Եկեք մի քիչ էլ լռենք
2760 դիտում

Եկեք մի քիչ էլ լռենք


Ծանրացած կոպերի արանքից աչքերս սենյակի մի պատից մյուսն են վազում, իսկ մարմինս հրաժարվում է պայքարել 39-րդ սանդղակին անզգուշորեն հարվածող կարմիր սնդիկի արձանագրությանը: Փակում եմ աչքերս ու լայն բացում քթանցքներս, թոքերս նախ հիշում են մետրոյի, հետո Բաղրամյան պողոտայի ծառերի խոնավությունը: Տասն օր սենյակի պատերով ձանձրացած միտքս տարածվում է բոլոր սիրելի վայրերի ու մարդկանց վրա՝ հերթով անշտապ անցնելով կարոտած վայրերով եւ դեմքերով:

Դժվարությամբ մարմինս պոկում եմ անկողնուց ու կանգնում հայելու առաջ: Այտուցված կոպերս հուշում են, որ դեռ անուժ եմ ինձ փողոց գցելու եւ կարոտներս սպառելու համար: Սպառելու: Բառը ծակում է ականջներս ու ոսկորներս շրխկացնելով դուրս հորդում մազերիս ծայրերով:

Երեւի մենակ մնալու արդյունքն է, որ վերջին օրերին անընդհատ հետ եմ գնում ու փորձում վերլուծել սպառածս մեկ քառորդ դար տարիները: Մի քիչ հոգնեցնող գործ է, բայց ինքդ քեզ դատելու համար ժամանակ գտնել միշտ հարկավոր է: Բոլոր մտքերս ամբողջանում են «սպառել» բառի մեջ: Մենք՝ մարդիկս, սպառողական ենք մոտենում մեզ, մեր կյանքին, մեր սիրելի մարդկանց եւ այն ամենին, ինչ սեփական ջանքերով ենք վաստակել կամ ճակատագիրն է կանգնեցրել մեր առաջ:

Մեր բոլոր կրքերն ի չիք են դառնում այդ սպառման պրոցեսում, իսկ արդյունքում մի օր, երբ դարձյալ հայելու մեջ կնայեք կնճիռների արանքից, կարտասանեք ամենատխրեցնող բառերը. «Ես սա չէի երազում քեզ համար»: Ու դա կանենք սեփական անձի հանդեպ մայրական հոգատարությամբ ու մահացողի գլխավերեւում հնչող հրաժեշտի աղոթքում լսվող ափսոսանքով: Ու նույնիսկ այդ պահին, հավանաբար, կունենանք հույսը, որ գուցե հաջորդ կյանքում կամ այնտեղ՝ վերեւներում (կախված այն բանից, թե ով ինչի է հավատում), մեզ կտրվի երկրորդ շանսը ամեն բան այլ կերպ անելու համար:

Ինչո՞ւ եմ ես սա հիմա գրում: Որովհետեւ, երեւի, մի քիչ մեծացել եմ ու անկեղծորեն հավատում եմ, որ կլինեն մարդիկ, ովքեր կկարդան ու կսկսեն վերարժեքավորել իրենց: Առավոտյան կարթնանան ոչ թե հերթական օրը, մարդկանց հետ հարաբերություններն ու իրենց վստահված աշխատանքը սպառելու, այլ նոր բան արարելու հաստատ վճռականությամբ: Որ աշխատանքի չեն գնա այդ ութ ժամը պարզապես գլորելու, հետո սիրելի սրճարանում թեյի բաժակից բարձրացող գոլորշիների ներկայությամբ սիրելի մարդու հետ ընծայված ժամերը վատնելու համար: Որ երեկոյան կպառկեն քնելու՝ ներքին հարստացման փոքրիկ չափաբաժինը ստացած: Ու երբ կսկսեն իրենց ունեցածին մատների արանքով չնայել, երբ հոգու խորքում միշտ կունենան կորցնելու վախը, ամեն օր ծնվող կրքերը չեն վատնի անախորժությունների, վեճերի, դատարկ զրույցների վրա:

Հյուսիսից եկած խոտաբույսերի հոտը ծակում է քթանցքներս ու ինձ վերադարձնում հայելու առաջ: Վերցնում եմ թեյի բաժակն ու անզգուշորեն կուլ տալիս տաք թուրմը: Կոկորդս այրելով՝ ջուրը ներս է հոսում ու լռեցնում մտքերս: Ու այդ լռությունը, որ բազմաթիվ երկար-բարակ զրույցներից հետո է գալիս, փրկության նման է մեզ տրվում: Հաճախ մենք չենք զգում, թե երբ է մեզ հարկավոր լինում լուռ մնալ, չենք զգում ու սկսում ենք բոլոր կարեւոր պահերը փչացնել դատարկ խոսքերով, մոռանալով, որ մենք իրար լսել գիտենք նույնիսկ երբ լուռ ենք: Ուրեմն եկեք մեր ունեցածն արժևորելուց հետո մի քիչ էլ լռենք: Հետո ժամանակն ինքը կբերի խոսելու հերթական փուլը, իսկ այդ ընթացքում գուցե իմաստացած կլինենք լռությամբ:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:


Գտնված ժպիտը

Եկեք մի քիչ էլ լռենք

Բոլորիս կուլ տված մառախուղը

Շուշի զենքով չեն գալու
Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am