Երբ պատասխանատու ես դառնում ողջ մոլորակի համար - Mediamax.am

Երբ պատասխանատու ես դառնում ողջ մոլորակի համար
5022 դիտում

Երբ պատասխանատու ես դառնում ողջ մոլորակի համար


Ծնկներիս վրա զգում էի երկու փոքրիկ մարմինների ջերմությունը: Անհանգիստ շարժումներ էին անում, ինչին արձագանքում էի ձեռքերս կտորից տոպրակին ավելի ամուր սեղմելով: Սպիտակ ականջի ծայրը դուրս էր պրծել կտորի արանքից ու, ծովի վրա շնաձկան պոչի նման, փորձում էր լող տալ օդի մեջ:

10 տարեկան չկայի, իսկ աչքերս փայլում էին առաջին անգամ քայլող երեխայի պես: Մի քիչ էլ վախ կար: Առաջին անգամ էր ինձ կարեւոր բան վստահվում: Երկու փոքրիկ կենդանիների կյանքի պատասխանատուն էի: Նապաստակներ էին, մեկը մոխրագույն (էգ), մյուսը` սպիտակ (արու):

Դեղին, հնամաշ ավտոբուսով վերադառնում էի մեր տուն հորաքրոջս տնից, ում ազգությամբ եզդի հարեւանուհին էլ արել էր ինձ այդ նվերը: Մեծ փոսերով ճանապարհով սահող անիվները, պարբերաբար, թափահարում էին ավտոբուսն ու նապաստակներով պարկը մի քանի սանտիմետր կտրում գրկից: Ծնկներիս վրա մի ամբողջ աշխարհ էր նստած, որը րոպե առ րոպե ավելի էր մեծանում: Փոքրիկ կենդանիներն անսովոր պայմաններում անհանգիստ շարժումներ էին անում, իսկ մատներս ավելի ուժեղ էին սեղմվում պարկին ու նրանց մարմնին:   

***

Ասում էին` նապաստակների սիրտն ամենաթույլն է ու վախից կարող է կանգնել: Ես երբեք այլ կենդանիների մոտ չեմ զգացել ավելի սիրուն զարկերը: 

Առաջին օրերին արագավազների հետեւից դժվարությամբ էի հասնում, ծնկներիս կիսաչորացած վերքեր կային. միշտ փախնում էին, իսկ ես, բռնելու փորձերիս արանքում, հաջողացնում էի ընկնել:

Մի քանի ամիս անց ընտանիքը համալրվել էր ձեռքի մեկ ափից էլ փոքր, ձնագնդիկներ հիշեցնող արարածներով: Մայր նապաստակը ձագուկներին լույս աշխարհ էր բերել գետնի տակ` խորը փոս փորելով. հավանաբար, առնետներից էր զգուշացրել: Իսկ ծնվելուց հետո ծնողները բերանով բռնել էին փոքրիկներին ու դուրս հանել գետնի տակից: Ես հիացած հետեւել էի այդ ողջ ընթացքին:

Բոլորը սպիտակ էին, բացառությամբ ամենանիհարի, որում մայրական գեները գերակշռել էին` մոխրագույն էր:

Պատասխանատվությունս մեծանում էր` ընտանիքի մեծանալուն ուղիղ համեմատական: Հիմա արդեն աշխարհի` իմը լինելը երկու անգամ ավելի շատ էի զգում:

***

Կյանքի անսովոր պայմաններին դեռ նոր հարմարված կենդանիներին, սակայն մի առավոտ գտա անշնչացած:

Գիտե՞ք, ինչ է դատարկությունը: Ես այդ առավոտ հասկացա դա: Դու ստանձնում ես պատասխանատվություն, ընտելացնում եւ ընտելանում ես, իսկ մի օր, անկախ քո կամքից, այդ պահին ունեցածդ ամենակարեւոր բանը սահում է ձեռքերիցդ դուրս ու ընկնում` ապակու պես փշրվելով: Ամենասարսափելի զգացողությունն է, որ իմ մեջ ծնվեց այդ առավոտ եւ մինչ օրս հետապնդում է ինձ կարեւոր բաներ կորցնելիս: Դու դեռ չես բացել աչքերդ, բայց սրտումդ արդեն անզգույշ վազում է դատարկությունը, հետո բռնում ես ինքդ քո ձեռքից ու խելագարվածի պես քայլում սենյակի պատերի վրայով` անընդհատ նայելով ոտքերիդ տակ, որպեսզի հանկարծ կարեւոր մի բան բաց չթողնես:

Մի ձեռքով մաքրում էի արցունքներս, մյուսով` տեղափոխում անկենդան մարմինները: Մատներիս ծայրերը հանկարծ որսացել էին թույլ սրտխփոցներ: Վերջին երկու փոքրիկները դեռ պայքարում էին, բայց հիվանդությունից հյուծվել էին ու մաշկի տակից հստակ ուրվագծվում էին բարակ ոսկորները: Որոշեցինք առանձնացնել նրանց, ժամեր անց անշնչացած գտա նաեւ մոխրագույն փոքրիկին: Սպիտակին բերել էի տուն, դրել արեւի տակ ու ագահությամբ, առանց աչքերս թարթելու նայում էի, թե ինչպես է մաշկը ցնցվում սրտխփոցներից. հանկարծ կանգ չառնեին:

***

Հիվանդությունից մահացել էր նաեւ հայր նապաստակը, իսկ մայրն անհետացել:

Ինձ մնացած վերջին փոքրիկին խնամում էի աչքի լույսի պես: Հրաշքով նրան հաջողացրել էինք փրկել ու մեծացնել: Ամիսներ անց` կեսօրին, երբ տան մուտքի հարեւանությամբ դրված աթոռին նստած հաշվում է փողոցով անցնող մեքենաները, նկատեցի մոխրագույն երկար ականջներ: Վազելով անցան ու մտան ավտոտնակ:

Մայր նապաստակը վերադարձել էր: Նա չէր մահացել ու այդքան ամիս անց չէր մոռացել մեր տան ճամփան: Հիմա եմ մտածում, որ հնարավոր է` նրան օգնել էին գտնել ճանապարհը: Ուրախությունս երկար չտեւեց, սակայն: Մայրը հյուծված ու թուլացած էր եւ միայն մի քանի օր ապրեց:

***

Մի առավոտ, երբ մտա ավտոտնակի հարեւանությամբ կառուցված փոքրիկ շինություն, որպեսզի կերակրեմ սպիտակ նապաստակին, թաշկինակի պես ճմռթված` գետնին ընկած գտա նրան: Աչքերս դեռ նոր էին ընտելանում տեսարանին, երբ զգացի, որ հարեւանությամբ ինչ-որ բան է շարժվում: Սկզբում մտածեցի, որ կուտակվող արցունքների պատճառով է, որ ինձ շարժում թվաց: Հետո վախեցա` մտածեցի առնետ է: Կասկածներս ցրվեցին, երբ տեսա, որ սպիտակ է: Մի քիչ ներքեւ թեքվեցի, փոքրիկ ականջներով կենդանու գնդասեղի չափ աչքերը թույլ շարժվում էին:

Գրկելուց հետո` բարձրանալիս հայացքս ավելի առաջ ընկավ. 6 փոքրիկ ձագուկ հողի մեջ թավալ էին գալիս: Մեծ եղբայրը, հավանաբար, գիտեր, որ մայրը վերադարձել էր նոր ձագեր ունենալու համար: Փոքրիկների կյանքի պատասխանատուն ինքն էր մնացել մոր մահից հետո ու մինչեւ վերջին շունչը նրանց դուրս էր բերել գետնի տակից:

Այդ օրերին բնությունն ինձ տվեց կյանքիս ամենակարեւոր դասերից մեկը, որը պիտի հասկանայի շատ տարիներ անց: Ես այդ ժամանակ սովորեցի տեսնել շուրջս եղած նույնիսկ ամենափոքր արարածների սերն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ: Բնությունն այդ կենդանիների օրինակով սովորեցրեց, որ ես պատասխանատու եմ ողջ մոլորակի համար, ու դա ինձ անսահման ազատության զգացողություն էր տալիս: Բնությունն ինձ սովորեցրեց չդադարել պատասխանատու լինել նույնիսկ ամենաանհույս պահերին: Իսկ ուսուցիչս այդ թմբլիկ, բրդոտ կենդանին էր:

Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին