Ինչպե՞ս դուրս գալ արտաքին քաղաքական տուրբուլենտությունից - Mediamax.am

Ինչպե՞ս դուրս գալ արտաքին քաղաքական տուրբուլենտությունից
12663 դիտում

Ինչպե՞ս դուրս գալ արտաքին քաղաքական տուրբուլենտությունից


Հայաստանում խորհրդարանական ընտրությունների սկիզբը նշանավորվեց ռուսական գիտա-վերլուծական և լրագրողական ոլորտների ներկայացուցիչների մի շարք ուշագրավ այցելություններով: Այսպես, «Գրիբոյեդով» ակումբի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան ժամանեցին հայտնի լրագրողներ Դմիտրի Կիսելյովը և Վլադիմիր Սոլովյովը: Մամուլի ասուլիսի ժամանակ, որին ներկա էին տարբեր վերլուծական կենտրոնների, թերթերի և հեռուստատեսությունների ներկայացուցիչներ, ռուս լրագրողները անդրադարձան հայ-ռուսական հարաբերությունների մի շարք տնտեսական և ռազմա-քաղաքական ասպեկտների: Ընդհանուր առմամբ բավականին հետաքրքիր քննարկում ստացվեց: Սակայն ամենահիշարժան դրվագը Վլադիմիր Սոլովյովի մենախոսությունն էր պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական պասիվության և Մոսկվայում հայկական դիվանագիտական առաքելության ձախողումների մասին: Իր կարևորությամբ երկրորդը Կիսելյովի թեզիսն էր այն մասին, որ Ադրբեջանին զենք վաճառելով Ռուսաստանը ձեռք է բերում նրա նկատմամբ վերահսկողության գործիքներ: Այդ միտքը, ինչպես և ենթադրվում էր, հերթական արձագանքը առաջացրեց հայկական հասարակության շրջանակներում:

Սակայն այն փաստը, որ հայկական կողմի ներկայացուցիչները պարբերաբար բարձրացնում են միևնույն հարցերը (հաճախ անգամ չփոփոխելով ձևակերպումները), խոսում է խորը ճգնաժամի առկայության մասին: Ավանդաբար, նման մամուլի ասուլիսների ժամանակ հենց ընդունող կողմը պետք է վեկտոր հաղորդի քննարկմանը: Նախ՝ անհարժեշտ է, որ հայկական գործոնը դրվի առաջին տեղում: Որպես կանոն, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի քաղաքական, վերլուծական և լրագրողական շրջանակների ներկայացուցիչները օգտագործում են ռուս-հայկական, ամերիկա-հայկական, ֆրանս-հայկական հարաբերություններ ձևակերպումները՝ հոգեբանորեն ընդգծելով կողմերի առաջնահերթությունը: Ելնելով դրանից, Հայաստանում քաղաքական և տնտեսական էլիտաների ներկայացուցիչները, ակադեմիկոսները, վերլուծաբաններն ու լրագրողները պետական փոխհարաբերությունների այս կամ այն տարրը բնութագրելիս պետք է հայկական գործոնը առաջին պլան մղեն (գոնե տարրական ձևակերպումներում):

Երկրորդ, չափազանց կարևոր է կենտրոնանալ այնպիսի հիմնարար հարցերի վրա, ինչպիսիք են Հայաստանի տեղի և դերի պարզաբանումը եվրասիական ինտեգրացիոն նախագծերում, միջպետական փոխհարաբերությունների  հիմնական խնդիրների վերհանումը, քաղաքական երկխոսության հետագա զարգացման ռազմավարական տեսլականի ընկալումը:

Հարցերը, որոնք առավել հաճախ բարձրացնում ենք ռուսաստանցի գործընկերների առաջ՝ զենքի վաճառքը Ադրբեջանին, բարձրաստիճան պաշտոնյաների հակահայկական հայտարարությունները, գագաթնաժողովի տեղափոխությունը Երևանից Մոսկվա, Մինսկի կողմից ռուս-իսրայելցի բլոգերի արտահանձնումը Բաքվին, հայկական սահմանի գնդակոծման վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայությունը, ընդամենը ախտանշաններ են, որոնք խոսում են լուրջ, հիմնարար խնդիրների առկայության մասին: Գլխավոր խնդիրն այն է, որ մենք համառորեն պահանջում ենք հեռացնել այդ բարձիթողի ախտանշանները, որոնք դրսևորումներն են այն լուրջ քաղաքական հիվանդության, որն առաջացել է պետական տեսլականի և նրա բացարձակ գիտակցման բացակայությունից, թե ինչպես է պետք կառուցել հարաբերությունները Ռուսաստանի և վերոնշյալ ինտեգրացիոն նախագծերի մյուս անդամների հետ:

Մինչ օրս ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա հստակ պատասխան չի տվել ռազմավարական բնույթի հետևյալ սկզբունքային հարցին՝ անդամակցությունը Եվրասիական միությանը կամ ՀԱՊԿ-ին ինչպե՞ս պետք է օգնի Հայաստանին իր քաղաքական, ռազմական, տնտեսական և այլ խնդիրները լուծելու հարցում: Որպես կանոն, պետությունը, իր ինքնիշխանության մի մասը կամավոր փոխանցելով վերազգային մակարդակ, պետք է ստանա կրկնակի, անգամ եռակի օգուտ: Օրինակ, Ղազախստանը, Ղրղըզստանը և Բելառուսը իրենց անդամակցության փաստը հետևողական և ակտիվ կերպով օգտագործում են սեփական տարաբնույթ խնդիրները լուծելու համար: Յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ այդ երկրների առաջնորդները բարձրացնում են կարևոր հարցեր՝ պահանջելով գտնել լուծումներ առկա խնդիրների համար:

Իր հերթին, հայկական կողմը նստաշրջանների ժամանակ իրեն չափազանց պասիվ է պահում, ստեղծելով որևէ պահանջի բացակայության արհեստական տպավորություն: Ավելի շուտ նման պահվածքը կապված է իր գործընկերներին պահանջներ ներկայացնելու ցանկության բացակայության հետ: Ավելին, պաշտոնական Երևանը ձգտում է Ռուսաստանին ցուցադրել իր՝ սեփական խնդիրները ինքնուրույն լուծելու կարողությունը, ի տարբերություն մյուս պետությունների (որոնք բողոքում են): Հայ քաղաքական գործիչների կարծիքով Մոսկվան պետք է ըստ արժանվույնս գնահատի նման վարքագիծը՝ դրանից բխող քաղաքական և տնտեսական դիվիդենտներով: Սակայն երևանյան գագաթնաժողովի պատմությունը (և շատ այլ օրինակներ) ցույց տվեց, որ այդ մոտեցումը վնասակար է և անգամ՝ վտանգավոր: Փաստացի ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ Ադրբեջանը, չգտնվելով Եվրասիական միությունում և ՀԱՊԿ-ում, Հայաստանի վրա հզորագույն ճնշում է գործադրում Ղազախստանի և Բելառուսի միջոցով և հետևողական տեմպերով զարգացնում է ռազմա-տեխնիկական հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Այստեղից հարց է ծագում. «Արդյո՞ք Երևանում հասկանում են նման կոնֆիգուրացիայի պահպանման երկարաժամկետ հետևանքները»: Գոյություն ունի բավականին պարզ բաղադրատոմս, որը, ինչ-որ չափով կօգնի ուղղել իրավիճակը՝ Հայաստանը պետք է առավելագույնը ստանա այդ կառույցներին իր մասնակցությունից՝  ներկայացնելով բացահայտ պահանջներ և պահանջելով հաշվի նստել իր շահերի հետ: Ռուսաստանը, ինչպես և Եվրասիական միության մյուս անդամները մեծագույն հարգանքով են վերաբերում այն երկրներին և առաջնորդներին, որոնք ունակ են պաշտպանել իրենց ազգային շահերը: Մեր դեպքում Ռուսաստանը դժվարությամբ է հասկանում Հայաստանի երկարաժամկետ քաղաքական ձգտումները: Ինչու՞. պատասխանը շատ պարզ է՝ հայ քաղաքական գործիչները լուծում են բացառապես կարճաժամկետ բնույթի հարցեր: Օրինակ, պաշտոնական Երևանը կարող է խնդրել Մոսկվային ճնշում գործադրել Բաքվի վրա հերթական դիվերսիայից հետո: Սակայն հայկական կողմը չունի նրա գիտակցումը, թե ինչպե՞ս օգտագործել սեփական առավելությունները Ռուսաստանի, Եվրասիական միության և ՀԱՊԿ-ի արտաքին քաղաքական գործիքակազմը Ադրբեջանի դեմ հավաքագրելու համար:

Շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ առաջարկում են խնդրի լուծման մեկ այլ տարբերակ՝ դուրս գալ եվրասիական կառույցներից: Սակայն այդ սցենարի կողմնակիցները պետք է հասկանան, որ սեփական ռազմավարություն և այլ արտաքին այլընտրանք չունեցող Հայաստանը օբյեկտիվորեն չի կարող իրեն կտրուկ մանևրեր թույլ տալ: Իհարկե, կատարյալ լուծում կլիներ չեզոք և որևէ բլոկի մեջ չգտնվող Հայաստանը, սակայն այդ կարգավիճակը վերադարձնելու համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, որոնք երկրին թույլ կտան ձեռք բերել ազդեցության լուրջ գործիքներ: Ազգային շահերի առաջ մղումը սերտորեն կապված է երկրի ռեսուրսաապահովվածության հետ՝ ֆինանսական, քաղաքական, տնտեսական, մարդկային և այլն: Արդյո՞ք այսօրվա Հայաստանը ունի այդ հնարավորությունները: Չոր և համառ վիճակագրությունը ասում է, որ ոչ: Դրա հետ կապված պետք է ա) ամրապնդել սեփական դիրքերը Եվրասիական միությունում և ՀԱՊԿ-ում, բ) դուրս գալ արտաքին քաղաքական տուրբուլենտությունից և գտնել սեփական տեղը ժամանակակից ճգնաժամային և քաոսային աշխարհաքաղաքական համակարգում: Ինչպե՞ս դա անել:

Առաջին՝ համազգային բնույթի հարցերի վերաբերյալ Հայաստանը պետք է մշակի հստակ և հետևողական դիրքորոշում: Նախ և առաջ խոսքը Արցախի Հանրապետության քաղաքական ապագայի մասին է: Պետք է ընդունել առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության հետագա բանակցությունների վարման անհնարինության սկզբունքային դիրքորոշում, ինչը թույլ կտա փոխել բանակցային գործընթացի դիսկուրսը (այսօր արցախյան կողմը բանակցային գործընթացների ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ): Երևանն ու Ստեփանակերտը, լինելով հաղթողներ, պետք է ուղղություն տան այդ բանակցություններին և չվարեն քննարկումներ որևէ տարածքային զիջման վերաբերյալ: Ըստ էության, պատերազմում պարտություն կրած ագրեսոր կողմի հետ բանակցություններ վարելու համաձայնությունը արդեն իսկ հիմնարար զիջում է հայկական կողմից (այլևս բարի կամքի որևէ ժեստ անհրաժեշտ չէ):

Երկրորդ՝ պաշտոնական Երևանը պետք է առանցքային  դեր խաղա ամբողջ աշխարհում սփյուռքի հայակենտրոն ուժերի համախմբման հարցում: Սփյուռքի՝ ներկայումս գործող կազմակերպությունների մեծ մասը օբյեկտիվորեն հնացել են և ունակ չեն պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանի շահերը: Բացի այդ, շատ սփյուռքյան կառույցներ առաջ են մղում իրենց բնակության  երկրների օրակարգերը: Նման կազմակերպությունների ռեսուրսների օգտագործումը հնարավոր է այն դեպքերում, երբ Հայաստանի շահերն ու խնդիրները այս կամ այն հարցում համընկնում են այդ երկրների շահերի հետ: Ընդհանուր առմամբ, սեփական երկրի շահերը ամենաբարձր մակարդակներում առաջ մղելու համար անհրաժեշտ է ձևավորել առավելապես պետականամետ դիրքորոշում ունեցող ազդեցության խմբեր: Այդ նպատակին հասնելու համար հայկական իշխանությունները պետք է՝ ա) հասկանան և վերլուծեն ժամանակակից Սփյուռքի քաղաքական բնույթը, բ) հրաժարվեն Սփյուռքում դեպի նեղ ֆինանսական էլիտաները կողմնորոշվելու ռազմավարությունից, գ) մշակեն Սփյուռքում լայն զանգվածների հետ երկարաժամկետ աշխատանքի մեխանիզմներ՝ վերադարձնելով և դաստիարակելով հայակենտրոն էլիտաներ:

Երրորդ՝ համակարգային աշխատանք տանել Եվրասիական միության երկրների հետ: Անհրաժեշտ է գիտակցել և ընդունել այն փաստը, որ Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի  և Բելառուսի քաղաքական վարքագիծը ուղղակի ազդեցություն է գործում Հայաստանի վրա: Սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ է արձագանքման քաղաքականությունից անցում կատարել կանխարգելիչ քաղաքականության: Այդ խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ գործիքները նույնպես վաղուց  մտածված և փորձված են՝ ա) դիվանագիտական ներկայացուցչությունների ուժեղացված և բարձրորակ աշխատանք, բ) աշխատանքային լոբբիստական խմբերի ձևավորում քաղաքական, տնտեսական, մշակութային, ակադեմիական, վերլուծական, տեղեկատվական-քարոզչական ոլորտներում: Համակարգային աշխատանքի հաստատումը թույլ կտա պաշտպանել սեփական շահերը և չեզոքացնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից առավել վտանգավոր և լուրջ նախաձեռնությունները:

Հայաստանի ղեկավարության՝ այդ խնդիրները լուծելու կարողությունից է կախված պետության և ողջ ազգի գոյատևումը: Իհարկե, երկարաժամկետ ռազմավարական նպատակներ ձևակերպելիս չի կարելի մոռանալ կարճաժամկետ և միջնաժամկետ որոշումների կարևորության մասին: Սակայն, չափազանց կարևոր է հիշել, որ կարճաժամկետ որոշումների վրա կենտրոնացումը միշտ էլ հանգեցնում է քաղաքական լճացման՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին