Համալսարանը՝ 21-րդ դարում - Mediamax.am

Համալսարանը՝ 21-րդ դարում
8254 դիտում

Համալսարանը՝ 21-րդ դարում


Պատկերացրեք մի համալսարան, որտեղ ոչ ոք չի վերահսկում ուսանողների բացակայությունը եւ ոչ ոք չի մտահոգվում, երբ դասախոսության դահլիճը կիսադատարկ է: Բոլոր դասախոսությունները դրանց սեղմագրերի հետ հասանելի են համացանցում, ուսանողը ունի ընտրություն՝ ստանալ անմիջական հանդիպման հաճույքը եւ օգտվել լսարանում կենտրոնանալու հնարավորությունից, թե դիտել դասախոսությունը տանը կամ այլ վայրում, հարմար տեղավորվելով եւ չհասկացած դրվագը կրկնելու հնարավորություն ունենալով: Կարելի է հավաքվել եւ դիտել դասախոսությունը ընկերների հետ՝ ժամանակ առ ժամանակ այն ընդհատել եւ քննարկել՝ մի բան, որ կենդանի դասախոսության ժամանակ անհնարին է:

Պատկերացրեք, որ գործնական պարապմունքները իրականացվում են ոչ միայն համալսարանի շենքում, այլեւ քաղաքի տարբեր վայրերում, օրինակ՝ կենտրոնի սրճարաններում, նախնական գրանցմամբ, եւ դրանց մասնակցելն էլ ոչ միայն պարտադիր չէ, այլեւ արտոնություն է՝ եթե չհասցրեցիր գրանցվել, չես կարող մասնակցել: Բնական է, լավ պարապմունքները լեփ-լեցուն են, բոլորը եկել են աշխատելու, եւ տիրում է աշխույժ, գործնական մթնոլորտ: Այդ պարապմունքները վարում են ավագ կուրսերի ուսանողները, որոնք լավագույն գնահատականներ են ստացել քննությունների ընթացքում եւ նրանց նյութի հիշողությունը թարմ է:

Ուսանողները իրենց գործնական աշխատանքները կատարում են լաբորատորիաներում, գիտահետազոտական կենտրոններում, ընկերություններում՝ ամենուրեք, ուր շահագրգռված են ունենալ ոգեւորված, պատրաստակամ օգնականներ՝ դրա փոխարեն հատկացնելով ուսման համար անհրաժեշտ ռեսուրսներ եւ գործնական աջակցություն: Այդ ուսանողները այնքան արդյունավետ են, որ կազմակերպությունները պատրաստ են անգամ վճարել իրենց աշխատանքի դիմաց, որպեսզի վաղը ունենան պատրաստակամ եւ օգտակար աշխատակիցներ:

Որպեսզի աշխատանքային ռիթմը չընկնի, կան պարտադիր աշխատանքներ, որոնք պետք է հանձնել կիսամյակի ընթացքում: Կիսամյակի ավարտին քննություններ են՝ միայն այն առարկաներից, որոնք պարտադիր են, կամ էլ ուսանողը ինքն է որոշել դրանք հանձնել: Պարտադիր են միայն այն առարկաները, որոնք անմիջականորեն կապված են ապագա մասնագիտության հետ:

Թվում է, սա չի աշխատի: Մեր կրթական համակարգի ընկալմամբ երիտասարդները ծույլ են, անկարգապահ: Եթե նրանց չհսկես, բացթողի կանեն եւ հետեւողական չեն լինի: Չեն արժեւորում իրենց տրված հնարավորությունները, տարվում են տարբեր գործունեությամբ՝ սովորելու փոխարեն:

Եկեք մեզ չխաբենք՝ ի՞նչ իմաստ ունի չորս տարի պարտադրաբար մասնագետ սովորեցնել: Ո՞ւմ է պետք այդ մասնագետը եւ իր դիպլոմը, եթե ուսումն ավարտելու հաջորդ օրը նա դադարեցնելու է սովորելը: Ո՞ւմ է պետք զուտ համալսարանական գիտելիքներով երիտասարդը՝ այն էլ կիսով չափ մոռացված, որը չունի գործելու եւ ստեղծագործելու ներքին կանչ: Ո՞ւմ է պետք այն բարձրագույն կրթությունը, որի արտադրանքը մեծամասամբ խոտան է:

Օրերս եղա Ռուհրի Բոխումի համալսարանում: Այն համարյա ճշգրիտ կերպով համապատասխանում է սյունակիս սկզբում բերված նկարագրությանը: Այն փորձնական չէ՝ ունի հինգ տասնամյակի պատմություն եւ քառասուն հազարից ավելի ուսանող: Զրուցեցի այդ համալսարանի մի քանի ուկրաինացի ուսանողների հետ, իրենցից մեկը մինչ այդ սովորել էր իր հայրենիքում՝ «դասական» համալսարանական միջավայրում: Տպավորությունն այնպիսին էր, որ բանտից էր ազատվել, այն աստիճան ոգեւորված էր իր ներկայիս կարգավիճակով եւ դառնությամբ էր հիշում նախկին համալսարանի մթնոլորտը:

Համալսարանը պետք է պատրաստի ոչ միայն մասնագետի, այլ ակտիվ դիրքորոշում ունեցող լավ կրթված մարդու, որը պատրաստ է ինքնուրույն շարունակել իր կրթությունը: Ի դեպ, «մասնագետ» բառի իմաստը մեր դարում գնալով ավելի անորոշ է դառնում, մասնագիտությունների ցանկի եւ բնույթի կայծակնային փոփոխությունների պատճառով:

Կարծում եմ, մեր համալսարանները պիտի վերանայեն իրենց մոտեցումը կրթության նկատմամբ, քանի որ դիպլոմապաշտությունը գնալով նվազում է, եւ եթե հասարակությունը այլեւս բավարարված չլինի համալսարանների «արտադրանքով», դրանք գնալով կդատարկվեն:

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին