«Ո՞ւր գնամ, ի՞նչ դառնամ»
12254 դիտում

«Ո՞ւր գնամ, ի՞նչ դառնամ»


Հայաստանի դպրոցներում ավարտական դասարանների համար հնչեց վերջին զանգը։ Ավագ դպրոցի շրջանավարտներն արդեն գիտեն իրենց անելիքները եւ կատարել են ապագա մասնագիտության ընտրությունը։ Քննությունները լավ հանձնածները կընդունվեն իրենց նախընտրած բուհերը, մեծ մասը կընդունվի երկրորդ կամ երրորդ ընտրությամբ, իսկ ոմանց կրթական ապագան այս տարի դեռ կմնա անորոշ։

Այս սյունակը նրանց չի ուղղված։ Ես դիմում եմ ավագ դպրոց նոր ընդունվող կամ 11-րդ դասարան փոխադրված աշակերտներին, նրանց ծնողներին եւ հարազատներին, որոնք դեռ հնարավորություն ունեն տարբերակներ դիտարկել եւ կատարել ապագա մասնագիտության իրենց ընտրությունը։

Նախկինում մի սյունակ էի նվիրել «տնտեսագետ/իրավաբան» մասնագիտությունների զույգի շուրջ արտասովոր ոգեւորությանը, դրա պատճառներին եւ  հետեւանքներին։ Այն ժամանակներից, ցավոք, մտայնությունը քիչ է փոխվել։ Որոշեցի կրկին վերադառնալ այս հարցին, քանի որ, ի տարբերություն մեր անփոփոխ մտայնությանը՝ անցած մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ու աշխարհում շատ բան է փոխվել: Ի՞նչն է մեր օրերում պայմանավորում մասնագիտության ընտրությունը։

Փորձագետները կանխատեսում են, որ ներկայիս համալսարանի ուսանողն իր կյանքի ընթացքում միջինում 5 մասնագիտություն է փոխելու։ Այլեւս հնարավոր չի լինի նույն մասնագիտությամբ ամբողջ կյանքն աշխատել։ Պատճառը տնտեսության եւ հասարակության ծայրահեղ փոփոխականությունն է, ինչպիսին երբեւէ չի եղել։ Այսօրվա ամենաբարձր պահանջարկ ունեցող մասնագիտությունների զգալի մասը տասը տարի առաջ գոյություն չուներ։

Երկրորդ, ռոբոտների եւ ինքնակառավարվող այլ համակարգերի սրընթաց զարգացումը մարդկանց համար ստեղծում է լուրջ մրցակցություն եւ հանգեցնում բազմաթիվ մասնագիտությունների անհետացման կամ կտրուկ վերափոխման։ Կանխատեսվում է, որ տասը տարի հետո շատ մասնագիտություններ այլեւս արդիական չեն լինի կամ մեծ փոփոխություն կապրեն։ Օրինակ՝ ֆինանսական ոլորտի տարատեսակ մասնագետները՝ հաշվապահները, բանկերի աշխատողները, տնտեսագետները, նաեւ վարորդները, բժիշկները, իրավաբանները, մարքեթինգի մասնագետները, շինարարները ստիպված կլինեն կա՛մ փոխել մասնագիտությունը, կա՛մ լուրջ վերապատրաստում անցնել։  Մեխանիկական, ստեղծարարություն չպահանջող աշխատանքը կատարելու են ավտոմատները, մարդկանց միայն մնալու են մտածողություն, հուզականություն եւ ստեղծարար հմտություններ պահանջող ոլորտները։ Հետեւաբար, նման աշխատանք ենթադրող մասնագիտությունները՝ գիտնական, արվեստագետ, ճարտարագետ, հոգեբան, ճարտարապետ եւ այլն, ամենահեռանկարայիններն են։

Երրորդ, գնալով աճելու է անհատական պատասխանատվությունն աշխատանքի արդյունավետության համար։ Հիերարխիկ կառավարման համակարգերը գնալով զիջելու են իրենց տեղը հորիզոնական սկզբունքով աշխատող ընկերություններին, որտեղ աշխատանքի ընթացքը հաճախ ուղղորդում են ավտոմատ համակարգերը, իսկ մարդիկ ամբողջությամբ տնօրինում են իրենց պատասխանատվության ոլորտը եւ ինքնուրույն ապահովում անհրաժեշտ արդյունքը։ Ավտոմատ համակարգերի կայացրած որոշումները հետզհետե կլինեն ավելի արդյունավետ եւ կգերազանցեն մարդկանց որոշումների որակը։ Այս ամենից հետեւանքով «նեղ մասնագետների» պահանջն արագ կնվազի, եւ յուրաքանչյուր աշխատողից տարատեսակ հմտություններ կպահանջվեն՝ սեփական աշխատանքը կազմակերպելու համար։

Եվ չորրորդ, ամենահետաքրքիր զարգացումները տարբեր մասնագիտությունների հատումների ոլորտում են։ Օրինակ՝ բժշկության եւ բնապահպանության, ֆիզիկայի եւ կենսաբանության, լեզվաբանության եւ ծրագրավորման։ Որքան տարատեսակ մասնագիտական հմտությունների է տիրապետում մարդը, այնքան ավելի հետաքրքիր եւ խոստումնալից հեռանկարներ են նրա առջեւ բացվում։ Այդ պատճառով սովորական են դառնում կրկնակի դիպլոմները՝ իրարից խիստ տարբերվող մասնագիտական ոլորտներում։

Սրանք ամենակարեւոր չորս միտումներն են, որոնք պետք է հաշվի առնել ապագայի մասնագիտությունն ընտրելիս։ Մեր փոփոխական դարում մասնագիտության ընտրությունն այլեւս չի կարելի կատարել նախկինի փորձից ելնելով։ Պետք է առաջ նայել։

Ոլորտների աճող փոփոխականությունը եւ ցկյանս կրթությունը նշանակում են, որ մասնագիտության ընտրությունն այլեւս չի կատարվում անմիջապես դպրոցից հետո։ Համալսարան եւ ֆակուլտետ ընտրելով՝ մենք միայն որոշում ենք, թե ինչ մասնագիտական հմտություններ ենք ձեռք բերելու առաջիկա մի քանի տարիներին։ Թե արդյունքում ինչով ենք զբաղվելու կյանքում, այդ պահին դեռ ոչ ոք չգիտի, ինչը մեր դարում դարձել է սովորական երեւույթ։ Այդ պատճառով պետք է ժամանակն իզուր չկորցնել, եւ մասնագիտական գիտելիքներ ստանալուց բացի՝ անընդհատ զբաղվել ինքնակրթությամբ՝ լայնացնելով ապագա ընտրության հնարավորությունները, որպեսզի ոչ մի դեպքում չկանգնենք փակուղու առջեւ։

Եվ քանի որ դպրոցում կատարված որոշումը այլեւս ճակատագրական դեր չունի, այդ պահին պետք է ապագա կրթության ոլորտն ընտրել՝ հիմնվելով ոգեւորությունների վրա, որպեսզի ուսումը համալսարանում լինի հետաքրքիր, հաճելի եւ բավականություն պատճառի։ Միայն այդ դեպքում ժամանակ եւ եռանդ կմնա բազմակողմանի զարգանալու, ստեղծագործելու եւ կարեւոր անձնային հատկանիշներ ձեւավորելու համար, առանց որոնց մենք վաղ թե ուշ կպարտվենք մեքենաների հետ պայքարում։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am