Սեր, արտագաղթ, ներգաղթ եւ կրկին սեր - Mediamax.am

Սեր, արտագաղթ, ներգաղթ եւ կրկին սեր
6624 դիտում

Սեր, արտագաղթ, ներգաղթ եւ կրկին սեր


Այնտեղ, որտեղ ապրում եմ, հայրենադարձների թաղամաս է եղել, բայց հիմա այստեղ քիչ են մնացել նրանց շառավիղներից: Մեծ մասը դեռ սովետի տարիներից սկսեցին արտագաղթել: Ամեն գնացող իր ետեւից տանում էր քրոջը, եղբորը, հարսին… Հարսն էլ իր հերթին` իր ազգականներին, սրանց մեջի հարսն էլ` իր ազգականներին, եւ այսպես` արտագաղթը մետաստազի նման տարածվում էր` ներառելով ողջ երկիրը:

Բայց այն ժամանակ գնալը դժվար էր: «Դժվարությունը» դանդաղեցնում էր սարից գլորվող տակառի նմանվող արտագաղթի ընթացքը: Այն ժամանակ գնացողները ուրախ էին՝ ժպտում էին, իսկ մնացողները նրանց ճանապարհում էին` արցունքներն աչքերին՝ լացով:

Հիմա, ուրիշ է:

Գնում են ավելի շատ, ավելի արագ, համարյա փախեփախ: Գնացողները ուրախ են, ժպտում են,  մնացողները նրանց ճանապարհում են էլի ուրախ, ժպիտով եւ առանց արցունքների: Բոլոր դեպքերում` ուրախ են: Եթե մշտական կեցության են ճանապարհում, ուրախ են, որ փրկվեցին, իսկ եթե խոպան, ուրախ են, որ հետ գա, փող կբերի: Ծանոթներիցս մեկին, որ նոր էր վերադարձել խոպան ասվածից, հարցրի, - Մի բան բերեցի՞ր:

-Չէ,- ասաց,- էս տարի գործերը լավ չէին, ամիսը երկու հարյուր դոլար տուն էի ուղարկում, երեք հարյուր դոլար էլ իմ վրա էի ծախսում:

Հետո սկսեց արդարանալ, որ հաջորդ տարի ավելի լավ է լինելու, որովհետեւ ուզբեկներին ռուսները երբ «լարեցին», նոր իրենց գործերը բացվեցին: Մասնագիտությամբ զոդող ծանոթս գոհ էր:  Նա ողջ ընթացքում ապրել էր ինչ-որ կաթսայատանը եւ կարողացել էր ամսական երկու հարյուր դոլար ուղարկել տնեցիներին ու հույս ուներ, որ հաջորդ տարի ավելի լավ է լինելու, որովհետեւ այնտեղ  հասկացել են, որ հայերը ուզբեկներից ավելի լավ աշխատողներ են:

Հիմա ամեն տեղ հայի կհանդիպես` Ղրիմի թաթարների մոտ մանղալ աշխատացնողների, Ռուսաստանի տափաստաններում շինարարությունում տարբեր աշխատանքներ կատարողների, ասֆալտ փռողների, հրուշակագործների, ավտոփականագործների, փողոցի հավաքարարների, քցողների, գողացողների, ստացողների, անգամ՝ մուրացկանների կամ,  ինչպես ամերիկահայերն են ասում, հոմլեսների:

Մի անգամ Ամերիկայում հանդիպեցի նման մի հոմլեսի, պարսկահայ էր, իրեն տվել էր խմելուն: Հայաստան գալու մասին չէր էլ մտածում, քաղաքացիություն ուներ, իր խոսքով՝ սիթիզեն էր: Դա նրա համար օլիմպիական չեմպիոնին հավասար մի բան էր եւ դեռ ավելին:

Նոր Արեշ թաղամասը, որտեղ հիմա ապրում եմ, ասես կիսակայարան լինի: Այստեղ բնակության են գալիս Հայաստանի տարբեր շրջաններից, իսկ հետո, «ում բախտը բերում է», գնում են տարբեր երկրներ: Տարիների հետ փոփոխության է ենթարկվում թաղամասի դեմոգրաֆիական պատկերը, բայց թաղամասն ապրում է եւ շարունակում ճանապարհել ու հյուրընկալել հայրենակիցներին: Վերջին շրջանում այստեղ սկսեցին հաստատվել սիրիահայերը: Մի մասի ծնողները ժամանակին ապրել էին Նոր Արեշում, մի մասի ազգականներն էին ապրել, մի մասը, պատմություններ լսելով, հայրենիք վերադառնալիս արդեն մտադրվել էր հաստատվել Նոր Արեշում: Հիմա իմ թաղամասում աշխուժություն թելադրողը սիրիահայերն են: Ավտոնորոգման կետերից մինչեւ այլ սպասարկման ոլորտներում նրանք են` հեզ, խոնարհ, աշխատասեր, սիրող եւ ամենակարեւորը՝ ազնիվ: Մոտ մեկ տարի առաջ երկու ավտոմեքենայի կայանման տեղով մի ավտոտնակ աչքիս առաջ վերածվեց ավտոտեխսպասարկման արհեստանոցի: Ամեն անգամ աշխատանքից վերադառնալիս աչքիցս չէր վրիպում, որ այս ավտոտեխսպասարկման կետի մոտ օր օրի ավտոմեքենաների թիվն ավելանում է: Մի օր էլ ես ավտոմեքենաս տարա այդ սիրիահայերի մոտ, եւ մտերմացանք, այնքան, որ իմ ընկերներին էլ առաջարկեցի իրենց ավտոմեքենաները վարպետ Հակոբի մոտ տանել: Ամեն անգամ, երբ ընկերս՝ Էդիկը, արցախյան ծանր գործուղումից հետո վերադառնում է Երեւան, ավտոմեքենան Հակոբի մոտ է թողնում: Նույնը անում է մյուս ընկերս՝ Արամը: Արտերկիր` նկարահանումների մեկնելիս կամ փառատոնի մասնակցելուց առաջ ավտոմեքենան վստահում է Հակոբին: Ասում է` ինքը գիտի` ինչ անի, իսկ եթե անելու բան էլ չկա, թող մնա նրա մոտ` մինչեւ վերադառնամ: Հակոբի արհեստանոցում հալեպյան մթնոլորտ է, բոլոր աշխատողները հալեպցի են: Եթե գործ էլ չունես, ուղղակի կարող ես այցելել` հալ ու քեֆ հարցնելու, զրուցելու եւ սրճելու: Հալեպցիների համար սուրճ պատրաստելը մի ուրիշ արարողակարգ է, նույնիսկ տեղական շուկայի անհրապույր սուրճի տեսակներից, հալեպյան անուշաբույր սուրճի համ են ստանում: Այստեղ աշխատող բոլոր վարպետները Հայաստան են տեղափոխվել ընտանիքներով: Ապրում են վարձով, արհեստանոցը եւս վարձակալել են: Չեն դժգոհում, իսկ եթե դժգոհում են, ապա միայն ավտոմասերի թանկ գներից: Արդեն երկրորդ տարին է` Հայաստանում են, բայց չեն կարողանում հարմարվել այդ գներին: Ասում են` «այստեղ պահեստամասեր ներկրողներն անկուշտ են, շատ սուղի կվաճառեն», եւ անմիջապես համեմատում են հալեպյան գների հետ:

Ամեն անգամ հանդիպելիս հարցս Հալեպին է վերաբերում. այնտեղ դեռ ազգականներ ունեն: Հալեպի հետ կապված ամենաթարմ տեղեկությունը նրանցից եմ ստանում. մշտապես կապի մեջ են: Օրեր են լինում, որ դեմքներին չեմ կարողանում նայել, եւ «Հալեպից ի՞նչ կա» հարցն էլ անիմաստ է դառնում:

Մի օր ասացի, որ ուզում եմ գնամ Հալեպ՝ վավերագրական ֆիլմ նկարելու: Հաջորդ օրը Հակոբը զանգահարեց.

-Ընկե´ր, բարեւ, Հակոբն է, ե՞րբ պիտի գնաս:

-Ո՞ւր,- հարցնում եմ զարմացած:

-Հալեպ,- լսում եմ Հակոբի ձայնը ընկալուչի միջից:

-Դեռ չեմ որոշել, Հակո´բ ջան,- ասում եմ,- չեմ կողմնորոշվում:

Հակոբը շարունակում է.

-Երթալու լինես, ինձի ըսէ, քեզ կդիմավորեն, տունիս բանալիներն էլ կտամ, հոն կմնաս:

Ընկերոջը օգնելու պատրաստակամ մարդ է վարպետ Հակոբը կամ, ինչպես նրան շատերն են դիմում, ընկեր Հակոբը: Ուղն ու ծուծով դաշնակցական Հակոբը հաճախ կատակում է` ասելով. «Մեր ղեկավարները մեզի Հայաստան սիրել սովորցուցին, իրենք ամերիկաները գնացին` ապրելու»: Եվ ամեն անգամ, երբ այս թեմայով խոսակցություն է լինում, «դժգոհ ե՞ս» հարցիս պատասխանում է, «Օր մը պիտի գայինք, է եկանք…»:

Հակոբը եւ նրա աշխատակիցները դժգոհ չեն, ապրում են, աշխատում, երեխաները արդեն ինտեգրվել են, իրենց հայաստանցի են զգում, բայց, միեւնույն է, կարոտը Հալեպի հանդեպ չի մարելու: Հալեպը նրանց մանկությունն է, պատանեկությունը, երիտասարդությունը, ինչպես իմ մեկ այլ ընկերոջ համար Երեւանը, ով մի օր թողեց իր արհեստանոցը, հավաքեց գործիքները մեկնեց Մոսկվա եւ մնաց: Այնպես չէր, որ այստեղ վատ էր վաստակում, ուղղակի շատերի պես լավ ապրելու մարմաջով մեկնեց: Գիտեմ, որ լավ չի ապրում, ինքն էլ գիտի, որ ես գիտեմ, բայց չի խոստովանում, երեւանցու հպարտությունն ու դաստիարակությունը թույլ չեն տալիս: Իսկ այստեղ կյանքն առաջ է ընթանում` արա՞գ, թե՞ դանդաղ, խոչընդոտներո՞վ, թե՞ առանց դրանց, արդեն կարեւոր չէ, կարեւորը` որ մեր եղբայրներն արդեն ինտեգրվում են: Այդ մասին հասկացա, երբ անցած օրը` երեկոյան, հնչեց հեռախոսիս զանգը: Հակոբն էր.

-Հարո´ւթ, ո՞ւր ես,- արագ հարցրեց եւ, շունչ չառնելով, ավելացրեց,- եթե մոտերքում ես, արի մեր քով, Արամն էլ հոս է, հաց կուտենք:

Ճիշտն ասած` զարմացա, բայց գնացի: Ճանապարհին մտածում էի` գուցե Արամը խորոված է տարել կամ գրիլ հավերից, եւ Հակոբը Արամի առաջարկով ինձ էլ է հրավիրում:

Շաբաթ էր, աշխատանքային շաբաթվա վերջին օրը: Հետաքրքիր է` սիրիահայերը կիրակի չեն աշխատում, ասում են` կիրակին Աստծունն է եւ ընտանիքինը: Նրանք չեն աշխատում նաեւ եկեղեցական տաղավար տոներին, ապրիլի 24-ին, մայիսի 28-ին եւ սեպտեմբերի 21-ին:   

Երբ տեղ հասա, Հակոբի ավտոտեխսպասարկման արհեստանոցը վերածվել էր  կերուխումի սրահի, որտեղ թափթփված ավտոպահեստամասերի կողքին, երկար սեղանի շուրջ նստած էին արհեստանոցի աշխատողները եւ իմ ընկեր Արամը: Սեղանին Հակոբի պատրաստած հմոսն էր, մութաբալը եւ փռում եփած անկրկնելի համով հրաշք մի ուտեստ, որ առաջին անգամ էի համտեսում: Աչքիցս չվրիպեց սեղանի ռուսական  օղին:

-Հակո´բ ջան, տանը անիսոնի օղի ունեմ, գնամ, բերեմ,- ասում եմ եւ ավելացնում,-կարոտած կլինեք, ձերն է, Բեյրութից եմ  բերել:

Հակոբը ձեռքը գցում է ռուսական օղու շշին, լցնում բաժակս ու թե.

-Մենք արդեն վարժված ենք աս օղիին, պետք չէ, մի´ հոգնիր:

-Չէ,- ասում եմ, - հոգնելս ո՞րն է, տունս հեն ա, երեւում ա, գնամ, բերեմ:

Հակոբը կրկին հանգստացնում է.

– Պետքը չկա, մենք այս օղիին վարժվեցանք, շատ էլ լավն է,- ասում է եւ կրկին ափսեիս մեջ դնում փռում եփած ուտեստից մի մեծ կտոր:

Երբ բավարար արդեն ընթրել էինք, կատակեցի.

-Հակո´բ ջան, դու հանգիստ այս կեղտոտ աշխատանքը կարող ես փոխել: Այստեղից հանում ես բոլոր գործիքները, թեթեւ վերանորոգում եւ հաց տալու տեղ բացում,- ասում եմ ու հաստատում,- լավ կաշխատի:

-Է՛,- հոգոց է հանում Հակոբը,- իմ գործը մեքանիք լինելն է:

-Բայց ո՞նց ես անում, որ հա´մ լավ մեքանիք ես, հա´մ էլ ընտիր խոհարար:

-Հարո´ւթ ջան, ինչ որ կընեմ, սիրով կընեմ, եթե արածիդ մեջ սեր չեղավ, ոչինչ ալ չի ստացվի,- ասաց Հակոբը եւ ավելացրեց,- երկրին էլ որ սիրով մոտենաս, չգողանաս, չապականես, երկիրն էլ երկրի կնմանվի: 

Երբ դուրս էինք գալիս, Հակոբը ճանապարհելիս ասաց.

 -Մենք ամեն շաբաթ օրը աս տեղը հաց կուտենք, երբ կամենաք, հրամեցեք:

Հարություն Հարությունյանը լրագրող է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին