Փողոցային դրամահավաք. բարեգործությո՞ւն, թե՞ խաբեբայություն - Mediamax.am

Փողոցային դրամահավաք. բարեգործությո՞ւն, թե՞ խաբեբայություն
17516 դիտում

Փողոցային դրամահավաք. բարեգործությո՞ւն, թե՞ խաբեբայություն


Երեւանի փողոցներում օրեցօր ավելանում են առողջական խնդիր ունեցող երեխաների համար գումար հավաքող անձինք, որոնց գործունեությունը միշտ չէ որ օրենքի շրջանակներում է եւ վստահություն է ներշնչում:

Ստորեւ կներկայացնեմ որոշ խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն նման անձանց հետ ճիշտ շփվելու եւ հասկանալու համար` այդ անձինք խաբում են ձեզ, թե ոչ:

1. Մի շտապեք

Եթե փողոցում մոտենում են ձեզ` առաջարկելով նվիրատվություն անել առողջական խնդիր ունեցող երեխայի բուժման համար, կամ նույն նպատակով գնել ինչ-որ մի իր, մի շտապեք որոշում կայացնել: Իհարկե, շատ հեշտ է փոքրիկ նվիրատվություն անել ու շարժվել առաջ, սակայն արժե՞ թեկուզ փոքրիկ գումար փոխանցել հավանական խաբեբաներին: Եթե դուք իրոք ցանկանում եք օգնել ու դրա հետ մեկտեղ չխաբվել, ապա հարցրեք հիմնադրամի անվանումը, հնարավորության դեպքում՝ փնտրեք համացանցում, այդ անձանց որոշ հստակեցնող հարցեր տվեք, նոր միայն որոշեք՝ նվիրատվություն անել, թե ոչ:

2. Հարցեր տվեք

Դրամահավաք իրականացնողներին տարբեր հարցեր տվեք, իմացեք, թե ինչ է հիմնադրամի անվանումը, ով է ղեկավարը, քանի տարի է գործում, ինչպիսի խնդիրներ ունեցող երեխաներին է օգնում, ֆինանսական հիմնական միջոցները որտեղից են գոյանում եւ այլն: Մանրամասն տեղեկացեք երեխայի հիվանդության պատմության մասին. իմացեք՝ երբ է հիվանդացել, ինչ ախտորոշում ունի, որ հիվանդանոցում է բուժվում, մինչեւ այդ պահն ինչ բուժում է ստացել, բժիշկների կողմից ինչ բուժում է ցուցված, գումարը կոնկրետ ինչի համար է անհրաժեշտ եւ շատ կարեւոր մի հարց` թափանցիկ գործունեության ինչ մեխանիզմներ ունեն, ինչպես կարող են վստահեցնել, որ նվիրաբերված գումարը ծառայելու է երեխայի բուժման համար: Եթե կամավորներն այս հարցերի գոնե մի մասին վստահ չեն պատասխանում, ապա կամ նրանք խաբեբաներ են կամ էլ` ուղղակի բավարար պատրաստվածություն չունեն: Վերջին դեպքում ինքս փորձում եմ ամեն կերպ օգնել այդ անձանց, որ նրանք ավելի ներկայանալի լինեն, քանի որ բարի գործ են անում, ինչպես նաեւ կարեւոր է, որ մարդկանց մոտ բարեգործական դրամահավաքների նկատմամբ վստահությունը չկորի:

3. Ստուգեք համացանցում

Փորձեք համացանցում գտնել տվյալ կազմակերպության կամ հասարակական միավորման կայքը կամ գոնե ֆեյսբուքյան էջը. որոշ դեպքերում անգամ գործող հիմնադրամները կայք չունեն, կամ դրանք ներկայանալի չեն, սակայն գրեթե բոլորը սոցիալական ցանցերում ունեն իրենց էջերն ու խմբերը, որտեղ ներկայացված են գործունեության նպատակներն ու խնդիրները, տեսլականը, շահառուները, գործունեության վայրն ու կոնտակտային տվյալները: Նշված էջերն ու խմբերը պարբերաբար թարմացվում են. այնտեղ հրապարակվում են առողջական խնդիրներ ունեցող անձանց դեպքերը, ինչպես նաեւ` հաշվետվություններ դրամահավաքների արդյունքների վերաբերյալ:

4. Ուսումնասիրեք փաստաթղթերը

Հիվանդ երեխաների համար դրամահավաք կազմակերպած անձինք պարտավոր են իրենց մոտ ունենալ երեխայի բժշկական փաստաթղթերը եւ, հարկ եղած դեպքում, ներկայացնել դրանք: Եթե նրանք չեն ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը կամ պատրաստակամություն չեն հայտնում ձեզ հարմար որեւէ ձեւով փոխանցելու դրանք, ապա պետք է զգուշանալ:

5. Զանգահարեք

Կամավորներից վերցրեք կազմակերպության ղեկավարի հեռախոսահամարը եւ զանգահարեք նրան, կամավորներին տված նույն հարցերը տվեք, եւ պատասխաններից ավելի պարզ կլինի դիմացինի բուն նպատակը:
Կարեւոր է նաեւ իմանալ հիվանդ երեխայի ծնողներից մեկի հեռախոսահամարը եւ տեղում զանգահարել նրան, հետաքրքրվել երեխայի հիվանդության պատմությամբ ու իմանալ` արդյոք նրանք համաձայնվել են, որ տվյալ կազմակերպությունն իրենց երեխայի բուժման համար դրամահավաք կազմակերպի: Կամավորների բարի նպատակները պարզելու համար ծնողի պատասխանները կարող են որոշիչ լինել:

6. Նկարեք

Փորձեք նկարել կամավորներին երեխայի հիվանդության մասին պատմող պաստառի հետ` եթե նրանց նպատակը բարի է, ապա նրանք դժվար դեմ լինեն ձեր այդ քայլին, ավելին, պետք է միայն ուրախ լինեն, եթե այդ նկարը հրապարակվի համացանցում եւ հնարավորինս մեծ տարածում ստանա, դրանով անհրաժեշտ գումարը հավաքելու հնարավորությունը կմեծանա:

7. Գումարը փոխանցել կամավորների՞ն, թե՞ գցել արկղի մեջ

Եթե հիմնադրամը ցանկանում է թափանցիկ գործել, ապա կամավորները երբեք առձեռն գումար չեն վերցնի, այլ կառաջարկեն գումարը գցել կնքված թափանցիկ արկղի մեջ: Նման դրամահավաքների դեպքում, իհարկե, չես կարող վստահ լինել, որ հավաքված գումարն ամբողջովին ծառայելու է իր նպատակին: Սակայն եթե արկղերը կնքված են տվյալ կազմակերպության կնիքով, ապա հավանակությունը, որ գումարը կուղղվի հիվանդ երեխայի բուժմանը, մեծանում է:

Թափանցիկ արկղերը ցանկալի է բացել երեք անկախ մարդկանց ներկայությամբ, որից հետո պետք է կազմվի համապատասխան արձանագրություն եւ հրապարակվի կազմակերպության պաշտոնական կայքում կամ սոցիալական ցանցի էջում, որը գրեթե երբեք չի արվում: Վերջինիս երկու բացատրություն կա` կամ տվյալ կազմակերպության անդամները զբաղվում են խաբեությամբ, կամ էլ` կազմակերպության աշխատակազմը ոչ կոմպետենտ է եւ բավարար ժամանակ ու ռեսուրսներ չի տրամադրում կազմակերպության թափանցիկ գործունեությունն ապահովելու համար:

Իհարկե, այս ամենին հետեւելը շատ դժվար է, սակայն երբեք չի խանգարի կամավորներից հետաքրքրվել` ինչպես են բացում արկղն ու ինչպես եւ ում են փոխանցում հավաքած գումարը:

8. Կամավորները վարձատրվո՞ւմ են

Բարեգործական միջավայրում ընդունված չէ, որ փողոցում դրամահավաք կազմակերպողներն իրենց աշխատանքի դիմաց վարձատրվեն: Ավելին, ընդունված չէ նաեւ, որ նրանք իրենց հավաքած գումարից տոկոս ստանան: Վարձատրության փաստը, բնականաբար, հիմք չէ տվյալ անձանց խաբեության համար մեղադրելու համար, սակայն կասկածի տեղիք ամեն դեպքում կարող է տալ: Ուշադրություն դարձրեք, որ խոսքը չի վերաբերում բուն հիմնադրամի աշխատակազմին, որի մշտական աշխատողները, կարծում եմ, պետք է բավականին լավ վարձատրվեն:

9. Պատրաստվո՞ւմ եք հետաքննություն անցկացնել` նվիրատվություն արեք

Եթե հիվանդ երեխայի համար կազմակերպված դրամահավաքը ձեզ ամեն դեպքում վստահություն չի ներշնչում, կարելի է փոքրիկ հետաքննություն անցկացնել: Նվիրաբերել ինչ-որ չափի գումար ու հետեւողական լինել, որ այդ գումարը հասնի հասցեատիրոջը: Այս դեպքում դուք կարող եք հետեւել հավաքված գումարի տնօրինմանը, պահանջել հաշվետվություն եւ կասկածի դեպքում դիմել իրավապահ մարմիններին:

Եթե բավարար ժամանակ կամ ցանկություն չունեք վերոնշյալ հարցերը պարզելու, կարող եք մի քանի կարեւոր հարցեր տալ կամավորներին, օրինակ՝ իմացեք հիմնադրամի անվանումը, գործունեության բնույթը, հետաքրքրվեք երեխայի հիվանդության պատմությամբ ու վերցրեք ծնողներից մեկի կոնտակտները: Այս ամենը ձեզ հնարավորություն կտա ավելի հստակ հասկանալու՝ դիմացինը խաբում է ձեզ, թե ոչ:

Ցավալի է, բայց որոշ հավանական խաբեբաներ շարունակում են մնալ անպատիժ, քանի որ ներպետական օրենսդրությունն այս ոլորտում բազմաթիվ բացեր ունի, ինչպես նաեւ` մեզ մոտ ընդունված չէ նման դեպքերում դիմել իրավապահ մարմիններին։ Ավելի ցավալի է այն փաստը, որ նման խաբեբաների պատճառով մարդկանց մոտ մեծանում է բարեգործական դրամահավաքների նկատմամբ անվստահությունը:

Երեւանի փողոցներով քայլելիս հաճախ եմ նկատում արկղերով գումար հավաքող անձանց, մոտենում նրանց եւ փորձում մանրամասն ուսումնասիրել եւ հասկանալ` դրամահավաքի կազմակերպիչների նպատակները որքանով են բարի, նրանց կողմից որքանով են պահպանվում նման միջոցառումներ կազմակերպելու տարրական կանոնները: Յուրաքանչյուր դեպքում ձեռնարկում եմ անհրաժեշտ միջոցներ, որպեսզի արդյունքում չտուժի առանց այն էլ դժվարությամբ ձեւավորվող բարեգործության մշակույթը:

Օգնության կոչերին անտարբեր մի եղեք, բայց ամեն դեպքում զգոնություն պահպանելը խիստ ցանկալի է: 

Արմեն Արմոս Մարտիրոսյանը բարեգործական մի շարք նախաձեռնությունների հեղինակ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին