթե իսկապես մտերմանաք ու մասնիկդ տաս նրան, այն կդառնա քոնը:

Իմ մտերիմներից մեկը քաղաքները մարդկանց հետ է համեմատում, մարդկանց էլ` քաղաքների: Քաղաքներին սիրահարվելով եմ հասկացել, թե ինչպիսին պիտի լինի սիրելիդ` մարդ, ում մոտ ամեն անգամ վերադառնում ես, կարծես նա քո տունն է, որտեղ քեզ միշտ նոր,  չսպառվող ու սիրուն արկածներ են սպասում:

Իսկական երջանկություն է նոր քաղաքներ ինքնուրույն բացահայտելը, նոր մարդկանց հանդիպելը, զգալ ծովի շունչը, կորել դեռեւս անծանոթ քաղաքի փողոցներում, նայել այդ պահին գլխիդ վերեւով սլացող կարծես թե նույն, բայց իրականում հիմնովին տարբեր ամպերին, թրջվել անծանոթ քաղաքի անձրեւից ու այդպիսով ավելի մտերմանալ նրա հետ: Երջանկություն է նոր քաղաքում մի քիչ անապահով, անվստահ զգալը, իսկ մի քանի օր անց քարտեզին չնայելով օգնել զբոսաշրջիկներին հասնել իրենց ցանկացած վայրը: Երջանկություն է լինել երազանքիդ քաղաքում ու դատարկություն զգալ, հետո էլ լցվել, ոգեշնչվել, գտնել հոգուդ սպիերի հետքերի գույնը բացացնող միջոցները:

Երջանկություն է անծանոթ քաղաքում փակել աչքերն ու տեսնել քամին, անդադար ուտել տեղական ուտեստները, մինչեւ ալերգիան կստիպի կանգ առնել:

Երջանկություն է տեսնել անծանոթ քաղաքի գիշերային լույսերը, հիշել ու ժպտալ: Իսկ հետո իսկական երջանկություն է նորից վերադառնալ ամենասիրելի քաղաքները, կարոտից հուզվել, գրկել փողոցները, համբուրել ամեն անկյունը:

Երջանկություն է լուսանկարել երազանքիդ քաղաքների պատուհանները, շնչակտուր լինել թանգարաններում, քայլել այնքան, մինչեւ ոտքերդ կուռեն ցավից ու դու կնստես անհասկանալի, անծանոթ մի սրճարանում ու կզգաս, որ ապրելու իմաստը նման պահերի մեջ է: Երջանկություն է կուլ տալ սիրածդ քաղաքի օդն ու շնչել պատմական վայրերի փոշին, հայացքով համբուրել կտավներն ու հուշարձանները,  զգալ օդում պարող բոլոր զգացողությունները:

Երջանկություն է անծանոթ քաղաքի նոր հատվածներում քեզ տանը զգալը, դրանք ամենասիրելի վայրերդ դարձնելն ու այնտեղ հիշողություններ ստեղծելը: Երջանկություն է հետեւել երկնքում ճախրող թռչուններին ու տեսնել, թե ինչպես են գրկախառնվում եկեղեցիների գմբեթներին: Երջանկություն  է հասկանալ տարբեր քաղաքների մետրոներից օգտվելու տրամաբանությունն ու հանգիստ օգտվել քարտեզից: Երջանկություն է ոչինչ չանելը, նայել շուրջը, տեսնել գեղեցկությունը, խորը շունչ քաշելն ու զգալը:

Քաղաքները ձեր հոգուն ու մաշկին այնքան հարազատ դառնում ե՞ն, որ սկսեք կարոտել նրանց, կարծես ձեր սիրելի մարդիկ են, կամ այն մեկը, ում սիրահարված եք: Ձեզ մոտ լինու՞մ է նման զգացողություն, որ ուզենաք վերադառնալ, գրկել այդ քաղաքը: Իսկ երբ քամի է, փակեք աչքերն ու տեսնեք հենց  այն քաղաքը, որին այնքան եք կարոտել, որ մարմնի բոլոր ոսկորները ցավում են, որտեղ թողել եք ձեր էության ու բուրմունքի մի մասնիկը: Իսկ քաղաքներից փոխադարձ կարոտ զգու՞մ եք, երբ անծանոթների շապիկներին պատկերված պրինտերից նրանք սկսում են հիշեցնել ձեզ իրենց մասին:

Տարբեր քաղաքներ, բազմազան կյանքեր ու ճակատագրեր` գիշերային լույսերով լցված գետեր հիշեցնող հոսանքի նման ամեն ինչ գալիս ու անցնում է: Քաղաքների անհավանական գեղեցկությունը ստիպում է մտածել սեփական գոյությանդ մասին` այս ամենը կար մինչ իմ ծնվելը, ու կլինի հետո, շատ տարիներ անց: Գիտակցում ես ավարտն ու հասկանում, որ պիտի շտապ սկսես: Երազանքիդ քաղաքի սրճարանում նստած մտածում ես, որ ոչինչ ես այդ հավերժության հետ համեմատ, բայց միեւնույն ժամանակ ամենակարողություն ես զգում, որովհետեւ դու էլ ես եկել, տեսել, զգացել, սիրել: Ու ուզում ես հավերժ ապրել, որ այդ ամենը տեսնելու անդադար հնարավորություն ունենաս, ու նորից սիրահարվում ես սեփական կյանքիդ, գնահատում ամեն մի վայրկյանդ, որովհետեւ  կարծես ինքնաթիռում լինես, «Ելք» բառի ցուցանակը կա, բայց չի բացատրված, թե դեպի ուր եւ երբ, պիտի ինքդ գտնես: Այս ամենը մի բառով կոչվում է կյանք, որը շատ արագ ու առանց ետ նայելու առաջ է շարժվում, այնպես որ պիտի հասցնել բռնել պահերը:

Երբեմն դատարկություն զգալը լավ է, նշանակում է մեր մասնիկներն ենք թողել սիրելի քաղաքներին ու մարդկանց: Դրա համար էլ պիտի  վերադառնանք՝ մասնիկները հավաքելու: Ես իմ սիրելի քաղաքների կարոտից վերարկու եմ կարել, որ անկախ եղանակից երբեք չմրսեմ: Իսկ Իմ ամենասիրելի զգացմունքն իրականում ամենապարզն է ` երջանկությունն է: Ապրելը` երջանկություն է:

Լենա Գեւորգյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին