Նամակ «ետճշմարտության» ան[hide] մարտիկներին
10217 դիտում

Նամակ «ետճշմարտության» ան[hide] մարտիկներին


Թվում է, երբ ապրում ենք կայուն անկայունության ժամանակներում, պետք է առավել արժեւորենք ամեն ապրած օրը, քանի որ այն կարող է վերջինը դառնալ՝ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային սրացումների, կյանքի անչափ արագացած ռիթմի, հազար ու մի այլ մեծ եւ փոքր խնդիրների պատճառով:

Բայց ոչ, դուք նախընտրում եք կյանքը անվերջ ու անբովանդակ ֆլեշմոբի վերածել:

Մեկ վայրկյանում ստեղծել «կոնտենտի» գիգաբայթեր, որոնք պետք է «հավերժացնեն» այն իբր կյանքը, որն ապրում եք:

Ժամանակ ծախսել #հերթականհիմարհեշթեգը հնարելու ու դրանով պարծենալու համար:

Իրար «միս ուտելու» մասին արդեն հոգնել եմ գրել՝ այնքան եք կատարելագործվել, անդունդի հատակն այնքան եռանդուն եք խորացնում, որ շուտով Երկրի հակառակ կողմին կհասնեք:

Այդ ընթացքում մեծանում են երեխաները, ծերանում են ծնողները, բայց այդ անգին ու արագ անհետացող պահերն անցում են ձեր կողքով, որովհետեւ դուք այլևս դուք չեք: Դուք ձեր «պրոֆիլն» եք: Իսկ արհեստական բանականությունը դեռ չի հասել նրան, որ պրոֆիլը կարողանա զգացմունքներ ապրել:

Ի՞նչ եմ անում ես ձեզանից պաշտպանվելու համար: Տեխնիկական իմաստով՝ ավելի ու ավելի հաճախ եմ սեղմում hide կոճակը: Այդ բառախաղն էլ գեղեցիկ է. hide/անհայտ:

Ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ կան դեպքեր, երբ ձեր կարծիքը ինձ հետաքրքիր չէ: Ընդ որում, այդ դեպքերի քանակն ավելանում է hide կոճակը սեղմելուն համընթաց:

Փորձում եմ չհամակերպվել այն բանի հետ, որ «ետճշմարտություն» (post-truth) եզրույթը լեգիտիմ տեղ կզբաղեցնի իմ կյանքում:

Ընթերցում, վերընթերցում եմ եւ ձեզ էլ խորհուրդ տալիս կարդալ մի հատված այն նամակից, որը 1969 թվականին գրել էր Իվան Եֆրեմովը իր ամերիկացի բարեկամին.

«Կայսրությունների, պետությունների եւ այլ քաղաքական կազմակերպությունների կործանումները բարոյականության կորստի հետեւանք են: Դա է ողջ պատմության ընթացքում բոլոր աղետների միակ պատճառը եւ կարող ենք պնդել, որ կործանումն իրականում ինքնակործանում է»:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am