Հանկարծ նորից չսկսվի... - Mediamax.am

Հանկարծ նորից չսկսվի...
5973 դիտում

Հանկարծ նորից չսկսվի...


Տարեվերջից դպրոցում խժդժություններ կան. գերմանացի եւ սիրիացի աշակերտների հարաբերման ձեւն է փոխվել՝ եւ՛ հայհոյանքների տարափ, եւ՛ ծեծկռտուք, եւ՛ ոստիկանություն…

Իրավապահներին դիմողը գերմանացի աշակերտներն ու նրանց ծնողներն էին, մեղավորներն ըստ նրանց՝ սիրիացի աշակերտները, որոնք դպրոցում մարմնական վնասվածք էին հասցրել գերմանացի մի աշակերտուհու։ Վերջինս էլ, ըստ պատմածների, փորձել էր սիրիացիներից պաշտպանել սիրած տղային՝ boyfriend-ին։ 

Առաջին հայացքից ծեծկռտուքի պատճառը միայն երկկողմանի կամ գուցե միակողմանի ատելությունն էր… Սակայն, ինչպես պարզեց ոստիկանությունը, պատճառը ոչ միայն դա էր, այլեւ ամենասովորական հարաբերությունները. սիրած աղջկան վիրավորանք են հասցրել, ընկերը պատիվ է պահանջում...

Լարվածությունը դպրոցում գագաթնակետին էր։ Ծեծկռտուքը չխթանելու նկատառումներով՝ սիրիացի աշակերտները զրկվեցին դասամիջոցներին դասասենյակը լքելու իրավունքից։ Չօգնեց։ Երկար ժամանակ հորդորում, պարտադրում էի վերջ տալ այդ իրավիճակին։ Ի վերջո, Սիրիայից Գերմանիա հասած աշակերտներս խոստացան չշարունակել։ Մինչ այդ դեպքը երբեք ինձ չէին ստել։ Իրենց հանդեպ վստահությունս հիմնավոր էր։ Սակայն առավոտյան պարզեցի, որ նախորդ օրը սիրիացիները գերմանացիներին դասերից հետո հանդիպել էին փողոցում եւ երկկողմանի ծեծ ու ջարդ սարքել...

Դասարան մտա ու հայտարարեցի, որ նրանց այլեւս չեմ վստահում, որ իրենց խոսքը դրժել են... Ծեծկռտուքին մասնակից աշակերտը ոտքի կանգնեց, ներողություն խնդրեց ու հայտարարեց.

- Ֆռաու Պետրոսյան, վաղը բոլոր հարցերը լուծված կլինեն։

 Հաջորդ օրը, դպրոց մտնելուս պես տնօրենն ասաց, որ կարծես ամեն բան կարգավորվել է, կողմերը խոսել են, միմյանցից ներողություն խնդրել եւ նույնիսկ ոստիկանությունից դիմումները հետ վերցրել։ Դասարան մտա, շնորհակալություն հայտնեցի եւ, կարծես, ամեն բան տեղն ընկավ։ Հիմա հարաբերական հանգիստ է՝ երբեմն միջադեպեր լինում են, որոնք մտահոգիչ են, բայց դեռեւս հուսադրող հանգամանքներ էլ կան։ Ամեն բան կորած չէ…

Դպրոցում գործող աշակերտական ակումբը պատի թերթ պատրաստելու, խաղեր կազմակերպելու, հմուտ ձեռքերի խմբակի համար շատ հարմար տարածք է։ Հենց այնտեղ աշակերտների հետ թեմատիկ պատի թերթ պատրաստելու գաղափարներն էինք ի մի բերում: Ոմանք նկարում էին, ոմանք՝ տեքստ գրում, երբ ակումբ մտավ ծեծկռտուքը գլխավորած գերմանացի աշակերտը։ Թեթեւակի լարվածություն զգացի՝ հանկարծ նորից չսկսվի... Անկյունում նստած Ռաֆաթը, որն արդեն մի քանի րոպե տանջվում էր ներկամանը բացելու համար, վեր կացավ ու մոտեցավ գերմանացի պատանուն։ Երկուսն էլ, չնայած տարիքին, պինդ ու հաղթանդամ են... Տեսա, որ գերմանացի պատանին, լարվեց ու ձեռքը բռունցք արեց, բայց Ռաֆաթը ներկամանը հանգիստ մեկնեց ու ասաց.

- Կարո՞ղ ես բացել, շատ պինդ է, չի ստացվում։

Գերմանացի պատանին հանկարծակիի եկավ, շտապ-շտապ ուսից գցեց պայուսակն ու բաճկոնը, եւ երկուսով սկսեցին տանջվել ներկամանը բացելու փորձերով։

Յուրաքանչյուր երեքշաբթի աշակերտների համար կինոդիտում ենք կազմակերպում, քննարկում ֆիլմը՝ գերմաներեն են լսում-խոսում, լեզուն զարգացնելու արդյունավետ միջոց է։ «Up» մուլտֆիլմը, որն արդեն ճանաչված ու սիրված է, երկու դասաժամ լարված նայելուց հետո, սկսեցինք քննարկել: Յուրաքանչյուրը մեկ բառով պետք է բնորոշեր մուլտֆիլմի ասելիքը։ Հնչեցին ընկերություն, սեր, տխրություն, երիտասարդ եւ ծեր ու էլի մի շարք բառեր: Ի վերջո Մամունը բարձրաձայնեց երազանք բառը.

- Ֆռաու Պետրոսյան, ամեն մեկն էլ երազանք ունի, թեկուզ թաքուն, բայց ունի… Իմ երազանքը Սիրիա գնալն է, կարոտել եմ...

Այս երազանքը շատերը կրկնեցին, իսկ Ռաֆաթը հայտարարեց, որ իր երազանքը գաղտնիք է ու միայն ինձ կասի երբեւէ, բայց ոչ հիմա եւ հարցրեց.

 -Իսկ ո՞րն է Ձեր երազանքը Ֆռաու Պետրոսյան։

 -Դե, ես էլ մի անիրականանալի երազանք ունեմ, ուզում եմ երբեւէ մի մեծ, սպիտակ, փափուկ ամպի վրա նստած երկնքով ճախրել եւ երկրին ու մարդկանց նայել...

Երեխաներն ուրախացան, ծիծաղեցին։ Ալան ինձ լսելուց հետո, քաջ սիրտ կտրած, բարձրաձայնեց.

- Ես էլ ծիածանի վրա սահել եմ ուզում, ախր շատ գեղեցիկ է…

 Ահմեդը հայացքով մասնակցում էր՝ ժպտում, դիմախաղով արձագանքում, բայց ոչ մի բառ չէր ասում։

- Ահմեդ, դե խոսիր, տեսնենք քո երազանքը որն է։ 

- Մի երազանք ունեմ միայն, ֆռաու Պետրոսյան, գոնե մի վերջին անգամ հորս ու մորս տեսնեմ։

Նրա հայրը վատառողջ է, Սիրիայում ապրել են գյուղում, բերքը հավաքելիս ծառից ընկել է, վնասվածք ստացել ու էլ չի կարողանում քայլել։ Հիմա ծնողները Սիրիայում են, Ահմեդը՝ եղբոր հետ Գերմանիայում։ 

Քարացա... Քիչ մնաց արցունքներս իրենց բնում չմնան... Ահմեդն անսպասելի տեղից վեր կացավ, իրեն բնորոշ ժպիտով ժպտաց ու ասաց.

- Ֆռաու Պետրոսյան, երբ վերեւում լինեք՝ ամպի վրա, խնդրում եմ, չմոռանաք սելֆի անել, ուզում եմ ես էլ տեսնել...

Ծիծաղը թնդաց ու զանգը հնչեց, իսկ իրականությունն հոսում է առանց զանգ ու առանց դադար …

Անուշ Պետրոսյանը Մեդիամաքսի նախկին աշխատակից է, ներկայում դասավանդում է փախստական դպրոցականներին Գերմանիայում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին