Քեռին եւ ութ թզուկները - Mediamax.am

Քեռին եւ ութ թզուկները
3954 դիտում

Քեռին եւ ութ թզուկները


Մոսկվա, երեկոյան ժամը վեցն է:

Հերթ Տվերսկայա փողոցի «Ռեսպուբլիկա» խանութում:

Խանութում ասեղ գցելու տեղ չկա՝ նախաամանօրյա իրարանցում է:

Դրսից սառած նոր եմ մտել ներս, գլխարկս մինչեւ ունքերս իջեցրած, երեսս կարմրած, մի խուրձ գրքեր հավաքած հերթ եմ կանգնել: Ինձնից առաջ անհամբեր հայ մի տղամարդ է՝ 8 շվեդական թզուկների գրկած: Զուգահեռ խոսում է հեռախոսով, որն ուսով է պահել.

- Հա, ճարել եմ, ճարել, երեխուն ասա, թող չլացի: Քեռի ունի, աշխարհը չունի:

Գանձապահը ինչ-որ մեկի ապրանքն է ետ ընդունում, իսկ տղամարդը շարունակում է անհանգիստ շարժումներ անել, եւ շրջվում է դեպի ինձ:

- Холодно, да?

Գլխի շարժումով համաձայնվում եմ:

- Давно так холодно не было, да?

Նորից գլխով եմ անում:

- У вас книжки, да? Любите читать, да?

Գլխով եմ անում:

- Я смотрю, вы совсем замерзли, может выпьем по чашечке кофе? Я здесь рядом знаю хорошее кафе.

Ամբողջությամբ պտտվում է դեմքով դեպի ինձ, ութ թզուկները գրկած: Ու ինը զույգ աչքեր ուշադիր ուղղվում են դեպի ինձ:

Ի՞նչ պետք է պատասխանեի նման իրավիճակում:

Պատասխանեցի.

- Գործ չունես:

Հայ տղամարդու դեմքն այդ պահին, ցավոք, գրեթե անհնար է նկարագրել: Բայց եթե փորձեմ, կարող եմ ասել, որ նա մի պահ մահացավ ու նորից ծնվեց:

- Վայ, քույրիկ ջան, հայ ե՞ս:

Գլխով եմ անում ու բարձր ծիծաղում:
 
- Բա տեսնում ե՞ս, ինչ վիճակ ա: Ցուրտ, սառնամանիք, ես էլ Մոսկվայով մեկ թզուկ եմ ման գալիս: Լավ ա գտա, թե չէ քաշվելու էինք:

- Քրոջս աղջկա հանդեսն ա մանկապարտեզում: Թատրոն են կազմակերպել. «Белоснежка и семь гномов»: Դե քրոջս աղջիկը Բելոսնեժկան ա՝ խոսացած ա: Էդ յոթ թզուկներն էլ գրիպ են, տունը պառկած: Դասատուն էլ ասում ա «ոնց ուզում եք, տակից դուրս եկեք»: Երեխեն լացում ա, դե ես էլ ասի, Անուշիկ ջան, քեռին մի բան կմոգոնի:

Էս թզուկներին բեմի վրա կշարի…

- Բայց Դուք ութ թզուկ եք գրկել, - ասում եմ:

- Դե հա, թող մեկն էլ ավել լինի, հանկարծ քչություն չանի, երեխեն չնեղվի: Հայի ասած, շատ լինի, քիչ չլինի: Թող իմանա՝ քեռին մեջքին կանգնած ա:

Իրինա Սվոբոդովան իրավաբան է, քաղաքացիական իրավունքի մասնագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:





Քեռին եւ ութ թզուկները
Մեր ընտրանին