2016 թվականը, որն ապրեցինք միասին - Mediamax.am

2016 թվականը, որն ապրեցինք միասին
4247 դիտում

2016 թվականը, որն ապրեցինք միասին


Մեդիամաքսում մենք ոչ միայն զբաղվում ենք մարդակենտրոն լրագրությամբ, այլեւ փորձում ենք որոշակի էկոհամակարգ ձեւավորել, եւ դա է պատճառը, որ յուրաքանչյուր տարեվերջին հաշվետու ենք լինում մեր ընթերցողներին:

Ապրիլին եւ հուլիսին աշխատեցինք արտակարգ ռեժիմով՝ լուսաբանելով ապրիլյան պատերազմը եւ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումը: Վերջին տարիներին Mediamax.am կայքն աշխատում է ավելի շատ օնլայն «ամսագրի», քան լրահոս ապահովող կայքի ռեժիմով, եւ ճգնաժամային իրավիճակում աշխատելը, զինվորական լեզվով ասած, մեր թիմից ուժերի արագ վերադասավորում պահանջեց:

Կարծում եմ, որ ե՛ւ ապրիլին, ե՛ւ հուլիսին մեզ հաջողվեց գտնել ու պահպանել բալանսը օպերատիվության եւ հավաստիության միջեւ: Երկու դեպքում էլ զգում էինք, որ մարդիկ մեզ վստահում են, իսկ դա ամենաթանկ գնահատականն է, որին կարող է հավակնել լրագրողը:

2016 թվականի ընթացքում ներկայացրինք մի քանի նոր հատուկ նախագծեր:

«Գիտամարդն» ապացուցում է, որ չնայած բոլոր հոռետեսական պնդումներին, Հայաստանում կան երիտասարդներ, որոնք զբաղվում են գիտությամբ, սիրում են իրենց գործն ու պատրաստ են «վարակել ուրիշներին»: «Անհետացող արհեստները» պատմում է իրենց գործի իրական նվիրյալների մասին:

«Հայաստանի մեռնող գյուղերը»
` անկեղծ ասեմ, որ այս նախագծի համար հատուկ ենք փոքր-ինչ «պրովոկացիոն» անվանում ընտրել, որպեսզի ցույց տանք, որ մեր երկրում կան բնակավայրեր, որտեղ մարդիկ զրկված են կյանքի տարրական պայմաններից: «Պատերազմն ու կինը» նախագիծը ներկայացնում է պատերազմի կանացի ձայնն ու հիշողությունները:

Այս տարի համատեղ նախագիծ արեցինք համաշխարհային մեդիայի առաջատարներից մեկի՝ Guardian-ի հետ: 2015 թվականի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, Guardian-ը Հայաստանի եւ Սփյուռքի իր ընթերցողներին առաջարկել էր պատմել, թե ինչ ազդեցություն է թողել Ցեղասպանությունն իրենց ընտանիքների վրա: 2016-ին Մեդիամաքսը եւ Guardian-ը համատեղ ներկայացրին չհրապարակված նյութերի մի մասը «Վերապրած հաղթողները» նախագծի շրջանակում:

2016 թվականին շարունակեցինք մրցույթներ անցկացնել մեր ընթերցողների համար. «Իմ կինն իմ ընկերն է», «Մարդասիրություն. մարդ լինելու արվեստը» եւ «Երկրորդ շանս»:

Օգոստոսին Sport.Mediamax.am-ի թիմը մեկնեց Ռիո՝ լուսաբանելու Ամառային Օլիմպիական խաղերը: Մեր աղջիկները Բրազիլիայից հաղորդում էին այդքան երկար սպասված լուրերը մեր մարզիկների նվաճած մեդալների մասին:

Ամռանը նոր դիզայնով ներկայացրինք Մեդիամաքսի ընտանիքի մաս կազմող Itel.am կայքը, որը Հայաստանի ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտի մասին պատմող առաջատար հարթակն է: 2017-ին ծրագրում ենք ամբողջությամբ թարմացնել նաեւ Մեդիամաքսի Banks.am կայքը:

Հանդիսանալով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարը՝ 2016-ին Մեդիամաքսը հանրությանը ներկայացրեց Maxmonitor/Mediatrends հարթակը, որը թույլ է տալիս հետեւել, թե որ հրապարակումներն են առավել շատ գրավում մարդկանց:

Եվ վերջում՝ ապրիլյան պատերազմի օրերին նկատեցինք, որ սրճարանի տերերը աղավաղում են Երեւանի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ «Էրեբունի-Երեւան 2750» շատրվանները: Մեր հրապարակմանն արձագանքեց Երեւանի քաղաքապետարանը՝ աղավաղումը դադարեցվեց եւ շատրվանների շուրջ կառուցվող մետաղական «վանդակն» ապամոնտաժվեց: Սա համարում եմ Մեդիամաքսի եւ մեր ընթերցողների կարեւոր ձեռքբերումը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին