Թրամփը, Իրանը,Ղարաբաղը… կամ ի՞նչ անի հայկական լոբբին - Mediamax.am

Թրամփը, Իրանը,Ղարաբաղը… կամ ի՞նչ անի հայկական լոբբին
17641 դիտում

Թրամփը, Իրանը,Ղարաբաղը… կամ ի՞նչ անի հայկական լոբբին


Կրեմլին մոտ գտնվող բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչներ եւ փորձագետներ համոզված էին, որ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակը կփոխի ռուս-ամերիկյան հարաբերությունների բնույթը։ Մոսկվայում կարծում էին, որ ԱՄՆ նոր նախագահը կկենտրոնացնի ուժերը ներքին խնդիրների լուծման վրա, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում ուշադրությունը կսեւեռի չինական ուղղության վրա։ Ըստ այդ հաշվարկի՝ Ամերիկան պետք է թուլացներ դիրքերը Մերձավոր Արեւելքում եւ Արեւելյան Եվրոպայում։ Դեռ ավելին, ռուս փորձագետները ակտիվորեն քարոզում էին Վաշինգթոնի եւ Բրյուսելի միջեւ անխուսափելի կոնֆլիկտի առաջացումը, ինչն իր հերթին կհանգեցներ ՆԱՏՕ-ի պառակտմանը։ Առաջատար պետական լրատվամիջոցները դրական խոսքեր էին շռայլում Թրամփին բնութագրելիս, ներկայացնելով նրան որպես ապագա գործընկեր։

Սակայն վերջին զարգացումները Սիրիայում՝ Ուկրաինայի վերաբերյալ նոր վարչակազմի հետեւողական դիրքորոշման հետ մեկտեղ երկրների միջեւ լարվածության նոր փուլի հանգեցրին:

Ռուս-ամերիկյան քաղաքական երկխոսության ճգնաժամը չի կարող չանհանգստացնել հայկական հասարակության լայն զանգվածին, քանի որ Վաշինգթոնն ու Մոսկվան Փարիզի հետ միասին հանդիսանում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ։ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն պաշտոնական մակարդակով հայտարարում են հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով։ Իսկապես, Կրեմլի եւ Սպիտակ Տան կապերը այս հարցի շուրջ կայուն կերպով պահպանվում էին, չնայած երկկողմ հարաբերությունների կտրուկ վատթարացմանը ուկրաինական Մայդանից հետո:

Այնուամենայնիվ, խոսելով ընդհանուր դիվանագիտական տոնի պահպանման մասին՝ կարեւոր է չանտեսել օբյեկտիվ եւ սուբյեկտիվ շատ գործոններ։ Այսպիսով, դեմոկրատ Բարաք Օբամայի վարչակազմը չէր ընկալում Ադրբեջանը որպես լուրջ գործընկեր։ Ինչու՞։  Նախեւառաջ, Իրանի հետ կնքվել էր համաձայնագիր, ինչը հանգեցրեց Ադրբեջանի աշխարհաքաղաքական եւ գեոէներգետիկ նշանակության կտրուկ նվազմանը Մեծ Մերձավոր Արեւելքում։ Չմոռանանք, որ Ջորջ Բուշ կրտսերի նախագահության օրոք հենց իրանական հիմնախնդիրը էներգետիկ «գրավչության» հետ միասին Ադրբեջանը դարձրեցին Ամերիկայի համար կարեւոր գործընկեր: Սպիտակ տունը երբեք էլ չէր թաքցրել Բաքվի քաղաքական ղեկավարության կողմից մարդու իրավունքների պարբերաբար խախտումների եւ քաղաքական հակառակորդների հետապնդման վերաբերյալ  իր դժգոհությունը։ Ոչ պակաս կարեւոր է, որ նույն վերաբերմունքն առկա էր Ադրբեջանի շահերի լոբբիստ եւ գլխավոր դաշնակից Էրդողանի վարչակարգի նկատմամբ։ Այս օբյեկտիվ հակասությունները բերեցին նրան, որ Վաշինգթոնի քաղաքական համակրանքը ուղղվեց դեպի հայկական կողմը:

Սակայն Օբամայի վարչակազմն այլեւս անցյալում է։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ամերիկյան քաղաքականությունը առանցքային փոփոխություններ կկրի:

Հանրապետականները ավանդաբար տարբերվել են ավելի կոշտ եւ հետեւողական արտաքին քաղաքականության փիլիսոփայությամբ, որի հիմքում ընկած է Ամերիկայի գլոբալ առաջնորդության պաշտպանության ու պահպանման գաղափարը։ Հայաստանի եւ ԼՂՀ-ի համար վատ նորությունը կայանում է նրանում, որ  Իրանը այժմյան վարչակազմի ուշադրության կենտրոնում է: Դա նշանակում է , որ Սպիտակ տունը շեշտը դնելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդման վրա։ Ի դեմս Վաշինգթոնում գտնվող ազդեցիկ լոբբիստների՝ թուրքական եւ իսրայելական իշխանությունները կհամոզեն Թրամփին ներգրավել Բաքվին իրանական խնդրի լուծման մեջ: Վերջին անգամ նմանատիպ լոբբիստական աշխատանքի արդյունքում Բուշ կրտսերը կասեցրեց Ազատությանն աջակցության բանաձեւի 907-րդ ենթաբաժինը, որի համաձայն ամերիկացիներին արգելվում էր ամեն տեսակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին։ Այսպիսով, ոչ մի կասկած չկա, որ տարբեր քաղաքական ուժեր եւ լոբբիստական խմբեր կփորձեն արդիականացնել ադրբեջանական գործոնը:

Թրամփի վարչակազմի առանցքային դեմքերից շատերը կողմ են իրանական խնդրի շուտափույթ լուծմանը։ Այսպիսով, պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ ԿՀՎ-ի ղեկավար Մայքլ Պոմպեոն համոզված են, որ ԱՄՆ-ն պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու համար։ Վաշինգթոնն արդեն ունի Ադրբեջանը որպես հետախուզական պլացդարմ օգտագործելու փորձ, եւ հավանական է, որ համապատասխան քաղաքական որոշման դեպքում ամերիկացիները կցանկանան ուժեղացնել իրենց ներկայությունը այդ երկրում: Պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը` Exxon Mobil ընկերության նախկին ղեկավարը, սերտ կապեր ունի ադրբեջանական քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ։ Սակայն, հաշվի առնելով չափազանց բարձր պատասխանատվությունը, որը կրում է պետքարտուղարը այս կամ այն արտաքին քաղաքականությանն առնչվող որոշման համար, նրա վիճակը շատ խոցելի է: Բացի այդ, Մայքլ Ֆլինի սկանդալային հրաժարականից հետո դժվար թե Թիլերսոնը օգտագործի իր լոբբիստական կապերը քաղաքական նպատակներով, հարվածի տակ դնելով սեփական պաշտոնը Սպիտակ տանը:

Մեթիսի եւ Պոմպեոյի դիրքորոշումը վարչակազմի ներսում կհավասարակշռեն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ ՄքՄասթերը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Րեյնս Պրիբուսը։ ՄքՄասթերին բնութագրում են որպես զուսպ մասնագետի, ով գիտի քաղաքական թերհաշվարկների գինը: Նա ունի բավականաչափ հեղինակություն եւ ազդեցություն Մեթիսի եւ Պոմպեոյի որոշումներին հակազդելու համար: Լինելով էթնիկ հույն եւ տարատեսակ հունամետ լոբբիստական խմբերի ակտիվ անդամ` Պրիբուսը դժվար թե պասիվ կերպով հետեւի պրոթուրքական եւ պրոադրբեջանական խմբերի ակտիվությանը:

Երկրորդ էշելոնում նույնպես կան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության նրբություններին տեղյակ քաղաքական գործիչներ, փորձագետներ եւ դիվանագետներ։ Ռուսաստանի եւ Եվրոպայի հարցերով նախագահի խորհրդական է նշանակվել ազդեցիկ Brookings-ի ինստիտուտի փորձագետ Ֆիոնա Հիլը։ Նա հեղինակել է բազմաթիվ նյութեր, որոնցում լուսաբանվել են Անդրկովկասի քաղաքական գործընթացները։ Չնայած, որ նա ունի ռուսական քաղաքականության քննադատի համբավ, Ֆիոնա Հիլը գիտակցում է տարածաշրջանի իրողությունները, որոնք կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունեցող լայնածավալ հակամարտության հանգեցնել: Այդ կապակցությամբ նա բազմիցս կոչ է արել Սպիտակ տանը զգուշավորություն դրսեւորել իր ռազմատեխնիկական հնարավորություններն ակտիվորեն զարգացնող Բաքվի  նկատմամբ:

Պետդեպարտամենտում եվրասիական հարցերը կվերահսկի Ջոն Հեֆերնը` Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպանը։ Վիկտորիա Նուլանդի հեռանալուց հետո  Հեֆերնը նշանակվել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար: Եթե նա պահպանի իր դիրքը եւ հաստատվի խորհրդականի պաշտոնում, Թիլերսոնը կունենա ամենատեղեկացված դիվանագետներից մեկին, ով գիտի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության նրբությունները:

Կարեւոր է նաեւ հասկանալ, թե որ «ուղեղային կենտրոններն» առանցքային դեր կխաղան քաղաքական որոշումների ընդունման գործում:

Որպես կանոն, հանրապետական վարչակազմերը օգտվում են այնպիսի կենտրոնների ծառայություններից, ինչպիսիք են Heritage Foundation-ը, Manhattan Institute for Policy Research-ը, Lexington Institute-ը, Hudson Institute-ը եւ American Enterprise Institute-ը: Թրամփի դեպքում լայն հնարավորություններ կընձեռվեն Atlantic Council–ին, որի նախագահը նշանակվել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան, եւ Brookings-ին, որն ի դեմս Ֆիոնա Հիլի Սպիտակ տանն ունի իր անմիջական լոբբիստին: Վերոհիշյալ կենտրոնները եւ ինստիտուտները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուրջ  ունեն տարբեր դիրքորոշումներ: Փորձագետների մի մասը համակրում է Հայաստանին, մյուսը՝ Ադրբեջանին: Բայցեւայնպես, նրանց մեծամասնությունը չեզոք դիրք ունի: Դրանից ելնելով՝ հայկական կողմը պիտի ակտիվացնի սեփական կապերը առաջատար պահպանողական կենտրոնների հետ, առաջ տանելով իր օրակարգը:

Մյուս կարեւորագույն քաղաքական ատյանը Կոնգրեսն է: Չկարողանալով 2016 թ. նոյեմբերին տիրանալ Սպիտակ տանն ու Կոնգրեսին՝ դեմոկրատները համախմբվել են ընդդեմ հանրապետականների եւ Թրամփի վարչակազմի: Ձգտելով ռևանշ վերցնել 2018 թ. Կոնգրեսի մոտալուտ ընտրություններին՝ «ավանակները» պայքարելու են արտաքին քաղաքականության ասպարեզում իրենց ժառանգությունը պահպանելու համար: Իրանի հետ համաձայնագիրը դեմոկրատների գլխավոր ձեռքբերումներից մեկն է: Դեմոկրատական կուսակցության առաջնորդները, անկասկած, կկենտրոնացնեն բոլոր ռեսուրսները, որպեսզի թույլ չտան կնքված համաձայնագրի չեղարկումը եւ Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի կիրառումը: Կոնգրեսում առկա տարաձայնությունները իրանական հարցի շուրջ, անշուշտ, բխում են Հայաստանի եւ ԼՂՀ-ի շահերից, քանի որ ամերիկյան քաղաքականության իրանական ուղղվածության անորոշությունը ետ է մղում Վաշինգթոնի եւ Բաքվի մերձեցման հեռանկարը:

Հետեւաբար, հիմնականում դեպի Դեմոկրատական կուսակցություն միտված հայկական լոբբին պետք է շահագրգիռ լինի կասեցնել ցանկացած նախաձեռնություն Իրանի դեմ: Բացի այդ, հայկական սփյուռքը պետք է.

ա) Նախաձեռնի առանձին նահանգների մակարդակով ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ քաղաքական քննարկումների լայնածավալ գործընթաց :

բ) Ազատությանն աջակցության բանաձեւի 907-րդ ենթաբաժնի վերականգնման համար լայնածավալ արշավ սկսի :

գ) Կոնգրեսի կողմից Հայաստանին եւ ԼՂՀ–ին տրամադրվող արտաքին դրամական հատկացումների ավելացմանը ձգտի: 

դ) Լոբբիստական դաշինք կազմի այլ էթնոլոբբիստական խմբերի (հույների, իռլանդացիների, իտալացիների, լեհերի) հետ թուրքամետ եւ ադրբեջանամետ ուժերի դեմ պայքարելու համար:

Այսօրվա դրությամբ հայկական միավորման կազմում են մի շարք հեղինակավոր օրենսդիրներ. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը, Սենատում Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չարլզ Շումերը, ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էդվարդ Ռոյսը, հետախուզության հարցերով հանձնաժողովի դեմոկրատական ֆրակցիայի առաջնորդ Ադամ Շիֆը եւ այլոք:

Ընդհանուր առմամբ, Սպիտակ տան վարչակազմի եւ Կոնգրեսի ներսում առկա լուրջ տարաձայնությունները թույլ են տալիս հուսալ, որ մոտ ապագայում Ամերիկան կպահպանի հավասարակշռված քաղաքականությունը Անդրկովկասում՝ տարածաշրջանային խաղացողներից որեւէ մեկի չափազանց ուժեղացումը թույլ չտալու նպատակով:  Ինչպես արդեն նշվեց, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպիսի սկզբունքային քաղաքական որոշում կկայացվի Իրանի վերաբերյալ:

Արեգ Գալստյանը պատմական գիտությունների թեկնածու է, The National Interest, Forbes, The Hill եւ American Thinker պարբերականների մշտական հեղինակն ու փորձագետը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին