Հայկական «փափուկ ուժի» երեք հիմնասյուները - Mediamax.am

Հայկական «փափուկ ուժի» երեք հիմնասյուները
14867 դիտում

Հայկական «փափուկ ուժի» երեք հիմնասյուները


Վերջին քսան տարիներին փոքր ու մեծ շատ երկրներ, ձգտելով իրենց գոյությունը պահպանել փոփոխվող աշխարհում, փորձում են յուրացնել Միացյալ Նահանգներում ստեղծված արտաքին քաղաքականության գործիքները: Միջազգային հանրությունն առավել ակտիվ քննարկում է «փափուկ» կամ «խելացի» ուժի գործոնը, որը դարձել է Ամերիկայի գլոբալ առաջնորդության պահպանման ու սնուցման կարեւորագույն տարրը: Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, ինչպես նաեւ Ծոցի միապետությունները բազմաթիվ միլիոններ են ծախսում «փափուկ ուժի» ազգային հայեցակարգերի մշակումն ուսումնասիրելու վրա: Որոշ երկրներ ինչ-ինչ հաջողությունների են հասնում, մյուսներն անընդհատ տանուլ են տալիս: Մի շարք փորձագետներ սխալմամբ կարծում են, որ «փափուկ ուժ» ունենալու հաճույքն իրենց կարող են թույլ տալ միայն հարուստ պետությունները: Սակայն փորձը ցույց է տալիս, որ Ռուսաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի պես երկրները չկարողացան անհրաժեշտ արդյունքի հասնել, այն դեպքում, երբ Իռլանդիան, Իսրայելն ու Լեհաստանը գլխավորում են «փափուկ ուժը» արդյունավետ կիրառող երկրների ցուցակը:

Ինչո՞ւ է այդպես ստացվում: Առավել տարածված սխալներից է օտար մոդելների կրկնօրինակումը: Մի շարք երկրներ, առանց հաշվի առնելու սեփական պատմական առանձնահատկությունները, փորձում են կիրառել ամերիկյան տարբերակը՝ որպես ամենահաջողն ու արդյունավետը: Հոլիվուդը, McDonald's-ն ու Apple-ը, օրինակ, պատմականորեն ձեւավորված ամերիկյան բրենդներ են, որոնց կրկնօրինակումը չի կարող հաջողություն ունենալ:

Հաջորդ սխալներից է հույսը միմիայն սեփական քաղաքական, տնտեսական եւ ֆինանսական հնարավորությունների վրա դնելը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ «փափուկ ուժի» արդյունավետությունն այդքան էլ կախված չէ երկրի չափերից, տնտեսական հնարավորություններից եւ ռազմական հզորությունից: Որոշ պետություններ համարում են, որ իրենց արտաքին քաղաքական վարքը եւ ուժի ցուցադրությունը վախ կներշնչեն, եւ, հետեւաբար, հարգանք կառաջացնեն մյուս խաղացողների մոտ: Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ նման մոտեցումը հակառակ արդյունքն է տալիս: 

Օրինակ, Վիետնամի պատերազմը եւ Մերձավոր Արեւելքում ծավալված մեծաթիվ գործողությունները բերեցին ամբողջ աշխարհում Ամերիկայի հեղինակության անկմանը: Այսօր մենք նույնպես տեսնում ենք, որ Ռուսաստանի կոշտ արտաքին քաղաքական գիծը հանգեցրել է երկրի միջազգային մեկուսացմանը: Այդպիսով, հիմնականում այդ տարրերի վրա կենտրոնացած պետություններն ի սկզբանե դասական «կոշտ ուժի» կրողներ են մնում: Իրենց հերթին, «փափուկ» կամ «խելացի» ուժի կառուցմամբ հաջողության հասնել ցանկացող պետությունները պետք է կա՛մ օգտագործեն արդեն գոյություն ունեցող ազգային «բրենդները», կա՛մ մշակեն վերջիններիս նոր համակարգ եւ զբաղվեն դրանց տարածմամբ՝ միջազգային մակարդակով:

Անհավատալի է, բայց շատ փոքր երկրներ եւ ժողովուրդներ ավելի մեծ հնարավորություններ ունեն «փափուկ ուժի» մեխանիզմների մշակման համար: Անկախության առաջին տարիներին Հայաստանը կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն էր վարում, որի գլխավոր գործիքներն էին լավ կազմակերպված Սփյուռքի կառույցներն ամբողջ աշխարհում: Այդ գործոնը թույլ էր տալիս Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ շրջափակման մեջ գտնվող երկրին հավասարակշռված հարաբերություններ ունենալ տարածաշրջանային եւ գլոբալ  ուժային կենտրոնների հետ՝ անկախ նրանց մեջ եղած հարաբերություններից (օրինակ՝ ԱՄՆ եւ Իրան, Ռուսաստան եւ Վրաստան): Սակայն Սփյուռքի հարցում երկարատեւ ռազմավարության բացակայության պատճառով պաշտոնական Երեւանը մեծ հնարավորություններ բաց թողեց՝ միջազգային հարաբերություններում հայկական գործոնը ձեւավորելու եւ ամրապնդելու տեսանկյունից:

Քաղաքական ռեալիզմի տեսությունն ասում է, որ փոքր պետությունը կամ ազգը, որը կախված է մեկ ուժային կենտրոնից, մեծ ռիսկի է ենթարկված: Տարածաշրջանային եւ միջազգային անկայունության պայմաններում Հայաստանը, որն օբյեկտիվորեն կարիք ունի Ռուսաստանի հետ ռազմավարական երկխոսության, պետք է նաեւ այլ քաղաքական հնարավորություններ որոնի: Ռեսուրսների եւ գործիքային հնարավորությունների սահմանափակ լինելու պատճառով, հենց Սփյուռքը պետք է ստանձնի այդ բարդ, սակայն կենսական նշանակություն ունեցող գործառույթը: Մի շարք հայ քաղաքագետներ պրիմիտիվ թեզ են առաջ քաշում, ըստ որի՝ Սփյուռքի առկայությունն արդեն երաշխավորում է Երեւանի կայուն հարաբերությունները արտաքին աշխարհի հետ: Մինչդեռ վերջին տասը տարիների միտումներն այլ արդյունքներ են ցույց տալիս. թուրքամետ եւ ադրբեջանամետ ազդեցության ուժերի ամրապնդման ֆոնին տեղի է ունենում Հայաստանին տրամադրվող արտաքին օգնության կրճատում եւ Արեւմուտքում հայկական օրակարգի նկատմամբ հետաքրքրության անկում:

Իհարկե, շատ բացասական որոշումներ կարելի է մասամբ բացատրել աշխարհաքաղաքական դրության համակարգային փոփոխություններով, որտեղ հայկական գործոնը մեծ դեր չի խաղում: Սակայն հայկական օրակարգի բացակայության փաստը՝ Սփյուռքի կազմակերպությունների ոչ հեռատես, պասիվ եւ նեղ ուղղվածություն ունեցող քաղաքականության հետեւանք է: Իրականում հայկական աշխարհը չափազանց մեծ ներուժ եւ ռեսուրսներ ունի հայկական լոբբինգի խոշոր գործիք դառնալու համար՝ ինչպես առանձին երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների մակարդակով: Այսպես, ի՞նչ տարրեր կարող են դրվել Ամերիկայում՝ արեւմտյան աշխարհի կենտրոնում գլոբալ հայկական «փափուկ եւ խելացի ուժի» ձեւավորման հիմքում:

Առաջին՝ Քրիստոնեություն: Քրիստոնեական հավատքը կարող է դառնալ Հայաստանի կարեւոր ազգային-քաղաքական «բրենդը»: Ի տարբերություն Արեւմուտքում առկա շատ այլ Սփյուռքերի, հայերն ակտիվորեն ներգրավված են բոլոր առաջատար քրիստոնեական ուղղություններում: Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի տարածքում գործում են Հայ Առաքելական Եկեղեցին, Հայ Կաթոլիկ եկեղեցին, Հայ Ավետարանչական եկեղեցին, Հայ կոնգրեգացիոնալ եկեղեցին, Հայկական եկեղեցին, հայ մորմոնների կազմակերպությունը եւ այլն: Հետաքրքրական է, որ այս կամ այն քրիստոնեական ուղղություններն ազգային բնույթ են կրում. բոլոր դեպքերում ընդգծվում է նեղ կրոնական ուղղության ազգային պատկանելությունը: Այլ կերպ ասած, դրանք հայկականացված են: Բացի այդ, մենք ունենք օբյեկտիվ պատմական առավելություն, լինելով առաջին պետությունը, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, մի ժողովուրդ, որը քրիստոնեական հավատքը եւ կրոնը պաշտպանել է բազմաթիվ պատերազմներում, ազգ, որն արտաքին ուժերի ճնշման տակ պատմության տարբեր շրջաններում չի դավաճանել իր քրիստոնեական սկզբունքներին: Այլ կերպ ասած, պետք է ձեւավորել բացառապես քրիստոնյա ազգի պատկեր, կամ մի ազգի, որը բացառիկ դեր է ունեցել քրիստոնեական հավատքի պահպանման եւ ամրապնդման գործում: Կարեւոր է ընդգծել, որ այդ պատկերի հիմքում չպետք է լինի քրիստոնեության հակադրումն այլ կրոններին:

Երկրորդ՝ կոմպակտություն, ակտիվություն եւ ինտեգրացվածություն: ԱՄՆ-ում հայերը թվով ավելի քիչ են, քան հրեաները, լեհերն ու կուբացիները: Սակայն այլ ազգային համայնքների համեմատ՝ հայերը կոմպակտ ձեւով կենտրոնացած են առանցքային նահանգներում: Հայկական Սփյուռքի առաջին լոբբի-նահանգն է Կալիֆոռնիան, որտեղ, տարբեր տվյալներով, բնակվում է շուրջ 700 հազ. էթնիկ հայ: Շատ շրջաններում (Բըրբանք, Լոս Անջելես) հայ բնակչությունը կազմում է 15-40%, իսկ այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Գլենդելը, Ֆրեզնոն, Մոնթեբելոն կամ Փասադենան, հայերի մասնաբաժինը տատանվում է 30-50%-ի միջեւ: Հայ համայնքի ներկայացուցիչները խորապես ինտեգրված են նահանգի տնտեսական, քաղաքական, հասարակական եւ մշակութային կյանքում եւ լավ դիրք են զբաղեցնում նահանգում: Ի՞նչ է դա նշանակում: Կալիֆոռնիան ամենաշատ օրենսդիրներ է տալիս Կոնգրեսին՝ 55 հոգի (53-ը՝ Ներկայացուցիչների պալատ եւ 2-ը՝ Սենատ): Այսօրվա դրությամբ հայամետ խմբում այդ նահանգից ընդգրկված է ընդամենը 25 օրենսդիր, նրանցից միայն 6-ն են հանրապետական՝ Կոնգրեսի մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչ: 

Համեմատության համար՝ թուրքական  եւ ադրբեջանական  խմբերը ներառում են միայն 5 կալիֆոռնիացի: Սակայն նրանցից 4-ը հանրապետական են, իսկ Դարել Իսա կոնգրեսականը 49-րդ շրջանից տարօրինակ կերպով միաժամանակ կա թե՛ հայկական եւ թե՛ ադրբեջանական լոբբինգի խմբերում: Իհարկե, թուրք-ադրբեջանական գործոնը դեռ մեծ վտանգ չի ներկայացնում հայկական լոբբինգի համար: Սակայն մեր հակառակորդներն ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է ա) ավելացնել կալիֆոռնիացի կոնգրեսականների ներկայությունը հայկական կորպուսում, բ) չեզոքացնել թշնամական լոբբիստական խմբերի ազդեցությունը Կալիֆոռնիայի քաղաքական գործիչների վրա: Հաշվի առնելով քանակական (թվաքանակ եւ կոմպակտություն) եւ որակական (ակտիվություն եւ ներգրավվածություն) ռեսուրսները՝ Ստորին Պալատի հայկական հարցերով խմբի կազմում Կալիֆոռնիայից առնվազն 50 հոգի պետք է լինի:

Կարեւոր է նաեւ քաղաքական դիվերսիֆիկացման գործընթացը: Հայկական խմբի 91 անդամներից  միայն 25-ն են ներկայացնում Հանրապետական կուսակցությունը: Որոշ առումով «փղերի» մեծ թվի բացակայությունը փոխհատուցվում է առանձին խորհրդականների կարգավիճակով եւ ազդեցությամբ՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանի եւ Միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Էդվարդ Ռոյսի: Սակայն միջկուսակցական հավասարակշռության պահպանման համար անհրաժեշտ է ավելի ակտիվ աշխատանք տանել ավանդաբար բողոքական հանրապետական նահանգների՝ Տեխասի, Արիզոնայի, Արկանզասի, Ջորջիայի եւ այլ նահանգների հետ: Հատկապես կարեւոր է համագործակցությունը Տեխասի հետ, որը դարձել է թուրք-ադրբեջանական լոբբիի ոչ ֆորմալ կենտրոն (Հյուսթոն քաղաք): Համայնքային բնակչության թիվը հայկական գործոնի առաջխաղացման հարցում այդ նահանգներում կրիտիկական նշանակություն չունի: Քրիստոնեական գործոնի լավ կազմակերպված առաջխաղացման դեպքում կարելի է զգալի արդյունքների հասնել:

Երրորդ՝ պատմական եւ քաղաքական ժառանգություն: Հայ համայնքն ԱՄՆ-ում հնագույններից է: ԱՄՆ նախագահներ Վուդրո Վիլսոնը, Հերբերտ Հուվերը, Ռիչարդ Նիքսոնը, Ջիմի Քարտերը, Ջերալդ Ֆորդը, Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ ավագը, Բիլ Քլինթոնը,  Ջորջ Բուշ Կրտսերն ու Բարաք Օբաման իրենց հղումներում մշտապես ընդգծում էին ամերիկահայերի անգնահատելի ավանդը Միացյալ Նահանգների տնտեսական, քաղաքական եւ այլ ինստիտուտների զարգացման մեջ: Այսպես, Հերբերտ Հուվերը իր 1952թ. իր հուշերում գրել է, որ այն ժամանակ ամերիկացի դպրոցականին Հայաստանը փոքր-ինչ պակաս հայտնի էր, քան Անգլիան: Հայերի մասին խոսելիս ամերիկացիներն ունենում էին հետեւյալ ասոցիացիաները. Արարատ լեռ, Նոյ եւ նվիրյալ քրիստոնյաներ: Հուվերը հատուկ ընդգծում է, որ հայերը խոր հետք են թողել ամերիկյան գիտակցության մեջ:

Ընդհանուր առմամբ, ամերիկացիները լավ տեղյակ են իռլանդական, իսրայելական, լեհական, ալբանական, լիտվական եւ կուբայական ժառանգության մասին: Սակայն հայկական ժառանգության մասին նրանք քիչ բան գիտեն: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Նախ, հայկական ծագում ունեցող ամերիկացի գիտնականները շեշտը դնում են հիմնականում Հայոց պատմության եւ Ցեղասպանության հարցերի վրա: Մինչեւ հիմա Ամերիկայում չի տպագրվել լուրջ աշխատություն, որը մանրակրկիտ կուսումնասիրեր եւ կվերլուծեր հայկական պատմական եւ քաղաքական ժառանգությունը: Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ կինոարվեստում, որտեղ բացարձակ առաջնահերթությունը տրված է Ցեղասպանության թեմային: Բացի այդ, հայկական ժառանգության հետ կապված նյութերի զգալի մասը դեռեւս ուսումնասիրված չէ: Չկա որեւէ հիմնադրամ, որը կզբաղվեր այդ կարեւորագույն տարրի հետազոտմամբ: Սակայն առանց դրա օբյեկտիվորեն հնարավոր չէ ամբողջականացնել «փափուկ ուժի» հայեցակարգի կառուցումը:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին