Մանկության ճոճանակն ու գողացված ծառերը - Mediamax.am

Մանկության ճոճանակն ու գողացված ծառերը
4683 դիտում

Մանկության ճոճանակն ու գողացված ծառերը


- Ոտնաթաթերը պինդ սեղմեք գորգին` ասես ծառի արմատներն են, որոնք տարածվում են հողի մեջ: Հետո դանդաղ բարձրացրեք ձեռքերը:

Յոգայի ուսուցչի հրահանգները կատարելիս հիշում եմ գյուղի մեր տնից մի փոքր հեռու աճած հաստաբուն ծառը:

Հետո պառկում ենք մահացածի դիրքով ու փորձում թուլացնել մարմինը (յոգայում դրան «շավասանա» են ասում): Որքան ավելի եմ սեղմում գլուխս գորգին, այնքան ավելի սուր տարածվում է թաց հողի բույրը: Սահում-անցնում եմ քաղաքի աղմկոտ փողոցներով, թռչում բարձրահարկ շենքերի կտուրներից վերեւ ու հասնում գյուղ:

Աչքերս փակ են, բայց մարմնագույն «վարագույրից» այն կողմ արեւի լույսը դանդաղ սահում է դեմքիս վրայով: Աչքերիս առաջ հաստաբուն ծառի տերեւներն են, որոնց արանքից արեւի ծակող շողերը պարբերաբար այրում են աչքերս, ստիպում ավելի ամուր սեղմել կոպերս: Մի ակնթարթ արագ բացում եմ ձախ աչքս եւ տեսնում ուսուցչին. երիտասարդ կնոջ ոսկեգույն գանգուրներն ու մեղմ ժպիտը արեւի պես ուղղված են վրաս: Նորից փակում եմ աչքերս:

Այս անգամ արդեն օրորվում եմ հաստաբուն ծառի ճյուղից կախված ճոճանակի վրա: Ծառն ինչ-որ մեկը տնկել էր մեր ու հարեւանի տան մեջտեղում, բայց այն ավելի մոտ էր հարեւանի տանը, ինչն էլ պատճառ էր դարձել, որպեսզի նրա երեխաները, ովքեր ինձ հասակակից էին, հայտարարեին, թե «ծառն իրենցն է», երբ ուզեն, այդ ժամանակ էլ կկտրեն ճոճանակը եւ թույլ չեն տա խաղալ: Այդպես էլ անում էին:

Կռվում էինք, երբեմն, ու որպես պատիժ` զրկվում ճոճվելուց: Հետո շաբաթներ շարունակ երազկոտ նայում էինք ծառի ուղղությամբ: Ճոճանակը մեղմ օրորվում էր քամուց, միայնակ ծառը, մեզ թիկունք արած, իմաստուն լռությամբ կամաց շարժում էր ճյուղերը: Ծառը, որ մեզ` երեխաներիս, այդքան մտերմացնում էր, որի մոտ խաղում էինք մինչեւ մութն ընկնելը, մենակ էր կանգնած ու դա այն պատճառով, որ մենք խաղալիս ինչ-որ բան չէինք կիսել, մեր էգոն չէր թողել անցնել սահմանն ու հենց տեղում հարթել խնդիրը: Մենք շաբաթներ ձգվող օտարության ճամփան էինք բռնել, որի ընթացքում նախանձն ավելի էր սրվում: Բայց քանի որ երեխա էինք, ավելի պարզ ու ավելի մաքուր, այդ «սկզբունքները» մեզ երկար չէին կրծում, եւ մի փոքր առիթի դեպքում մոռանում էինք ամենն ու նորից հավաքվում ծառի ճյուղերի տակ, խաղում սրտի ուզածի չափ (հաշտվելուց հետո այդ խաղերը, սովորաբար ավելի երկար էին տեւում):

Հիմա էլ, երբ մտքով հասել եմ ծառին, ինձ ոչինչ չի խանգարում գրկել արմատները: Սրտիս ուզածի չափ օրորվում եմ ճոճանակին վրա, մինչեւ յոգայի ուսուցիչը հնչեցնի զանգը: Իսկ «շավասանայի» ընթացքում ժամանակը ծորում է ու ծորում, միտքը լույսի արագությամբ է թռչում, ու մեկը դեռ չեկած, արդեն մյուսն է կռիվ տալիս տեղ ազատելու համար: Դեռ չեմ սովորել մտքերս դատարկել:

Նորից սահում եմ տանիքների վրայով եւ կանգ առնում Պուշկին փողոցում: Կողբացի փողոցի հետ խաչմերուկից մի փոքր հեռու բարակ արմատով երկու ծառ կա` բալենի ու թթենի: Ծառերն արդեն մի քանի տարի է` բերք չեն տալիս: Դրանք երկու կրպակների դիմաց էին, որոնցից մեկում կարկանդակներ էին վաճառում: Կրպակները վաղուց ապամոնտաժել են, իսկ տարածքը փակված է արծաթագույն թիթեղներով. մի փոքր հեռու շինարարություն է ընթանում:

-Ծառերը, հավանաբար, նեղացել են,- մտածում եմ ես ու հիշում թթու բալի համը:

Միտքս մի կետից մյուսն է գնում` մեկ օրորվելով մեր գյուղի հին ծառի ճյուղից, մեկ` պսպղուն բալեր պոկելով Պուշկինի փողոցի ծառից:

Ձեռքերս այնքան են անզգայացել, որ քարից ավելի ծանր են թվում: Կարծես, կբացվի հատակն ու կանցնեմ գետնի տակ: Փայտյա տախտակն ավելի ու ավելի է փափկում եւ հողի հոտը գնալով ուժեղանում է: Տնից (բնությունից) հեռացածի ու հետո մեղավոր հայացքով վերադարձածի պես դողացնում եմ թարթիչներս: Դրանք արագ վեր են բարձրանում, երբ լսվում է զանգի ձայնը:

Գլուխս դանդաղ բարձրացնում եմ: Հիմա արդեն ժամանակը քիչ է, արագ դասավորում է միտքս ու կանգնում հարցի առաջ.

- Ինչո՞ւ են մարդիկ իրարից գողանում ծառերը:

Հետո հիշում եմ հայտնի հեքիաթը: Մտածում եմ` «Էս ծառն իմն է, էս սարն իմն է»-ներ չեն լինի, եթե մի քիչ ավելի հեռանանք մեր սեփական էգոյից ու մոտենանք բնությանը: Մի օր, գուցե, կռիվներն ու պատերազմներն էլ դադարեն, եթե մարդկությունը քաջություն ունենա կանգ առնել եւ վերադառնա իր բնությանը, իր արմատներին:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին