Հաց բերելու եւ հաց նետելու ժամանակը - Mediamax.am

Հաց բերելու եւ հաց նետելու ժամանակը
6877 դիտում

Հաց բերելու եւ հաց նետելու ժամանակը


Երբ հուլիսին գրում էի «Մենավոր Գայլը», երեք նախագահները ու երկրի իրական տերերը սյունակը, պարզ չէր, թե ինչպիսին կլինի ՊՊԾ գնդի գրավումից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, եւ արդյոք Սասնա Ծռերի անդամները տարածքից ողջ դուրս կգան: Այն ժամանակ Հաց բերողին դեռ այդպես չէին անվանում: Ոստիկանության հաղորդագրությունից տեղյակ էինք, որ քաղաքացի Արթուր Սարգսյանն իր անձնական ավտոմեքենայով ճեղքել էր ոստիկանության պատնեշը ու սնունդ հասցրել ՊՊԾ տարածք: «Հաց բերող» անունը լսեցինք, երբ ուղիղ եթերում ցուցադրվում էր Սասնա Ծռերի անդամների հանձնվելը եւ երբ եկավ Արթուր Սարգսյանի հերթը, նրանցից մեկն ասաց`«Մեր հաց բերողն է»:

Մի քանի լուրջ հիվանդություն ունեցող մարդը բանտում չորս ամսից ավել անցկացնելուց հետո ազատ արձակվեց (փոխվեց խափանման միջոցը), սակայն շուտով կրկին կալանավորվեց: Գրեթե կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքական եւ ուժային ղեկավարները այդ կերպ վրեժ էին լուծում Արթուր Սարգսյանից, որն ազատության մեջ եղած իր միակ հարցազրույցում միգուցե «ավել-պակաս բաներ» էր խոսել: Համենայնդեպս, հիվանդ մարդուն կրկին բանտ տանելու այլ հիմնավորում չեմ տեսնում:

Արթուր Սարգսյանին չեմ ճանաչել եւ չեմ կարող ասել, թե ինչպիսի մարդ էր նա, որո՞նք էին նրա հանդուգն քայլի իրական պատճառները եւ արդյո՞ք իրեն հաճելի էր վրա հասած ժողովրդական սերը եւ իր՝ առասպելական կերպար դառնալը: Կարծում եմ, որ նա բարի ու ազնիվ մարդ էր, որը քայլ կատարեց, որի համար վճարեց կյանքով:

Հաց բերողը գնաց, մենք մնացինք: Ու կրկին պարզվեց, որ հերոսացնելով ոմանց, ուրիշներին պատրաստ ենք ոչնչացնել` խոսքով, գործով ու եթե ճար լինի, նաեւ զենքով:

Արդյո՞ք ընդունելի եւ ներելի է հայտնի ու սիրված մարդու այս կոչը. «Ով ընտրելու է ՀՀԿ, թող իմանա, որ Հաց բերողի մահն էլ է իր վրա գրվում»: Այսպես հեշտությամբ մարդու մահվան մեղսակից հռչակելով հազարավոր մարդկանց միայն ավելի ենք խորացնում համատարած ատելությունը, շարունակում ենք այս անվերջ շրջապտույտը, երբ բոլորը ատում են բոլորին եւ սպասում են, թե երբ է գալու այդ ատելությունը նյութականացնելու հնարավորությունը:

Իսկ միգուցե՞ խոսենք ոչ միանշանակ, ծանր հարցերի մասին: Այն մասին, որ Արթուր Սարգսյանը կարող էր զոհվել հուլիսին ոստիկանների ձեռամբ, որոնք նրա ուղղությամբ կրակ էին բացել, քանի որ հատուկ գործողության տարածք էր ներխուժել մեքենա, որի վարորդի մտադրություններն անհայտ էին: Կարող ենք չսիրել եւ մեղադրել Սերժ Սարգսյանին, Վլադիմիր Գասպարյանին կամ Լեւոն Երանոսյանին, բայց իրավունք չունենք նույն կերպ վերաբերվել ոստիկաններին, որոնք այդ օրերին կատարում էին իրենց ծառայողական պարտքը (խոսքը մարդկանց ծեծելուց հաճույք ստացող համազգեստավոր սադիստների մասին չէ): Կարծում եմ, որ իրավունք չունենք պնդելու, որ մեկը մյուսի հետեւից բոցաշունչ մեկնաբանություններ գրողները ավելի հայրենասեր ենք, քան այն ոստիկանները, որոնք ծառայություն էին կրում  Սասնա Ծռերի հետ դիմակայության օրերին:

Փորձենք թույլ չտալ իշխանություններին, որպեսզի օգտագործի Հաց բերողի մահը մեզ միմյանց դեմ հանելու համար: Փորձենք թույլ չտալ ընտրություններին մասնակցող ուժերին Արթուր Սարգսյանի մահն օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար: Փորձենք թույլ չտանք հիմար մարդկանց ապականել Հացի գաղափարը՝ Հաց բերողի մահվան օրը Ազգային ժողովի դարպասից այն կողմ հաց նետելը նրա հիշատակը հարգելու հաստատ լավագույն միջոցը չէր:

Ես շատ կուզեի միանշանակ վերաբերմունք ունենալ հուլիսին Արթուր Սարգսյանի կատարած քայլի հանդեպ: Սակայն չունեմ եւ չեմ ուզում կեղծել: Փոխարենը վստահ եմ, որ այդ մարդը՝ կես տարի առաջ մահվանն ընդառաջ գնալով, մեզ ցուցադրում էր ոչ այլ ինչ, քան մեկ անհատի ուժը: Նա չէր գնում հերոս կամ առասպել դառնալու, նա գնում էր ցուցադրելու, որ մեկ մարդը կարող է բան փոխել: Երեւի արժե մտածել այդ մասին, այլ ոչ թե բաժանվել ճամբարների, որոնցում անհատները լղոզվում ու փոշիանում են:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին