«Մենք եւ Նրանք»՝ ժողովուրդն ու իշխանությունը Հայաստանում - Mediamax.am

«Մենք եւ Նրանք»՝ ժողովուրդն ու իշխանությունը Հայաստանում
6654 դիտում

«Մենք եւ Նրանք»՝ ժողովուրդն ու իշխանությունը Հայաստանում


Վերջին ինը տարիներին Հայաստանն անցել է զարգացման դժվարին եւ կարեւոր փուլ: Պատմական այդ կարճ ժամանակահատվածում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք արմատապես փոխեցին երիտասարդ հանրապետության քաղաքական դիմագիծը: Գործող նախագահ Սերժ Սարգսյանն իր կառավարումը սկսեց այն ժամանակ, երբ աշխարհն ընկղմվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի մեջ: Միամտություն կլիներ պնդել, թե այդ փաստը որեւէ կերպ չի ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակված փոքր հանրապետության վրա: Միաժամանակ, սխալ կլինի ենթադրել, թե համաշխարհային տնտեսական ճգնաժամը դարձավ ներքին խոր հակասությունների եւ ճակատագրական արտաքին քաղաքական որոշումների գլխավոր պատճառը:

Առավել մեծ հնչեղություն ստացած իրադարձությունները՝ 2008 եւ 2012 թվականների նախագահական ընտրությունները, ֆուտբոլային դիվանագիտությունը եւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, «Լինսի» եւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամների աշխատանքի դադարեցումը, Հայաստանի մուտքը Եվրասիական միություն, Ադրբեջանի բազմաթիվ դիվերսիաները, ապրիլյան քառօրյա պատերազմը, փողոցային ցույցերը (Բաղրամյան եւ «Էլեկտրիկ Երեւան»), ինչպես նաեւ ոստիկանական գնդի գրավումը, լրջորեն ուսումնասիրված չեն գիտական եւ վերլուծական շրջանակներում: Այդ պատճառով էլ շատ հարցեր անպատասխան են մնում: Սակայն այս հոդվածի շրջանակում կցանկանայինք ուշադրություն հրավիրել առավել ընդհանրական եւ փիլիսոփայական հարցի՝ ժողովրդի եւ իշխանության փոխհարաբերությունների վրա: Առանց հասկանալու այն կարեւորագույն հիմքերը, որոնց վրա հիմնվում են այդ սուբյեկտների միջեւ առկա ընկալումները, հնարավոր չէ տալ օբյեկտիվ գնահատական այս կամ այն քաղաքական իրադարձությանը:

Իշխանությունը եւ ժողովուրդը

Հազարամյակներ շարունակ փիլիսոփաները, պատմաբաններն ու սոցիոլոգները փորձել են բացատրել իշխանության ծագումը, նրա ձեւերը, աղբյուրներն ու նպատակները: Այդ շարունակական բանավեճերում խորանալն իմաստ չունի: Այդ վիճաբանությունները շարունակվում են առ այսօր եւ, հավանաբար, կշարունակվեն նաեւ տեսանելի ապագայում: Իշխանությունը բնորոշելու իրավիճակային մոտեցումը հիմնված է նրա վրա, որ կոնկրետ ժամանակահատվածում լիդերությունը նվաճում է նա, ով մյուսներից ավելի լավ գիտի, թե ինչ անել: Ընդ որում, խոսքը նրա մասին չէ, որ այդ լիդերները, ունենալով անհրաժեշտ որակներ, կարողացել են ճիշտ ժամանակին զգալ հասարակական տրամադրությունները եւ կանխատեսել գալիք փոփոխությունները: Ընդհակառակը՝ լիդերների այդ տիպն օգտագործում է ճգնաժամային իրավիճակը խառը ժամանակներում իշխանություն ձեռք բերելու համար: Այս մոտեցումը կարող է մասամբ բացատրել հայկական իշխանության ծագումը: Այսպես, առաջին էլիտան կազմավորվեց ԽՍՀՄ-ի փլուզման եւ անկախ Հայաստանի ձեւավորման արդյունքում:

Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կատարում էր քաղաքական մենեջերի գործառույթներ, մինչդեռ ուժային բլոկը մեծամասամբ ձեւավորվել էր ղարաբաղյան պատերազմի՝ հասարակության շրջանում հեղինակություն վայելող գեներալների ազդեցությամբ (նախ եւ առաջ՝ Վազգեն Սարգսյանի): Ուժային էլիտան, անկախ քաղաքական մենեջերների քաղաքական կուրսից, էական ազդեցություն էր գործում ներքին եւ արտաքին գործընթացների վրա: Լեւոն Տեր-Պետրոսյանը, փորձելով ստիպել ուժային բլոկին ընդունել ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տարբերակը, բախվեց դաժան դիմակայության: Արդյունքում ներքին հակասությունները ավարտվեցին նախագահի հրաժարականով: Մի կողմից՝ հաղթանակը հնարավորություն տվեց ուժայիններին իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացնել իրենց ձեռքում, մյուս կողմից՝ պայմանական քաղաքական մրցակիցների անհայտացմամբ կոնֆլիկտներ սկսեցին առաջանալ նոր իշխող էլիտայի ներսում: Այդ պառակտումը հանգեցրեց երկու պայմանական ազդեցության խմբերի ձեւավորմանը: Լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, երբ 1999թ. հոկտեմբերին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը եւ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը:

Ընդհանուր առմամբ, ժողովուրդն էական ազդեցություն չուներ երկրի քաղաքական կյանքի վրա: Ինչպես արդեն նշվեց, հաղթանակը ղարաբաղյան պատերազմում թույլ տվեց զինվորականներին ստանալ ժողովրդական զանգվածների ոչ պաշտոնական աջակցությունը: Սակայն դեռեւս այն ժամանակ էլիտան արհեստական «պատեր» էր ստեղծում՝ ժողովրդին քաղաքական որոշումների կայացման գործընթացից հեռու պահելու համար: Ի՞նչ նպատակով էին ստեղծվում այդ պատնեշները: Նիկոլո Մաքիավելին իշխանությունը մեկնաբանում էր որպես այնպիսի մեծ արժեք, որն արդարացնում էր նրան հասնելու եւ պահպանելու ցանկացած միջոց եւ եղանակ: Այդ մոտեցումն նաեւ մեկնաբանում այն, որ ժողովուրդն էմոցիաների վտանգավոր թանձրուկ է, որը պետք է կա՛մ վերահսկողության տակ լինի, կա՛մ՝ տարանջատվի պատով: Այսպիսով, իշխանության հայկական մոդելի ձեւավորման առաջին փուլի հիմքում ընկած էին ուժի եւ ժողովրդական զանգվածներին քաղաքական ոլորտից նպատակադրված հեռացնելու սկզբունքները:

Հաջորդ էլիտաները, որոնք ձեւավորվեցին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից, իշխանությունն իրացնում էին հարստության միջոցով: 2000 թվականից սկսած եւ առ այսօր այս կամ այն էլիտաները ստեղծել են պայմաններ, որոնց դեպքում ժողովրդի կամքն իշխանության աղբյուրից վերածվել է հաշվարկված գնային գործոնի: Սոցիոլոգ Թալկոտ Պարսոնսը գրում է, որ էլիտան, որն ունի ուժ եւ հարստություն, մշտապես ստեղծում է ռեպրեսիվ ռեսուրսներ պոտենցիալ մրցակիցների դեմ: Այստեղ կարեւոր է ընդգծել, որ խոսքը հենց քաղաքական մրցակիցների մասին է, որոնք կարող են վտանգ ներկայացնել: Ինչո՞ւ է այդ փաստն այդքան կարեւոր: Բազմաթիվ ականավոր գիտնականների կարծիքով՝ իշխանությունները չեն վախենում ժողովրդական մեծամասնությունից: Ստեղծելով անհրաժեշտ մեխանիզմներ (ԶԼՄ-ներ եւ այլն)՝ իշխանությունները թույլ են տալիս մեծամասնությանը բաց արտահայտել իրենց տեսակետը, քննադատել եւ մեղադրել իշխանության կոնկրետ ներկայացուցիչներին:

Իշխանությունների նման պահվածքը շատ լավ է մեկնաբանել Ջեյմս Մեդիսոնը՝ ամերիկյան քաղաքական համակարգի ճարտարապետներից մեկը: Նա գրել է, որ ցանկացած «մեծամասնություն» միշտ անկազմակերպ է եւ այդ պատճառով էլ ունակ չէ լուրջ սպառնալիք ներկայացնել լավ ամրապնդված էլիտային: Վտանգը, Մեդիսոնի կարծիքով, ներկայացնում է հենց կազմակերպված փոքրամասնությունը, որը տիրապետում է որակական եւ քանակական ռեսուրսների: Հենց այդպիսի կազմակերպված փոքրամասնությունը, որը կիսում է անկազմակերպ մեծամասնության դժգոհությունը, կարող է ձեւավորել այլընտրանքային էլիտա: Որպես կանոն, այդպիսի էլիտաների լիդերները ծնվում են բողոքական մեծամասնությունից: Եթե իշխանություններն այդ կերպարներում սպառնալիք են տեսնում, նրանք բոլոր հնարավորություններն օգտագործում են նրանց՝ որպես նոր հավատարիմ տարրեր իրենց համակարգում ներառելու համար (ինչը խիստ բնորոշ է Հայաստանին):

Այսօրվա Հայաստանում իշխանության համար սպառնալիք են ներկայացնում բացառապես այլ (փոքր, միջին եւ խոշոր) քաղաքական խմբավորումները, եւ ոչ թե ժողովրդական դժգոհությունը: Այդ խմբավորումների ղեկավարները քաղաքական էլիտայից դուրս եկած մարդիկ են, որոնք նախկինում իշխանություն են ունեցել եւ ձգտում են վերականգնել իրեն կորցրած դիրքերը: Այլ կերպ ասած, դիտարկվում է ներկա եւ անցյալ իշխանական էլիտաների ներքին պայքար, որոնք չեն կիսում մեծամասնության դժգոհությունը, բայց ձգտում են այն օգտագործել որպես սեփական նպատակներին հասնելու գործիք: Նման կոնֆիգուրացիան այլընտրանք չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ չի ձեւավորվել մեդիսոնյան տիպի կազմակերպված փոքրամասնություն (կողմնորոշված դեպի մեծամասնության պահանջները):

Բացի իշխանության հայկական մոդելի սահմանման հիմնարար մոտեցումները ուսումնասիրելուց, կարեւոր է հասկանալ այժմյան էլիտայի հոգեբանական տիպը: Իտալացի փիլիսոփա եւ սոցիոլոգ Վիլֆրեդո Պարետոն առանձնացնում է էլիտայի երկու տեսակ՝ «առյուծներ» եւ «աղվեսներ», որոնք հաջորդում են միմյանց: «Առյուծները», որպես կանոն, պահպանողականներ են, որոնք իշխանության ձեռքբերման եւ պահպանման համար  խաղադրույք են կատարում ուժային ճնշման, մանիպուլյացիաների եւ կոշտ ուժի կիրառման վրա: Հայկական քաղաքական պատմության մեջ «առյուծներ» կարելի է անվանել միջանկյալ ուժային էլիտաները, որոնք կառավարել են մինչեւ 1999թ.: Իրենց հերթին, «աղվեսները» ավելի ճկուն եւ դինամիկ էլիտաներ են, որոնք որպես քաղաքական գլխավոր գործիք օգտագործում են հասարակական դեմագոգիան: 2000-ականներից սկսած Հայաստանում իշխում է «էլիտաների» հենց երկրորդ տիպը: Ընդ որում, Պարետոն ուշադրություն է դարձնում նրա վրա, որ «աղվեսները», որպես կանոն, արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում իրենց էլիտաներում պահում են «առյուծներին»: Այսպիսով, Հայաստանում տեղի է ունենում տարբեր հոգեբանական տիպերի էլիտաների շրջապտույտ նեղ, փակ շրջանի ներսում, որը ժողովրդից տարանջատված է բարձր եւ անհասանելի պատով:

Քաղաքացիական հասարակության հայկական մոդելը

Ժողովրդի եւ էլիտայի միջեւ ստեղծված արհեստական պատնեշների վերացման համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել քաղաքացիական հասարակության ձեւավորման մեխանիզմների մշակման համար: Վեճերն ու քննարկումներն այն մասին, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը եւ ինչպես է այն ձեւավորվում, այնքան հին են, որքան աշխարհը: Հայաստանում շատ քաղաքական գործիչներ եւ գիտնականներ հաճախ գրում են, որ երկրում խնդիրները կկարգավորվեն, երբ ձեւավորվի քաղաքացիական հասարակություն: Սակայն ոչ ոք չի հստակեցնում, թե ինչ է հասկանում այդ հասարակության ներքո եւ թե ինչպես պետք է այն ձեւավորվի: Հայաստանում քաղաքացիական հասարակություն ձեւավորելու անհրաժեշտության մասին խոսելիս անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք օբյեկտիվ գործոններ՝ աշխարհագրությունը, պատմությունը, մշակույթը, արտաքին միջավայրի ազդեցությունը:

Պատմական զարգացման վերլուծությունը ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը անկախություն է ձեռք բերել՝ խաղալով տիրակալ ազգահավաքի դեր (Արտաշես Առաջինի եւ Տիգրան Մեծի նվաճումները), գտնվելով արեւմտյան (Հռոմեական կայսրության), արեւելյան (Պարսկական, Արաբական եւ Օսմանյան կայսրությունների) եւ խառը (Ռուսական կայսրության) բռնատիրությունների իշխանության ներքո: Շնորհիվ լավ ամրապնդված ազգային ատրիբուտների (լեզու, կրոն, մշակույթ)՝ հայ ժողովրդին հաջողվել է պահպանել իր էթնիկ ինքնությունը: Բացի այդ, իշխանությունները, որոնք կազմված էին տիտղոսակիր ազգի ներկայացուցիչներից, պատնեշներ էին ստեղծել «մերոնց» եւ «օտարների» միջեւ, ինչը նույնպես փոքր դեր չի խաղացել հայ ժողովրդի ֆիզիկական գոյատեւման հարցում: Չունենալով անկախ պետություն՝ հայերը, այնուամենայնիվ, ձևավորել են իրենց էլիտաները ինչպես բնակության երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Հենց առաջադիմական հայ արիստոկրատիան՝ ոգեշնչված ֆրանսիացի լուսավորիչների եւ ամերիկյան հիմնադիր հայրերի գաղափարներով, իրենց առաջ երկարաժամկետ բնույթի հանճարեղ եւ ռազմավարական նպատակներ էին դնում: Այդպիսով, չնայած նրան, որ ժողովրդի մեծ մասն ապրում էր մեծապես արեւելյան քաղաքական մշակույթ ունեցող երկրներում, նրա էլիտան կազմված էր նվիրյալ արեւմտամետ-հայակենտրոն հայացքներ ունեցողներից: 1915-1923 թվականների ցեղասպանության ժամանակ այդ էլիտայի մեծ մասը ֆիզիկապես ոչնչացվեց: Ողջ մնացած արիստոկրատները մասնակցեցին Հայաստանի Առաջին Հանրապետության կազմավորմանը, որի հետ մեծ հույսեր էին կապում:

Այդ պահին հայ ժողովուրդն օբյեկտիվորեն չուներ լուրջ ռեսուրսներ Թուրքիայի, Խորհրդային Միության, եվրոպական տերությունների (նախ եւ առաջ՝ Մեծ Բրիտանիայի) դեմ դիվանագիտական պայքար մղելու համար: Արդյունքում, կորցվեց տարածքի մեծ մասը, իսկ այն ժամանակվա էլիտայի ներկայացուցիչները կա՛մ ձերբակալվեցին, կա՛մ մի շարք գործոնների եւ պատճառների ազդեցությամբ լքեցին երկիրը: Այս ոչ մեծ հոդվածի շրջանակում դժվար է գնահատել Հայաստանի՝ յոթանասուն տարի Խորհրդային Միության կազմում գտնվելու դրական եւ բացասական հետեւանքները: Սակայն հենց այդ ժամանակահատվածում էր, որ տեղի ունեցավ հայակենտրոն արիստոկրատիայի հարկադիր ինտելեկտուալ ասիմիլյացիան եւ ծայրամասային մարքս-լենինյան էլիտայի սնուցումը:

Պաշտոնապես, անկախ Հայաստանի իշխող էլիտաները եղել են կա՛մ այլախոհական, կա՛մ ազգային-հայրենասիրական շարժումների ներկայացուցիչներ: Սակայն նրանց հետագա քաղաքական կուրսը եւ վարքագծային մոդելը ցույց տվեցին, որ նրանք չկարողացան ազատվել պատեռնալիստական-էտատիստական հասկացութային կատեգորիաներից: Իհարկե, ազատություն ձեռք բերելով՝ Հայաստանը բացվեց աշխարհին ոչ միայն որպես պետություն, այլեւ որպես տարբեր քաղաքական մշակույթների ազդեցության պոտենցիալ օբյեկտ: Քաղաքացիական հասարակության վերաբերյալ արեւմտյան փիլիսոփայական մտքերը, որպես կանոն, երկիր մուտք գործեցին Սփյուռքի տեղի ներկայացուցիչների միջոցով: Սակայն Երեւանի երկխոսությունը Սփյուռքի հետ սահմանափակվեց նեղ ֆինանսական էլիտաների հետ կապերի հաստատմամբ եւ արեւմտահայերի՝ դեպի պատմական Հայրենիք կատարվող սեզոնային տուրիստական այցելություններով:

Հայրենադարձության պետական ծրագրի բացակայությունը, որը պետք է ուղղված լիներ հենց արեւմտյան Սփյուռքին, կանգնեցրեց նոր, առաջադեմ, կրթված հայակենտրոն արիստոկրատիայի ձեւավորման գործընթացը: Նման արիստոկրատիայի բացակայությունը (կամ մոտիվացված կազմակերպված փոքրամասնության) դանդաղեցրեց քաղաքացիական հասարակության ձեւավորման գործընթացը: Հաշվի առնելով կորսված հնարավորությունները՝ լուրջ ներքաղաքական ճգնաժամը եւ արտաքին սպառնալիքները, Հայաստանին անհրաժեշտ է որոշակի միջանկյալ կարգավիճակ, որպեսզի անցումը պատմական զարգացման հաջորդ փուլին լինի հարաբերականորեն անցավ: Դրա հետ կապված տրամաբանական է երեւում հայրենասիրական մոդելը, որը հիմնվում է հետեւյալ սկզբունքների եւ գաղափարների վրա.

•    Ընդունել պետության եւ քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների անքակտելիությունն ու հակասականությունը: Հասարակությունը չպետք է իրեն տարանջատի պետությունից, իսկ պետությունը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնի վստահությունը վերականգնելու եւ հասարակության եւ պետության միջեւ եղած անջրպետը հաղթահարելու համար:

•    Պետությունը դիտարկել որպես քաղաքացու ազատ գոյության եւ զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման եւ ապահովման գործիք:

•    Հետեւել համերաշխության եւ սուբսիդիարության (պետությունը պարտավոր է հոգ տանել իր բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ անապահովների բարեկեցության համար) սկզբունքներին:

Ցավոք, այսպիսի կարճ հոդվածի շրջանակում դժվար է ամբողջությամբ բացահայտել նման բարդ եւ արդիական թեմայի բոլոր նրբությունները: Սակայն առանց քաղաքական էլիտաների կայացման եւ էվոլյուցիայի ընթացքի վերլուծության՝ շատ բարդ կլինի հասկանալ նրանց նպատակները: Ժողովուրդը, իր հերթին, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով, անջատված է համազգային առաջնայնությունների եւ շահերի ձեւավորման գործընթացից: Նման պայմաններում հենց իշխանություններից է մեծապես կախված առաջին փուլի հաղթահարումը՝ քաղաքացիական հասարակության ձեւավորման ճանապարհին: Կկարողանա՞ն արդյոք իշխանական խմբերը հասկանալ խորքային փոփոխությունների անհրաժեշտությունը՝ զոհաբերելով սեփական շահերը հանուն ընդհանուր շահի: Ցավոք, դրա համար դեռ որեւէ նախապայման չկա: Որքան շուտ Հայաստանում «մեդիսոնյան» փոքրամասնության էլիտա ձեւավորվի, այնքան արագ կփոփոխվի առկա քաղաքական ֆոնը:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին