Ինչո՞ւ են դասագրքերը չսիրված - Mediamax.am

Ինչո՞ւ են դասագրքերը չսիրված
11427 դիտում

Ինչո՞ւ են դասագրքերը չսիրված


Ես սովորել եմ ռուսական դպրոցում։ Մինչ այսօր հաճույքով եմ հիշում հինգերորդ դասարանի հին աշխարհի պատմության դասագիրքը, որում ստրուկները անդադար պայքար էին մղում իրենց ազատության համար, Մարքսի տեսությունից անտեղյակ։ Եվ, հավանաբար, այնքան աշխույժ էին պայքարում, որ ոգեւորությամբ տարված, ես միշտ առաջ էի ընկնում դասի նյութից։ Պալմիրայի ավերակների լուսանկարը պարունակող սեւ կազմով Կորովկինի այդ դասագիրքը իմ սերնդակիցներից շատերն են հիշում՝ հայկական դպրոցների համար այն թարգմանված էր հայերեն։

Ցավոք, այսօրվա աշակերտները 20 տարի հետո դժվար թե վերհիշեն իրենց դասագրքերը։ Չի կարելի ասել, որ դրանք բոլորը վատն են։ Կան բավականին լավ մշակված ձեռնարկներ, գրված հոգատար եւ տարիքային առանձնահատկությունները լավ պատկերացնող մասնագետների կողմից։ Սակայն անգամ դրանք հեռու են աշխարհում կիրառվող լավագույն նմուշներից։ Վերջերս նաեւ կրթության եւ գիտության նախարարը հայտարարեց, որ մենք չենք ձեւավորել դասագրքերը ստեղծելու մշակույթ։

Այս խնդրի մեղքը չի կարելի բարդել միայն հեղինակների վրա։ Այն արմատացած է մեր կրթական ծրագրերում եւ քննական համակարգում։ Դասագիրքը կրթական համակարգի բաղադրիչ մասն է, եւ կրում է դրա դրոշմը։ Այն կազմվում է ելնելով ծրագրից եւ համապատասխանեցվում է քննությունների ձեւաչափին։ Եթե աշակերտի  ակնկալվող նպատակը ոչ թե կյանքում օգտակար գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելն է, այն շտեմարանական քննությունները հանձնելը եւ դրանց հիման վրա համալսարան ընդունվելը, դասագիրքը կլինի փաստերի եւ պատրաստի դեղատոմսերի հավաքածո, այլ ոչ թե մտածելակերպը եւ ստեղծարարությունը խթանող, աշխարհայացքը զարգացնող եւ ինքնուրույն ուսման մեջ ուղղորդող ուսումնական ձեռնարկ։ Ո՞վ կսիրի դեղատոմսին նման դասագիրք։

Սակայն անգամ եթե մենք ունենայինք շատ արդյունավետ եւ հետաքրքիր ծրագրեր, որակյալ եւ նպատակային քննություններ, դա ինքնաբերաբար չեր հանգեցնի լավ դասագրքեր ունենալուն։ Արդյունավետ եւ արդիական դասագիրք մշակելը պահանջում է մեծ ծավալի աշխատանք եւ, ուրեմն՝ զգալի ներդրումներ, մեծ փորձ, բազմաբնույթ մասնագետների սերտ համագործակցություն եւ աշխատանքի արդյունավետ կազմակերպում։ Այլ կերպ ասած, դասագրքաստեղծ մշակույթ ձեւավորելը հեշտ գործ չէ։

Նոր դասագրքեր մշակելուց առաջ պետք է վերանայել մեր կրթական չափորոշիչները, համապատասխանեցնելով դրանք արդի պահանջներին։ Պետք է դադարել դիտել դպրոցը համալսարանի նախաշեմ, փոխարենը կենտրոնանալով աշակերտներին փոխանցվող հմտությունների որակի վրա։ Պետք է դադարել անհիմն ուռճացնել փաստածի գիտելիքի կարեւորությունը եւ հատկացնել դրանց պատշաճ տեղը կրթական գործընթացում՝ ավելի մեծ չափաբաժին հատկացնելով աշակերտի կարողությունները զարգացնելուն։ Վերջնարդյունքների ցանկը պետք է ներդաշնակ կերպով բաժանել առարկաների միջեւ, եւ արդեն այդ բաժանումից բխեցնել առարկայական ծրագրերը։

Դրանից հետո միայն կարելի է անցնել դասագրքերի ձեւավորմանը։ Դասագրքերը պիտի լինեն ճկուն, կազմված մոդուլային սկզբունքով, որպեսզի նույն դասագրքով հնարավոր լինի տարբեր ժամաքանակ ունեցող ուսումնական ծրագրեր ծածկել։ Լեզուն եւ կիրառվող եզրույթները պիտի հարմարեցված լինեն տարիքին։ Դասագիրքը պետք է կցված լինի անընդհատ հարստացվող առցանց ռեսուրսների՝ տեսանյութերի, հավելյալ տեղեկությունների, հետաքրքրաշարժ առաջադրանքների։ Այն պիտի զուգակցված լինի ուսուցչի համար նախատեսված մեթոդական ձեռնարկների, խնդրագրքերի, ցուցադրական նյութերի, լաբորատոր փորձերի տարբերակների հետ։ Ի դեպ, ժամանակակից մոտեցումներին համահունչ, այս աշխատանքը կարող է եւ պետք է տարվի ոչ թե մասնագետների նեղ խմբի կողմից, այլ օգտագործելով ուսուցչական համայնքի ողջ ներուժը։

Սրանք դասագրքերի նկատմամբ պահանջների փոքր մասն են կազմում, եւ կարող են վիճելի լինել։ Մենք կարիք ունենք լուրջ աշխատանք տանելու, որպեսզի ձեւավորվի պահանջների ամբողջական փաթեթը, եւ նոր միայն ստեղծվեն դասագրքերը։ Դրա համար կարելի է դիմել փորձառու մասնագետներին, վերլուծել այլ երկրներում առկա լավագույն փորձը, դիտարկել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը։ Կրթության ոլորտում այլոց գաղափարները օգտագործելը ամոթ չէ, քանի որ սա այն ոլորտն է, որտեղ հիմնական խնդիրը ոչ թե լուծումներ գտնելն է, այլ դրանք ներդնելը։

Հուսով եմ, որ երբ նախարարը խոսում էր բեկումնային փոփոխությունների մասին, հենց այս գործընթացն էր պատկերացնում։ Ամեն դեպքում ողջունելի է, որ վերջապես կրթության նախարարությունը անդրադառնում է այս ցավոտ հարցին։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին