«Անթրաշ տաքսիստը»՝ իշխանության պոտենցիայի լակմուսի թուղթ - Mediamax.am

«Անթրաշ տաքսիստը»՝ իշխանության պոտենցիայի լակմուսի թուղթ
11451 դիտում

«Անթրաշ տաքսիստը»՝ իշխանության պոտենցիայի լակմուսի թուղթ


Սա հատված է հունիսի 8-ին կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքից.

«Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ բերող-ցույց տվող ու տարբեր տարիֆներ կիրառող վարորդների մասին բոլորս գիտենք»:

Սա էլ հատված է Մեդիամաքսի հոդվածից, որը հրապարակվել էր ավելի քան 5 (հինգ) տարի առաջ` 2011 թվականի մայիսի 3-ին:
 
«Օդային ճանապարհով Երեւան ժամանող զբոսաշրջիկներին եւ մեր համաքաղաքացիներին քաջ հայտնի է հետեւյալ իրադրությունը. «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից դուրս գալուն պես նրանց մոտենում են կասկածելի արտաքինով մարդիկ եւ առաջարկում տաքսի-ծառայություն, որը հաճախ իրականացվում է ոչ պակաս կասկածելի եւ հնամաշ ավտոմեքենաներով: Ընդ որում, այդ մեքենաները հաճախ հիմնականում ամենեւին էլ տաքսի չեն, այլ նշված անձանց սեփական տրանսպորտային միջոցներն են, որոնցով նրանք, փաստացի, իրականացնում են ապօրինի գործունեություն»:

Ի՞նչ է ստացվում: Առնվազն հինգ տարի (իրականում՝ ավելի երկար) իշխանությունը չի կարողանում լուծել մի խնդիր, որի առկայությունը տուրիզմը գերակա ճյուղ հռչակած երկրում արդեն իսկ անհեթեթություն է:

Բայց լսենք, թե պայքարը խստացնելու վարչապետի հորդորին ինչ է պատասխանում ոստիկանության ղեկավարը.

«Չենք կարողանում հասնել նրան, որ նախկինում կասկածելի անցյալ ունեցող, ծանր հանցագործություններով դատված կամ նարկոդիսպանսերում հաշվառված անձիք լիցենզիա չստանան։ Հարցը լուրջ անհանգստություն է մեզ պատճառում»։

Ի՞նչ է ստացվում: Ոստիկանության ղեկավարը փաստացի ընդունում է, որ զբոսաշրջիկներին եւ մեր քաղաքացիներին օդանավակայանում դիմավորում են նախկինում ծանր հանցագործություններ կատարած եւ թմրամոլ եղած անձինք:
Բայց բան չեն կարողանում անել: Ու խնդիրը ամենեւին լիցենզավորումը չէ՝ պարզից էլ պարզերը, որ նրանցից շատերը որեւէ լիցենզիա չունեն:

ՊՊԾ գնդի գրավման օրերին Սարի Թաղում մարդկանց իրենց տներում ծեծել կարողանում են: «Գոլդ» համարներով մեքենաների սանձարձակ պահվածքը տասնամյակներ շարունակ հանդուրժել կարողանում են: Իսկ ահա մի քանի տասնյակ անձանց տարիներ շարունակ օդանավակայանի տարածքից մաքրել չեն կարողանում:

Նույնիսկ վիրավորական է, որ հազար ու մի կարեւոր գործ թողած քննարկում ենք մի հարց, որը վաղուց պետք է մեկ ընդ միշտ լուծվեր, ընդ որում, ոչ թե վարչապետի, այլ օդանավակայանի ոստիկանության բաժանմունքի պետի մակարդակով:

Երկու տարբերակ կա: Կամ այդ մի քանի տասնյակ ապօրինի գործող տաքսիստները գերմարդիկ են, կիսաստվածներ, որոնց հետ ոչինչ անել հնարավոր չէ: Կամ էլ նրանք այնպիսի մի «տանիք» ունեն, որն ավելի զորեղ է, քան վերջին հինգ տարում պաշտոնավարած երեք վարչապետները եւ այլ պետական պաշտոնյաները:

Մանուկ տարիքում դյուցազունների մասին կարդալ շատ եմ սիրել, բայց ավելի հակված եմ հավատալ երկրորդ տարբերակին: Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք քննարկում` արդյո՞ք վարչապետը եւ կառավարությունը ցանկանում են եւ ունակ են իրական փոփոխություններ կատարել: Այս թեման այդ ցանկությունները եւ ունակությունները ստուգելու լավ տարբերակ է:

Վարչապետը հունիսի 8-ին տրանսպորտի նախարարին եւ ոստիկանության ղեկավարին հանձնարարեց 1 (մեկ) շաբաթվա ընթացքում ուսումնասիրություններ կատարել ու լուծումներ առաջարկել: Նախ, սպասենք կառավարության հաջորդ նիստին եւ հուսանք, որ մինչ այն կայանա, ոստիկանապետը հնարավորություն կգտնի «փոքր երկրի» փոքր օդանավակայանում կարգ ու կանոն սահմանել:

Ցավոք, վերջին տասնամյակների դառը փորձից ելնելով, մենք վաղուց իշխանությունից շատ բան չենք պահանջում: Հիմա էլ պարզապես ասում ենք` եթե վարչապետը կառավարության նիստում ասում է, որ օդանավակայանում «անթրաշ» տաքսիստներ չպետք է լինեն, նրանք այնտեղ այլեւս չպետք է լինեն:

Իսկ եթե մեկ, երկու, երեք շաբաթ անց նրանք կշարունակեն այնտեղ մնալ, հարց
կառաջանա` ի՞նչ իմաստ ուներ խնդրի մասին խոսել այդքան բարձր ամբիոնից:

P.S. Մի քանի տարի առաջ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել էր կարգուկանոն հաստատել գերեզմանատներում, գնացել էի Էրեբունու գերեզմանատուն: Այնտեղի աշխատակիցներից մեկը, իմանալով, որ լրագրող եմ, անթաքույց արհամարհանքով ասաց. «Գնացեք վարչապետին ասեք, որ մենք մերը արել ենք ու անելու ենք»: Ցավոք, նա ավելի հետեւողական գտնվեց, քան կառավարության նախկին ղեկավարը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին