Ամենայն հայոց վարսավիրը - Mediamax.am

Ամենայն հայոց վարսավիրը
7364 դիտում

Ամենայն հայոց վարսավիրը


-Սյուզկաս, պրիվետ, կյանքս, աղջի նշանվում եմ, նենց որ՝ մազերիս օր նշանակի:

-Վա~խ, Կլառս, աչքդ լուս, կյանք: Լսի, ի՞նչ ենք անելու:

-Սյուզս, Աշս էս մեկիցա ուզում, սպասի նկարը ցույց տամ:

-Կյանքս դե սա թույնա, Աշդ վերջ ճաշակի տերա: Դե դու՝ արդեն որպես դրա վառ ապացույց: Կյանք դե նայի, սա նաչոսով ա, վերեւիդ վերխուշկան կբարձրացնենք, միջից գուբկա կդնենք, կուռացնենք, լաքով ֆիքսացիա կտանք ու տենց թագի նման կդառնա, տակի մազերդ էլ կարանք մի քանի դնովիով-արհեստականով երկարացնենք-կպցնենք ու լոքոն անենք:

-Սյուզ, բայց պինդ կպահի՞: Մարդ ես էլի, մազերիցս հանկարծ քաշեն, պոկվի, խայտառակ լինեմ, նշանս հետ տան: Դե լավ էկել-էկել եմ, կֆենե՞ս:

-Նստի կյանքս, բա դա հա՞րց ա:

Վարսավիրանոցներում այդպես է` ընդունված է անվան վերջում «ս» տառն ավելացնել, դա կրկնապատկում է մարդկային հարաբերությունների մտերմության աստիճանը: Վարսավիրներն աշխարհի ամենատեղեկացված մարդիկ են՝ նրանք բոլորի մասին ամեն ինչ, չէ, ամեն ինչից էլ շատ եւ ամենայն մանրամասնություններով գիտեն՝ նույնիսկ ավելի շատ, քան ինքդ քո մասին գիտես:

Նրանք, վստահ, բոլորից լավ գիտեն, թե ինչու են ճյուղավորվում մազերը, թափվում ներկերը, կոտրվում շիլաքները, նրանք շատ լավ հասկանում են քաղաքականությունից, նորաձեւությունից, երաժշտությունից, բժշկությունից, կարող են հեշտությամբ քննարկել ու վերլուծել ցանկացած սոցիալական հարց: Նրանք գիտեն, թե որ հայտնի մարդն ում հետ է «կապված», ինչու եւ ինչքան ժամանակ, ինչպես են հանդիպում, ամուսնանում ու ինչու են հետո բաժանվում զույգերը`«գոնե էդ թեմայով նրանց հետ պետք չէ վիճել»:

Նրանց հարուստ բառապաշարը համալրված է «բրաշինգ», «ֆիլիռովկա», «միլիռովկա» բառերով: Նրանք գիտեն, թե ինչու են տերեւաթափ լինում ծառերը, վերջիվերջո, նրանք գիտեն, թե որն է կյանքի իրական իմաստը: Վարսավիրներն անալիտիկ ուղեղ ունեն, իսկական հոգեբաններ են, կարող են ամենաճիշտ խորհուրդը տալ: Նրանք օպերային բարիտոնի ձայնի նման հստակ դրված տեսակետ ու սեփական կարծիք ունեն, նաեւ նրանց է պատկանում յուրաքանչյուր հարցի պատրաստի պատասխանը:

Վարսավիրանոցում դու էլ դառնում ես այդ ընդհանուր ամենագիտության մի մասը: Վարսավիրանոցային տիրույթում բոլորը հավասար են`տիկին Էլվիրաներն ու Մաշերը, Սերինե Ստեպանովնաներն ու Հասուլկաները, Սաթինեներն ու Հեղուշները: Որովհետեւ այնտեղ կանայք ու աղջիկները հայտնվում են ամենաանպաշտպան, խոցելի իրավիճակում՝ մարմինը՝ մեղրամոմված, մազերն ու հոնքերը՝ ներկով պատված, իսկ եղունգներն ամեն վայրկյան կարող են «փչանալ» կամ «քերծվել»:

Ու հենց այդ ամենաանպաշտպան պահին աղջիկներն ու կանայք սկսում են պատմել ամենա-ամենայի մասին: Ու եթե դու դուրս ես մնում համընդհանուր չգրված օրենքից ու չես խոստովանում ամենայն հայոց վարսավիրին բոլոր «մեղքերդ», ուրեմն «դու չգիտես», քեզ հետ մի բան այն չէ, ու ցանկացած հմուտ վարսավիր ճշգրիտ կներկայացնի «ախտորոշումդ»:

Վարսավիրանոցը խոսքերի ու ինֆորմացիայի բանկ է, այսինքն, դու անում ես քո ներդրումը, որը հետո փոխանցվում է հաջորդ հաճախորդի ականջներին:

«Տոկոսները» հավաքած տեղեկատվությունն ականջից ականջ փոխանցվելով՝ արդյունքում շատ է տարբերվում սկզբնական, իրական պատմությունից: Հմուտ վարսավիրը պիտի կարողանա «ֆենել» ու «պրիչոսկա սարքել» նույնիսկ ամենապարզ ու անհետաքրքիր ինֆորմացիայից:

Ֆեների փորձառու նվագախմբի արձակած հնչյունների միջից շարունակում եմ լսել Կլառայիս «բանկային ներդրումը» Սյուզկայիս, որը, ի դեպ, ամենաթույն ու փորձառու, նույնիսկ Պուլիտցերյան մրցանակի արժանացած լրագրողից էլ լավ է տիրապետում ամենակարեւոր լրագրողական նրբություններին ու հմտություններին:

Բայց չկարծեք, թե միայն Սյուզիս է այդպիսին, դա ցանկացած հմուտ վարսավիրի մասնագիտական ձեռքբերումն է: Նրանք հարցերի միջոցով կարողանում են աննկատ հասնել հոգուդ խորքերին՝ հանելով այնտեղից պետքական ինֆորմացիան:
Հետաքրքրասիրություն՝ կասեք դուք, պրոֆեսիոնալիզմ՝ կասեմ ես:

-Կլառս, որ ավարտես, կաշխատես, չէ՞:

-Սյուզս, Աշս չի թողի երեւի:

-Լսի, բայց առանց զբաղմունք ո՞նց կլինես, համել ափսոս չի՞, հինգ տարի սովորել ես:

-Սյուզս, դե մի ինն ամիսա էլի, հետո ոնց էլ լինի էրեխա կունենանք, ըհը, էդ էլ քեզ զբաղմունք:

-Կլառս, բայց անկեղծ, ինձ թվումա քեզ կդզի, որ Աշդ չթողի աշխատես:

-Ուֆ դե հա Սյուզս, հավես կա՞:

Վարսավիրանոցն ամենափիլիսոփայական վայրերից է: Միայն այստեղ՝ զգալով մազերի լաքի ոգեշնչող բուրմունքը, տեսնելով հատակը գերեզմանի վերածած միլիոնավոր կարճ ու բարակ, դեղին ու սեւ մազերը, լսելով հոնքերի կորեկցիայի ենթարկվածի բացականչությունները՝ դու սկսում ես մտածել կյանքի իմաստի մասին:
«Ինչու՞ ենք մենք տասը տարի սովորում դպրոցներում, հետո էլ մի քանի տարի համալսարաններում, բայց որեւէ հաստատություն չկա, որտեղ կսովորեցնեն մեզ, թե ինչ է նշանակում սիրել, ամուսնանալ, երեխա ունենալ, նրան դաստիարակելու ու մեծացնելու պատասխանատվություն ունենալ»:

Մտքերս «շաքարով կտրում ա» Լյուսկան՝ իմ վարսավիրը, որի անունն իրականում Ալլա է, մոտիկների համար՝ Ալուսիկ կամ Ալյուսկա, այստեղից էլ՝ Լյուսկա, ու հրավիրում ինձ մասնակցելու սեփական գլխի լվացման հանդիսավոր արարողությանը: Չեմ ուզում կտրվեմ Սյուզկայիս ու Կլառայիս խոսակցությունից, բայց պիտի շտապեմ, ինձնից հետո Լյուսկայի կազմակերպած գլուխլվային է սպասում Քնարիկը:

Մինչ Լյուսկան փորձում է առանց ցավեցնելու լվանալ մազերս, հիշում եմ՝ առաջին անգամ վարսավիրանոցում մազ ֆենելու մոտ 15 տարի առաջ գնացի` վերջին զանգիս շքեղագույն արարողության շրջանակում: Մեր ծանոթներից մեկի վարսավիրն էր: Ես՝ նման հարցերում դեռեւս անփորձ ու վարսավիրներին որպես գեղեցկության միակ գրավական դիտարկող դպրոցականս, հույսերով լի եկա վարսավիրանոց: Ինձ դիմավորեց մեր ծանոթի ծանոթը`վարսավիր Սվետլանան, երեւի անվան պատճառով դեղին մազերով ու այն ժամանակվա ամենաթրենդային գզած չոլկայով: Սվետլանան նստեցրեց ինձ աթոռին, ես հիշեցի ծանոթիս ասածները, որ պիտի չամաչեմ ու ասեմ, թե ինչ սանրվածք եմ ուզում: Մազերս ուսերիցս էր, խնդրեցի պարզապես հարդարել եւ վերջ: Սվետլանան իմացավ ֆենվելու առիթն ու ասաց, որ ես ոչինչ չեմ հասկանում: Սվետան երկար «ուռացնում» էր մազերս, «գզելով» մեջերից` «որ պարեմ-թռվռամ, աբյոմը չիջնի»: Իմ ցանկացած միջամտություն արժանանում էր Սվետլանայի թարս ու ջղային հայացքին: Վերջում նա վերցրեց փոքր սանրը, որի բռնակի փոխարեն շյուղ հիշեցնող մի բան էր: Շյուղանման «սարքով» Սվետան «զիգզագ բացեց բախտս, քանի որ պրիչոսկա չէի ուզում, գոնե մի մոդայիկ շքեղություն պիտի զարդարեր գլխիս մակերեսը»: Մինչ ես աղաչում էի նրան «ուղիղ բախտ բացել», Սվետան վերցրեց հայելու առջեւ դրված մազի լաքն ու փչեց:

Այդ պահին շուրջս ամեն ինչ կանգ առավ, ես դադարեցի լսել հարեւան վարսավիրների հզոր ֆեների փշշոցը, էլ չէի տեսնում մատնահարդարի սեղանին դրված թունավոր գույներ ունեցող եղունգների ներկերը, հարեւան վարսավիրների` ոմն Վիկայի անձնական կյանքի քննարկումներն ամենահետաքրքիր տեղում կանգ առան ինձ համար. Սվետայի փչած մազի լաքի հետ իմ մազերը զարդարելու շտապեցին հազարավոր մանր փայլեր: Գլուխս ինքնաբերաբար փախուստի դիմեց ու փայլիկների մի ստվար զանգված վայրէջք կատարեց նաեւ դեմքիս: Պատրաստ էի կոտրել իրականության մեջ կախված պահն ու ասել Սվետային, թե որքան չի սազում իրեն այդ անդուր չոլկան, երբ նա ուրախ բացականչեց` «Այ հիմա պատրաստ ես, փայլունս, կփայլես երեկոյիդ»:

Վարսավիրները հասարակ մահկանացուներ չեն` նրանք երբեւէ չեն ուրախանում ուրբաթ օրվա գալստյանը, չէ որ նրանք վարսավիր են ու աշխատում են առանց հանգստյան օրերի: Նրանց համար շաբաթ-կիրակին տոն չէ: Վարսավիրներն ունեն իրենց կանոնակարգն ու պատվիրանները: Դրանցից հիմնականները հետեւյալն  են՝ անկախ նրանից, թե որքան ես խնդրում կարճացնել մազերդ, հիշի՛ր, նրանք ավելի լավ գիտեն, եւ եթե սպասված 3սմ-ի փոխարեն հրաժեշտ ես տալիս 15-ին, ուրեմն դա էր ճիշտը՝ «Մազ ա էլի, կերկարի»: Եթե ներկելու արդյունքում քո ուզած երանգը չի «բռնել», «դու բան չես հասկանում, շատ էլ լավ ա, գույնի խորություն կա, աքցենտ կա, դրանք մենակ ես եմ նկատում»: Եվ վերջապես, եթե երեկոյան սանրվածք է պետք, շատ մի մտածի՝ դիֆուզորը կա ու կա:

Բայց կարեւորներից ամենան այս մեկն է՝ երբեք, լսում ես, երբեք մի՛ մոռացիր սեփական արմատներիդ մասին, մի՛շտ ներկիր դրանք:

Լենա Գեւորգյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին