Բոլորիս կուլ տված մառախուղը - Mediamax.am

Բոլորիս կուլ տված մառախուղը
6435 դիտում

Բոլորիս կուլ տված մառախուղը


Մառախուղը, երախը բացած, կուլ է տալիս քաղաքը՝ փողոց առ փողոց։ Շաբաթ առավոտներին հատուկ՝ դատարկ մայթը կիսում եմ թափառական շան հետ։

Հատուկենտ պատահող մարդիկ անցնում են կցկտուր մտքերիս ուղիղ կենտրոնով՝ իրենցից հետո միայն թողնելով թիկունքս ծակող ոտնաձայները։

Սովորության համաձայն բարեւում եմ մետրոյի ժետոն վաճառող կնոջը եւ նույն սովորությամբ էլ պատասխան բարեւ չեմ ստանում։ Առանց հայացքը բարձրացնելու՝ կինը նետում է ժետոնն ու շարունակում դասավորել մետաղադրամները։

Շարժասանդուղքի դողոցը պայթում է ոտքերիս տակ ու էլեկտրական հոսանքի պես անցնում մարմնովս։ Մետրոն նույնպես գրեթե դատարկ է։ Մարդկանց դեմքերին չեմ նայում։ Ապակուն խավար արտացոլված դիմագծերիս արանքից բռնում եմ անքնությունից ուռած կոպերիս տակ լողացող հայացքս։

Վագոնի ու ռելսերի աղմկոտ շփումը պարբերաբար ընդհատում է մտքերիս հոսքն ու թուլացած ոտքերս սեղմում հատակին։ Այս անգամ արդեն մարմնիս ողջ ծանրության վրա եմ վերցնում վագոնի դողոցը։

Մետրոյի աստիճանները բարձրանում եմ հայացքս գետնից չկտրելով։

Ականջակալների պատնեշը հաղթահարում եւ ուղեղիս հենց կենտրոնին է հասնում թույլ նվվոցը։ Պտտվում եմ հետ։

Հնացած շորերով կինը մեկ հեկեկում է, մեկ՝ թուլացած նվվոց արձակում։ Գիտեմ, որ ուշանում եմ, բայց ժամացույցին չեմ նայում: Ծալում եմ ծնկներս ու շատ մոտ նստում կնոջը։ Երեք րոպե միասին լալիս ենք։ Իրար աչքերի մեջ չենք նայում։ Ինչպես բոլոր ծանր պահերին, հիմա էլ չեմ կարողանում բառերը խեղդել մեջս։ Թրջված տոպրակի վրա երկու հատ քսան եւ մի քանի հատ հարյուր դրամանոցներ են նետված։

-Լավ կլինի,- բառերը սահում են ատամների արանքից։

-Հավաքածս ամբողջ փողը տարավ։ Էս ամսվա լույսի փողն էր։ Գող լակոտ էր։ Վերցրեց ու վազեց։ Չհասա հետեւից։ Ոչ մեկ չկանգնեցրեց։ Չնայած ո՞ւմ ա պետք իմ նման մուրացկանին օգնելը։

Դրամապանակիցս հանում եմ թղթադրամն ու դնում ցրտից կարմրած ափի մեջ։

-Էդ դու ինչի լաց եղար։ Մեկն էլ գիտի իմ դարդերն ունես։ Ջահել աղջիկ ես։

Չեմ պատասխանում։ Կոկորդս սեղմվում է։ Կինը միանգամից բացում է շուրթերն ու ճակատիս նետում մի քանի բառ։

-Փոքրս արյան ռակ ա։ Մի քանի ամիս են տվել։ Էրեխուս չեմ կարա փրկեմ։

-Ծանր ա։

-Դու ինչ գիտե՞ս՝ ինչ ա ծանրը։ Ծանրը էրեխա կորցնելն ա։ Որ ձեռդ բան չկա, չես կարա փրկես էրեխուդ։

Կնոջ բառերը խառնում են ներսս։ Հիմա արդեն ես եմ մեկ հեկեկում, մեկ նվվում։

-Ես հիմար կնիկ եմ։ Նորմալ կյանք էլ չեմ տեսել։ Սաղ կյանքս չլերի մեջ ա անցել։ Հիմա էլ էս հիվանդությունը։

-Աստված մեծ ա։ Մի փրկություն կգտնվի,- կտրուկ վեր եմ կենում տեղիցս եւ քայլերս ուղղում աստիճանների կողմը։

Կնոջ հուսահատությունը կախվում է ուսերիցս ու հրում առաջ։

-Կփրկվի։ Մի հրաշքով կփրկվի։

Բառերը դատավճռի պես եմ արտասանում, որ չկատարվելու տարբերակ չունենան։ Հետո ինքս իմ ու հենց նոր նաեւ իմը դարձածը ուրիշի հուսահատության բեռը ծալում եմ, դնում փոքր գրպաններումս եւ փորձում ճեղքել քաղաքն ու բոլորիս կուլ տված մառախուղը։

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին