Ջան, Հենո ջան - Mediamax.am

Ջան, Հենո ջան
7710 դիտում

Ջան, Հենո ջան


Ընկերներս գիտեն, որ երբ Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփում, Ֆեյսբուքում գրում եմ «Ջան, Հենո ջան»: Դա մի ավանդույթ է, որը սկիզբ է առել դեռ այն ժամանակ, երբ Մխիթարյանը խաղում էր Դոնեցկի «Շախտյորում»: Բայց այսօր ինձ թույլ կտամ այդպես վերնագրել նաեւ սյունակս:

Երբ Ռուբեն Վարդանյանն ասում է, որ մենք պետք է պայքարենք մեզ կլանող միջակության դեմ, հաճախ չի հասկացվում, թե ինչ ի նկատի ունի: Իսկ Հենրիխ Մխիթարյանն իր աշխատանքով ցույց է տալիս, թե ինչպես խուսափել միջակությունից եւ ձգտել բարձունքներին:

Եթե միջակ լիներ, կգայթաղկվեր այն անհավատալի մեծ գումարով, որն առաջարկում էին Մախաչկալայի «Անժի» տեղափոխվելու համար: Բայց նա գնաց Դորտմունդ, որտեղ սկզբում վայրիվերումներով էր հանդես գալիս, բայց ի վերջո հենց «Բորուսիայի» կազմում դարձավ այն «Միքին», որին այսօր ճանաչում է ողջ աշխարհը:

«Հայկական երազանքի» մասին շատ ենք խոսում, գրում, վիճում: Հինգ տարի առաջ Մեդիամաքսի հետ հարցազրույցում Հենրիխ Մխիթարյանը տվել էր շատ պարզ եւ առաջին հայացքից չափից դուրս պրագմատիկ թվացող մեկնաբանություն.

- Չեմ երազում: Երազանք չունեմ, նպատակ ունեմ:

Իսկ միգուցե՞ սա է հայկական երազանքը երազկոտության գերությունից ազատելու բանաձեւերից մեկը: Ընդունեք, որ շատ հաճախ երազելով վաղվա «ավելի լավ օրվա» մասին, չենք կարողանում ձեւակերպել, թե ինչպիսին պետք է լինի այդ օրը, ինչը պետք է փոխվի եւ ինչպես պետք է փոխվենք մենք, որպեսզի այդ օրը հավերժ չմնա ապագայում:

Երազելով հանդերձ, թույլատրում ենք, որ վերապահումները խեղդեն նպատակին. «բայց մենք չենք կարող», «սա մեզ համար չափազանց շատ կլինի», «բավարարվենք եղածով, էլի լավ է»: Հենրիխ Մխիթարյանն այն մարդն է, որն ապացուցում է բոլորիս, որ վերապահումը ոչինչ է, երբ կա ձգտում ու նվիրում:

Երբ 1970-ականներին «Արարատը» արժանապատիվ պայքար էր մղում գերմանական «Բավարիայի» կամ «Կայզերսլաուտերնի» դեմ, մեր լեգենդար ֆուտբոլիստներն, իհարկե, երազում էին որեւէ եվրոպական գավաթ գլխավերեւում պահելու մասին: Չստացվեց: Ավելի քան 40 տարի հետո դա հաջողվեց Հենրիխ Մխիթարյանին: Իհարկե, շատ կցանկանայիք, որ հաղթանակն ամբողջությամբ հայկական լիներ եւ գավաթը հայկական թիմ նվաճեր: Մոտ ապագայում դա հնարավոր չէ, սակայն երբ Հենրիխ Մխիթարյանը՝ եռագույնով փաթաթված, բռնեց Եվրոպայի լիգայի գավաթը, վստահ եղեք, որ այն հարյուրավոր երեխաները, որոնք այսօր Հայաստանում ֆուտբոլ են պարապում, հավատացին ու հասկացան, որ դա ցնորք չէ: Հարյուրավոր այլ երեխաներ այսօր իրենց հայրիկներին ու մայրիկներին կխնդրեն իրենց ֆուտբոլի տանել: Ու այդպես կծնվեն նոր Մխիթարյաններ:

Վերջում՝ եւս մեկ հատված արդեն հիշատակված հարցազրույցից.

- Վերջերս նայում էի մի հաղորդում, որտեղ ասվում էր, որ եթե մարդ շատ է մի բան ցանկանում, ապա տիեզերք է ուղարկում իր ցանկությունը, եւ եթե շատ է ուզում, այն կատարվում է: Իսկ  դրա համար պետք է ոչ թե տանը նստել, այլ ձգտել ու իրականացնելու քո նպատակը: 

Վստահ եմ, որ այդ ցանկության կատարմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանի պահապան-հրեշտակը՝ Համլետ Մխիթարյանը: Երբ մի քանի տարի առաջ Համլետ Մխիթարյանին նվիրված հատուկ նախագիծ պատրաստեցինք, 1980-ականների «Արարատի» լեգենդար դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովն ասաց. «Համոզված եմ, որ Համլետը երկնքում ուրախանում է որդու հաջողություններով»: Ես էլ եմ դրանում համոզված:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին